Գութ և ողորմություն – Գրադարան – Mashtoz.org

Գութ և ողորմություն

Քրիստոնեությանը, իր սկզբնավորումից ևեթ, բնորոշ է աղքատներին, այրիներին, որբերին ու հիվանդներին ի նպաստ կատարվող գործունեությունը: Այդ դիրքորոշման ձևավորման վրա անկասկած ազդել է, Ավետարանից հետո, նաև Պողոս Առաքյալի ուսուցումը, որի համաձայն՝ սերը «գեների փոխանցում» չէ, ինչպես այն ընկալում էր մատերիալիստ Ուաթսոնը, այլ՝ մարդու վեհ կարողությունը՝ գերազանցելու սեփական սահմանները և նմանվելու Քրիստոսի անսահման Սիրույն: Աստվածաբանական առաքինությունները՝ Հավատքը, Հույսը և Սերը միմյանց համեմատելով, Պողոս Առաքյալը հենց Սիրո մեջ է տեսնում առաքինությունների գագաթնակետը: Գրում է. «Նույնիսկ եթե մարդկանց և հրեշտակների լեզուները խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են: Նույնիսկ եթե մարգարեության շնորհն ունենամ և բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունն իմանամ, և հավատքի լիությունն ունենամ այն աստիճան, որ լեռները տեղափոխել կարողանամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Նույնիսկ եթե իմ ամբողջ ունեցվածքը բաժանեմ աղքատներին և իմ մարմինը տամ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի: Սերը համբերատար է, բարյացակամ է սերը. սերը չի նախանձում, չի պարծենում, չի գոռոզանում, հարգանքի մեջ չի պակասում, իր շահը չի փնտրում, չի զայրանում, ստացած չարիքը հաշվի չի առնում, անարդարության վրա չի ուրախանում, այլ՝ ուրախանում է ճշմարտության համար: Ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամբողջովին հույս է տածում, ամեն բանի համբերում է: Սերը վախճան չի ունենալու. մարգարեությունները վերանալու են, լեզուների շնորհը դադարելու է, գիտությունը անցնելու է: Մեր գիտությունը թերի է և թերի է մեր մարգարեությունը: Բայց երբ կգա կատարյալը, թերին կանհետանա: Մինչ մանուկ էի, մանկան նման էի խոսում, մանկան նման էի մտածում, մանկան նման էի խորհում: Բայց երբ չափահաս դարձա, մանկական բաները թողեցի: Այժմ տեսնում ենք ինչպես հայելու մեջ, անորոշ կերպով, բայց այն ժամանակ տեսնելու ենք դեմառդեմ: Այժմ խելամիտ եմ լինում փոքրիշատե, բայց այն ժամանակ կատարյալ կերպով կիմանամ, այնպես՝ ինչպես Նա ճանաչեց ինձ: Սրանք են, ուստի, երեք բաները, որ մնում են. հավատքը, հույսը, սերը. և սրանցից մեծը սերն է» (1Կր 13, 1-13):
Հիսուս Քրիստոսի և Պողոս Առաքյալի ուսուցումներին հետևելով է, որ աղքատներին տալիք ողորմությունը քրիստոնյաների կողմից միշտ ընկալվել է որպես կարևորագույն պարտականություն, Քրիստոնեության առաջին իսկ դարերից սկսած: Կապադովկիացի Հայրերը մինչև իսկ պնդում էին, որ ողորմությունն ավելի կարևոր է, քան պահքն ու աղոթքը: Սուրբ Գրիգոր Նազիանզացին գրում է, որ «միմիայն սերն է ծածկում մեղքերի բազմությունը», իսկ Սուրբ Թովմաս Աքվինացին հաստատում է, որ ողորմությունը մեզ դարձնում է Աստծուն նման:
Գեղեցիկ է վերաբացահայտել փաստը, թե ինչպես Աստծո շուրջ այս գաղափարը, որը որպես հետևանք ծնում է վեհ ու վսեմ գաղափար մարդու վերաբերյալ, ծնունդ տվեց հանրային դրամագլուխների, ողորմության դրամարկղերի, աղքատներին կերակրելու և չունևոր ննջեցյալներին թաղելու համար, օգնելու համար երիտասարդներին, փողոցային կյանքը թողնող պոռնիկներին, որբ ու աղքատ աղջիկներին: Եպիսկոպոսները մինչև իսկ հատուկ մատյաններ ունեին, ուր գրանցվում էին աղքատների անունները, այսպես կոչված ''գրանցված աղքատները'', որոնց ցանկը պարբերաբար սրբագրվում ու թարմացվում էր: Քրիստոնեական այս մարդասիրությունն ա՜յն աստիճան աշխույժ ու վարակիչ էր, որ Հուլիանոս Ուրացողը, հեթանոսական կուռքերից Մեծ Մոր պաշտամունքին ծառայող Արշակ քուրմին 362 թվականին գրած իր նամակում կարծիք է հայտնում, որ քրիստոնյաների դեմ հարկավոր է պայքարել իրենց իսկ զենքերով, այսինքն՝ հետևելով նրանց ժուժկալ կյանքին և պանդուխտների, աղքատների ու հիվանդների նկատմամբ դրսևորած նրանց բարյացակամությանը:
Քրիստոնեական Միջնադարում ծնունդ են առնում աշխարհի ամենահին հիվանդանոցները. Սրբուհի Հեղինեի կողմից Կոստանդնուպոլսում և Սրբուհի Ֆաբիոլայի կողմից Հռոմում հիմնված հիվանդանոցները, Ծեծվածների Եղբայրությունների կողմից հիմնված հիվանդանոցները, որոնք սովորաբար ձոնվում էին Ողորմության Տիրամորը, և հիվանդախնամ Միաբանությունները. Երուսաղեմականները, Քամիլիանները, Տրինիտարները, Անտոնյանները, Սուրբ Հոգու Կրոնավորները և բազմաթիվ ա՛յլ վաստակաշատ Միաբանություններ: Երուսաղեմականների և Սուրբ Հոգու Կրոնավորների վաղ միջնադարյան կանոնագրքերում գտնում ենք հոդվածներ, որ վերաբերվում են ծննդկանների և լքված նորածինների ընդունելությանը. չքավոր անձանց ամուսնությունը դյուրացնելու նպատակով դրամական կամ նյութական օգնությունների հատկացմանը. պոռնկությանը զոհ դարձած կանանց հատկացվելիք օգնություններին, որոնց վերաբերյալ ինդուլգենցիաներ են շնորհվում նրանց, ովքեր ամուսնանում են նրանց հետ և այդպիսով նրանց տալիս են նոր կյանք սկսելու հնարավորություն. աղքատներին սնունդ և ողորմություններ բաժանելուն: 1214 թվականին, Ֆլորենցիայում, Պիերո Լուքա Դելլա Բորսան, որը բուրդ տեղափոխողների ղեկավարն էր, հիմնում է առաջինը մի շա՜տ երկար շարք եղբայրակցությունների, որոնք կոչվում էին ''ողորմություններ'' – մինչև օրս էլ գոյություն ունեն – և նվիրված էին աղքատների, հիվանդների ու ցավագարների օգնությանը: Եղբայրակցության անդամները նվիրվում էին մարդասիրական ամենատարբեր գործերի և հիվանդների տեղափոխությանը: Հագնում էին կնգուղավոր մի շապիկ, որը հիշեցնում էր Քրիստոսի չարչարանքների պատմուճանը և խորհրդանշում էր այն խոնարհությունն ու նրբանկատությունը, որոնցով պետք է կատարվեն բոլոր բարեգործությունները:
Մարդասիրությունը, գթասրտությունը, ողորմածությունը միշտ հիշեցնում են մեզ, թե ի՛նչ է մարդը. հիշեցնում են այն կարեկցանքը, որն Աստված Ինքը զգաց մարդկության հանդեպ. և հետևաբար, հիշեցնում են մարդու նպատակը, վախճանը, նրա մեծությունը, նրա հավիտենական նպատակակետը:
 
Երբ Մարտին Լյութերը իր մարդաբանական արմատացած հոռետեսությամբ, Աստծո և մարդու վերաբերյալ իր մռայլ աշխարհայացքով, 1511 թվականի Հունվարին այցելեց Հռոմ, որը մարդասիրության, հիվանդանոցների, աղքատախնամ եղբայրակցությունների համաշխարհային մայրաքաղաքն էր, զարմացած ու ապշահար մնաց՝ տեսնելով հռոմեական հիվանդանոցների կազմակերպությունն ու որակը. «Հիվանդանոցներն Իտալիայում լավագույնս կարգավորված են, գտնվում են հոյակապ շենքերում, որակյալ կերակուրներ ու խմիչքներ են մատակարարում, անձնակազմը մեծապես ջանասեր է, բժիշկները՝ գիտուն և հմուտ», գրում է իր Ընկերային Ճառերում: Եվ սակայն, Լյութերի մտահամակարգը արժեզրկում է մարդուն հենց բարեգործելու նրա կարողության հարցում, որի պատմական հետևանքները նշանակալիորեն ծանր են եղել: Մ. Ա. Յաննակքոնեն վերջերս գրել է. «Պատմագետների համաձայն, աղքատների համար ամենավատթար ժամանակները հասնում են արդի դարաշրջանի սկզբում: [...] Բողոքական շարժումը քարոզում է, թե Աստծո առաջ ոչ մի արժանիք չունեն բարեգործություններն ու սիրո գործերը և, հետևաբար, հատկապես բողոքական Պետությունների աղքատներն են, որ առավել խոցելի են դառնում հաճախակի կրկնվող երաշտների, սովի, միայնության, չքավորության դիմաց: [...] Բողոքականության հիմնադիրների և բողոքական քարոզիչների կողմից աղքատները մեղադրվում են որպես Աստծո պատիժը կրողներ, իսկ աղքատությունը նկատվում է որպես Աստծո շնորհի բացակայության նշան»: Ճիշտ այն տարիներին, երբ կալվինական բողոքականությունը հարստությունը հռչակում է որպես Աստծո օրհնության, իսկ աղքատությունը՝ Աստծո անեծքի նշան, Կաթողիկե Եվրոպան ընդհակառակը՝ ծնում է կրոնավորների տասնյակ Միաբանություններ, որոնք նվիրվում են աղքատ և ոչ-աղքատ երեխաների, պատանիների ու երիտասարդների կրթությանն ու դաստիարակությանը, հանձինս Սուրբ Քալասանցիուսի, Հիսուսյան Միաբանության և Սուրբ Ժան Բապտիստ Դը Լա Սալի ստեղծում է արդի առաջին դպրոցները, մինչ այնպիսի այրեր, ինչպիսիք են Սուրբ Քամիլլո Դե Լելլիսը և Սուրբ Խուան Դե Դիոսը, կյանքի են կոչում հիվանդախնամների արտակարգ Միաբանություններ՝ Քամիլյաններն ու «Բարեգործեցե՛ք, եղբայրներ»ը, որոնցից էին հետագայում ներշնչվելու և օրինակ վերցնելու նաև աշխարհական հիմնարկները: Կաթողիկե աշխարհը հետագա դարերում ևս շարունակում է կյանքի կոչել մարդասիրական բազմաթիվ հիմնարկներ հանձինս Սուրբ Վինսենտ Դը Փոլի, Երանելի Ֆրեդերիկ Անթուան Օձանամի, Սուրբ Ջուզեպպե Քոտթոլենգոյի և կամավորական բազմահազար ընկերակցությունների, որոնք գոյություն ունեն մինչև այսօր, հատկապես Իտալիայում, ինչը որ պատահական չէ:
Սուրբ Աթոռը նույնպես անդադար գործադրել է իր մարդասիրական առաքինությունը, նաև Քսաներորդ դարի ամենախավար տարիներին: Այս առումով օգտակար է, որպես մի պարզ օրինակ, մեջբերել պատմագետ Մայքլ Բարլայի վկայությունը. «Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին Բենեդիկտոս Տասնհինգերորդն իր ամբողջ ունեցվածքը, իսկ հետո նաև Սուրբ Աթոռի բոլոր եկամուտները ծախսել էր պատերազմի գերիներին հայրենիք վերադարձնելու կամ փախստականներին օգնության հասնելու համար: 1922 թվականին Վատիկանի գանձարանում գտնվող դրամագլուխը այժմվա փոխարժեքով հավասար էր ընդամենը մի քանի հարյուր հազար եվրոյի: Չկարողանալով գրավի տակ դնել Բերնինիի, Միքելանջելոյի կամ Ռաֆֆաելլոյի գործերը, նրա հաջորդը է՛լ ավելի դատարկեց Եկեղեցու գանձանակը, առատաձեռն նվիրատվություններով օգնության հասնելով գերմանացի ժողովրդին, որի տնտեսությունը փլուզվել էր Ուայմարի Հանրապետության ժամանակ գրանցված սղաճի և դրամանիշի ահագին չափերի հասած անկման պատճառով, կամ օգնություններ առաքելով Խորհրդային Միության սովահար բնակչությանը»[1], ուր Լենինը նոր-նոր սկսել էր հալածանքներն ու սեփականազրկումը ի վնաս կաթողիկեների և օրթոդոքսների:
[1] M. Burleigh, In nome di Dio, Rizzoli, Milano 2007, p. 91.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։