ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ – Գրադարան – Mashtoz.org

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏՔԻ, ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
[...] Գիտության և հավատքի միջև երկխոսությունը նույնպես մաս է կազմում ավետարանման գործին, որը նպաստում է խաղաղությանը։ Գիտապաշտությունն ու պոզիտիվիզմը մերժում են «որպես ճանաչողության վավերական կերպեր ընդունել դրութենական [պոզիտիվ] գիտություններին բնորոշ կերպերից տարբերվող կերպերը»(1)։ Եկեղեցին առաջարկում է մի ա՛յլ ճանապարհ, որը պահանջում է համադրություն կատարել փորձառական գիտություններին բնորոշ մեթոդոլոգիաների պատասխանատու գործածման և մյուս գիտությունների միջև, ինչպիսիք են փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, և ինքնին հավատքը, որը մարդկային էակին վերամբարձում է մինչև խորհուրդը, որը գերազանցում է բնությանն ու մարդկային իմացականությանը։ Հավատքը չի վախենում բանականությունից. ընդհակառակն, փնտրում է նրան և վստահություն ունի նրա նկատմամբ, որովհետև «բանականության լույսը և հավատքի լույսը՝ երկուսն էլ բխում են Աստծուց»(2), և չեն կարող հակասել միմյանց։ Ավետարանումն ուշադիր է գիտական ձեռքբերումներին՝ դրանք հավատքի և բնական օրենքի լույսով լուսավորելու համար, որպեսզի միշտ հարգանք դրսևորեն մարդկային անձի կենտրոնականության ու գերագույն արժեքի հանդեպ, մարդկային անձի գոյության բոլոր հանգրվաններում։ Ամբողջ հասարակությունը կարող է հարստանալ այս երկխոսության շնորհիվ, որով նոր հորիզոններ են բացվում մտքի առաջ և ընդարձակվում են բանականության հնարավորությունները։ Սա նույնպես ներդաշնակության և խաղաղության հաստատման ուղի է։
 
Եկեղեցին մտադիր չէ արգելակել գիտությունների հիանալի զարգացումը։ Ընդհակառակն, ուրախանում է և մինչև իսկ բերկրանքով վայելում է, ճանաչելով այն վիթխարի ունակությունը, որն Աստված տվել է մարդկային մտքին։ Երբ գիտությունների զարգացումը, -- ակադեմիական խիստ ճշտապահանջությամբ մնալով իր յուրահատուկ առարկայի ոլորտում և դրանից դուրս չգալով, -- ակնհայտ է դարձնում մի որոշակի եզրակացություն, որը բանականությունը չի կարող հերքել, հավատքը չի հակառակվում դրան։ Է՛լ ավելի ակնհայտ է փաստը, որ հավատացյալները չեն կարող պահանջել, որ իրենց հաճելի գիտական մի կարծիք, որը և ո՛չ իսկ բավականաչափ փաստվել ու ապացուցվել է, ձեռքբերի հավատքի դոգմայի կշիռ։ Եվ սակայն, որոշ առիթներով, գիտնականներից ոմանք խախտում են իրենց մասնագիտության ֆորմալ առարկայի սահմանները և կորցնում են իրենց հավասարակշռությունը հաստատումներով կամ եզրակացություններով, որոնք գիտական բուն բնագավառին բնավ չեն վերաբերվում։ Այդպիսի դեպքերում բանականությունը չէ այն, ինչ նրանք առաջադրում են, այլ՝ մի որոշակի գաղափարախոսություն [իդեոլոգիա], որը ճանապարհը փակում է անկեղծ ու վավերական, խաղաղ ու պտղառատ երկխոսության դիմաց։ [...]

(1) Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ « Հավատք և բանականություն » (« Fides et ratio »), 88: AAS 91 (1999), 74.
(2) Սբ. Թովմա Աքվինացի, « Ընդդեմ հեթանոսների » (« Summa contra Gentiles »), I, VII; հմմտ. Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ « Հավատք և բանականություն » (« Fides et ratio »), 43: AAS 91 (1999), 39.

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։