բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ – Գրադարան – Mashtoz.org

բ.4) Առարկություն Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության դեմ

Ինչպես տեսանք, այսօր քննադատներից շատերի համաձայն Ղուկասն օգտվել է Մարկոսի Ավետարանից, քանի որ Ղուկասը հաճախ, գրեթե քայլ առ քայլ հետևում է Մարկոսին՝ ընդհանրապես պահպանելով նրա հերթականությունը, արտահայտության ոճը և բառապաշարը։

Այս վարկածի դեմ, սակայն, մի լուրջ դժվարություն է ծառանում։ Եթե Ղուկասն աչքի առջև ունեցել է Մարկոսի Ավետարանը, այդ պարագայում ինչպե՞ս պետք է բացատրել այն նմանությունները, որոնց հանդիպում ենք Մատթեոսի և Ղուկասի մոտ, որոնցից, սակայն, տարբերվում է Մարկոսը։

Արդարև, տեղ տեղ Մատթեոսն ու Ղուկասը իրար նման են և Մարկոսից տարբեր։

Էդվին Էբբոթթը[1] մանր մունր տարբերակներն էլ հաշվի առնելով՝ մոտ 230 կետ է գտել, որոնք Մատթեոսի և Ղուկասի մոտ իրար նման են, իսկ Մարկոսից՝ տարբեր[2]։

Ջոն Հոքինսն[3] ասում է, որ այդ կետերից գլխավորները քսանմեկն են[4]։

Իսկ Լագրանժի[5] համաձայն՝ Հոքինսի գտածներից միայն տասն է կարելի կարևոր համարել։ Սակայն նա այդ տասի վրա տասնմեկ նորն է ավելացնում։

Ամեն պարագայի, նկատի առնելով միմիայն կարևորները, միշտ մնում է հետևյալ հարցումը. ինչպե՞ս է լինում, որ Ղուկասն աչքի առջև ունենալով Մարկոսի Ավետարանը՝ այն թողնում և գնում միանում է Մատթեոսին՝ հակառակ Մարկոսին։

Քննադատներից ոմանց համար Մատթեոսի և Ղուկասի համաձայնությունն ընդդեմ Մարկոսի՝ սոսկ պատահականության արդյունք է։

Վեռներ Կյումմելը[6], Կառլ Շմիդթը[7], Ջոն Հոքինսը և այլոք ասում են, թե պետք չէ այս դժվարությունը շատ մեծ համարել, քանի որ քիչ են այն կետերը, որտեղ Մատթեոսն ու Ղուկասն իրար հետ համաձայնվում են՝ հակառակ Մարկոսի։

Ուրիշներն այս հարցին լուծում գտնելու համար ցանկանում են, որ Ղուկասն ուղղակի օգտված լինի ո՛չ թե Մարկոսի Ավետարանից, այլ՝ նախամարկոսյան մի բնագրից։

 Լեոն Վագանեի[8] համաձայն՝ Ղուկասը ո՛չ միայն իր աչքի առջև ունեցել է Մարկոսի Ավետարանը, այլ նաև՝ Մատթեոսի արամայերեն Ավետարանի հունարեն թարգմանությունը։

Ղուկասը, միշտ նույն հեղինակի համաձայն, երբեմն Մարկոսից հեռանալով՝ նախընտրություն էր տալիս Մատթեոսի հունարեն թարգմանությանը։ Այս կերպ նա ցանկանում է բացատրել Մատթեոսի և Ղուկասի նմանություններն՝ ընդդեմ Մարկոսի։

Նույն Վագանեի համաձայն՝ կարելի է ընդունել, որ Ղուկասը շատ անգամ Մարկոսին է հետևում և տեղ տեղ այն սրբագրում է։ Այս կարծիքը, սակայն, – ավելացնում է նա, – հնարավոր չէ վճռական կերպով ապացուցել[9]։

Ինչպես տեսնում է ընթերցողը, Մարկոսից Ղուկասի ուղղակի կախումնավորության հարցը լուրջ է, և տրված լուծումներն էլ անբավարար են։

Ուիլյամ Սանդեյը[10] և ուրիշներ էլ ասում են, թե Ղուկասը կարդացել է Մարկոսի Ավետարանը, բայց հետո փակելով՝ այն մի կողմ է դրել։

Այս կարծիքն էլ գոհացուցիչ չի թվում լինել, քանի որ, եթե Ղուկասն իր Ավետարանը գրելիս աչքի առջև չի ունեցել Մարկոսի գրածը, այդ պարագայում միայն հիշողությամբ չի կարելի բացատրել այն սերտ նմանությունները, որոնք գոյություն ունեն երկու Ավետարանների միջև։

 

Եզրակացություն

 

Մինչ այժմ հայտնված բոլոր կարծիքների միջից թերևս ամենահամոզիչը կարող է հետևյալը լինել.

Ղուկասն, ինչպես ինքն է ասում[11], իր Ավետարանը գրելիս՝ իրենից առաջ Հիսուսի մասին գրված մի շարք հիշատակարաններ է տեսել։ Սրանց մեջ, հավանաբար, գտնվում են նաև Մարկոսի գործածած ինչ ինչ աղբյուրներից ոմանք, որոնցից օգտվելով՝ Ղուկասը տրամաբանորեն և իր ճաշակին համաձայն՝ ընտրել է այն, ինչը որ իր նպատակին հարմար է եղել։

Այս կերպ կարելի է բացատրել Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում տեսնվող նմանությունները, քանի որ երկուսն էլ ընդհանուր միևնույն աղբյուրներն են օգտագործել։

Իսկ տարբերություններն էլ կարող են առաջ եկած լինել այն աղբյուրներից, լինե՛ն դրանք գրավոր կամ բանավոր, որոնք ընդհանուր չեն եղել մեր երկու Ավետարանների համար։

[1] Էդվին Էբբոթթ Էբբոթթ (Edwin Abbott Abbott, 1838-1926), անգլիացի աստվածաբան, գրող
[2] E.A. Abbot, Diatessarica II, 1901, p. 304-324.
[3] Ջոն Սիզըր Հոքինս (John Caesar Hawkins, 1837-1929)
[4] John C. Hawkins, Horae synopticae, p. 201.
[5] M.J. Lagrange, Evangile selon Saint Luc, pp. LXX-LXXIII.
[6] Վեռներ Գեորգ Կյումմել (Werner Georg Kümmel, 1905-1995), գերմանացի աստվածաբան, Նոր Կտակարանի մասնագետ, Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր
[7] Կառլ Լյուդվիգ Շմիդթ (Karl Ludwig Schmidt, 1891-1956), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ
[8] L. Vaganay, Le problème synoptique, p. 272-281.
[9] Նույն, p. 281.
[10] Ուիլյամ Սանդեյ (William Sanday, 1843-1920), անգլիացի բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ, Աստվածաշնչի մեկնաբան, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր
[11] Ղկս 1, 1
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։