բ.6) Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

բ.6) Եզրակացություն

Մեկ անգամ ևս ստիպված ենք կրկնել, որ ինչպես Ղուկասի՝ Մարկոսից ուղղակի կախումնավորության դեմ մի լուրջ դժվարություն է ծառանում, այն է՝ Մատթեոսի և Ղուկասի համաձայնությունները՝ ընդդեմ Մարկոսի, այդ միևնույն դժվարությունը ծառանում է նաև Մատթեոսի և Մարկոսի միջև եղած ուղղակի կախումնավորության դեմ։

Արդարև, եթե Մատթեոսն իր Ավետարանը գրելիս իր առջև ունեցել է Մարկոսի գրածը, այդ պարագայում ինչպե՞ս կարող է պատահել, որ շատ անգամ, մի կողմ թողնելով ձեռքի տակ ունեցած Մարկոսի Ավետարանը, գնում միանում է Ղուկասին՝ ընդդեմ Մարկոսի։

Դարձյալ, եթե ճիշտ է, որ Մատթեոսի մոտ կան շատ նյութեր, որոնք վերցված են Մարկոսից և ավելի զտված, մաքրված և համառոտ կերպով են մեզ ներկայացված, սակայն Մատթեոսի մոտ շատ դեպքեր կան, որոնք ավելի նախնական բնույթ ունեն, քան Մարկոսի մոտ հանդիպողները։

Սովորաբար, Մատթեոսի լեզուն ավելի մաքուր, ճշգրիտ և խնամված է, քան Մարկոսի լեզուն։ Սակայն, տեղ տեղ Մատթեոսի լեզուն անտաշ է, ավելի նախնական և հին։ Արամայերենի ազդեցությունն այնտեղ դեռ զգացվում է։ «Եվ» շաղկապի, անձնական դերանունների, կրավորական ձևի տեղ՝ հոգնակի անդեմ բայերի գործածության հաճախությունը, ինչպես նաև եբրայական ասացվածքները մատնում են նրա սեմական ծագումն ու վաղեմությունը։

Մարկոսի լեզուն էլ շատ անգամ դադարում է իր կենդանի բնականությունը պահել և սովորական է դառնում։ Երբեմն էլ, օրինակ, Հովհաննես Մկրտչի քարոզությունը[1], սատանայի կողմից Հիսուսի փորձվելը[2] և կամ Բեհեզեբուղի մասին Հիսուսի խոսքերը[3] համառոտելով՝ Մարկոսն այնպիսի տպավորություն է թողնում, որ շատ նյութերում (օրինակ՝ Հիսուսի հինգ քարոզները, հրաշքներից մի որոշ մաս) օգտվել է ուրիշ աղբյուրից։

Արդ, վերոհիշյալ դժվարությունները նկատի առնելով՝ կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ գոյություն ունի մի առնչություն Մատթեոսի և Մարկոսի գործածած աղբյուրների գոնե մի մասում, որոնք ընդհանուր են եղել երկու Ավետարանիչների համար։

Այս կերպ հեշտությամբ կարելի է բացատրել այն նմանությունները, որոնք տեսնվում են իրենց միջև։

Ինչ վերաբերում է տարբերակներին, ապա հնարավոր է՝ դրանք առաջ են եկել այն աղբյուրների գործածությունից, որոնք ընդհանուր չեն եղել երկու Ավետարանների համար։ Եթե այդ աղբյուրները Մարկոսին ծանոթ են եղել, Մատթեոսի համար անծանոթ են եղել։

Մատթեոսի մոտ հանդիպող «կրկնակ նյութերից» էլ թերևս կարելի է տրամաբանորեն եզրակացնել, որ մեր Ավետարանիչը մեկից ավելի, առնվազն երկու տարբեր աղբյուրներ է գործածել. սակայն, պարտադիր չէ, որ այդ աղբյուրներից մեկն անպատճառ Մարկոսի Ավետարանը եղած լինի։

Իսկ նյութերի դասավորման և բառապաշարի նմանությունները շատ հնարավոր է, որ առաջ են եկել Ավետարանիչների գործածած ընդհանուր աղբյուրներից։

[1] Մրկ 1, 1-8
[2] Մրկ 1, 13
[3] Մրկ 3, 22-27
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։