
Լիա Լիբրեսկո
Ամերիկացի աթեիստ բլոգեր Լիա Լիբրեսկոն իր հայտնի պորտալում հայտարարում է կաթոլիկություն ընդունելու մասին։
Հեղինակ՝ Սալվատոռե Չեռնուցիո
Մեր օրերում կատարվող դարձի ցնցող պատմություններից է Լիա Լիբրեսկոյի պատմությունը, ով ամերիկացի աթեիստ հայտնի բլոգեր էր, « Patheos Atheist Portal »ի խմբագիրը:
Անցյալ Հունիսի 18-ին այս երիտասարդ փիլիսոփայի՝ Յեյլի համալսարանի շրջանավարտի և «Huffington Post»ի թղթակցի գրառումն անկասկած ցնցեց իր բլոգի բազմաթիվ հետևորդներին, հատկապես աթեիստներին, արագ տարածվելով ողջ աշխարհով մեկ:
«Սա իմ վերջին գրառումն է», կտրուկ ձայներանգով հայտարարում է այն հոդվածի վերնագիրը, որտեղ բլոգերը տեղեկացնում է, որ վերջապես գտել է պատասխանը իր այն «ներքին բարոյականությանը», որին մինչ այժմ աթեիզմը չէր կարողանում բավարարել. այդ պատասխանը Քրիստոնեությունն է: Պատասխանը, այսինքն, որը Լիան տարիներ շարունակ մերժում էր և փորձում էր հերքել «բացատրություններով, որոնք ջանք են գործադրում ինչ որ մի տեղ հատկացնելու բարոյականությանը բնական աշխարհում»։
«Տարիներ շարունակ ես փորձում էի պատճառաբանել, թե որտեղից է բխում իմ մեջ առկա բարոյական համընդհանուր օրենքը», բացատրում է բլոգերը. բարոյականություն «այնքա՛ն օբյեկտիվ, որքան որ են մաթեմատիկան և ֆիզիկական օրենքները»: Պատասխանների այս տևական որոնման մեջ Լիան ապաստան փնտրեց, օրինակ, փիլիսոփայության կամ էվոլյուցիոն հոգեբանության մեջ:
«Ես ընդհանրապես չէի կարծում, որ պատասխանն այնտեղ էր», խոստովանում է նա, բայց միևնույն ժամանակ, «այլևս չէի կարող թաքցնել, որ Քրիստոնեությունը ցանկացած ա՛յլ փիլիսոփայությունից ավելի լավ է փաստում այն, ինչը որ ես արդեն ճանաչում էի որպես ճշմարիտ. բարոյականությունը իմ ներսում, որը, սակայն, իմ աթեիզմը չէր կարողանում բացատրել»:
Դարձի առաջին «նշանները» ի հայտ եկան Ծաղկազարդի օրը, երբ բլոգերը մասնակցում էր Յեյլի ուսանողների հետ մի բանավեճի՝ բացատրելու համար, թե որտեղից է ծագում բարոյական օրենքը։ Բացատրության ընթացքում նրան ընդհատեց մի տղա, ով «փորձում էր ինձ մտածել տալ, խնդրելով չմեջբերել ուրիշների բացատրությունները, այլ՝ ասել այն, ինչը որ ես ինքս եմ մտածում»:
«Չգիտեմ, հստակ պատկերացում չունեմ», լինում է կնոջ պատասխանը այդ պարզ, բայց շփոթեցնող հարցին։ «Ձեր լավագույն վարկա՞ծը», պնդում է երիտասարդը։ «Ես ոչ մի անձնական կարծիք չունեմ», պատասխանում է նա։
«Բայց պետք է որ ինչ որ մի գաղափար ունենաք», շարունակում է երիտասարդը։ «Չգիտեմ ... , կարճ ասած՝ կարծում եմ, թե բարոյականությունը սիրահարվել է ինձ, կամ նման մի բան», փորձում է ասել փիլիսոփան, բայց տղան այդ կետում նրան ասում է, թե ի՛նչ է ինքը մտածում այդ ուղղությամբ:
Մտորելով, պատմում է Լիան, «ես նկատեցի, որ, նրա նման, ես հավատում էի, որ բարոյականությունը օբյեկտիվ է, մարդու կամքից անկախ մի բան»։ Այնուհետև Լիան բացահայտում է, որ ինքը նույնպես հավատում է «կարգուկանոնին, ինչը որ ենթադրում է գոյությունը մեկի, ով այդ կարգուկանոնը մտածել է», և «Ճշմարտության գոյությանը, բարոյականության աստվածային ծագմանը»:
«Ներքուստ զգում էի», շարունակում է բացատրել նա, «որ բարոյական օրենքը, ինչպես ճշմարտությունը, կարող է լինել մի անձ: Եվ կաթոլիկ կրոնն ինձ ընծայում էր ամենախելամիտ ու պարզ միջոցը՝ տեսնելու, թե արդյո՞ք իմ ինտուիցիան ճշմարիտ է, քանի որ ասում է, որ Ճշմարտությունը կենդանի Անձ է, և որ մարդացել է»:
Այնուհետև հարցնելով այդ տղային, թե ի՞նչ է նա առաջարկում իրեն անել, համոզված աթեիստ փիլիսոփան սկսում է աղոթել Սաղմոսների գիրքը և ապա շարունակում է «միշտ անել դա, նաև մենակ»:
Տարիներ ու տարիներ տևած տեսություններ, վարկածներ, փաստարկներ, համոզմունքներ, հետևաբար, որ քիչ ժամանակամիջոցում փլուզվեցին միակ Ճշմարտության՝ Աստծո առաջ։ Կայքում հրապարակված Լիայի պատմությունը հարուցեց հակասական արձագանքներ և միլիոնավոր մեկնաբանություններ: Բավական է հաշվի առնել փաստը, որ այն Ֆեյսբուքում տեղադրվել է 18 հազար անգամ, և որ նրա ինտերնետային էջը, ըստ բլոգի տնօրեն Դեն Ուելչի, ստացել է շուրջ 150 հազար հաղորդագրություն։
Մեկնաբանություններից շատերը մեղադրական են, աթեիստ մարդկանց, ովքեր իրենց «դավաճանված» են զգում նրանից, ով իրենց համար լիդեռ էր։ Շատ ուրիշ նամակներ, սակայն, գալիս են կաթոլիկներից, ովքեր, բազմաթիվ ո՛չ հավատացյալների նման, հետևում էին իր բլոգին: Ոմանք իրենց շնորհավորանքներն են հայտնում և ասում. «Այնքա՜ն ուրախ եմ քո համար: Շատ եմ աղոթել։ Ճամփորդությունը նոր նոր սկսվում է»։
CNN-ին տված իր հարցազրույցում Լիբրեսկոն այնուամենայնիվ խոստովանում է, որ դեռ շատ բան ունի հասկանալու և ուսումնասիրելու այն մասին, թե Եկեղեցին ի՛նչ է ուսուցանում բարոյականության խնդիրների վերաբերյալ։ «Բայց դա խնդիր չէ», ասում է, քանի որ այն ամենը, ինչին որ համոզված է, «խելամիտ է»:
Դարձից հետո Լիան նաև կաթոլիկների մի համայնք է փնտրել՝ անդամակցելու նպատակով, «սկանդալ առաջացնելով իր ամենաանհավատ ընկերների մոտ»։ «Երբ ինձ հարցնում են, թե ինչպե՞ս եմ զգում ինձ այժմ, պատասխանում եմ, որ երջանիկ եմ», ասում է բլոգերը։ «Ապրելու լավագույն ժամանակն այն է, երբ նկատում ես, որ գրեթե ամբողջը այն ամենից, ինչը որ կարծում էիր, թե ճիշտ է, իրականում կեղծ է»:
CNN-ի եթերում բլոգերը նաև պատմել է, որ իրեն «երկրորդ անգամ վերածնված» է զգում. «Չափազանց գեղեցիկ է մասնակցել Պատարագին և իմանալ, որ կա մի մարմնացած Աստված։ Սա մի փաստ է, որով բացատրվում են բազմաթիվ բաներ, որոնք այլապես անբացատրելի են մնում»:
Այս կետում ամենաշատը հետաքրքրող հարցն այն է, թե ի՞նչ է անելու Լիան իր հայտնի աթեիստական բլոգի հետ: Հարց, որն ամեն օր հետապնդում է հենց հեղինակին՝ Յեյլի այդ օրհասական երեկոյից հետո:
«Դադարեցնե՞լ գրելը», ինքն իրեն հարց է տալիս նա իր գրառման մեջ։ «Շարունակե՞լ ծպտյալ-կաթոլիկ ոճով, հուսալով, որ ոչ ոք չի նկատի (ինչպես որ, իրականում, արել եմ վերջին ժամանակներում)»: Երկար մտորումներից հետո, լուծումն ա՛յլ կերպ տրվեց. «Վաղվանից բլոգը կկոչվի “Patheos Catholic channel” և կգործածվի համոզված աթեիստների հետ երկխոսելու համար, ինչպես դա նախկինում անում էր կաթոլիկների հետ։
Պատճա՞ռը. «Եթե ինչ որ մեկն ազնիվ է», բացատրում է նա, «չի վախենում կասկածի ենթարկել իր սեփական համոզմունքները: Ես պատասխան ստացա այն ամենի վերաբերյալ, ինչ փնտրում էի, որովհետև համաձայնվեցի իսկապես հարցականի տակ դնել ինքս ինձ: Բազմաթիվ աթեիստների մեջ հետաքրքիրն այն է, որ նրանք քննադատում են և ապացույցներ պահանջում: Սա շատ օգտակար բան է Եկեղեցու համար, և նա չպետք է վախենա դրանից, քանի որ ինքը փաստերի և բանականության կողմում է և կողմից է»:
Վերջում, մի խրախուսանքով է եզրափակվում գրառումը, գրեթե մի մնաք բարով՝ Լիբրեսկոյից իր բազմաթիվ աթեիստ ընթերցողներին. «Ինչպիսին էլ որ լինի քո կրոնական հավատամքը, կանգ առնել մտածելու այն բաների մասին, որոնց որ հավատում ես, լավ գաղափար է, և եթե այսպես վարվելով հասկանում ես, որ կա ինչ որ մի բան, որ քեզ ստիպում է կարծիք փոխել, մի՛ սարսափիր և հիշի՛ր, որ որոշումդ կարող է միայն բարելավել իրողությունների վերաբերյալ ունեցածդ տեսությունը»: