Գլուխ Բ. - ԱԹԵՈԼՈԳՆԵՐԸ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻ ԾԱԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - ԱԹԵՈԼՈԳՆԵՐԸ ԵՎ ՏԻԵԶԵՐՔԻ ԾԱԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Ինչպես արդեն ակնարկեցինք, այսօր աշխարհում ականատես ենք լինում աթեոլոգների բազմացմանը. Քրիսթոֆեր Հիթչենսից մինչև Ռիչարդ Դոկինս, Սեմ Հարրիսից մինչև Մայքլ Օնֆրեյ, և ուրիշներ, չհաշված Իտալիայում գործող Պիերջորջո Օդիֆրեդդին, Էուջենիո Սքալֆարին, Ումբերտո Վերոնեզին, Քորրադո Աուջասը, Էդոարդո Բոնչինելլին, Պաոլո Ֆլորես դ'Արքայիսը, և այլոք: Նրանց գրած գրքերը գովաբանվում են զանգվածային լրատվության միջոցների կողմից, թերթերը գրում են խմբագրականներ, հեռուստատեսային ծրագրերը մեկնաբանում և տարածում են դրանք:
Նրանց բառապաշարը սովորաբար հարձակողական է, թերևս կոմերցիոն նպատակով, քանի որ ընթերցող շահում ես ձայնդ բարձրացնելով և օրիգինալ ապրանք ներկայացնելով, կամ թերևս ուրիշ՝ հոգեմտավոր ընկճումի ու սաստիկ դառնության պատճառով, որոնք բնորոշ են նրան, ով իրեն զգում է ծայրագույն փոքրամասնության շարքերում, թեև համոզված է, որ իր գրպանում ունի ճշմարտության պատրաստի բաղադրատոմսը, որը մեծահոգաբար կամենում է փոխանցել տգետ և կրոնին դյուրահավատությամբ կուլ գնացած ամբոխներին:
Օդիֆրեդդիի համաձայն, օրինակ, «պարզամիտ» բառն իրավամբ ծագում է «քրիստոնյա» բառից, քանի որ, իր կարծիքով, Քրիստոնեությունը «կրոն է պարզամիտների համար, բառի բուն իմաստով», որն անարժան է «մարդու բանականությանն ու իմացականությանը»: Ավելին. Քրիստոնեության հաջողությունը նրա կարծիքով պայմանավորված է հենց դրանով, «քանի որ ինչպես ուսուցանում է վիճակագրությունը, երկրագնդի բնակչության կեսի մտածելու կարողությունը միջինից ցածր է, և հետևաբար՝ հոգեպես տրամադրված է ա՛յս և ա՛յլ երանությունների»[1]: Մի ուրիշ տեղ, կրոնական զգացողությունը, թեև բնորոշ է մարդկության մեծամասնությանը, Օդիֆրեդդին որակավորում է որպես «պատանեկական» և «խելացնոր»:
Դոկինսի կարծիքով հավատացյալներն անխտիր «չարամիտ» են, «պրոպագանդիստներ», «որոմ ցանողներ», «խավարամիտներ», «սադո-մազոխիստներ և խորշելի անձինք», «սանձազերծ խենթեր», «ստախոսներ», «ատելի երևույթներ», «ձանձրույթի աստիճան գարշելիներ», «ֆանատիկներ», «աբսոլուտիստներ», «տխմարներ», և այլն:
Քրիսթոֆեր Հիթչենսը, որը «Vanity Fair» ամսագրի լրագրողներից է և գործակցում է նաև «Corriere della Sera» օրաթերթին, հեղինակն է «Աստված մեծ չէ: Որովհետև կրոնը թունավորում է ամեն ինչ» գրքի, և Մայքլ Օնֆրեյը, որը հեղինակն է մի հայտնի «Աթեոլոգիայի տրակտատ»ի, համոզված են, որ հավատացյալներն են պատասխանատու պատմության բոլոր չարագործությունների համար:
Հատկապես Կաթողիկե Եկեղեցին, Օնֆրեյի համաձայն, նացիզմի պատմական դաշնակիցն է եղել, որի հետ կնքել է «սիրո ամուսնություն», և միաժամանակ իրական պատճառն է հանդիսացել ճապոնական Հիրոշիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման, որոնք նացիստական Գերմանիայի դաշնակիցներն էին (այս ի՜նչ երկդիմի խաղ է), և ուր բնակվում էր, պատահաբար, Ճապոնիայի ամենաբազմամարդ կաթողիկե համայնքը (և այսպես Օնֆրեյի խաղը դառնում է եռադիմի):
Բոլոր այս և նմանատիպ ուրիշ շատ գրքերում աթեիզմը հռչակվում է որպես բացարձակ ճշմարտություն, մի փրկություն, որն ընդունակ է հաղթելու մահվան սարսափին, անբանականությանը, անբարոյականությանը և է՛լ ավելին: Ինչպես հաղթական ձայներանգով գրեցին կոմունիստական ''կրոն''ին տակավին հետևող որոշ թերթեր, դրանք «անկրոն ժամագրքեր» են, որ բացահայտում են Աստծուն հավատացողների ստերը և մատնանշում են «միակ երրորդությունը. մարդը, մատերիան, միտքը»: Մի խոսքով, մեր առջև ունենք «աթեիստ-այլահավատների» գործեր, որոնք նախ հարում են մի մետաֆիզիկական սկզբունքի, որի հիման վրա ապա կաղապարում են իրենց ''գիտական'' կոչված դրույթները, անցյալի համեմատ մի նորությամբ. քննադատությունն առաջ են տանում անկանոն կերպով, բոլոր հարթությունների վրա. գիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, գրական և պատմական:
Արդարև, ով գրում է, գիտի, որ մտքերի պարզ շարադրման շուրջ յուրաքանչյուր ընթերցող կարող է կարծիք կազմել որոշակի ինքնուրույնությամբ: Հարկավոր է, ուրեմն, Աստծո չգոյության մասին ''բանական'' – ո՛չ միշտ այդքա՜ն անհաղթելի – մտքերի շարանը ''ամրացնել'' մի շարք գործերի ու չարագործությունների հիշատակումով, որոնք ներկայացվում են խառնաշփոթ եղանակով, իրար վրա դիզված առանց կարգի ու տրամաբանության, որոնց պատասխանատվությունն էլ հարկավոր է բարդել ո՛չ թե անհատների վրա, որոնք կարող են երբեմն էլ հավատացյալներ լինել, այլ՝ հավատքի իսկ վրա: Այդօրինակ ''պայծառամիտներն'' այսպես են տրամաբանում. «Հիտլերը մկրտվա՞ծ էր: Ուրեմն այն ամենն, ինչ արել է, ծագում է Քրիստոնեությունից և Ավետարանից», թեև ո՛չ Քրիստոնեությունը և ո՛չ էլ Ավետարանը չեն քարոզում ո՛չ ռասսիզմ, ո՛չ էութանազիա, ո՛չ որոշ ժողովուրդների կենսաբանական ցածրակարգություն կամ ուրիշների բարձրակարգություն, և այլն: «Հիտլերն իր կյանքում երբևէ արտասանե՞լ է Քրիստոսի անունը: Ուրեմն կասկած չկա, որ նրա բոլոր չարագործությունները հնարավոր է կապակցել այդ հավատքի հետ և որ այդ չարագործություններն ուղղակիորեն բխում են այդ հավատքից»: Կամ էլ. «Իտալիայում բանտերը լի՞ են հանցագործներով. ուրեմն պատճառն այն է, որ Իտալիան կաթողիկե երկիր է»: Ահա այսպիսիք են այդ ''պայծառամիտների'' այսպես կոչված ''գիտական'' ցնորամտությունները:
Թեև, ինչպես տեսանք, մտքերի այդ շարանը լիովին չափազանցված է, իրենց իդեոլոգիային ծառայեցված, համենայն դեպս քննության վերցնենք դրանցից մի քանիսը, ամենակարևորները, սկսելով սակայն ամենահայտնի, բոլորից ավելի մասնագիտացած, իր հավատարիմ «այլահավատ» հետևորդների կողմից առավել սիրված աթեոլոգից:
Ժամանակակից աշխարհում ամենահայտնի, ամենածափահարված աթեոլոգը անկասկած անգլիացի Ռիչարդ Դոկինսն է, որն իր «էվոլյուտիվ կենսաբան»ի տիտղոսի շնորհիվ փորձում է արժեք հաղորդել իր ձայնին և իր անձնական կարծիքները ներկայացնել իբրև գիտության ձայնը: Նա մինչև իսկ հասել է հիմնելու իր Հիմնադրամը, պարզ ասած՝ իր փոքրիկ եկեղեցին, որի միջոցով դրամ, ողորմություններ է հավաքում պայքարելու համար կրոնական «սնոտիապաշտության» դեմ: Մինչև իսկ սկսել է պարծենալ այն բանի համար, որ կան իր երկրպագուներից ոմանք, որ իրենց հարազատների թաղման արարողության ժամանակ հատվածներ են կարդում իր գրքերից, Սրբազան Գրությունների փոխարեն:
Եվս մի փաստ, որ կրոնի դեմ պայքարելով այդ անձինք չեն ստեղծում աթեիստական մշակույթ բառիս բուն իմաստով, այլ ստեղծում են մի նոր կրոն, որի կենտրոնում իրենց անձն է: Զարմանալու ոչինչ չկա, անցյալում նման դեպքեր պատահել են, երբ ոմանք փորձել են փիլիսոփայական և աստվածաբանական հարցերի վերաբերյալ արտահայտվել հանուն գիտության. բայց դե «գիտությունը ես եմ», կարող էին նրանք ասել՝ Լյուդովիկոս Տասնչորսերորդի հայտնի խոսքը հարմարեցնելով:
1882 թվականին, Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայի բացման իր խոսքում, մեծն գիտնական, համոզված ու ջերմեռանդ հավատացյալ Լուի Պաստյորն իր լսարանին բացատրում էր, որ Քոմթն ու Լիթրեն, պոզիտիվիզմի այդ երկու մեծ ուսուցիչները, Գալիլեյի և Նյուտոնի «հիանալի մեթոդին» վերագրել էին իրավասություններ, որոնք այդ մեթոդին չեն պատկանում, կարծելով, – սխալվելով, – թե «այն ի զորու է լուծելու» մարդկության «բոլոր խնդիրները» և վերացնելու կրոնական զգացումն ու մետաֆիզիկան: Պաստյորն, իրավամբ, մեծ գիտնական էր, մինչ Քոմթն ու Լիթրեն ավելի փիլիսոփայում էին, ներծծված լինելով պոզիտիվիզմի դոգմաներով:
Նույն բանն այսօր տեղի է ունենում Դոկինսի վերջին գրքի հետ, որի վերնագիրն է «Աստծո պատրանքը» (The God delusion, 2006). դա մի կույտ է հեղինակի մեծ մասամբ անհիմն գաղափարների, պատմական դեպքերից հատվածների և արդի իրողությունների շուրջ մտորումների, աստվածաշնչյան և լեզվագիտական չմարսված մեջբերումների. և այդ կույտը դառնում է բազմաթիվ անձանց համար, հատկապես Միացյալ Նահանգներում, մի նոր Աստվածաշունչ, ''գիտական'' պատասխանը մարդու բոլոր հարցերին:
Հիմնական գաղափարը, որի համար Դոկինսը պայքարում է, ընդհանուր է իր նման բազմաթիվ նեոդարվինիստների համար, որոնք փորձում են գիտական մի վարկածից (ընդգծում ենք. վարկածից) փիլիսոփայական, աստվածաբանական և գոյաբանական հետևություններ կատարել, ինչպես վարվում է, օրինակի համար, Թելմո Պևանին իր «Արարչություն առանց Աստծոյ» գրքում:
Հիմքի սխալը նախևառաջ այն է, որ հիշյալ անձինք շարունակ փորձում են անցնել փորձարարական (էքսպերիմենտալ) գիտության սահմաններից այն կողմ, որն ուսումնասիրում է գոյակների «ինչպես»ը, ֆենոմենների սահմանափակ, ո՛չ թե վերջին «ինչու»ն, մի խոսքով այն ամենն, ինչը զգայարանների հասանելիության գոտում է. ներխուժելով նախ բնության փիլիսոփայության, ապա նաև հոգևորի, աննյութականի, մտքերի ու գաղափարների ասպարեզ, վերջում հասնելով մինչև իսկ մերժելու, հանուն գիտության, գոյությունը «ինչու»ների «Ինչու»ի, չպատճառված Պատճառի, այսինքն՝ Աստծոյ, որպես ամեն ինչի սկիզբ և ծագում:

[1] P. Odifreddi, Perché non possiamo essere cristiani (e meno che mai cattolici), Longanesi, Milano 2007, pp. 9-10.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։