Գլուխ Է. - ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Է. - ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱՑՆՈ՞ՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ

Իմ այս մտորումներն ավարտելու համար թերևս օգտակար կլինի պատասխանել կրոնական հավատքի, հատկապես Քրիստոնեության դեմ ուղղված ամենատարածված մեղադրանքներից ևս մեկին: Ի նկատի ունեմ մեղադրանքը, թե Քրիստոնեությունն արժեզրկել է մարդկային մարմինը, մատերիան, ի նպաստ ինչ-որ անորոշ «անմահ հոգու». իբր թե արժեզրկել է ասդենականը ի նպաստ անդենականի. կանոններ է դրել սեռական արտահայտություններին, հաճույքին, կյանքի ազատ տարածմանն ու բացահայտմանը, դարձնելով այն ավելի տխուր ու ավելի մռայլ, թունավորելով այն խղճահարություններով ու մեղքի գաղափարով: Քրիստոնեական այս ճնշող ու սահմանափակող բարոյականությանը, ասում են, հարկավոր է պատասխանել հրավերով՝ վայելելու երկրի բարիքները, սեփական հայացքն ու ուշադրությունը կենտրոնացնելու այն ամենի վրա, ինչը որ այստեղ և այժմ է, «քաղելու պարտեզի գեղեցիկ վարդը», ինչպես ասում էին Վերածննդի ժամանակներում:
Նիցշեն, այդ մարդը, որն ուզում էր սուպեր-մարդ դառնալ, բայց իր կյանքի վերջին տասնամյակն անցկացրեց գժանոցում և այդպես խենթացած վիճակում էլ մահացավ, շատ լավ համառոտում է մեղադրող այդ գաղափարը. «Աշխարհի նկատմամբ ատելությունը, կրքերի նզովումը, գեղեցկության ու զգայականության դիմաց զգացված վախը, անդենականը, որն հորինել են, որպեսզի ավելի լավ կարողանան զրպարտել ասդենականը, հիմնականում մի ձգտում դեպի ոչնչությունը, վախճանը, հանգիստը, մինչև շաբաթների շաբաթը, այս ամենը, ինչպես նաև Քրիստոնեության բացարձակ կամքը՝ տեղ տալու միայն բարոյական արժեքներին, ինձ միշտ թվացել է որպես ամենավտանգավոր ու ամենաձախորդ կերպը մահվան կամքի հնարավոր բոլոր կերպերի մեջ, կամ առնվազն՝ կյանքի արմատացած հիվանդության, հոգնածության, խռովքի, սպառման, խեղճացման նշանը»[1]: Այսպես էր իր մտքերը բացատրում գերմանացի փիլիսոփան, որից ներշնչվելու էին Մուսսոլինին, Դ'Աննունցիոն, Հիտլերը: Նիցշեի համար մարդկությունը բաժանվում էր բարձրակարգների ու ցածրակարգների, իսկ իր «Հակաքրիստոսը» գրքում նա ցույց է տալիս, որ լավագույնս մարսել է գոյության համար մղվող պայքարի և առավել ուժեղների սելեկցիայի դարվինյան բոլոր գաղափարները: Գրում է. «Կարեկցանքը ամբողջովին խոչընդոտում է էվոլյուցիայի օրենքին, որը սելեկցիայի օրենք է: Վախճանի համար պահպանում է այն, ինչը հասուն է, դիմադրություն է ցուցաբերում ի նպաստ ժառանգազուրկների և կյանքի կողմից դատապարտվածների: Ամեն տեսակի խոտանների բազմությամբ, որոնց պահպանում է կյանքի մեջ, կյանքին տալիս է գորշ ու անկայուն կերպարանք»:
Ճշմարտացի՞ են այդ մեղադրանքները: Քրիստոնեությունն իսկապես արժեզրկե՞լ է մարմինը, կյանքը, այս երկիրը: Մատերիալիստների կողմից Քրիստոնեության դեմ հնչող մեղադրանքը մի՞թե այն չէր, որ ընդհակառակն՝ մարդուն շնորհել է մի դեր ու կենտրոնականություն, որոնք, ըստ իրենց, անիրական են: Մեղադրանքը մի՞թե այն չէր, որ Քրիստոնեությունը «աստվածացրել է» մի էակ, որը սոսկ պատահականության արդյունքն է, անսահմանելի գումարն է մատերիայի կողմից գործված սխալների, կույր փորձերի, «սառեցված պատահարների»: Ինչպե՞ս կարող են համատեղ գոյություն ունենալ միմյանցից այսքա՜ն տարբերվող այս երկու մեղադրանքները միասին:

[1] F. Nietzsche, La nascita della tragedia. Ovvero grecità e pessimismo, Adelphi, Milano 1972, pp. 10-11.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։