Ապացուցել մարդու գոյությունը – Գրադարան – Mashtoz.org

Ապացուցել մարդու գոյությունը

Ի՞նչ է, ուրեմն, մարդը:
Իրականում, – ինչպես ամենայն հանգստությամբ խոստովանում է Բոնչինելլին և հասկացվում է Դոկինսի գրություններում, – նախևառաջ մեզ պակասում է «կյանք»ի սահմանումը: Մեծ բիոքիմիկոս Էրվին Շարգաֆֆը, որի ուսումնասիրությունները 1949 թվականին որոշիչ դեր ունեցան ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման համար, կյանքը սահմանում է որպես «անթափանցելի խորհուրդ», բացահայտորեն մերժելով ամեն տեսակ ռիդուկցիոնիստների դիրքորոշումը, որոնք այնքան են նեղացրել իրենց ուսումնասիրությունների առարկան ու դրա սահմանները, որ շարունակ ենթարկվում են համոզվելու փորձությանը, թե իբր հասկացել են ամեն բան:
Շարգաֆֆի համաձայն, ժամանակակից գիտնականը վերածվել է մի որոշակի բնագավառի մասնագետի և այդպիսով մոռացել է, որ աշխարհում գոյություն ունեն դեռ ուրիշ շատ բաներ, քան այն քչերը, որոնք նա վերլուծում է իր նեղ-մասնագիտական աշխատանոցում: «Մասնագետը նա է», գրում է Շարգաֆֆը, «ով թույլտվություն է ստացել գտնելու այն, ինչ փնտրում է: Սրան, սակայն, պետք է հավելենք այն, որ նա իրականում շատ քիչ բան է փնտրել, բայց աշխարհի և մինչև իսկ իր սեփական աչքին ուռճացրել է արժեքն այն քչի, որ գտել է: Այդ արժեքը վավերական է միմիայն իր մասնագիտության նեղ համակարգի ներսում, ինչպես իրավացիորեն նշում է Ուիթգենշթայնը»: Ահա այսպիսով, կամաց կամաց, մանրացնելով, մասնատելով, նվազեցնելով մեր ուսումնասիրության և գիտական փնտրտուքի առարկան և դրա սահմանները, «դուրս ենք եկել որսալու գիտելիքի բեկորներ ու պատառիկներ, շեղվելով կյանքի վսեմագույն դիմագծից»: Ուստի, վերահաստատելով, որ չգիտենք՝ թե ի՛նչ է կյանքը և թե ինչպե՛ս է այն առաջացել, պետք է վերադառնանք սկզբնական հարցին. «Ի՞նչ է մարդը»: Որովհետև իրականում սա՛ է այն մեծագույն հարցը, որ մարդկությունն իր հետ կրում է Օմերոսից մինչև Դանթե, մինչև Մոնթալե, մինչև փողոցի ամենավերջին մարդը: Ոմն մատերիալիստներ հավակնում են պատասխանել, թե մարդը ճարպերի, սպիտակուցների, հորմոնների մի կույտ է: Բաղադրիչ տարրեր, որոնք միայնակ վերցված չեն բացատրում և ոչ իսկ մի կտոր տորթի կամ մի աթոռի գոյությունը, մատերիալիստների կարծիքով սպառիչ պատասխան են տալիս մարդկային խորհրդին, այնպես, որ «ճշմարտության մեծ օվկիանոսը», ինչպես այն անվանում էր Նյուտոնը, այլևս չի հոսում մեր առջևով, մնալով «բնավ չբացահայտված», քանի որ մատերիալիստների կողմից վերածվել է մի կում ջրի, որը դրել են ապակյա մի անոթի մեջ և փորձում են վերլուծել իրենց մանրադիտակների տակ:
Հետևաբար, գոյություն չունի կյանքի գիտական մի սահմանում, չափազանց քիչ գիտելիքներ ունենք, ինչպես խոստովանում էր Բոնչինելլին, երեք՝ տիեզերական, կենսաբանական և նեուրոլոգիական Բինգ Բենգների մասին, և սակայն դա չի խանգարում, որ որոշ ռիդուկցիոնիստ գիտնականներ (իրականում սոսկ նեղ-մասնագետներ, առավել կամ նվազ չափով աթեոլոգներ) փորձեն համոզել մեզ, թե իբր մարդն այլևս խորհուրդ չէ. նրա սրտի խառնաշփոթն, ասում են, այլևս հսկողության տակ է, նրա հոգեկան աշխարհի խորությունը չափված է, գոյության իմաստի շուրջ հարցերը լուծված են, պարզապես որակվելով իբրև ապարդյուն, կեղծ, ուղեղի կողմից արտադրված պատրանքներ. բանականությունը, խոսքը, խիղճն ու գիտակցությունը, բարոյական զգացումը, ազատությունը, սերը և նման ուրիշ բաներ, որոնցով բնութագրվում է մարդը, այլևս խնդրահարույց հարցեր չեն, որովհետև բավական է դիմել պատահականության ամենազոր օգնությանը, կամ էլ նկատել դրանք որպես «սառեցված պատահարներ» և «էվոլյուցիոն գործընթացի սխալներ»:
Թեև այդ հարցերի շուրջ չափազանց անբավարար գիտելիքներ ունենք, շարունակում է Բոնչինելլին, այդուհանդերձ կարող ենք առաջ քաշել վարկածը, որ «մեր այդքա՜ն սիրելի Եսը այսպիսով վերածվում է մարմնի մի մասին միացած և մեկուկես կիլոգրամ քաշ ունեցող նեուրոնների տեսանելի մի հատկության», որից հետևում է, թե ավելի ճիշտ է այսուհետև ասել «Այս ուղեղն ունի մի ես», և ո՛չ թե մինչև օրս գործածվածը. «Ես ունեմ մի ուղեղ»[1]:
Բոնչինելլիի համաձայն, հետևաբար, ո՛չ թե ուղեղն է անձի գործիքը, այլ անձը, անհատն ինքն է ուղեղի գործիքը: Այսինքն ես չեմ, որ գրում եմ, ուղեղս միացնելուց հետո, այլ ուղեղս է դա անում, առանց ինչ-որ մեկի թույլտվությունը խնդրելու և ստանալու. հետևաբար, թեև այն գտնվում է իմ գանգում, ես պատասխանատու չեմ նրա որոշումների համար: «Կյանքն, ուստի», շարունակում է Բոնչինելլին, իր թյուր գաղափարները ներկայացնելով որպես գիտական ստույգ ձեռքբերում, «վերածվել է կանոնակարգված մատերիայի, իսկ մեր տեսակը՝ էվոլյուցիայի բազմաթիվ քմահաճույքներից մեկին. ի վերջո, վերցվել են մեզնից ինքնագիտակցությունն ու որոշումներ կայացնելու կարողությունը, դրանց որպես պատճառ ճանաչելով էլեկտրա-քիմիական լարման խառնաշփոթ ցանցը»[2]: Բայց այսպիսի հաստատումներ կատարելու համար Բոնչինելլին իր ձեռքում ի՞նչ փաստեր ու ապացույցներ ունի: Ո՛չ մի, ինչպես խոստովանում է հենց ինքն իսկ:
Այսպիսով, ահա՛, տեսնում ենք ամենայն ակնհայտությամբ, որ աթեիստական մտահամակարգը մերժում է ո՛չ միայն Աստծուն, այլ հատկապես՝ մարդուն: Ով հավատում է Աստծուն, բայց նաև նա՝ ով կամենում է օբյեկտիվորեն մոտենալ գիտության ընձեռած տվյալներին, այսօր կանչված է փաստելու և ապացուցելու ո՛չ թե Աստծո, այլ նախևառաջ մարդու գոյությունը, քանի որ աթեիզմի գլխավոր թիրախը հենց մարդու ինքնատիպությունն ու եզակիությունն է: Ինչպես ասում էր ռուս փիլիսոփա Բերդյաևը, խորհրդածելով կոմունիստական բռնատիրությունների շուրջ, «Տասնիններորդ և Քսաներորդ դարերի գիտակցության մեջ անհետանում է մարդու պատկերը»:
Իսկապես, եթե մտածում ենք, իր մտահամակարգում հետևողականություն դրսևորող մատերիալիստ էվոլյուցիոնիստի համար սկզբում – չգիտենք ինչու – գոյություն ունի անօրգանական մատերիան և ահա այդ անկենդան մատերիան է, որ պետք է, ընդգծում եմ, պե՛տք է իրենից և ինքնըստինքյան առաջացրած լինի կյանքը. բուսականն իր ամբողջ բազմազանությամբ, կենդանականն իր տեսակների սքանչելի հարստությամբ, և մարդկայինը:
Քարից մինչև մարդը, պատահականության ու անհրաժեշտության անցումներով, առանց հնարավորության, որ շղթայի առաջին ու վերջին օղակների միջև գոյություն ունենա իրական մի տարբերություն. ինչպես քարն է վար ընկնում ձգողականության ուժի պատճառով, այդպես էլ մարդն է որոշումներ կայացնում գեների և ներքին էլեկտրա-քիմիական ռեակցիաների պատճառով: Ամեն բան նախասահմանված և կանոնակարգված է պատահականության և/կամ ֆիզիկական ու քիմիական օրենքների կողմից: Կարևոր չէ, որ չի հասկացվում, թե որտեղից են հայտնվել այդ օրենքները: Նաև այն, որ օղակների միջև մատնանշվող այդ անցումներն անբացատրելի են, որ անասուն կենդանու և մարդու միջև գոյություն ունեն ակնհայտորեն անհամեմատելի տարբերություններ, մատերիալիստ այդ պարոններին չի հետաքրքրում: Ասում են. «Այսպես պետք է լինի և վերջ»: Ինչպես հստակ կերպով երևում է, աթեիստական մտահամակարգը նույնպես մի հավատք է, ո՛չ թե՝ գիտություն. տարբերությունն այն է, որ աթեիստական հավատքը գիտական և փիլիսոփայական լուրջ հիմնավորումներից լիովին զուրկ է: Կառուցված է սոսկ իդեոլոգիական հիմքերի վրա: Տեղին ենք համարում կրկնել. Աստծուն մերժող մատերիալիստ էվոլյուցիոնիստի համար մարդու և քարի և ճանճի և մրջյունի միջև տարբերությունը կարող է սոսկ քանակական լինել, երբե՛ք՝ որակական:
Բոնչինելլին, Սքալֆարին, Ուիլսոնը և բազմաթիվ ա՛յլ մատերիալիստներ սա հաստատում են բացահայտ կերպով: Ուրիշ մատերիալիստներ, նվազ տրամաբանական և նվազ հետևողական կեցվածքով, ջանում են խուսափել այս անհարմար, բայց հետևողական հավասարեցումից, և սահմանափակվում են ջանալով ջնջել կամ ծածկել անասուն կենդանիների և մարդկանց միջև գոյություն ունեցող տարբերությունները: Սրանց շարքին են պատկանում Դեզմոնդ Մորրիսի կամ Դոկինսի նման որոշ կենդանաբաններ, որոնք Դարվինի գծած ճանապարհին հետևելով իրենց պարտքն են համարում բացատրել մեզ, թե մարդկային այս կամ այն հատկանիշը հանդիպում է նաև այս կամ այն տեսակի կապիկների մոտ: Նրանց ասելով, կապիկները նույնպես բարոյական զգացում ունեն ինչպես մենք, նրանք էլ կարող են գործիքներ գործածել, իսկ եթե նրանց կտավ ու վրձին է տրվում, կարողանում են խառնակ ու անիմաստ գծեր գծել, որոնք իբր թե կարող ենք արվեստի գործեր անվանել. անշուշտ, արդի արվեստ կոչվածը, որն իսկապես սովոր է ամեն ինչի, կարող է դրանք իրոք այդպիսին նկատել: Եվ սակայն ինձ թվում է, որ կապիկներից ոչ մեկը երբևէ չի մտածել ուսումնասիրել մարդուն, և հատկապես, որ կապիկներից ոչ մեկը երբևէ կարևոր չի նկատել հիմնել թանգարաններ, մեծարելու համար արվեստագիտական զգացումը, ո՛չ էլ՝ դատարաններ, մեծարելու համար բարոյական զգացումը, կամ էլ, օրինակի համար, չի խորհրդածել և իր նմանների հետ երբևէ չի քննարկել բնական իրավունքը կամ դրական իրավունքը: Նմանապես կարծում եմ, որ ա՛յլ բան է առանց հասկանալու, բնազդաբար գործի դնել արդեն պատրաստի որոշ գործիքներ, և ամբողջովին ա՛յլ բան է դրանք ստեղծելը, կատարելագործելը, դրանցից միշտ ավելի արդյունավետ օրինակներ ծրագրելը: Ա՛յլ բան է անփոփոխ կերպով բոլորն իրար նմանվող ամբարտակներ կառուցելը, կուղբերի նման, և ամբողջովին ա՛յլ բան է հանճարի միշտ նորանոր գործեր իրականացնելը, ինչպես վարվում են ճարտարապետները:
Կապիկները չեն թաղում իրենց մեռյալներին, որովհետև նվազագույն գաղափարն անգամ չունեն անդենական գոյության մասին. կապիկները գրական երկեր չեն արարում, և չեն կարող ընդդիմանալ իրենց կենդանական բնությանը, ինչը որ մենք, ընդհակառակն, կարող ենք անել, որովհետև մենք ընտրելու ազատությունն ունենք, կարող ենք ընտրել մինչև իսկ ինքնասպանություն գործել, արհեստական բեղմնավորում կատարել, կամ փորձարկել կլոնավորումը. բաներ, որոնք մերժելի են բարոյական գետնի վրա, բայց խոսում են մարդու ազատության մասին: Բայց կապիկների գենետիկական ժառանգությունը 99%-ով հավասար է մարդկայինին, կշեշտեն նրանք՝ ովքեր, Ումբերտո Վերոնեզիի նման, պնդում են, որ եթե շիմպանզեի սաղմի վրա գիտական փորձարկումներ կատարելը օրինավոր է, օրինավոր պետք է լինեն նաև փորձարկումները մարդկային սաղմի վրա: Եվ սակայն դժվար չէ հասկանալ, որ հենց այս գիտական տվյալն է հաստատում, որ մարդը կապիկներից տարբերվում է ինչ-որ մի ուրիշ բանով. մի բան, որն առնչություն չունի գեների հետ և չի տեղավորվում այդ 1% մատերիայի մեջ, անշուշտ եթե հանկարծ այդ 1%-ի մեջ չտեղավորվեն Լեոնարդո Դա Վինչին, Միքելանջելոն, Գալիլեյը և Նյուտոնը, ... Բոնչինելլին ու Դոկինսը:
Այսպես է գրում աշխարհահռչակ կենսաբան Ժաք Թեստարտը. «Ինքնին այն փաստը, – այսօր առավել քան հայտնի, – որ մեր գենետիկական ժառանգության 99%-ն ընդհանուր է շիմպանզեի հետ, պետք է որ լիովին համոզեր մեզ, որ էականն այլուր է: Եթե գենետիկական գետնի վրա միայն 1%-ով է շիմպանզեն տարբերվում Շեքսպիրից, հենց սա՛ է ահա ակնհայտ փաստը, որ Շեքսպիրի գեները չեն, որ գրել են Համլետը»[3]: Մեր գենետիկական ժառանգության 50%-ն ընդհանուր է բանանի հետ, թվով նույնքան գեներ ունենք, որքան հավերը, և միայն մի քիչ ավելի՝ քան Քերնոր Հաբդիտուս Էլեգանսը, 1 միլիմետր երկարությամբ այդ աննշան որդը, որի գեների թիվը կազմում է 19.000, որոնց 80%-ը ընդհանուր է մարդու գեների հետ: Ուրեմն ի՞նչ: Մի՞թե պետք է եզրակացնենք, թե գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ ենք, կամ մանրաթզուկ որդեր, որոնք կերպարանափոխվել են մարդ-հսկա-որդերի:
Մի խոսքով, աթեոլոգները, մատերիալիստ էվոլյուցիոնիստները, ծայրահեղական կանաչներն ու նիհիլիստներն այսօր հերքում են մարդու գոյությունը, հանուն Դարվինի կամ պանթեիստական-նյուէյջական դոգմայի, որի համաձայն՝ յուրաքանչյուր անձ, կենդանի կամ առարկա, – միմյանցից տարբեր, բայց արժանապատվությամբ միմյանց հավասար, – մի մասն է Ամբողջի: Ով հավատում է Աստծուն, մինչդեռ, պատասխանում է, որ ամբողջը գործն է Արարչի, որն ամեն բան տնօրինել է ո՛չ թե պատահական կերպով, այլ՝ իմաստությամբ, «չափով ու կշռով», ծրագրավորել է ԴՆԹ-ն, և տվել է մարդուն, միմիայն մարդուն, մտային և հոգևոր կարողություններ, որոնցով մարդը դարձել է արարչության գագաթնակետը, վայրը, ուր տիեզերքն օժտվում է գիտակցությամբ ու իմաստով:
Մարդը գոյություն ունի: Քարի կամ կապիկի կամ ուրիշ ինչ-որ մի բանի տարբերակներից մեկը չէ: Ինչպես ասում էին Միջնադարում, մարդը միկրոկոսմոս է, որն իրենում պարունակում է այն ամենն, ինչը գոյություն ունի բնության մեջ, և դեռ շատ ավելին. ունի բանական հոգի, որն իր առանձնահատկությունն է, ունի զգայական շունչ, որով նմանվում է մյուս կենդանիներին (շնչավորներին), ունի բուսական շունչ և մատերիայից բաղկացած մարմին: Բայց մարդու և արարչության մյուս բոլոր արարածների միջև տարբերությունը որակական է, ո՛չ թե՝ սոսկ քանակական:
Կատարելության սանդուղքի վրա, մինչդեռ, մարդը կարող է միայն իջնել, քանի որ պարունակում է իրենում այն ամենն, ինչը գտնվում է իրենից ցած, և դեռ ավելին: Մինչդեռ քարը, օրինակի համար, չի կարող բարձրանալ: Մարդը կարող է կորցնել բանականության գործածումը, կարող է ''վեգետատիվ'' վիճակում հայտնվել ամենասովորական բույսի նման, մահանում է և իր մարմինը դառնում է անօրգանական մատերիա, քարի նման: Քարն, ընդհակառակն, ընդունակ չէ դառնալու բույս, ապա՝ կենդանի, իսկ վերջում՝ մարդ: Եվ ոչ իսկ բույսը կարող է դառնալ կենդանի, ապա նաև մարդ: Ոչ էլ կենդանին, ի վերջո, կարող է ինքնուրույն կերպով, առանց իր բնությունը փոխելու, դառնալ գիտակից, խոսող, ազատ և բանական անձ: Սա նշանակում է, որ մարդն ունի – սա ակնհայտ է – վարքի որոշակի կենդանական տարրեր, ճիշտ ինչպես նկատել են տալիս Դեզմոնդ Մորրիսի նման կենդանաբանները, բայց կենդանին է, որ չունի մարդկային վարքի բոլոր տարրերը (քանի որ ավելին իրենում պարունակում է նվազին, և ո՛չ թե՝ հակառակը): Նմանապես, մարդու մարմինը ենթակա է ձգողականության ուժին, ինչպես նաև քարը, բայց դժվար թե քարը ինքնաթիռ կկառուցի, որպեսզի հաղթի բնության այդ ուժին:
Եզրակացնելով կրկին ընդգծենք, որ նրանք՝ ովքեր Աստծուն և մարդուն մերժելու համար թաքնվում են գիտության ետևում, դրա համար չունեն ո՛չ բանական պատճառաբանումներ, ո՛չ էլ՝ փորձարարական ապացույցներ: Իմ համար պարզ չէ, թե մերժում են մարդուն, որպեսզի հետևաբար մերժեն Աստծո՞ւն, թե՞ նախ Աստծուն մերժելով որպես սկզբունք, հետևողականորեն հասնում են մերժելու նաև մարդուն: Համենայն դեպս, միշտ, ինչպիսին էլ լինի նրանց դիրքորոշումը, մի բան պարզ է. այդպիսիք կրողներն են ո՛չ թե գիտության, այլ՝ մի փիլիսոփայության, կամ ավելի ճիշտը՝ վատորակ մի փիլիսոփայության, որի հիմքերը իրականության մեջ չեն: Մի փիլիսոփայություն, որի հետևանքները բարոյական գետնի վրա անընդունելի են. մարդու իրավունքների ստորացումն ու հավասարեցումը անասուն կենդանիների, բույսերի ու քարերի իրավունքներին (թեև այս վերջինների դեպքում իրավունքների մասին խոսելն անգամ անհեթեթություն է, քանի որ միայն անձը և անձերից կազմված հասարակությունն է, որ կարող է իրավունքներ ունենալ):
Ճիշտ այն, ինչը որ այսօր միշտ ավելի հաճախ է առաջարկվում ոմանց կողմից, ովքեր հետևողական եզրակացությունների են հանգում, որպես մեկնակետ ունենալով, սակայն, սխալ նախադրյալներ: Կլոնավորումը պաշտպանող Դոկինսից մինչև Պիտեր Սինգերը, մինչև Իսպանիայի նախկին վարչապետ Ձափաթերոն, որը մեծ կապիկների իրավունքները հավասարեցնում էր մարդկանց իրավունքներին ( – և թե ինչպիսի հետևանքներ ունեցավ իր ''քաղաքականությունը'', հայտնի է բոլորին – ), մինչև Էդոարդո Բոնչինելլին, որն իրեն ուղղված հարցին, թե ինչպիսին է մարդկային սաղմի բնությունը (մարդ-անասուն հիբրիդավորման փորձերի առընչությամբ), պատասխանում է. «Կարող ենք ասել, որ մարդն առկա է բեղմնավորման պահից ևեթ, կամ երկրորդ շաբաթվա վերջավորության, կամ առաջին հակազդեցությանը, որով սաղմը պատասխանում է արտաքին միջամտությանը, կամ էլեկտրոէնկեֆալոգրաֆիկ առաջին ազդակի ժամանակ, կամ երբ ծնվում է, կամ երբ ընդունակ է հիշելու: Ընտրությունը մերն է»[4]: Ինչը որ նշանակում է, որ Աստծուն կորցնելով այլևս չգիտենք, թե ի՛նչ է մարդը, այլ մանավանդ թե՝ հասնում ենք բռնությամբ տիրանալու իրավունքին՝ ընտրելու մենք ինքներս, թե ո՛վ և որքա՛ն է արժանի ապրելու, որոշելով, օրինակի համար, որ մարդ ես ծննդյան պահից սկսած, ուստի օրինավոր է քեզ սպանելը, քանի դեռ մայրական արգանդում ես, կամ էլ՝ մարդ ես, երբ ընդունակ ես հիշելու, ուստի օրինավոր է դառնում նորածինների սպանությունը կամ մանկասպանությունը, և նմանատիպ ա՛յլ բազմաթիվ ոճիրներ:
«Ընտրությունը մերն է», այսինքն՝ եթե Աստված գոյություն չունի, ամեն ինչ թույլատրված է: Այսպիսով վերադառնում ենք բարոյական (իրականում անբարոյական) այն գաղափարին, ըստ որի՝ ամեն բան, որ հնարավոր է, ինքնըստինքյան նաև օրինավոր է, այսինքն՝ ամենաբացարձակ ռելատիվիզմին, կամ ա՛յլ խոսքերով ասած՝ բիրտ ուժի օրենքին:
[1] E. Boncinelli, Verso l’immortalità?, Raffaello Cortina, Milano 2005, p. 126.
[2] Նույն, p. 128.
[3] J. Testart, La vita in vendita, Lindau, Torino 2005, p. 54.
[4] «Newton» գիտահանրամատչելի ամսագրի 2007թ. Հուլիսի համարում լույս տեսած հարցազրույցից:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։