բ.5) Մատթեոսը և Մարկոսը – Գրադարան – Mashtoz.org

բ.5) Մատթեոսը և Մարկոսը

Այժմ մի ակնարկ էլ նետենք Մատթեոսի և Մարկոսի «կրկնակ ավանդության» իրար հետ ունեցած առնչության վրա։

Ոչ ոք չի տարակուսում, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում գոյություն ունեն անառարկելի նմանություններ՝ նյութի, դասավորման, արտահայտության և բառապաշարի։

Մարկոսի Ավետարանը գրեթե ամբողջությամբ՝ 670 համարներից մոտավորապես 620-ը, գտնում ենք Մատթեոսի Ավետարանում։

Մատթեոսի արած նյութերի դասավորումն էլ, սկսելով 14րդ գլխից, որ համապատասխանում է Մարկոսի 6րդ գլխին (շուրջ 50 դրվագներ, բացի չորացած թզենու պատմությունից և տաճարից վաճառականների դուրս վտարումից), հարևնման է Մարկոսի դասավորմանը։

Հավելենք նաև, որ Մատթեոսը տեղ տեղ նոր նյութեր է ներմուծել Մարկոսի նյութերի շարքում։

Սրանցից բացի, Մատթեոսը մի շարք տեղափոխություններ էլ է կատարել՝ երբեմն շեղվելով Մարկոսի ուղուց. տեղափոխություններ, որոնք հասկանալի են՝ նկատի առնելով Մատթեոսի առաջադրած հատուկ նպատակը։

Օրինակ, Մարկոսի պատմած չորս հրաշքները (Մրկ 1, 40-45; 4, 35 - 5, 43) Մատթեոսը տարել տեղավորել է 8րդ և 9րդ գլուխներում նկարագրված ուրիշ հրաշքների շարքում։

Նմանապես, Առաքյալների ընտրությունը (Մրկ 3, 13-19) և նրանց ուսուցումը (Մրկ 6, 7-11) Մատթեոսը մեկտեղել է 10րդ գլխում, և այլն։

Ինչպես Ղուկասի, նմանապես Մատթեոսի մոտ էլ գտնվող «կրկնակ նյութերը»[1], այսինքն՝ միևնույն նյութի երկու տարբեր տեղեր կրկնվելը միևնույն Ավետարանում, մտածել են տալիս ընթերցողին, որ Մատթեոսը դրանք քաղած լինի տարբեր աղբյուրներից, որոնցից մեկ աղբյուրն ընդհանուր է եղել Մատթեոսի և Մարկոսի համար։

Ասենք նաև, որ Մատթեոսի գրելաոճն ավելի ընտիր է, քան Մարկոսինը։ Ընդհակառակը, Մարկոսի պատմելաոճն էլ ավելի վառ և խոսուն է, քան Մատթեոսինը։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե որևէ մեկը նույնիսկ օգտվել է, ապա դա Մատթեոսն է եղել, որ աչքի առջև ունենալով Մարկոսի նախնական, բայց կենդանի պատմվածքները, ավելի խնամյալ, բայց նաև կաղապարված ձևով է դրանք ներկայացնում։

Երևութապես, ուրեմն, վերոհիշյալ անդրադարձությունները մասնագետներից շատերին մղում են ընդունելու Մարկոսից Մատթեոսի ուղղակի կախումնավորությունը։

Վերոհիշյալ կախումնավորությունը բացատրելու համար, անշուշտ, բավական չէ ասել, որ միայն բանավոր ավանդությունը որպես ընդհանուր աղբյուր բավարար պատճառ է Մատթեոսի և Մարկոսի առնչակցության համար։

Երկու Ավետարանների միջև գոյություն ունեցող լեզվի և բառապաշարի սերտ նմանությունները բացատրելու համար մի գրավոր աղբյուր է հարկավոր, որովհետև բանավոր ավանդությունը, որքան էլ ձևավորված, որոշակի և հաստատուն կերպարանք ստացած լինի, չի կարող, օրինակ, բացատրել երկու Ավետարանների միջև տիրող դասավորման միաձևությունը։

Արամայերեն լեզվով մի գրավոր աղբյուրը, միակը, եթե բավարար համարվի բացատրություն տալու զույգ Ավետարանների բովանդակության և դասավորման նմանության համար, բավարար չէ, սակայն, փաստելու դրանց լեզվի և բառապաշարի նույնությունը։

Մեզ հասած երկու Ավետարաններն էլ հունարեն են, և միայն հունարեն լեզվով գրավոր մի աղբյուրը կարող է լեզվի և բառապաշարի նմանություններին գոհացուցիչ բացատրություն տալ։

Սակայն, կան մի շարք բանասերներ, որոնց համար անգամ հունարեն մի գրավոր աղբյուրի գոյությունը, որից օգտվել են երկու Ավետարանիչները, բավարար չի նկատվում բացատրելու համար այնքան ակներև նմանությունները, որոնք հանդիպում են երկու Ավետարաններում։

Վերոհիշյալ բանասերների համաձայն, – ովքեր պատկառելի բազմություն են կազմում, – երկու Ավետարանների միջև անհրաժեշտ է ուղղակի կախումնավորություն ընդունել։

[1] Մտթ 5, 29 = 18, 9; 5, 32 = 19, 9; 10, 38 = 16, 24; և այլն.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։