գ) Ավետարանների աղբյուրները – Գրադարան – Mashtoz.org

գ) Ավետարանների աղբյուրները

Համատես Ավետարանների հարցի մասին եզրափակիչ լուծում տալուց առաջ կարևոր է քննել նաև դրանց աղբյուրները։

Բանասերների բազմաթիվ կարծիքների միջից ընտրովի ներկայացնենք գլխավորները, որոնք կարելի է երեք հիմնական խմբերի բաժանել.

 

Ա) Երեք Ավետարանները մեկ ընդհանուր աղբյուր են ունեցել

Երեք Ավետարաններն իբրև աղբյուր գործածել են արամայերենից թարգմանված հունարեն մի Ավետարան։

Այս կարծիքի հեղինակն է Գոթհոլդ Լեսսինգը, և ավելի ուշ՝ Յոհան Այքհորնը[1] (1794 և 1804)։

Առավել կամ նվազ հավատարմությամբ, վերոհիշյալ կարծիքի պաշտպաններն են եղել նաև Ալֆրեդ Ռեշը[2] (1889), Ռ.Ա. Հոֆֆմաննը (1904), Ֆրիդրիխ Շպիտտան[3] (1912), Պրիմո Վաննուտելլին[4] (1936), և ուրիշներ։

Այս կարծիքն ավելի հստակեցնելով՝ Յուլիուս Ուելհաուզենը[5] (1905) և նրա համախոհներն ասացին, թե գրավոր ամենահին աղբյուրը եղել է Մարկոսի արամայերեն Ավետարանը։ Մեզ հասածը Մարկոսի վերոհիշյալ արամայերեն Ավետարանի մի փոքր բարեփոխված հունարեն թարգմանությունն է։

Մատթեոսն ու Ղուկասը իրենց Ավետարանները գրելիս աչքի առջև ունեցել են Մարկոսի Ավետարանի թե՛ արամայերեն բնագիրը և թե՛ դրա հունարեն թարգմանությունը։

Մինչդեռ Թեոդոր Ձանի[6] (1907) համաձայն՝ ո՛չ թե Մարկոսի, այլ՝ Մատթեոսի արամայերեն բնագիրն է ամենահինը, որից օգտվել են Մարկոսը և Մատթեոսի հունարեն խմբագրողը։ Ղուկասն ուղղակի չի տեսել Մատթեոսի արամայերեն բնագիրը, այլ՝ Մարկոսի միջոցով է, որ կրել է դրա ազդեցությունը։

Քիչ թե շատ այս կարծիքին է նաև Լագրանժը, որի համաձայն՝ Մատթեոսն օգտվել է արամայերեն բնագրից և Մարկոսից։

Վագանեն (1964) ներկայացնում է բոլորովին տարբեր մի լուծում[7]։ Նա Ավետարանների կազմավորումը բացատրում է հետևյալ կերպով։ Ամենից առաջ գոյություն ուներ բանավոր ավանդությունը, հետո հրապարակ դուրս եկան ավետարանական առաջին համառոտ գրությունները։ Ավելի ուշ լույս են տեսնում Մատթեոսի արամայերեն Ավետարանը և ապա դրա հունարեն թարգմանությունը։ Եվ ճիշտ Մատթեոսի արամայերեն Ավետարանի հունարեն թարգմանությունն է, որ իբրև աղբյուր է ծառայել մեզ հասած Մատթեոսի Ավետարանի խմբագրողի, Մարկոսի և Ղուկասի համար։

Սրանցից բացի, Վագանեն ընդունում է նաև հավելյալ մի աղբյուր ևս։ Մատթեոսի և Ղուկասի «կրկնակ ավանդության» մեջ գտնվող այն նյութերը, որոնք բացակայում են Մարկոսի մոտ, վերցվել են հավելյալ այդ աղբյուրից։

Մարկոսի և Ղուկասի մոտ գոյություն ունեցող տարբերությունները բացատրելու համար Վագանեն ենթադրում է, որ սույն հավելյալ աղբյուրը հունարենի երկու տարբեր թարգմանություններ է ունեցել։

Վերոհիշյալ հաստատումներից հետո, Վագանեի համաձայն.
1. – Մարկոսի Ավետարանը կազմված է Մատթեոսի արամայերեն ուսուցումից և Պետրոսի քարոզությունից, ինչը նա անձամբ է լսել։ Այս կերպ ըմբռնելի է դառնում Մարկոսի Ավետարանում տեղ տեղ զգացվող ականատես պատմողի ներկայությունը։
2 – Մեզ հասած Մատթեոսի Ավետարանի հեղինակն օգտվել է Մատթեոսի արամայերեն բնագրից և հավելյալ մի աղբյուրից։
3. – Իսկ երրորդ Ավետարանիչը՝ Ղուկասը, գործածել է Մատթեոսի հունարեն թարգմանությունը, Մատթեոսի հունարեն հավելյալ աղբյուրը և ա՛յլ կողմնակի աղբյուրներ։

 

Բ) Կրկնակ ավանդության մեջ կա լրացուցիչ մի աղբյուր

1832 թվականին Ֆրիդրիխ Շլայերմախերը[8], հիմնվելով Պապիասի վկայության վրա, թե՝ «Մատթեոսը եբրայեցերեն բարբառով գրեց Աստծո պատգամները, և յուրաքանչյուր ոք իր կարողության համաձայն մեկնեց այն»[9], հաստատում է, թե Մարկոսի գրության կողքին գոյություն ուներ երկրորդ մի աղբյուր ևս՝ գրված Մատթեոս Առաքյալի կողմից։

Լրացուցիչ երկրորդ աղբյուրի գաղափարը հետզհետե հող գտավ և բազմաթիվ հեղինակներ որդեգրեցին այն, օրինակ՝ Կառլ Քրեդները[10] (1836), Քրիստիան Վայսսեն[11] (1838), Քրիստիան Ուիլկեն[12], Հայնրիխ Հոլթցմանը (1863), Ջոն Հոքինսը (1899), Ադոլֆ Հառնակը (1907), և ուրիշներ։

 

Գ) Բազմաթիվ աղբյուրների գոյությունը

Մարկոսի բնագրից բացի, մի երկրորդ աղբյուրի գոյությունն էլ բավարար չգտնելով, մի շարք բանասերներ հրապարակ նետեցին բազմաթիվ աղբյուրների վարկածը։

Ու. Հոպթը, Ք.Ս. Փաթթանը, Վիլհելմ Բուսսմաննը[13], Բառնեթ Սթրիթերը, Վինսենթ Թեյլըրը և այլոք, բազմաթիվ աղբյուրների ենթադրությամբ փորձեցին գոհացուցիչ լուծում տալ «համատես Ավետարանների» փշոտ հարցին։

Մարտին Դիբելիուսը[14], Մաքս Մայներթցը[15] հեղինակեցին «ավանդության խավերի հարատև աճման» գաղափարը։

Ալֆրեդ Վիքենհաուզերը[16] նախընտրում է Պապիասի կողմից հիշատակված Մատթեոսի արամայերեն գրությունն ընդունել որպես մյուս Ավետարանների հիմք։ Սույն գրությունը, ըստ այս հեղինակի, պարունակում էր միայն Քրիստոսի խոսքերն ու քարոզները։

Փիրսըն Փարքըրը[17] պաշտպան հանդիսացավ մի տեսակետի, ըստ որի՝ գլխավոր երկու աղբյուրներ են գոյություն ունեցել[18]. ա) նախամատթեոսյան, որից օգտվել են Մատթեոսն ու Մարկոսը, իսկ Ղուկասը Մարկոսի միջոցով է, որ առնչություն ունի վերոհիշյալ գրության հետ. և բ) հավելյալ մի աղբյուր, որից այս անգամ օգտվել են Մատթեոսն ու Ղուկասը։ Իսկ Մատթեոսը երբեք Մարկոսից չի օգտվել։

Շլայերմախերը 1817 թվականին հետևյալ կարծիքը հայտնեց.

Առաքյալների քարոզության նախնական շրջանում սկսել էին լույս տեսնել համառոտ գրություններ, որոնք պարունակում էին Հիսուսի խոսքերն ու գործերը։ Սույն գրությունները ծառայում էին շրջիկ քարոզիչների կամ նորադարձների և քրիստոնեական գիտելիքներն ուսուցանողների համար որպես հուշաթերթիկներ։

Կախված գրողի նպատակից և նախասիրություններից, ինչպես նաև միջավայրի, ունկնդիրների կարիքից, վերոհիշյալ հուշաթերթիկները սկսեցին ճոխանալ։ Ահա՛ այդ գրություններն են, որ Ավետարանիչների համար որպես աղբյուր են ծառայել։

Վերոհիշյալ կարծիքն էլ իր համակիրներն ունեցավ։

Էմիլ Լը Քամյուն[19] այդ գրությունները «թռուցիկ թղթեր» կոչեց, մինչդեռ Էուժեն Ժաքյեի[20] համաձայն՝ դրանք թղթերից ավելի «թղթածրարներ» էին։

Բազմաթիվ աղբյուրների պաշտպան է նաև Լյուսիեն Սերֆոն[21], որի համաձայն՝ Ավետարաններից առաջ շրջանառության մեջ է եղել արամայերեն մի ընդարձակ գրություն, որին առընթեր կային նաև համառոտ գրություններ։ Դրանց հունարեն թարգմանությունը նախամատթեոսյան մի Ավետարան է, ինչից օգտվել են երեք Ավետարանները։

[1] Յոհան Գոթթֆրիդ Այքհորն (Johann Gottfried Eichhorn, 1752-1827), գերմանացի բողոքական աստվածաբան, աստվածաշնչագետ, արևելագետ, Աստվածաշնչի պատմաքննադատական ուսումնասիրության հիմնադիրներից
[2] Ալֆրեդ Ռեշ (Alfred Resch, 1835-1912)
[3] Ֆրիդրիխ Շպիտտա (Friedrich Spitta, 1852-1924), գերմանացի բողոքական աստվածաբան, Աստվածաշնչի մեկնաբան, եկեղեցական պատմաբան
[4] Պրիմո Վաննուտելլի (Primo Vannutelli, 1885-1945), իտալացի կաթոլիկ քահանա, աստվածաշնչագետ
[5] Յուլիուս Ուելլհաուզեն (Julius Wellhausen, 1844-1918), գերմանացի բողոքական աստվածաբան, աստվածաշնչագետ, պատմաբան, արևելագետ
[6] Թեոդոր Ձան (Theodor Zahn, 1838-1933), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, Աստվածաշնչի մեկնաբան, վաղ Եկեղեցու պատմաբան, Էռլանգենի համալսարանի պրոֆեսոր
[7] L. Waganay, Le problème synoptique, Paris 1954.
[8] Ֆրիդրիխ Դանիել Էռնստ Շլայերմախեր (Friedrich Daniel Ernst Schleiermacher, 1768-1834), գերմանացի բողոքական աստվածաբան, բողոքական ազատականության հիմնադիր
[9] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, Վենետիկ 1877, Դպր. Գ., էջ 227.
[10] Կառլ Աուգուստ Քրեդներ (Karl August Credner, 1797-1857), գերմանացի բողոքական աստվածաբան, Գիսենի համալսարանում Նոր Կտակարանի և եկեղեցական պատմության պրոֆեսոր
[11] Քրիստիան Հերմանն Վայսսե (Christian Hermann Weisse, 1801-1866), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի ուսումնասիրող
[12] Քրիստիան Գոթթլոբ Ուիլկե (Christian Gottlob Wilke, 1788-1854), գերմանացի աստվածաբան
[13] Վիլհելմ Բուսսմանն (E. Wilhelm Bussmann, 1864-1936), գերմանացի բողոքական աստվածաբան
[14] Մարտին Ֆրանց Դիբելիուս (Martin Franz Dibelius, 1883-1947), գերմանացի բողոքական աստվածաշնչագետ, Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր
[15] Մաքս Մայներթց (Max Meinertz, 1880-1965), գերմանացի կաթոլիկ աստվածաբան, Նոր Կտակարանի մասնագետ
[16] Ալֆրեդ Վիքենհաուզեր (Alfred Wikenhauser, 1883-1960), գերմանացի բողոքական աստվածաբան, աստվածաշնչագետ
[17] Փիրսըն Փարքըր (Pierson Parker, 1905-1995), ամերիկացի աստվածաշնչագետ, Նոր Կտակարանի մասնագետ
[18] P. Parker, The Gospel before Mark, Chicago 1953.
[19] Էմիլ Փոլ Կոնստանս Անժ Լը Քամյու (Émile Paul Constant Ange Le Camus, 1839-1906), ֆրանսիացի կաթոլիկ քահանա, քարոզիչ, աստվածաբան, գրող
[20] Էուժեն Ժաքյե (Eugène Jacquier, 1847-1932), ֆրանսիացի քահանա, գրող
[21] Լյուսիեն Սերֆո (Lucien Cerfaux, 1883-1968), ֆրանսիացի կաթոլիկ քահանա, Աստվածաշնչի մեկնաբան, Լուվենի կաթոլիկ համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։