Գլուխ Ե. - ԵՐԲ ԱԹԵՈԼՈԳՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ. ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ, ՌԱՍՍԻԶՄԸ, ԷՈՒԳԵՆԵՏԻԿԱՆ, ԿՈՄՈՒՆԻԶՄԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ե. - ԵՐԲ ԱԹԵՈԼՈԳՆԵՐԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ. ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ, ՌԱՍՍԻԶՄԸ, ԷՈՒԳԵՆԵՏԻԿԱՆ, ԿՈՄՈՒՆԻԶՄԸ

Բայց այժմ կանգ առնենք ''պատմագետ'' Դոկինսի վրա, այն Դոկինսի, որը կասկածի տակ է դնում Քրիստոսի պատմական գոյությունը, ''մոռանալով'', որ Քրիստոսի պատմական գոյությունն անսահմանորեն ավելի փաստարկված է, քան Հուլիոս Կեսարի կամ տվյալ դարաշրջանի անվանի ուրիշ որևիցէ մեկի գոյությունը:
Բայց Դոկինսի մտորումներում ամենաօրիգինալ նորությունն այն է, որ նա փորձում է իր ընթերցողներին համոզել, թե աթեիստներն ինքնըստինքյան ավելի բարի են, քան հավատացյալները, թե աթեիստներն ավելի հանգստությամբ են ընդունում մահը, թե աթեիստներն ավելի քիչ հանցագործություններ են կատարում, և այսպես շարունակ: «Ես կարծում եմ», գրում է Դոկինսը, «որ բանտերում սակավաթիվ աթեիստներ կան»: Կրոնը մինչև իսկ մատնացույց է արվում որպես «մարդասպանությունների, մանկական և երիտասարդական մահացության, վեներական հիվանդությունների, պատանեկական հասակում հղիությունների ու աբորտների ամենաբարձր թվաքանակի» պատճառ (էջ 228): Անշուշտ բավական է, որ ընթերցողը մի քիչ ուղեղ ունենա մտածելու համար, որպեսզի նկատի, որ մարդասպանություններն ու հղիությունները, մարդասպանություններն ու մանկական մահացության դեպքերը միևնույն մակարդակի վրա դնելը ուղղակի բացառիկ անմտություն է: Մտածելու կարողություն ունեցող ընթերցողը կնկատի նաև գռեհիկ հակասությունը, որի մեջ է ընկնում Դոկինսը. նախ թուրը ձեռքին պաշտպանում է աբորտը որպես իրավունք, ապա կրոնին մեղադրում է աբորտի պատճառ լինելու մեջ: Այսպիսի անմտության միայն Դոկինսը կարող է ընդունակ լինել (և իր նմանները): Մտածելու կարողություն ունեցող և պատմությանը լրջորեն ծանոթ ընթերցողը անշուշտ կնկատի նաև, որ Դոկինսի այս մտքերն ամբողջովին թյուր հերյուրանք են ու չարախոս զրպարտություն, և ոչնչով չեն համապատասխանում իրականությանը:
Եվ Դոկինսը գիտակցում է, թե պատմական հարթության վրա ինչպիսին կարող է լինել առարկություններից մեկը իր այն տեսությանը, թե հավատացյալները բոլորը չարագործներ են, իսկ աթեիստները՝ բոլորը բարի. «Բայց Հիտլերն ու Ստալինը, որոնց մասին արդեն խոսել ենք, մի՞թե աթեիստներ չէին»: Այո՛, ճիշտ է, խոստովանում է Դոկինսը, – ''մոռանալով'', սակայն, թվարկել պատմության ամենաարյունարբու բռնապետերին, այսինքն՝ աթեիստներ Լենինին, Տրոտսկուն, Պոլ Պոտին, Տիտոյին, Մաոյին, Հոքսհային, Չաուսեսկուին, Միլոզեվիչին, Կաստրոյին, և նմաններին, – բայց եթե Ստալինի աթեիստ լինելն անհերքելի է, – Դոկինսը փորձում է ճողոպրել, – Հիտլերի աթեիստ լինելը ... դե ... գուցե ... թերևս ... այնքան էլ փաստարկված ու ապացուցելի չէ:
Հիտլերին իրենց աթեիստական դատին շահելու այս փորձը մատերիալիստների մոտ դարձել է արդեն սովորություն: Սեմ Հարրիսը, «Քրիստոնյա մի ազգի ուղղված նամակ»ում, որի նախաբանը գրել է նույն ինքը Դոկինսը, նախևառաջ կուրորեն կրկնում է իր ուսուցչի գաղափարը, փորձելով համոզել, թե ԱՄՆ-ի նվազ կրոնասեր Նահանգներում ավելի քիչ հանցագործություններ են գրանցվում, նվազ կրոնասեր համայնքներն «ամենազարգացածներն» են, և թե այն պետությունները, «որոնցում առկա է աթեիզմի առավել բարձր մակարդակ, ամենաառատաձեռն պետություններն են» աղքատ երկրներին օգնության հասնելու գործում: Այս մտքերն այնքան անհեթեթ են, որ կարող են համոզել միայն նրանց, ովքեր նվազագույն չափով անգամ ծանոթ չեն գոնե Քսաներորդ դարի պատմությանը և միջազգային օգնությունների ներկա իրավիճակին: Պարզ բառերով ասած, կարող են համոզել միայն տգետներին: Հարրիսն ապա հասնում է ամենաակնհայտ առարկությանը, որը կարող է հնչել պատմությանը քիչ թե շատ գիտակ մարդկանց կողմից. «Քո նման քրիստոնյաները պնդում են, որ Հիտլերի, Ստալինի, Մաոյի, Պոլ Պոտի և Քիմ Իլ Սունգի նման հրեշները ծնվել են աթեիզմի արգանդից»: Բայց, պատասխանում է Հարրիսն իր երևակայական զրուցակցին, «թեև ճիշտ է, որ երբեմն այս մարդիկ թշնամական կեցվածք են ունեցել կազմակերպված կրոնի նկատմամբ, այդուհանդերձ երբեք չեն փայլել իրենց բանականությամբ», ինչպես նաև՝ «այդ բռնապետերի խնդիրը այն չէ, որ մերժել են կրոնի դոգմաները, այլ այն, որ փարվել են ա՛յլ առասպելների, որոնք էլ իրենց հերթին պատճառ են հանդիսացել մարդկային կյանքերի կորուստի համար»[1]:
Հարրիսն, այսինքն, խոստովանում է ճշմարտությունը, բայց ջանք է թափում՝ դա խորամանկությամբ անելու համար. հավատացյալի չար արարքներից յուրաքանչյուրը թելադրված է իր հավատքից, ասում է, մինչդեռ Քսաներորդ դարի՝ մարդկության պատմության ամենաանաստված դարի բռնապետերի դաժանությունները հետևանքն են բանականության պակասի և ա՛յլ առասպելների: Ի՞նչ է նշանակում «բանականության պակաս»: Հարրիսը չի բացատրում: Իսկ որո՞նք են այդ «ա՛յլ առասպելները»: Ով գեթ նվազագույն չափով գիտակ է պատմությանը, դա շատ լավ գիտի. դրանք կենսաբանական ռասսայի և կոմունիստական մատերիալիզմի ''կրոնական'' ( – հիշո՞ւմ եք, գրքի սկզբում ճշտեցինք, որ աթեիստներն անհավատներ չեն, այլ՝ այլահավատներ են – ) առասպելներն են, որոնք իրենց սահմանումով իսկ աթեիստական են:
Ուրեմն, Հիտլերի մասին խոսելիս Հարրիսը սակավաթիվ տողեր հաշվող մի ծանոթություն է գործածում հաստատելու համար, թե «թվում է, որ Հիտլերի աթեիզմը պարզապես չափազանցություն է»: Իր այս պնդմանը որպես ապացույց մեջբերում է 1922 թվականին արտասանված մի ճառ, ուր Հիտլերն ակնարկում է իր «քրիստոնեական զգացումներին»: Հարրիսը ոչինչ չի ավելացնում[2]: Նմանապես Օնֆրեյն իր գրքի գլուխներից մեկն անվանում է «Ադոլֆ Հիտլերը հաճելի է Վատիկանին», մի ուրիշ գլուխ՝ «Վատիկանը հաճելի է Հիտլերին», և մի ուրիշն էլ՝ «Քրիստոնեություն-նացիզմ համաձայնությունը»: Այդ պարբերություններից առաջինը սկսվում է այսպես. «Կաթողիկե Եկեղեցու և նացիզմի միջև սիրո ամուսնությունն անկասկածելի է»: Լավ սկիզբ է մեկի համար, ով մտադիր է կեղծել պատմաբանների համընդհանուր կարծիքը: Մինչև օրս Եկեղեցուն ուղղված միակ քննադատությունն այն էր, թե իբր բավականաչափ ուժգին չի ընդդիմացել նացիզմին (բայց, ինչպես կտեսնենք, սա էլ անհիմն է): Իր զառանցանքներում Օնֆրեյը, մինչդեռ, հասնում է պնդելու, թե «Վատիկանը դեռ շարունակում է պաշտպանել այդ բռնատիրությունը, նաև դրա պարտությունից հետո»:
Մեջբերված երկրորդ պարբերությունը, մինչդեռ, սկսվում է այսպես. «Համընդհանուր տարածված մի թյուր կարծիք է այն, [...] որ Ադոլֆ Հիտլերը աթեիստ հեթանոս էր, հյուսիս-եվրոպական հին կրոններով հմայված, կոտոշավոր սաղավարտներ, փարթամ կրծքերով վալհալլաներ ու վալքիրիաներ ոգեկոչող Վագներով դյութված մի հակաքրիստոս, Քրիստոնեության ճշգրիտ հակապատկերը»: Սա թյուր կարծիք է, համոզում է մեզ Օնֆրեյը այստեղից ու այնտեղից իրենց համատեքստից կղզիացված մի քանի մեջբերումներ կատարելով: Հավատացե՛ք, ասում է, իմ՝ Օնֆրեյի խոսքը վկա:
Ձեզ թվում է, թե Դոկինսն ու Օնֆրեյը որպես պատմագետներ մի քիչ մակերեսային են ու թեթևակիորեն կողմնակա՞լ: Դա դեռ ի՛նչ է: Աթեիստներն ավելիին են ընդունակ: Տեսնենք, թե ի՞նչ են գրում իտալական ԱՌԱՄ-ի (Աթեիստների և Ռացիոնալիստ Ագնոստիկների Միության) հետևորդներն իրենց պաշտոնական կայքում, որը մեծ մասամբ նվիրված է հավատացյալների կողմից գործված անմտությունների ու դաժանությունների ցանկը կազմելուն, անշուշտ դեպքերի պատմական ժամանակագրության իրենց տեսակետից դիտված.
«1927 թվական. Բերթրան Ռասսըլը հրատարակում է իր ''Ինչու քրիստոնյա չեմ'' գիրքը. ''Ես հաստատ համոզված եմ, որ կրոնները որքան որ վնասակար են, նույնքան նաև կեղծ են'', գրում է Ռասսըլը»: Կեցցե՜, ուրեմն, Ռասսըլը: Է՜, հետո՞:
«1933 թ. Մարտի 5. Ադոլֆ Հիտլերը հաղթում է գերմանական ընտրություններում. Հուլիսի 20ին նացիստական Գերմանիան մի համաձայնագիր է ստորագրում Սուրբ Աթոռի հետ: Մի տարի առաջ արդեն, մի շարք հատուկ հրամանագրերով լուծարվել էին ոչ-կրոնական ընկերակցությունները, արժանանալով «Civiltà cattolica» («Կաթողիկե Քաղաքակրթություն») պարբերականի հավանությանը»: Անշուշտ չի բացատրվում այդ համաձայնագրի բովանդակությունը և չի հիշվում, թե այդ ընկերակցություններն ի՛նչ պատճառով էին լուծարվել, ուստի ամբողջովին անկապ է երևում այդ երկու իրողությունների միմյանց մերձեցումը:
«1941 թվական. նացիստների առաջխաղացման ժամանակ Ստալինը միահեծան որոշմամբ լուծարում է Անաստվածների Միությունը: 1943 թվականին արտոնում է Օրթոդոքս Պատրիարքության վերահաստատումը»[3]:
Համաձայնագիրը, մինչդեռ, ստորագրվել էր պաշտպանելու համար Եկեղեցու տարրական իրավունքները, ճիշտ որովհետև իրավիճակն այդ առումով խիստ մտահոգիչ էր նացիստական բռնատիրության սկզբից ևեթ: Դա ոչ մի կերպ չի փաստում Հիտլերի և Կաթողիկե Եկեղեցու միջև որևիցէ մի իմաստով դաշնակցության գոյությունը: Սուրբ Աթոռը նման համաձայնագրեր կնքում է բոլոր պետությունների հետ, ջանալով այդպիսով ապահովել քրիստոնյաների ազատությունը տվյալ երկրում: Իսկ Ստալինի կողմից ինչ-որ մի անհայտ «Անաստվածների Միության» լուծարումը ( – արդյոք իրակա՞ն է – ) ներկայացվում է որպես հավատացյալների կողմից հերթական հարված այդ խեղճ ու հալածված աթեիստներին: Ինչպես նաև 1943 թվականին Օրթոդոքս Պատրիարքության վերահաստատումը ա՛յս ենթատեքստում ա՛յս կերպ ներկայացնելը անտեղյակ ընթերցողի վրա այնպիսին տպավորություն է թողնում, թե Ստալինը ինչ-որ համակրանք ուներ Օրթոդոքս Հավատքի հանդեպ, ''մոռանալով'' բացատրել, որ նախապես, 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, այդ Պատրիարքարանը ինչ-որ մեկը լուծարել էր, իսկ օրթոդոքսներին՝ հալածել, սպանել, կեղեքել, աքսորել (ինչպես, իրականում, շարունակելու էր անել այդ 1943 թվականից հետո էլ): Եվ ո՛չ միայն օրթոդոքսներին, այլ՝ Քրիստոնեական բոլոր Եկեղեցիներին:
Անշուշտ ո՛չ Ստալինի և ո՛չ էլ Հիտլերի անունը նշված չէ մարդկության պատմության ամենահայտնի ու ամենաբարերար աթեիստների փառահեղ ցանկում, որն այդքա՜ն ''խնամքով'' պատրաստում են ԱՌԱՄ-ի հետևորդները և հրապարակում են իրենց կայքում:
[1] S. Harris, Lettera a una nazione cristiana, Nuovi Mondi, Modena 2008, pp. 70-71.
[2] Այս հարցում Դոկինսն ավելի ազնիվ է գտնվում, քանի որ ''հարրիսական'' մի քանի մեջբերումների կողքին ընդգծում է, որ «նման մեջբերումները պետք է հավասարակշռվեն «Hitlers Tischgespräche»ից քաղված ա՛յլ մեջբերումներով: Խոսքը վերաբերվում է սեղանի շուրջ կատարված զրույցների, որոնք ի մի են հավաքվել Հենրի Փիկքերի կողմից, ուր Հիտլերն արտահայտում է հակաքրիստոնեական բուռն զգացումներ, ինչպես որ արձանագրվել են իր քարտուղարուհու կողմից: [...] Հնարավոր է, որ հակառակ իր և իր զինակիցների որոշ արտահայտությունների, Հիտլերն իրականում չուներ կրոնական որևէ զգացում, այլ ցինիկորեն օգտագործում էր ժողովրդի կրոնական զգացումները» (էջ 272-273):
[3] www.uaar.it/ateismo/storia.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։