Առանց Աստծո գոյություն ունի՞ պատասխանատվություն – Գրադարան – Mashtoz.org

Առանց Աստծո գոյություն ունի՞ պատասխանատվություն

Եվ սակայն, թեև էվոլյուցիոնիստների դիրքորոշումը հասցնում է որևիցէ բարոյականության ժխտմանը, – քանի որ մատերիալիզմի համաձայն այն, ինչ անում ենք, նախասահմանված է, իսկ այն, ինչը հնարավոր է, միշտ և ինքնըստինքյան նաև օրինավոր է, – աթեիզմի իր վերլուծության ժամանակ Դոկինսը, – ճիշտ ինչպես Հիթչենսը, Օնֆրեյը և բազմաթիվ ուրիշ մատերիալիստներ, – ճիգ ու ջանք է գործադրում բացատրելու, թե աթեիստական բարոյականությունը առավել գերազանց է, քան կրոնականը (թեև աթեիստական բարոյականությունն ա՛յլ կերպ սահմանել չի կարող, քան միայն՝ օգտապաշտական բարոյականություն, այսինքն՝ անբարոյականություն):
Դոկինսի համաձայն, երբ աթեիստը սխալվում է, գործում է այդ բարոյականության սկզբունքներին հակառակ, մինչդեռ հավատացյալը, երբ սպանում է կամ ուրիշ որևէ սխալ գործում, դա անում է հենց իր կրոնական էթիկային հետևելով: Նախևառաջ հարկավոր է ընդգծել, որ Դոկինսն այստեղ խորամանկորեն ''մոռանում է'' պատշաճ տարբերակում մտցնել Քրիստոնեության և մյուս կրոնների, Ճշմարիտ Հավատքի և կեղծ կրոնների միջև, որոնց Քրիստոնեությունն ինքն էլ ընդդիմանում է: Բայց մի կողմ թողնենք այս հարցը, քանի որ շատ կհեռացնի մեզ մեր բուն նյութից: Երկրորդ հերթին պետք է ասենք, որ Դոկինսի միտքը մեծապես անորոշ ու անավարտ է մնում, երբ հաստատում է աթեիստական բարոյականության գոյությունը. ո՞րն է այդ բարոյականությունը, ինչի՞ վրա է հիմնվում, որո՞նք են այդ բարոյականության օրենքներն ու սկզբունքները, ինչո՞վ են հաստատվում այդ բարոյականության օբյեկտիվությունն ու ընդհանրական վավերականությունը:
Իրականում, աթեիստական բարոյականության համար վավերական է Պիրանդելլոյի խոսքը. «մի, ոչ մի, հարյուր հազար»: Բոլորն են դրա մասին խոսում, բայց ամեն ոք իրենն ունի, ուստի գոյություն չունի ոչ մեկը, որ օբյեկտիվ լինի և ընդհանրական: Յուրաքանչյուր անհավատ մարդ, արդարև, կարող է հորինել իր անհատական բարոյականությունը, իր սեփական տեսակետների համաձայն, ճիշտ որովհետև աթեիստ, այսինքն՝ անաստված լինելով, չի ճանաչում ոչ մի Սկզբունք, – իրենից առաջ, իրենից վեր և իրենից հետո, – ոչ մի Ճշմարտություն, ոչ մի վերանցական, գերագույն, աստվածային կանոն: Առավելագույնը, որ աթեիստը կարող է անել, դա ճանաչելն է ինչ-որ մի տարտամ ''բնական'' բարոյականություն, որը սակայն լիովին անհիմն է ու հակասական:
Բացարձակ աթեիստը, մինչդեռ, քանի որ ոչնչի կապված չէ, – և Քսաներորդ դարի բռնապետերի պատմությունը ապացուցում է դա, – հորինում է իր սուբյեկտիվ բարոյականությունը, որպես հիմք ընդունելով իր սեփական աշխարհայացքը, իր սեփական իդեոլոգիան, որը կարող է լինել Հիտլերի ռասսիզմը, Լենինի ու Ստալինի դասակարգային պայքարը, սուպեր-մարդու անհատապաշտությունը, և այլն, և այլն: Սա յուրահատուկ փաստերի կարիք չունի, քանի որ բոլորիս աչքի առաջ է: Դոկինսն ինքը, այդ աթեիստական բարոյականության մասին խոսելուց հետո, վերջում ընդունում ու վավերացնում է իրապես և առարկայապես անբարո որևէ արարք. աբորտ, օժանդակված ինքնասպանություն, կլոնավորում, և այլն: Ֆրանսիզ Քոլլինսն այս առումով գրում է. «Իրականում, գերագույն որևէ հեղինակության գոյությունը մերժելով, աթեիզմը պոտենցիալն ունի, – և այսօր կիրառում է այդ պոտենցիալը, – մարդկանց ամբողջովին ազատելու մեկը մյուսի նկատմամբ բռնություն չգործադրելու պատասխանատվությունից»[1]:
Մտածենք մի պահ: Եթե ինչ-որ մեկը Ստալինին ասեր. «Սխալվում ես գուլագներ կառուցելով և դրանց մեջ միլիոնավոր մարդիկ բանտարկելով: Պատմության մեջ չլսված թիվ է դա», Ստալինը կարող էր պատասխանել. «Հանուն ինչի՞ ես ինձ ասում, թե սխալվում եմ: Դու այդպես ես կարծում, բայց ես համոզված եմ, որ չեմ սխալվում: Ի՞նչ հեղինակության ես դիմում, որպեսզի հիմնավորես քո կարծիքը: Եթե դիմում ես պատվիրաններին, Ավետարանին, ես դրանց չեմ հավատում: Ես համոզված եմ, որ մարդը սոսկ մատերիա է, որ դասակարգերի միջև պայքարն անհրաժեշտ է, որ պրոլետարիատի իշխանությունը պետք է հաստատվի նաև բռնությամբ, այդպես է ասել Մարքսը»: Իսկապես, ինչպես ասում էր Մոնոն, եթե մենք պատահականության զավակներն ենք, պատասխան պետք է տանք միայն ինքներս մեզ, կամ առավելագույնս՝ մեր գեներին: Բայց գեները կարո՞ղ են պատասխանատվություն ունենալ:
Եվ եթե ինչ-որ մեկն ասեր նաև Հիտլերին. «Ինչո՞ւ ես ռասսիստ: Բոլոր մարդիկ հավասար են, ո՛չ թե մարմնով, այլ՝ հոգիով, քանի որ Աստծո արարածներն են», Հիտլերը կարող էր պատասխանել, որ չի հավատում անմահ հոգու գոյությանը, ո՛չ էլ՝ վերանցական և արարիչ Աստծուն, այլ՝ ռեինկարնացիային, պանթեիստների ցիկլային ժամանակին, և որ իր համար գիտական ստույգ տվյալ է առողջների ու հիվանդների, երիտասարդների ու տարեցների, սպիտակամորթների ու սևամորթների, գերմանացիների և ուրիշ ազգերի արժանապատվության տարբեր աստիճաններ ունենալը, և այլն: Ուստի, կշարունակեր Հիտլերը, ես իրավունքն ունեմ ոչնչացնելու բոլոր նրանց, ում համարում եմ ցածրակարգ, մարդու վերաբերյալ ունեցած ի՛մ գաղափարի համաձայն, ճիշտ այնպես, ինչպես ինձնից առաջ, անցյալ դարերում, եղել են կառավարություններ և ժողովուրդներ, որոնք օրինավոր են համարել մարդկային զոհաբերություններն ու ստրկությունը: Ստալինի և Հիտլերի նման, յուրաքանչյուր մարդ, ով իր բարոյականությունը չի հիմնում բնական օրենքի և Աստծո օրենքի օբյեկտիվության վրա, անխուսափելիորեն հորինում է ինքնաշեն իր բարոյականությունը, իր կանոնները, որոնք տարբերվում են նաև կողքի հարևանի բարոյականությունից ու կանոններից: Եթե Աստված գոյություն չունի, կամ ավելի ճիշտը՝ եթե բացարձակ ու անկասկած կերպով մերժվում է Նրա գոյությունը, և հետևաբար՝ մինչև իսկ մերժվում է բացարձակ Ճշմարտության, գերագույն Բարիքի փնտրտուքը, յուրաքանչյուր մարդ կարող է իրեն վերագրել Աստծո նման վարվելու իրավունքը, այսինքն՝ սեփական անձը նկատել որպես օրենքի ակունք ու չափանիշ: Յոթանասունական թվականների գերմանացի ահաբեկիչ Քրիստիան Քլարը, որն անդամակցում էր «Rote Armee Fraktion» (Raf) կազմակերպությանը և հեղինակն էր իննը սպանությունների և տասնմեկ սպանության փորձերի, դատարանի առաջ հայտարարեց, թե «մեղքի զգացումը կամ զղջումը քաղաքական հասկացողություններ չեն», այդպիսով ցույց տալով, որ հստակ գաղափարն ունի այն բանի, թե պատասխանատու չէ ոչ մի գերագույն օբյեկտիվ օրենքի առաջ, այլ միմիայն այն իդեոլոգիայի դիմաց, որն ինքնակամ ընտրել է[2]:
Այս մտածելակերպն այսօր այլևս Քսաներորդ դարի մեծ բռնապետերինը չէ, ո՛չ էլ՝ Յոթանասունական թվականների ահաբեկիչներինը, այլ ստացել է ամենասանձազերծ անհատապաշտության դիմագծերը: Կյանքն ընկալելու այս կերպը Մարչելլո Վենեցիանին անվանել է մի նոր եզրով, որը բավական արդյունավետ կերպով արտահայտում է դրա ամբողջ էությունն առանց քողարկումների. «խոզային ազատամտություն»: «Մուտք ենք գործել խոզային ազատամտության դարաշրջան: Այսինքն, երբ ազատամտությունը վերածվել է իրենց հարմարավետությունները սիրող խոզերի փիլիսոփայության: Ազատամտությունը որպես խոզերի աստվածաբանություն, այն իմաստով, որ յուրաքանչյուր ոք կարող է անել այն, ինչն իրեն խորհուրդ են տալիս կրքերն ու տվյալ պահի շահը, առանց որևէ սահմանափակման: Փորիր, փորիր, ի վերջո սրան է հանգում մերօրյա գառանտիզմի[3] ամբողջ ճարտասանությունը, որն իրեն դրոշակ է դարձրել անտիպրոհիբիցիոնիզմը[4]. մեզ հանգիստ թողեք, մենք ուզում ենք հարմարավետ խոզեր լինել: Թողեք, որ հանենք մեր տաբատները, հարբենք, ուռենք, ծակվենք, դավաճանենք, լափենք, փսխենք, անենք այն ամենն, ինչ անցնում է մեր ուղեղով, քթով, բերանով, սեռային անդամներով: Աշխարհն իմ սեփական պորտի արվարձանն է, ստամոքսն է Սինայի Լեռը, որտեղից իջնում են նորագույն պատվիրանները: Ի՞նչ իմաստ ունի օրենքը, սահմանը, պատիժը, հրավերը մեր պարտականություններին ու պատասխանատվություններին: Այստեղ գոյություն ունի միայն Եսը: Մի չաղ ու ճարպոտ Ես, որ դարձել է անսանձ տեր ու տիրակալ»: Մի Ես, կարող ենք հավելել, որն այն ամենն է, ինչ մնում է, երբ սեփական մտահորիզոնից հեռացվում է գիտակից, անձնական, պատասխանատու հոգին և, նրա հետ միասին, Աստված:
Հակառակ Դոկինսի պնդումների, մինչդեռ, ինչ-որ մի կրոնի հետևորդը կարող է հարգել կամ չհարգել իր կրոնի կողմից ուսուցանվող բարոյականությունը. այդ դեպքում, օրինակ, կարող ենք քննել ու բանավիճել, թե կնոջ վերաբերյալ իսլամական բարոյականությունը ճիշտ է թե սխալ, այսինքն՝ արդյո՞ք համապատասխանում է տղամարդու և կնոջ բնությանը. կարող ենք քննել և բանավիճել, թե կաստաների վերաբերյալ հինդուիստական գաղափարը արդարացի է թե անարդար: Բայց մի բան հստակ է. յուրաքանչյուր կրոն ունի իր քիչ թե շատ ստուգելի բարոյականությունը և այս կամ այն կերպ իր հետևորդին դնում է օբյեկտիվ պարտավորությունների դիմաց:
Իսկ եթե խոսքը վերաբերվում է մի Քրիստոնյայի, որ հավատում է Քրիստոսին և Նրա հետևորդն է, եթե գողանում է, սպանում, վիրավորում, վատ վերաբերմունք դրսևորում մի կնոջ կամ իր կողակցի նկատմամբ, մանկասպանություն կամ ա՛յլ ոճիր գործում, դա միշտ անում է հակառակվելով իր Քրիստոնեական Հավատքին, երբե՛ք՝ այդ Հավատքի համաձայնությամբ: Նույնիսկ եթե սպանի հանուն իր բարոյականության, – ինչպես գործնականում կարող է և պատահել, – իրականում մեղանչում է Աստծո Օրենքի դեմ, որը լիովին հստակ ու միանշանակ է, ինչպես փաստում են Տասը Պատվիրաններն ու Ավետարանը:
[1] F. Collins, Il linguaggio di Dio, Sperling & Kupfer, Milano 2007, p. 35.
[2] «Corriere della Sera» թերթի 2008թ. Նոյ. 25-ի համարում լույս տեսած հոդվածից:
[3] Գառանտիզմը քաղաքական մտահամակարգ է, որը պահանջում է անհատին սահմանադրական մակարդակով տալ ամեն տեսակ ապահովագրություն և երաշխիք՝ ի պաշտպանություն իր անհատական ազատությունների (քմահաճույքների):
[4] Անտիպրոհիբիցիոնիզմը քաղաքական մի ա՛յլ մտահամակարգ է, ըստ որի՝ ոչ ոք իրավասու չէ արգելել անհատին որևիցէ մի բան, որը նա ինքը կամենում է անել (օրինակ, թմրանյութերի գործածումը):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։