դ) Եզրակացություն – Գրադարան – Mashtoz.org

դ) Եզրակացություն

Մինչ այստեղ ընդհանուր կետերով շոշափեցինք այն բազմաթիվ կարծիքներից գլխավորները, որոնք ձգտում են որևէ լուծում գտնել «համատես Ավետարանների» խնդրին և ծագմանը։

Համատես Ավետարաններում գտնվող նյութերի, դասավորման, արտահայտության, նախադասական կազմի, ասացվածքների, բառապաշարի, Հին Կտակարանից կատարված մեջբերումների և ա՛յլ նմանությունները բացատրելու համար՝ այսօր բոլոր քննադատներն առհասարակ ընդունում են երեք Ավետարանների միջև գոյություն ունեցող սերտ կախումնավորությունը։

Տեսանք, որ քննադատներից ոմանց համաձայն՝ այդ կախումնավորությունը բացատրելու համար բավական է իբրև ընդհանուր աղբյուր ընդունել «բանավոր ավանդությունը»։

Մինչդեռ քննադատների ջախջախիչ մեծամասնությունն անհրաժեշտ է նկատում, որ այդ աղբյուրը գրավոր լինի։

Գրավոր աղբյուրի մասին էլ կարծիքները գլխավոր երեք խմբերի են բաժանվում.
1. Երեք Ավետարանները մեկ աղբյուր են ունեցել։
2. Երեք Ավետարանները երկու աղբյուր են ունեցել։
3. Երեք Ավետարանները բազմաթիվ աղբյուրներ են ունեցել։

Միակ աղբյուրի պաշտպաններից ոմանց համար Մարկոսի արամայերեն գրված, հետո հունարենի թարգմանված Ավետարանն է այդ աղբյուրը, որից օգտվել են Մատթեոսն ու Ղուկասը։

Ուրիշների համաձայն՝ արամայերեն մի Ավետարան (ըստ ոմանց՝ գրված Մատթեոսի կողմից) կամ դրա հունարեն թարգմանությունն է ընդհանուր առաջին աղբյուրը։

Նրանք, ովքեր գլխավոր երկու աղբյուրների կողմնակից են, իբրև աղբյուր մատնանշում են Մատթեոսի արամայերեն բնագիրը, առավել՝ Մարկոսի Ավետարանը։

Մինչդեռ ա՛յլ մասնագետների համաձայն՝ համատես Ավետարանների կազմության համար իբրև հիմք են ծառայել Մատթեոսի արամայերեն Ավետարանը և մի ա՛յլ հավելյալ գրություն կամ Մարկոսի Ավետարանն ու երկրորդ մի աղբյուր։

Եվ, ի վերջո, «բազմաթիվ աղբյուրների» գոյության ջատագովներն էլ երևակայելի անթիվ ենթադրություններ են հայտնել։

Ավետարանների՝ իրար հետ ուղղակի կախումնավորությունը քննարկելով՝ տեսանք, որ այստեղ էլ են ներհակ գաղափարներն իրար բախվում։

Ոմանց համար Մարկոսն ու Ղուկասն ուղղակի օգտվել են Մատթեոսից, մինչդեռ շատ շատերի համար Մատթեոս ու Ղուկաս Ավետարանիչներն են, որ օգտվել են Մարկոսից։

Նմանապես, շատերի կողմից ընդունված է, որ Մատթեոսն ու Ղուկասը մեկը մյուսի գրածին ծանոթ չեն եղել և, հետևաբար, իրարից անկախ են։ Մինչդեռ Ղուկասը կարծես թե օգտվել է Մարկոսից։

Կան նաև հեղինակներ, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր Ավետարանչի առաջադրած նպատակը, ճաշակը կամ որդեգրած ուղղությունը բավարար են՝ բացատրելու համար համատես Ավետարաններում հանդիպող տարբերությունները։

Իրարից բավականաչափ հեռու, երբեմն իրար հակասող կարծիքների այս լաբիրինթոսի առջև պետք է խոստովանենք, որ համատես Ավետարանների հարցը տակավին վերջնական լուծում չի գտել։

Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։

Ավելորդ է ասելը, որ այդ ուսումնասիրությունները պետք է ընդգրկեն Ավետարանների ամբողջականությունը, խորքն ու ձևը, այսինքն՝ նյութը, լեզուն ու ոճը, դրանց բանավոր և գրավոր աղբյուրները, դրանց միջավայրը, զարգացումը, հին ավանդությունը և զանազան ա՛յլ ազդակներ, որոնք կարող են իրենց նպաստը բերած լինեն Ավետարանների կազմության գործում։

Մինչ այդ, առայժմ, կարող ենք մի քանի հաստատումներ ընդունել, որոնց շուրջ մասնագետների մեծամասնության կողմից քիչ թե շատ որոշակի համաձայնություն է գոյացել։

1) Բանավոր ավանդությունն իր կարևոր դերն է ունեցել Ավետարանների կազմավորման համար թե՛ սկզբնական շրջանում և թե՛ վերջնական խմբագրման ժամանակ։

2) Մեզ հասած Ավետարաններից առաջ շրջանառության մեջ արդեն գոյություն են ունեցել առավել կամ նվազ ընդարձակությամբ գրություններ, որոնք պարունակում էին Հիսուսի գործերը և խոսքերը, ինչպես վկայում է Ղուկաս Ավետարանիչը[1]։

Իսկ բացատրելու համար երեք Ավետարանների միջև առկա նմանություններն ու տարբերությունները, ստիպված ենք մեկ անգամ ևս կրկնել, որ տրամաբանական ենք գտնում ընդունելը, որ երեք Ավետարանիչներն ուղղակի իրարից կախում չունեն, մեկը մյուսի գործերին ծանոթ չի եղել, այլ՝ օգտագործել են զանազան բանավոր ու գրավոր աղբյուրներ, որոնք երբեմն ընդհանուր են, երբեմն՝ անձնական։

Երեք Ավետարաններում հանդիպող նմանությունները շատ հավանական է, որ ընդհանուր աղբյուրների գործածմամբ են առաջ եկել, ինչպես նաև տարբերությունները՝ անձնական աղբյուրների գործածմամբ։

Ի վերջո, հավելենք նաև, որ յուրաքանչյուր Ավետարանիչ վերոհիշյալ զանազան աղբյուրների միջից իր մտայնությանը, նկարագրին և նպատակին համաձայն՝ իրեն համապատասխան նյութերն ընտրել, բարեփոխել, տեղափոխել, կամ էլ՝ անտեսել է։

[1] Ղկս 1, 1. «Քանի որ շատերը ձեռնարկեցին մեր մեջ կատարված դեպքերի պատմությունը շարադրել»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։