Եզրակացնելով. մարդկային գիտությունը գիտի, որ ոչինչ էլ չգիտի, և բացվում է խորհրդի առաջ – Գրադարան – Mashtoz.org

Եզրակացնելով. մարդկային գիտությունը գիտի, որ ոչինչ էլ չգիտի, և բացվում է խորհրդի առաջ

Ամփոփենք. Դոկինսի և բոլոր այն աթեոլոգների համար, ովքեր իրենց փիլիսոփայական մտքերը թաքցնում են գիտության պատմուճանի տակ, Աստված այլևս մի վարկած է, որն հարկավոր է մոռացության մատնել: Թերևս գոհացուցիչ վարկած էր, նաև մեծ գիտնականների համար, Դարվինից առաջ, բայց այլևս ո՛չ:
Բայց ի՞նչ է իրոք փոխվել մարդկային բնության, նրա գոյության մեջ, որի հիման վրա կկարողանանք համաձայնվել այս մտքին: Ժամանակակից հայտնի փիլիսոփա Ումբերտո Գալիմբերտիին, օրինակի համար, ի՞նչն է մղում հաստատելու, թե տեխնիկայի հաղթանակով կրոնը շատ կարճ ժամանակում սահմանված է վերանալու: Անցյալի համեմատ այդքան նոր ի՞նչ գիտենք: Համաձայն եմ, ապրում ենք մի քանի տարի ավելի, քան մեր պապերը, բայց արդյո՞ք մեր կյանքի որակն իսկապես գերազանցում է նրանց կյանքի որակին: Ինչպես միշտ, անմիտ մարդկությունն ընտրում է քանակը, որակի փոխարեն: Համաձայն եմ, հաղթել ենք հիվանդություններից մի քանիսին, բայց միաժամանակ մեր ժամանակակից ապրելակերպով ծնունդ ենք տվել մի շարք նոր ու ավելի աղետալի հիվանդությունների, որոնք շարունակում են կյանքեր հնձել ամեն օր. և չմոռանանք հիշել, որ հիվանդությունները դարձրել ենք, մե՛նք դարձրել ենք, ավելի երիտասարդ: Համաձայն եմ, ձեռք ենք բերել մի քանի նյութական հարմարավետություն ավելի, բայց մի՞թե դրանով լուծել ենք մարդու մեծագույն խնդիրները. ո՛չ, ինչպես փաստում է նյարդային և հոգեկան հիվանդություններով բռնվողների օրեցօր ավելացող ու ահագնացող թիվը: Գիտությունն ու տեխնիկան, մարդկային, և միմիայն մարդկային, այս հոյակապ արկածախնդրությունները հասցրե՞լ են մեզ երջանկության, մեր կյանքից ջնջե՞լ են ամեն տեսակի տագնապ, ամեն տեսակի ցանկություն, նույնիսկ հենց միայն գիտելիքի մասով: Իրականում պետք է ամենայն վստահությամբ ընդունենք, որ որքան ավելի են զարգանում մեր գիտելիքները, այնքան ավելի ենք գիտակցում, որ ոչինչ էլ չգիտենք: Գիտական տեսությունները հաջորդում են մեկը մյուսին և շարունակ փոփոխվում են. այն, ինչն այսօր համոզմունք է, վաղը դառնում է կա՛մ լիովին սխալ, կա՛մ էլ՝ առնվազն թերի:
Կյանքի խորհրդի անբավությունը տակավին մնում է կատարյալ կերպով ամբողջական. չենք կարողացել և ոչ իսկ քերծել նրա կեղևը: Տիեզերքի ծագման վերաբերյալ կանգ ենք առել Բիգ Բենգի տեսության վրա, որն, ինչպես տեսանք, առաջ է քաշվել քրիստոնյա գիտնական քահանայի կողմից, բայց իր էության մեջ արդեն նշմարվել ու առաջարկվել էր քրիստոնյա միջնադարյան աստվածաբանների աշխատություններում: Իսկ այդ Բիգ Բենգի առաջին պատճառի, «ինչու»ի մասին չգիտենք ոչինչ. պարզապես ջանում ենք գիտականորեն հասկանալ «ինչպես»ը: Մատերիայի ծագումը, հետևաբար, մեզ անհայտ է:
Օրգանական մատերիայի, կյանքի մասին ի՞նչ գիտենք: Ֆրանսիզ Քրիկքի և նմանների համաձայն կյանքը այլմոլորակային ծագում ունի, քանի որ չափազանց «հրաշալի» է և չի կարող ծնված լինել պատահականության սկզբունքով. այդպիսով իրենց և իրենց հետևորդների համար ստեղծում են խնդիրը լուծած լինելու պատրանքը, խնդիրը պարզապես տեղափոխելով այլուր (անհայտ ծագում մի անհայտ վայրում): Ուրիշ աթեիստների համաձայն, կյանքը պատահականության արդյունք է, ուրիշների համաձայն՝ անհրաժեշտություն, կամ տակավին՝ այդ երկուսի խառնուրդը, թեև դա ավելի լավ չի բացատրում խնդիրը: Դոկինսի կարծիքով, կյանքը քիմիական «բախտի բերում» է, «աբիոգենեզի»ի արդյունք, ինչպես հիմա անվանում են ինքնաբեր ծնունդի հին պատմությունը, որն այժմ երբեք տեղի չի ունենում երկրի վրա, բայց ժամանակների սկզբում, չգիտես ինչու, տեղի է ունեցել, ասում է Դոկինսը: Մի խոսքով, կյանքի ծագումը մեզ լիովին անհայտ է, ճիշտ այնպես, ինչպես որ անհայտ է տիեզերքի և օրգանական մատերիայի ծագումը:
Մարդու մասին ի՞նչ գիտենք: Էվոլյուցիոնիստ փիլիսոփաների, գենետիստների ու կենսաբանների կողմից մի քանի տարի առաջ կազմակերպված մի ցուցահանդեսում, որին մասնակցում էին նաև Թելմո Պևանին և Գուիդո Բարբույանին, ամենայն վստահությամբ բացատրություններ էին տալիս էվոլյուցիոնիզմի մասին, բայց մի քանի ընդդիմախոսություններից հետո, որոնք թերթերում հրապարակեցին այս գրքի հեղինակն ու ուրիշ գիտնականներ, խոստովանեցին, որ այո՛, իրականում «էվոլյուցիոնիզմը չի կարողանում ճշգրիտ կերպով բացատրել մարդու առաջացումը, այլ գիտական աշխարհը ջանում է ինչ-որ մի բան հասկանալ» այդ հարցում: Մոնոյի համաձայն, մինչդեռ, կասկած չկա, թե «պատահականության զավակներն ենք», «խաղարկությամբ դուրս ելած թիվ», թեև չի հասկացվում, թե ո՞վ էր անցկացնում այդ խաղարկությունը, ո՞վ էր խաղում և ինչո՞ւ: Խոսքի կարողության, արվեստի զգացողության, բարոյական գիտակցության ծագման մասին չգիտենք ոչինչ: Մեկը խոսում է «էվոլյուցիոն կատակների» մասին, մեկ ուրիշը գործի է դնում արդեն սովորական դարձած «էվոլյուցիոն ճնշումները», որոնք ճնշելով ու ճնշելով միշտ ստանում են այն, ինչ ուզում են, քանի որ, ինչպես արտահայտվում է Բոնչինելլին, «բնական սելեկցիայի ճանապարհներն անհամար են»: Աստծո ճանապարհներից ո՛չ ավելի, ո՛չ էլ պակաս, միայն թե այն տարբերությամբ, որ Աստծուն հավատացյալները վերագրում են մի Բանականություն, որից բնական սելեկցիան ու պատահականությունը զուրկ են: Ալտրուիզմի վերաբերյալ ոմանք առաջ են քաշում վարկածը, թե գոյություն ունեն հատուկ գեներ, որոնք մեզ ստիպում են լինել ալտրուիստ, վեհանձն, առանց կամքը գործի դնելու, մինչդեռ ուրիշներ պնդում են, թե ո՛չ, ծրագրավորված ենք մրցակցության համար, ունենք «մաքիավելլիական գեներ». էվոլյուցիոնիստներից ոմանց համաձայն մարդն ինքնըստինքյան չար է, ագրեսիվ է շիմպանզեների նման, մինչդեռ ուրիշ էվոլյուցիոնիստների համաձայն մարդն ինքնըստինքյան բարի է, ազնիվ. ճիշտ այնպես, ինչպես բնականորեն չար էր փիլիսոփա Հոբսի և բնականորեն բարի՝ Ռուսսոյի համաձայն: Դարվինի ընկեր Թոմաս Հաքսլեյի կարծիքով «դարվինիզմն իր մեջ մարմնավորում է պայքարի օրենքը», որն հակառակ է մարդկային բարոյականությանը, մինչ իր իսկ զարմիկ Ջուլիան Հաքսլեյի կարծիքով, որը նույնպես անվանի դարվինիստ էր, «դարվինիզմը դա համագործակցության օրենք է»[1]:
Ազատության հանրահայտ հարցը մեջտեղ հանելը երևում է ամբողջովին խառնում է դետերմինիստական մատերիալիզմի խաղաթղթերը և տակնուվրա է անում դոգմատիկ աթեիզմը: Եվ սակայն, մեր փորձառությունն ամեն օր ասում է մեզ, որ ազատ ենք (որքան էլ որ մեր ազատությունը հարաբերական է, քանի որ հենց մենք հարաբերական արարածներ ենք): Էթիկան, բացատրում է Դոկինսը, «ինչ-որ մի ուրիշ բանի երկրորդական հետևանքն է» (ի՞նչ է սա նշանակում, մի՞թե սա լիակատար անհեթեթություն չէ), մինչդեռ խիղճն ու գիտակցությունը «բացեր» են, «դարվինյան սխալներ» (ահա ևս մի անհեթեթություն): Ի՞նչ իմաստ են պարունակում այս արտահայտությունները: Ոչ մի: Տարտամ կհնչեին նույնիսկ բանաստեղծի շուրթերից, ուր մնաց թե՝ գիտնականի: Բոնչինելլիի համաձայն, ինչպես արդեն տեսանք, խիղճն ու գիտակցությունը, այնպես՝ ինչպես նաև գենետիկական կոդը, «սառեցված պատահար» է, մի «անկատարություն», թեև օգտակար, կամ ինչպես մի ուրիշ տեղում է գրում. «գրեթե ոչնչից բուսած կարողություն», բայց հայտնի չէ՝ ինչու, թերևս պատահականորեն[2]: Օդիֆրեդդիի խոսքերով, «տակավին թերի էվոլյուցիայի խայտառակության դրոշմն» է: Մի խոսքով, ինչպես երևում է, ոչինչ չգիտենք նաև խղճի ու գիտակցության մասին, ինչպես խոստովանում է նաև Ջեյմս Ուաթսոնը:
Ազատությո՞ւնը: Թերևս գեներում է: Թերևս մեր գործերից յուրաքանչյուրը, բացատրում են որոշ «աթեիստ-այլահավատներ», նախասահմանված է բիոքիմիայի և նեուրոնների կողմից, իսկ մենք սոսկ խամաճիկներ ենք, որոնց թվում է, թե ընտրում և գործում են ազատորեն, մինչ խաղի ելքն արդեն որոշել են հորմոններն ու սինապսիսները: Առայժմ, սակայն, ոչինչ ապացուցված չէ: Ուստի ով հավատում է դրանց, հավատում է առասպելների: Եվ ամենայն վստահությամբ կարող ենք ասել, որ այս առասպելներին հավատալու համար ավելի մեծ հավատք է հարկավոր, քան կրոնական մութ հարցերից որևէ մեկի պարագային: Սե՞րը: Չգիտենք, ասում են էվոլյուցիոնիստները, բայց պետք է որ գրված լինի մեր գեներում, բացատրում է Ուաթսոնը, մինչ միաժամանակ փորձում է ցույց տալ սևամորթների ցածրակարգությունը, որը նույնպես, ասում է, պետք է որ գրված լինի գեներում: «Պետք է որ ... », «մի օր կբացահայտենք ... ». սա՞ է էվոլյուցիոնիստների գիտությունը:
Իսկ ի՞նչ է կրոնը: «Մնացորդային օրգան», պնդում է Դոկինսը, որը ժամանակին ինչ-որ մի բանի ծառայել է, բայց չգիտենք՝ ինչի, և հատկապես չգիտենք՝ թե ինչո՞ւ է շարունակում գոյատևել, եթե իրոք վնասակար է ու աննպաստ, ինչպես պնդում են մատերիալիստները: Կարող է տիրոջ հանդեպ շան ունեցած զգացումի նման մի զգացում լինել, ենթադրում էր Դարվինը, բայց և՛ ինքը, և՛ իր հետևորդները չեն կարողանում վերջնականորեն լուծել այն հարցը, թե մարդու այդ տերը կա՞, թե՞ չկա. իսկ եթե չկա, ինչպե՞ս է խցկվել բոլոր ժամանակների բոլոր մարդկանց ուղեղի մեջ: Իսկ շան մեջ ինչպե՞ս գոյություն ունի այդ ինքնանվեր հավատարմությունը:
Մի խոսքով, ամենակարևոր հարցերի մասին այսօր էլ ոչինչ չգիտենք, ճիշտ այնպես՝ ինչպես ամենատարրական քաղաքակրթություններին պատկանող մարդիկ: Ինչի՞ համար ենք ապրում: Աստծո՞, թե՞ ոչնչի: Այս հարցը շարունակում է առավել քան արդիական մնալ, մանավանդ թե՝ է՛լ ավելի արդիական է այժմ, որովհետև գիտական հեղափոխության չորս հարյուր տարիներից հետո գոյութենական իրական խնդիրները դեռ անփոփոխ են ու անաղարտ: Դարեր առաջ արդեն քրիստոնյա փիլիսոփաներն ու աստվածաբանները պնդում էին, որ ակնհայտորեն այսպես էլ լինելու էր, քանի որ գիտական ճշմարտությունները և գոյութենական ու փիլիսոփայական ճշմարտությունները կամ խնդիրները գտնվում են իմացաբանական միմյանցից ամբողջովին տարբեր հարթությունների վրա:
[1] S.J. Gould, I pilastri del tempo, Il Saggiatore, Milano 2000, p. 188.
[2] E. Boncinelli, Le forme della vita, Einaudi, Torino 2006, p. 156.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։