Գլուխ Ա. - Ի՞ՆՉ Է ԱԹԵԻԶՄԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Ի՞ՆՉ Է ԱԹԵԻԶՄԸ

Բավականին տարօրինակ է ձեռնարկել գրելու պատմա-փիլիսոփայական քննական ուսումնասիրություն ինչ-որ մի բանի մասին, որն իրականում գոյություն չունի, ինչ-որ մի բանի մասին, որը մարդկային բնությանն ամբողջովին օտար հասկացողություն է. աթեիզմը: Աթեիզմ նշանակում է Աստծո ժխտում, ընդարձակ իմաստով. նշանակում է ժխտել, որ գոյություն ունի իմաստի մի հորիզոն, գոյություն ունեցող իրողությունների Սկիզբ, ծագում, մի սկզբունք, որի հիման վրա մարդը, այս չամբողջացած ու անկատար էակը, կարող է դինամիկ և ազատ կերպով կերտել իր կյանքը:
Աստված, – մի կողմ թողնելով այն հազարավոր իմաստներն ու նշանակությունները, որոնք այդ բառը կարող է արտահայտել, – մշտապես եղել է մարդու փնտրտուքի առարկան, որովհետև նշանակում է Ճշմարտություն , Բարիք, Երջանկություն, Արդարություն, Սեր, այն ամենը, դեպի ինչը որ ձգտում ենք, այս կամ այն կերպ, անկախ այն բանից, թե գիտակից ենք դրան կամ ոչ:
Ամեն ոք, – անկախ այն բանից, թե հավատում է կամ չի հավատում անձնավոր Աստծուն, – ակնկալում է, որ պատահի ինչ-որ մի բան, որ իմաստ հաղորդի սեփական գոյությանը, որ փրկի սեփական կյանքը անիմաստության, աննպատակության ու ոչնչության զգացումից:
Ամեն ոք, Սամուել Բեկքեթի և իր բեմական կերպարների նման, սպասում է «Գոդոթ»ին և փնտրում է նրան. ոմանք՝ քաղաքականության մեջ, ոմանք՝ դրամի, ոմանք էլ՝ իրենց համար ա՛յլ կուռքեր և ա՛յլ աստվածներ ընտրելով: Որովհետև եթե Գոդոթը չկա, եթե անկարող է գոհացում տալու մեր սրտի և մեր մտքի պահանջներին, մեր ձեռքերում մնում է նպատակակետ, կողմնորոշում չունեցող գոյության աբսուրդը, իսկ անձնական կյանքը ներկայանում է որպես ժամանակի մի փակագիծ դարերի հոսքի ներսում, տիկնիկային կատակերգություն, որի ավարտին փակվում է վարագույրը, որն այլևս երբեք չի բացվելու:
Բանավեճը աթեիստների ու հավատացյալների միջև չէ: Արևմտյան աշխարհի վերջին դարերի պատմությունը կարող է բաժանվել երկու խմբավորումների միջև տարվող բանավեճի. մի կողմից նրանք, ովքեր հավատում են անձնավոր Աստծուն, անդրանցական Արարչին. իսկ մյուս կողմից նրանք, ովքեր աշխարհի կամ իրենց սեփական անձի մեջ են փորձում գտնել սպառիչ պատասխանը յուրաքանչյուր հարցի, որ փնտրում է իմաստ և կատարելություն: Մի կողմից՝ մոնոթեիստները (Մեկ Աստծո հավատացողները), որոնց համար Աստված Իր միության և միակության մեջ բովանդակում է իմաստն ամեն ինչի. իսկ մյուս կողմից՝ պանթեիստ-պոլիթեիստները (բազում աստվածների հավատացողները), որոնց համար Աստված – և գոյության իմաստը – բովանդակված է բացառապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ներսում: Մի կողմից նրանք, ովքեր հավատում են Նախախնամությանը. իսկ մյուս կողմից նրանք, ովքեր հավատում են Բախտին: Մի կողմից նրանք, ովքեր հավատում են Աստծուն որպես Բանական Էակի. իսկ մյուս կողմից նրանք, ովքեր հավատում են ամենակարող Պատահականությանը, որն ամեն ինչի արարիչն է, կամ էլ – որ միևնույն բանն է – տիեզերական աստվածային Անհրաժեշտությանը, որը կուրորեն կանոնակարգում է գոյություն ունեցող ամեն բան, առանց մեզ որևէ ազատություն շնորհելու:
Արդարև, մարդն իրականում կարող է հավատալ անձնավոր Աստծուն, կամ էլ, Նրան չհավատալու դեպքում, կարող է ա՛յլ աստվածություններ և ա՛յլ կուռքեր հորինել իր համար:
Սա՛ է պարագան ամենատարբեր Պիերջորջո Օդիֆրեդդիների, Էդոարդո Բոնչինելլիների, Էուջենիո Սքալֆարիների, Քորրադո Աուջասների, Ումբերտո Վերոնեզիների, Ջուլիո Ջորելլոների, Թելմո Պևանիների, Ռիչարդ Դոկինսների, Սեմ Հարրիսների, Մայքլ Օնֆրեյների և բոլոր նրանց, ովքեր հաստատամտությամբ և հարատևորեն առաջ են տանում աթեիզմի պայքարը, այսպես կոչված «աթեոլոգ»ներն են. աթեիստը նա է, ով բացարձակ կերպով ժխտում է Արարիչ Աստծո գաղափարը, Նրա անձնավոր լինելու փաստը, այն, որ Նա է ընդհանուր Օրենսդիրը այն ամենի՝ ինչը նյութական է և այն ամենի՝ ինչը հոգևոր է. այո՛, բայց աթեիստը այդպես չի վարվում տիեզերքին և մարդկությանը որևէ մի իմաստի հնարավորությունից զրկելու նպատակով, այլ՝ որպեսզի իր հերթին ստեղծի – բացահայտ կամ քողարկված կերպով – մի նոր հավատք, մի նոր կրոն. ի՛ր հավատալիքներով, ի՛ր ծեսով, ի՛ր դոգմաներով:
Աթեիստը, հետևաբար, «անհավատ» չէ. աթեիստը «այլահավատ» է, լինի նրա անունը Դոկինս, Օնֆրեյ, թե Ստալին:
Ինչպես ասում էր Դոստոևսկին, արդարև, «ապրելն առանց Աստծո գլխացավանք է ու տվայտանք: Մարդը չի կարող ապրել առանց ինչ-որ մի բանի առաջ ծունկի գալու: Եթե մարդը մերժում է Աստծուն, ծունկի է գալիս ինչ-որ մի կուռքի առաջ: Բոլորս կռապաշտներ ենք, ո՛չ թե՝ աթեիստներ»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։