Գլուխ Զ. - ՄԻ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՇՎԵԿՇԻՌ. ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԾԵՑՅԱԼ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Զ. - ՄԻ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՇՎԵԿՇԻՌ. ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԾԵՑՅԱԼ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ

Հասնելով մեր պատմական համառոտ ակնարկի գրեթե ավարտին արդեն, չենք կարող գոնե մի քանի տողով չանդրադառնալ աթեիստների կողմից ամենահաճախ հնչող առարկությանը: Խոսքը վերաբերվում է առարկությանը նրանց, ովքեր կրթվել են սակավաթիվ, բայց շարունակ կրկնվող բանաձևերով, որոնք Վոլտերից սկսած տարածվել են մինչև մեր օրերը. «այն, ինչը որ մինչև հիմա ասվեց, քիչ թե շատ ճշմարտացի է և հասկանալի», ասում են նրանք, «բայց կրոնները նույնպես պատմության ընթացքում միշտ հանդիսացել են մահվան, պատերազմների ու վշտերի պատճառ»: Ինչ վերաբերվում է Կաթողիկե Եկեղեցու պատմությանը, բավական է հիշել Խաչակրաց Արշավանքները, Սրբազան Ինքվիզիցիան, Ջորդանո Բրունոյին, կրոնական պատերազմները Տասնվեցերորդ դարի Եվրոպայում, և այլն: Առարկությունների այս շարքին տեղին կլիներ պատասխանել շարադրելով մի երկրորդ գիրք, հիշեցնելու համար՝ թե եվրոպական պատմությունը որքա՜ն պարտական է Քրիստոնեությանը (ազատության գաղափարի, հին աշխարհում գոյություն չունեցող այր-կին հավասարության, հին աշխարհում ընդունված և լայնորեն կիրառված ստրկության բարոյական դատապարտման, մարդկային զոհաբերումների և մանկասպանության արգելման, արդի գիտության հիմնադրման ու զարգացման, և անծայրածիր ա՛յլ բարիքների համար[1]), իսկ մի երրորդ գիրք էլ՝ հիշեցնելու համար գեթ մի անվիճելի ճշմարտություն. կրոնների վզին փաթաթել բոլոր պատերազմները, որոնք տեղի են ունեցել աթեիզմի հրապարակ իջնելուց առաջ, սոսկ քարոզչական գործողություն է, որը չի դիմանում պատմական լուրջ վերլուծմանը:
Նախևառաջ որովհետև, ինչպես արդեն տեսանք, կրոնական զգացումը, մաքուր կամ մոլար, բնական է մարդու համար, ինչպես որ բնական են նրա համար դյուրաբեկությունը, սխալը, էգոիզմը: Իր էությամբ իսկ կրոնական մարդը իր էությամբ իսկ մեղավոր մարդ է և որպես այդպիսին կարող է հետևել կամ չհետևել բարոյական սկզբունքներին: Հաստատ է այն, որ առանց կրոնական զգացման և առանց այդ կրոնական զգացումից ծնվող ինքնագերազանցման ձգտման՝ մարդկությունը երբեք չէր ունենա ոչ մի բարձրագույն արժեք, ո՛չ բժշկություն, ո՛չ հիվանդանոցներ, ինչպես կտեսնենք հետո, ո՛չ արվեստ, ո՛չ գրականություն, քանի որ արվեստի և գրականության յուրաքանչյուր կերպ, Հունաստանից մինչև Հնդկաստան, մինչև Եվրոպա, դուստրն է կրոնական զգացողության, գեթ մինչև արդի դարաշրջանը (որն, արդարև, կրոնական զգացողությունից հեռանալով ծնեց արվեստի և գրականության մի տեսակ, որի վատորակությունն ակներև է):
Ինչպես նաև հարկավոր է չմոռանալ փաստը, որ հենց Կաթողիկե Եկեղեցին էր, որ մարդկության պատմության մեջ առաջինը լինելով, Միջնադարում արդեն, բարբարոսների արշավանքների դարաշրջանում, ջանաց ամեն կերպ մեղմել պատերազմի ահավորությունը և սահմանափակել դրա աղետաբեր հետևանքները քաղաքացիական բնակչության վրա. առաջին հերթին դա արեց տալով ասպետներին, որոնք շատ հաճախ դաժան ավարառուներ էին, մի բարոյական օրենք, պատվո մի կանոն, որով նրանց դարձրեց ավելի մարդկային, իսկ երբեմն էլ՝ մինչև իսկ բարեգործներ և ամենատկարների պաշտպաններ. երկրորդ հերթին, ջանալով ամեն կերպ կանոնակարգել պատերազմը, հաստատելով և պարտադրելով, որքան որ իր ուժերի սահմաններում էր, արգելված ժամանակներ, այսպես կոչված «Աստծո զինադադարներ», պատերազմող կողմերի կամայականությունները սահմանափակող օրենքներ: Ինչպես պատմում է իրավաբանության պատմագետ Հարոլդ Ջ. Բերմանը, «Տասներորդ դարի վերջին կենտրոնական և հարավային Ֆրանսիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած եկեղեցական բազմաթիվ ժողովներում ''Աստծո խաղաղության'' գաղափարը պաշտոնապես վավերացվեց ո՛չ միայն եկեղեցական դասի, այլ նաև աշխարհական իշխանությունների կողմից: Եկեղեցական տարբեր ժողովների կողմից ընդունված վճռագրերը միմյանցից տարբերվում էին մանրամասնություններում, բայց ընդհանուր առմամբ բոլորն էլ դատապարտում էին, նզովքի սպառնալիքով, պատերազմական կամ վրեժխնդրության որևէ արարք ընդդեմ եկեղեցականների, վանականների, ուխտավորների, վաճառականների, հրեաների, կանանց և գյուղացիների, ինչպես նաև ընդդեմ եկեղեցական և գյուղատնտեսական սեփականությունների: Ինչպես նաև, ընդհանրապես դիմում էին երդման միջոցին, ընդունված կանոնների պահպանումն ու կատարումը երաշխավորելու համար. այսինքն, ժողովրդից պահանջվում էր հավաքական երդում տալ, որ կամենում են պահպանել խաղաղությունը: 1038 թվականին, օրինակի համար, Բուրժի Ժողովում վճռվեց, որ Թեմի յուրաքանչյուր չափահաս քրիստոնյա պարտավոր է երդում տալ և մտնել մաս կազմելու մի հատուկ զորախմբի, որի պարտականությունն էր պահպանել խաղաղությունը: Խաղաղարար այդ շարժումը, որ տարածվեց Արևմտյան Եվրոպայի մեծ մասով մեկ, չպատերազմող անձանց պաշտպանությունից բացի, հասավ ընդունել տալու նաև որոշակի օրերում պատերազմը արգելող օրենքներ: Քլունիի վանքի աբբահայր Օդիլոսի (994-1049) ձեռամբ շարադրված Աստծո Զինադադարը դադարեցնում էր պատերազմը, սկզբում շաբաթ օրվա կեսօրից մինչև երկուշաբթի օրվա առավոտը, իսկ ավելի ուշ՝ ուրբաթ օրվա երեկոյից մինչև երկուշաբթի օրվա առավոտը, ինչպես նաև Քառասնորդաց և Հիսնակաց պահքի ժամանակ և որոշ Սրբերի տոների կապակցությամբ: Քլունիի վանքի և ընդհանրապես Եկեղեցու ջանքերն ի նպաստ որոշ դասակարգի մարդկանց զինվորական ծառայությունից ազատելու և ունեցվածքի ու անձի դեմ ոտնձգություններից պաշտպանելու, և ճակատամարտերը որոշակի ժամանակահատվածներում սահմանափակելու, կարողացան միայն մասնակի հաջողություն գտնել բռնությունների ու անիշխանության մի այնպիսի դարաշրջանում, ինչպիսիք էին Տասներորդ և Տասնմեկերորդ դարերը: Խաղաղարար շարժման ապագա կարևորությունը, սակայն, հատկապես արևմտյան իրավաբանական ավանդության ապագայի համար, եղավ վիթխարի, քանի որ խմբավորումների կողմից հանուն խաղաղության կատարված հավաքական երդման փորձառությունը հիմնական դեր խաղաց Տասնմեկերորդ դարի վերջում քաղաքների հիմնադրման գործում, ինչպես նաև, հետագայում, այդ քաղաքների ներսում հատուկ զորախմբերի ձևավորման և դուքսերի, թագավորների կամ կայսրերի կողմից հատուկ օրենսդրության ընդունման գործում, այսպես կոչված դուքսային կամ թագավորական խաղաղության և ''խաղաղություն երկրի վրա'' (pax terrae, Landfriede) կոչված օրենքի միջոցով»[2]:
Ինչ վերաբերվում է Խաչակիրներին (մեղադրանքներից մեկը, որ շարունակ հնչում է աթեոլոգների բերանից), Քրիստոնյա Եվրոպայի ինքնապաշտպանական այդ շարժումը հասկանալու համար, առանց իդեոլոգիայի ետևում թաքնվելու և առանց պատահական հնչող ձայների հավանություն տալու, նախևառաջ հարկավոր է վերլուծել և հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել Խաչակրաց Արշավանքներից առաջ, հարկավոր է հիշել նախապես կատարված դեպքերը, առանց որոնց, կրկնում եմ, անհնարին է հասկանալ: Մահմեդականության ծնունդից հետո, քրիստոնյաներով բնակեցված երկրամասերը, ինչպիսիք էին Աֆրիկայի հյուսիսային ծովափերը, Իսպանիան, Սիկիլիան և Արևելյան Հռոմեական Կայսրությանը պատկանող բազմաթիվ քաղաքներ սկսեցին պարբերաբար հարձակումների ենթարկվել, կողոպտվել, ավերվել մահմեդականների կողմից, որոնք ամենուր սպանում էին, գերեվարում և ստրկացնում: Բավական է դիտել պատմական որևիցէ մի քարտեզ, նկատելու համար, թե Մուհամմեդի ժառանգներն ինչպիսի կայծակնային արագությամբ, զենքի ուժով, բռնությամբ իրենց տիրապետությունը հաստատեցին այնտեղ, ուր առաջ բնակվում էին քրիստոնյա կամ անիմիստ ժողովուրդներ: Այդ տարիներին Միջերկրական Ծովն աննավարկելի դարձավ, քանի որ հայտնվեց սարակինոս ծովահենների ձեռքում, այն աստիճան, որ այնպիսի աշխարհահռչակ պատմագետ, ինչպիսին է Անրի Պիրենը, պնդում է, որ մահմեդական ծավալումով է միայն, որ պետք է սկսենք Միջնադարը, որովհետև այն շատ ավելի աղետաբեր եղավ, քան բարբարոսների արշավանքները: «Քրիստոնյաները ծովի վրա տախտակի մի կտոր անգամ չեն կարող լողացնել», գրում է Թունիսի արաբ մեծ պատմիչ Իբն Խալդունը: Այդ տարիներին Սիկիլիան դառնում է մահմեդականների շարունակական ասպատակությունների ու ավերածությունների թիրախը. առաջին անգամ 652 թվականին, ապա 727ին, 728ին, 732ին, 752ին, 753ին և այսպես շարունակ: 846 թվականին գրանցվում է Հռոմի երկու թալանումներից առաջինը. 30.000 զինվոր 73 լաստանավերով հասնում են Տիբերիոսի գետաբերանին, մտնում են քաղաք, թալանում այն, ինչպես նաև Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս եկեղեցիները: Իտալիայի ծովափնյա ա՛յլ քաղաքներ ևս պարբերաբար ենթարկվում են հարձակումների և մահմեդականները հայրենիք են վերադառնում ավարով ու ստրուկներով ծանրաբեռնված: Տասնմեկերորդ դարասկզբի հայտնի վերածնունդը երբեք սկիզբ չէր առնի, եթե ծովային Հանրապետությունները նախևառաջ չվերանվաճեին Միջերկրական Ծովը, այն մաքրելով ծովահեններից և վերականգնելով ապահով նավարկությունն ու առևտուրը: Բայց մեկ առ մեկ հիշատակել մահմեդական հարյուրավոր ասպատակությունները իտալական թերակղզում, և ընդհանրապես՝ Եվրոպայում, չափազանց երկար կլիներ. այդ նյութը խորացնելու համար հղում եմ գնդապետ Ռինալդո Պանետտայի աշխատությանը, որը նշանակալի կերպով վերնագրված է. «Թուրք ու բարբարոս ծովահեններն ու ավարառուները Մեր Ծովում»:
Բավական է մի պահ կանգ առնել Միջին Արևելքում տիրող իրավիճակի վրա: Երուսաղեմը, քրիստոնյաներով ու հրեաներով բնակեցված այդ քաղաքը, մահմեդականները գրավում են 638 թվականին: Այդուհետև քաղաքի բնիկ բնակիչները ենթարկվում են ամեն տեսակ հարկերի, ստորացումների, անարդարությունների: «938 թվականին Ծաղկազարդի կիրակնօրյա թափորը ենթակվում է հարձակումների, բազմաթիվ քրիստոնյաներ սպանվում են կամ վիրավորվում, իսկ Սուրբ Գերեզմանը վնասվում է ու հրդեհվում: 966 թվականի Հոգեգալստյան տոնի օրը քաղաքի կառավարիչը մահմեդական բնակչությանը հրահրում է Պատրիարքի դեմ, որը սպանվում և այրվում է, մինչ Սուրբ Գերեզմանը կրկին թալանվում ու հրդեհվում է: Ալ-Հաքիմ խալիֆի օրոք (996-1021) գրանցվում է մի երկարատև հալածանք քրիստոնյաների ու հրեաների դեմ, որն իր գագաթնակետին է հասնում 1009 թվականի Սեպտեմբերի 28ին, Սուրբ Գերեզմանի ավերմամբ և քրիստոնյաներին ծայրահեղ աղքատության դատապարտմամբ, որոնք 40 տարի են դնում Սուրբ Գերեզմանի վերականգնման համար»[3]: Շատ չանցած, 1071 թվականին, թուրքերը բյուզանդացիներին պարտության են մատնում Մանազկերտում. բյուզանդական զորքերը ցիրուցան են լինում, իսկ կայսրը՝ գերի է ընկնում: Բյուզանդական Կայսրության վախճանի շուրջ վախերն են, որ խուճապ են ստեղծում Արևմուտքում և Ուրբանոս Երկրորդ Պապին մղում են զենքերը վերցնելու կոչ ուղղել քրիստոնյաներին. բյուզանդացիները, թեև բաժանված եղբայրներ են, ենթակա են կործանման վտանգին, իսկ մահմեդականները, որոնք արդեն գրավել են Իսպանիան, սկսում են վեր բարձրանալ նաև Բալկանյան թերակղզու ուղղությամբ, Քրիստոնյա Եվրոպան փակելով թակարդի մեջ: Ֆրանսիացի ակադեմիկոս Ռընե Գրուսսեն հիշեցնում է, որ Մանազկերտի պարտությունը եվրոպացիներին վերջնականորեն համոզեց, որ բյուզանդացիներն անկարող էին պաշտպանվել իրենց ուժերով և որ «արևմտյան Պետությունները պետք է ուղղակի միջամտության դիմեին»: Իսկապես, թուրքերն արդեն գրավել էին նաև Նիկիան, որտեղից կարող էին կարճ ժամանակում հարձակվել Կոստանդնուպոլսի վրա: Խաչակրաց Արշավանքներն ավելի քան երեք ու կես դարով ուշացրեցին առասպելական քաղաքի անկումը, այդպիսով փրկելով Եվրոպան անխուսափելի ասպատակություններից:
«1090 թվականին արդեն», գրում է Գրուսսեն, «թուրք մահմեդականները, բյուզանդացիներին գրեթե ամբողջովին դուրս մղելով Փոքր Ասիայից, պատրաստվում էին Եվրոպայի նվաճմանը»[4]: Եվ իրոք, 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո այլևս ոչինչ չի կարողանում կանգնեցնել թուրքերին, որոնք նվաճում ու ավերում են Բալկանյան թերակղզին, երկու անգամ հասնելով Վիեննայի դարպասներին: Ուրբանոս Երկրորդ Սրբազան Քահանայապետի միջամտությունն, ուստի, այս համբավաշատ պատմագետի համաձայն, եղավ քաղաքական հեռատես մի վճիռ, որով ծնունդ տրվեց Խաչակրաց Առաջին Արշավանքին, որն ավելի ճիշտ ու պատշաճ կլինի անվանել ո՛չ թե հարձակողական, այլ՝ ինքնապաշտպանական պատերազմ. Բյուզանդական Կայսրության, Քրիստոնեության Սուրբ Վայրերի և այն աշխարհամասերի, որոնք մահմեդական նվաճումից առաջ բնակեցված էին քրիստոնյաներով: Խաչակրաց Արշավանքները հարձակողական պատերազմներ չէին, ինչպիսիք եղան, օրինակի համար, Տասնիններորդ դարի կոլոնիալիստական պատերազմները, որոնց կազմակերպիչները Պետությունների աշխարհիկ իշխանություններն էին: Այս համոզմունքն է հայտնում նաև Արրիգո Պետակքոն իր 2007 թվականին լույս տեսած «Խաչակրաց վերջին Արշավանքը: Երբ օսմանցիները հասան Եվրոպայի դարպասներին» աշխատությունում, ուր կրկին անգամ շեշտվում է, որ եվրոպական պատմության այդ էջն անհնարին է վերլուծել և հասկանալ առանց հիշողության մեջ վառ պահելու Եվրոպայի դեմ չորս դար շարունակ տևած մահմեդական հարձակումների, ավերածությունների ու ավարառությունների հիշատակը. առանց հիշելու փաստը, որ մահմեդական շրջափակումը, որ սկիզբ էր առել արևմուտքից Իսպանիայի նվաճումով և այդ կողմից կանգնեցվել էր ֆրանկների շնորհիվ 732 թվականին Պուատիեում, վերսկսում էր նաև արևելքից, Խաչակրաց հենց Առաջին Արշավանքի տարիներին, և փոփոխական հաջողություններով շարունակվելու էր մինչև 1683 թվականը, երբ Քրիստոնյա Պետությունները, այսպես կոչված «Խաչակրաց վերջին Արշավանքով», միավորվեցին՝ թուրքական պաշարումից ազատելու համար Վիեննան:
Անշուշտ, ինչպես ամեն մի պատերազմում, Խաչակրաց Արշավանքների դեպքում ևս ո՛չ բոլորն էին գործում շարժիչ գաղափարականի համաձայն. դրա պատճառը և՛ մարդկային անկյալ բնության դյուրաբեկությունն ու հակվածությունն է դեպի չարը, և՛ ակնհայտորեն այն, որ ամենատարբեր հանգամանքներում Քրիստոնեությունը պաշտպանելու կամքը ազնվականների ու ավատատերերի սրտում խառնվեց նոր նվաճումների ագահությանը: Սա ոչ ոք չի հերքում: Բայց ընդհանրացնել այդպիսիների վարմունքը և տարածել ամբողջ Խաչակրության վրա, առնվազն սխալ է:
Սա պարզելուց հետո բավականին դժվար է թվում պնդել, – ևս մի օրինակ հիշելու համար, – թե Տասնվեցերորդ դարի այսպես կոչված ''կրոնական'' պատերազմներն իրոք սկիզբ էին առել կրոնական ենթահողի վրա: Գերմանացի բողոքական իշխանների և Կարլոս Հինգերորդ կայսրի միջև բախումներն, օրինակի համար. մի՞թե ինչ-որ մեկն իսկապես ուզում է հավատալ և հավատացնել, թե գերմանացի իշխանները պայքարում էին Լյութերի գաղափարների համար, կրոնական դրդապատճառներից մղված, այլ ո՛չ թե՝ ժառանգելու համար տիրույթները, բաժանվելու համար կայսրից և յուրացնելու համար Եկեղեցու բոլոր ունեցվածքները, ինչպես և իրոք վարվեցին: Կամ Անգլիայի թագավոր Հենրի Ութներորդի գործերը և հետագա պատերազմները Անգլիայի և Իսպանիայի միջև. մի՞թե ինչ-որ մեկը կհամարձակվի պնդել, թե Անգլիայի թագավորը, – որն իրականում Հռոմից բաժանվեց, որպեսզի կարողանար ամուսնալուծվել իր կնոջից, և որն հետո ունեցավ հինգ կին, սպանելով նրանցից մի քանիսին, – Անգլիկան Եկեղեցուն սկիզբ տվեց զուտ կրոնական դրդապատճառներից մղված: Կամ մեզ ժամանակակից ընդհարումները իսրայելացիների ու պաղեստինցիների միջև, որոնք Հիթչենսի կողմից մեջբերվում են որպես կրոնների դաժանության օրինակ. մի՞թե գոյություն ունի գեթ մի հոգի, որ չգիտի, որ այդ ընդհարումները սկիզբ են առել տարածքային, էթնիկական, քաղաքական, տնտեսական ենթահողի վրա, և միայն ժամանակի ընթացքում, խնդրի մի երկրորդ փուլում միայն, ստացել են նաև կրոնական անհանդուրժողության երանգ: Մի՞թե Աստծո ճշմարիտ բնության շուրջ վիճաբանությունները սանձազերծեցին այդ ընդհարումները: Անշուշտ թե՝ ո՛չ: Տարածքների համար մղվող պայքարը, պատմական և մշակութային տարբերությունների հետ միասին, հանդիսացան և տակավին հանդիսանում են այդ բախումների գլխավոր շարժիչ ուժը: Մի՞թե կարող ենք չիմանալու տալ, որ կրոնական հարցերը, ինչպես որևիցէ ա՛յլ գաղափարական, Մաքիավելլիի տիպարին հետևող անխիղճ ու անբարո իշխանությունների ձեռքին կարող են դառնալ դիվանագիտական գործիք: Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ այդ դեպքում գաղափարականը չէ, որ պատասխանատվություն է կրում, այլ՝ գաղափարականը չարաչար գործածող իշխանությունները: Հիթչենսի անհիմն մեղադրանքներից մյուսն էլ այն է, որ Իռլանդիայի շուրջ տեղի ունեցող բախումները ներկայացնում է որպես կրոնական խնդիր: Կա՞ ուսյալ մի անձ, որ չգիտի, որ Անգլիայի և Իռլանդիայի միջև բախումները սկսվել են արդեն ութ դար առաջ, այսինքն շա՜տ ավելի առաջ, քան երկու երկրների միջև կառաջանային կրոնական տարբերություններ: Այդ բախումների պատճառը Անգլիայի ցանկությունն է, Միջնադարից իսկ սկսած, դարձնելու Իռլանդիան, Շոտլանդիայի հետ միասին, իր ''ընտանեկան գաղութները'':
Իրոք ֆենոմենալ է մատերիալիստների մտածելակերպը. ամեն ինչի համար փնտրում են ֆիզիկական, տնտեսական, գենետիկական, հորմոնային կամ նմանատիպ ա՛յլ պատճառներ, հասնելով մինչև իսկ հերքելու իրական ալտրուիզմի գոյությունը, բայց հետո փորձում են հավատացնել, թե մարդիկ մինչև Տասնիններորդ դարը պայքարել են միշտ և միայն պաշտպանելու համար հոգևոր և կրոնական արժեքները: Մտածելու կարողություն ունեցող մարդու համար հավելյալ բացատրություններն ավելորդ են:
[1] Այս նյութերից ոմանք մանրամասն քննարկել եմ իմ մի շարք գրքերում, որոնցից կարող եմ մատնանշել երկուսը. «Ուզում եմ խեղաթյուրված մի կյանք» և «Աստված, այս անծանոթը»:
[2] H.J. Berman, Diritto e rivoluzione. Le origini della tradizione giuridica occidentale, Il Mulino, Bologna 2006.
[3] M. Meschini, Le crociate di Terrasanta, Art, Novara 2006, p. 18; Il Jihad & la crociata, Ares, Milano 2007.
[4] R. Grousset, La storia delle crociate, Piemme, Casale Monferrato 1995, p. 16.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։