Երկու աթեիստ գիտնականներ. Ուաթսոնն ու Քրիկքը – Գրադարան – Mashtoz.org

Երկու աթեիստ գիտնականներ. Ուաթսոնն ու Քրիկքը

Գիտության պատմության այս հսկաներին Դոկինսը, հավանաբար առանց խորը մտածելու, հակադրում է միայն երկու անուն. Ֆրանսիզ Քրիկքին և Ջեյմս Ուաթսոնին, որոնք 1962 թվականին Նոբելյան մրցանակ ստացան ԴՆԹ-ի պտուտակաձև կառուցվածքի բացահայտման համար: Գործ, որը կատարել էին իրենցից առաջ աշխատած գիտնականների ձեռքբերումներն ի մի բերելով և մասամբ՝ նաև գողանալով: Դոկինսը շտապում է այս անուններից իրեն օգտակար հետևություններ կատարելու հարցում: Տեսնենք, թե ինչո՛ւ:
Ուաթսոնը միշտ էլ երկդիմի համբավ է վայելել, քանի որ բազմաթիվ գիտնականներ նրան մեղադրում են ուրիշների, ի մասնավորի՝ Ռոզալինդ Ֆրանկլինի փորձարարական աշխատանքները յուրացնելու մեջ: Բրենդա Մադդոքսը իր «Ռոզալինդ Ֆրանկլին: ԴՆԹ-ի կառուցվածքը հայտնաբերած կինը» գրքում պատմում է, թե ինչպես են զարգացել դեպքերը, հիշեցնելով, որ Ուաթսոնը, Նոբելյան մրցանակը ստանալուց հետո, որոշեց մի գիրք գրել, «Կրկնակի պտուտակը» վերնագրով, որը դառնալու էր «best seller»ներից մեկը: Ուաթսոնը պատրաստել էր գրքի առաջին տարբերակը, որը սակայն մեծ զայրույթ էր առաջացրել Ռոզալինդի ծնողների (Ռոզալինդն ինքը այդ ընթացքում մահացել էր քաղցկեղի պատճառով) և Ուաթսոնի գործակիցների՝ իր նման Նոբելյան մրցանակ ստացած Ֆրանսիզ Քրիկքի և Մորիս Ուիլկինսի կողմից: Ռոզալինդի ծնողները զայրացած էին, որովհետև գրքում Ուաթսոնը ծաղրի էր ենթարկել Ռոզալինդին: Ինչ վերաբերվում է Ուիլկինսին, նա գրում է, որ Ուաթսոնը ծանրորեն «անարդար էր գտնվել իմ, դոկտոր Քրիկքի և գրքում հիշվող գրեթե բոլորի նկատմամբ, բացառությամբ հենց իր՝ պրոֆեսոր Ուաթսոնի»: Այդպիսի քննադատությունների պատճառով, պատմում է Մադդոքսը, Հարվարդի համալսարանը հրաժարվեց հրատարակել Ուաթսոնի գիրքը, իսկ ինքը Ուաթսոնը այդ օրվանից այլևս չազատվեց բոլոր նրանց կասկածից, ովքեր հանձինս նրա տեսան ո՛չ զուտ գիտնականի, այլ մի ճարպիկ ու խարդախ մարդու, օժտված՝ խորամանկությամբ և սեփական անձը գովազդելու ընդունակությամբ, ինչպես հենց ինքը՝ Ուաթսոնն էլ խոստովանելու էր: Այդուհետև Ուաթսոնը հաճախ ստիպված է լինելու խոստովանելու, որ այո՛, իրոք գործածել է Ռոզալինդի կողմից կատարված կարևորագույն լուսանկարներից մեկը, որը շրջադարձային էր եղել իր աշխատանքում. «Փաստը, որը շարունակեց ստվեր նետել Ուաթսոնի անվան վրա», բացատրում է Մադդոքսը, «այն էր, որ նա Ռոզալինդի փորձարարական տվյալները գործածել էր նրա թիկունքի ետևում, առանց հստակ կերպով տեղյակ պահելու այդ տվյալների իրական հեղինակին, և ո՛չ իսկ գործակցության հետագա տարիների ընթացքում: Ռոզալինդին տեղյակ չի պահել նաև Քրիկքը: Երախտագիտությունը, որ արտահայտել են նրա նկատմամբ, միշտ էլ չափազանց անորոշ արտահայտություններով է եղել, և միշտ կապակցվել է Ուիլկինսի անվանը», որը Լոնդոնի Քինգս Քոլլեջի բիոֆիզիկայի լաբորատորիայի վարիչն էր, որի մոտ աշխատում էր Ռոզալինդը:
Բայց սա ամենը չէ: Որպես գիտնական անբիծ չլինելուց բացի, Ուաթսոնը ոչնչով հարմար չէ ներկայացնելու համար այն գաղափարը, որը Դոկինսը մեզ կամենում է համոզել, թե այդպես է. այսինքն այն, որ իբր աթեիստն ավելի խելացի է, ավելի կիրթ, ավելի հավասարակշռված, քան հավատացյալը: Ուաթսոնն, արդարև, հայտնի է հուշերի մի ա՛յլ գիրք ևս գրած լինելու համար, որի վերնագիրն է «Avoid boring people» («Խուսափեք ձանձրալի մարդկանցից»), ուր բացահայտ կերպով արտահայտում է ռասսիստական մտքեր, պնդելով Աֆրիկայի սևամորթների ցածրակարգության և որոշակի նպատակակետերի հասնելու նրանց գենետիկական անկարողության վրա, փորձելով իր կարծիքը հիմնավորել ''գիտական'' ապացույցներով, գենետիկական նախասահմանման զառանցանքներով, անշուշտ առանց հաջողության. «Մեր սոցիալական քաղաքականությունը հիմնվում է այն փաստի վրա, որ աֆրիկացիների մտային կարողությունները հավասար են մեր կարողություններին, բայց բոլոր քննությունները հակառակն են ասում: [...] Ոչ մի պատճառ չկա հավատալու, որ իրենց էվոլյուցիայի ընթացքում աշխարհագրականորեն միմյանցից բաժանված ժողովուրդների մտային կարողությունները զարգացել են միևնույն չափով: Մտքի հավասար ուժը որպես ամբողջ մարդկության համընդհանուր ժառանգություն համարելու մեր ցանկությունը բավական չէ, որ դա իրոք այդպես լինի»:
Տակավին, Ուաթսոնն ընդունում է հավասարության մարդկային ձգտումը, բայց իսկույն հավելում է, թե «նրանք, ովքեր գործ են ունեցել սևամորթ աշխատողների հետ, պնդում են, թե այդպես չէ»: «Corriere della Sera» թերթի 2007 թվականի Հոկտեմբերի 18ի համարը այսպես է արտահայտվում Ուաթսոնի այսօրինակ մտքերի մասին. «Այդ արտահայտությունները զայրույթի ալիք են բարձրացրել քաղաքական և գիտական միջավայրերում: Ուեսթմինսթերի Ներքին Գործերի Հանձնաժողովի նախագահ Ք. Վալցը հատարարել է, որ ''տխուր իրողություն է տեսնելը, թե ինչպես է նման աստիճանի գիտնականը արտասանում այսքա՜ն անհիմն ու վիրավորական խոսքեր'': Սակայն չպետք է կարծենք, թե Ուաթսոնն ազդվում է այս մեկնաբանություններից, քանի որ անցյալում արդեն կոչ էր ուղղել ''գիտնականներին՝ քաղաքագետներին թողնելու քաղաքագիտական պարկեշտությունը'': Իր կոլեգաները ևս, սակայն, դառնացած են [...]»:
Բայց Ուաթսոնին հաճելի է իրարանցում ստեղծելն ու աղմուկ բարձրացնելը. «Սկսեց վիճելով Քեմբրիջի իր կոլեգաների հետ, որոնց հետ կիսել էր հայտնագործությունն ու մրցանակը: Զայրացրեց ֆեմմինիստական շարժումներին, ասելով, որ դոկտոր Ռոզալինդ Ֆրանկլինը (որը Նոբելյան մրցանակին չարժանացավ հակառակ այն բանի, որ ուսումնասիրությունների իր բաժինը վճռորոշ էր եղել հայտնագործության համար), տգեղ լինելու թերությունն ուներ, իսկ երբ իրենից խնդրեցին բացատրել այդ խոսքի իմաստը, պատասխանեց. ''Մարմնական տեսքը կարևոր է'': Տասը տարի առաջ հայտարարեց, թե միասեռականության գեներ[1] կրող զավակների մայրերին պետք է աբորտի լիակատար իրավունք տրվի: Երբ մեղադրվեց, թե նման խոսքերն արժանի են միայն նացիստական էուգենետիկայի գիտնականներին, պատասխանեց. ''Դա սոսկ ենթադրական միտք էր: Ուզում էի պարզապես ասել, որ եթե հնարավոր լիներ գտնել միասեռականության գեները երեխայի ծնունդից առաջ, բազմաթիվ կանայք կնախընտրեին աբորտի դիմել: Որովհետև մայրերի մեծամասնությունը ուզում է նաև տատիկ դառնալ: Այդպես չէ՞'': Հետո էլ կողմ արտահայտվեց գենետիկական քննություններին, պնդելով, թե ''ապուշությունը'' մի օր բուժելի է դառնալու և նրանից հնարավոր կլինի խուսափել: 2000 թվականին Ուաթսոնը կարծիքներ հայտնեց գեների և մաշկի գույնի վերաբերյալ, առաջ քաշելով մի վարկած, թե իրական կապ կա սեռական ուժգին ցանկության և սևամորթության միջև: Այդ դեպքում էլ զայրույթի ալիք բարձրացրեցին ամերիկացի գիտնականները, հայտարարելով, թե ծերուկ կոլեգան ''չարաշահում է անցյալում ձեռքբերված հաջողությունները և փորձում է տարածել ամբողջովին անհիմն կարծիքներ''»:
Ինչևէ. Դոկինսի կողմից մեջբերված ''գիտնականները'', աթեիստների բարոյական և իմացական (արդյոք գենետիկակա՞ն) բարձրակարգությունը ապացուցելու փոխարեն՝ ճիշտ հակառակ պատկերն են մեզ ներկայացնում:
Բայց օգտակար կլինի մի պահ ևս կանգ առնել Ուաթսոնի գաղափարների վրա, հասկանալու համար, թե բանական ի՛նչ հիմքի վրա է նա կառուցում իր աթեիզմը, քանի որ այն շատ ամուր է և քրիստոնյաների համար կարող է շատ օգտակար լինել: Իր «ԴՆԹ-ն. Կյանքի գաղտնիքը» գրքում Ուաթսոնը հասնում է մինչև իսկ հաստատելու, թե ԴՆԹ-ի հայտնագործումն իրեն հնարավորություն է տվել թափանցել «կյանքի գաղտնիքից» ներս, ապացուցելով «Տասնիններորդ դարի մատերիալիստական մտքի հեղափոխությունը»: Կյանքի մեջ, տակավին գրում է Ուաթսոնը, չկա «յուրահատուկ ոչինչ», և այն «ա՛յլ բան չէ, քան միայն՝ քիմիական խնդիր», և որպես այդպիսին հեշտորեն ըմբռնելի է, իսկ մարդը «գենետիկայի խաղաքարերի պատահական նետման արդյունքն է»[2]: Այս մտքերից – որոնք ուղղակի հակառակ բևեռն են մեծ բիոքիմիկոս Էրվին Շարգաֆֆի համոզմունքների, որը սովոր էր կյանքն անվանել «անթափանցելի խորհուրդ», ինչպես նաև Ուաթսոնի կոլեգա Ֆրանսիզ Քրիկքի, որն, ինչպես ասացինք Երկրորդ գլխում, կյանքը նկատում է որպես «հրաշք» – Ուաթսոնը, հետևողականորեն, հանգում է մի քանի եզրակացությունների. եթե ԴՆԹ-ն ամբողջ կյանքն է և եթե ամբողջ կյանքն ամփոփված է սոսկ ԴՆԹ-ի մեջ, ուրեմն մարդկանց միջև որևէ տարբերություն, և մարդկանց ու կենդանիների միջև որևէ տարբերություն, ամփոփված է միմիայն և բացառապես ԴՆԹ-ի մեջ: Այս եզրակացության և ռասսիզմի միջև հեռավորությունն ընդամենը մի քայլ է: Ուաթսոնի պնդմամբ, սպիտակամորթների և սևամորթների միջև զարգացման աստիճանի տարբերությունը հետևանքը չէ միմյանցից տարբերվող մշակույթների, պատմության ու կրթության, այլ՝ գենետիկական գործոնների, որոնք որպես այդպիսին անհաղթահարելի են, մնայուն ու անփոփոխ:
Բայց Ուաթսոնի ամենաանհեթեթ միտքն այն է, որ նրան թվում է՝ թե ԴՆԹ-ի բացահայտմամբ լիովին բացառվում են կրոնն ու հավատքը: Այս անհեթեթությունը հնարավոր է դառնում, քանի որ նա, և իր նման շա՜տ շատերը, լիովին անտեղյակ են Քրիստոնեական Հավատքին և այն շփոթում են հին հեթանոսական հավատալիքների հետ: Գրում է. «Կա՞ աստվածային ինչ-որ մի բան բջիջի ներսում, մի բան, որ կոչվում է կյանք: ԴՆԹ-ն այս հարցին վճռական կերպով պատասխանում է. Ո՛չ»[3]:
Չհամաձայնվելու երեք պատճառ ունենք: Ամենաանմիջականն այն է, որ ԴՆԹ-ն ինքնըստինքյան անշունչ մատերիա է, այն կյանքը չէ: Համեմատության համար կարող ենք նմանեցնել համակարգչային ծրագրին. ունեք համակարգիչ և համակարգչային ծրագիր, բայց երկուսն էլ անզոր են աշխատելու առանց էլեկտրականության: Համակարգիչը մարմինն է, իսկ համակարգչային ծրագիրը՝ ԴՆԹ-ն: Բայց երկուսից ոչ մեկն էլ կյանքը չէ (էլեկտրականությունը՝ համակարգչի պարագային): Կյանքն աշխատացնում է այդ երկուսին, բայց չի նույնանում նրանցից ոչ մեկի հետ: Ինչպես արդեն տեսանք նախորդ էջերում, ոչ ոք չգիտի՝ թե ի՛նչ է կյանքը: Հետևաբար, Ուաթսոնի և իր նմանների կողմից կյանքի հետ ԴՆԹ-ի նույնացումը չունի գիտական ոչ մի հիմք:
Երկրորդ, Ուաթսոնը բջիջի աշխատանքային կոդը շփոթում է աշխատանքի իսկ առաջին պատճառի հետ: Նման է հետևյալին. երևակայենք մի գրաքննադատ, որը բանաստեղծության տառերը զատորոշելուց հետո հայտարարի, թե դրանով ապացուցում է, որ այդ բանաստեղծության համար բանաստեղծ գոյություն չունի. կամ համակարգչային մի տեխնիկ, որը ծրագրավորման լեզուն բացահայտելուց հետո պնդի, թե ծրագրավորող գոյություն չունի, քանի որ ծրագիրն աշխատում է ինքնուրույն կերպով: Միայն երկու բան կարող ենք մտածել. Ուաթսոնը կա՛մ անգիտակից կերպով է իրեն թույլ տվել այս շփոթումը (և այս դեպքում հստակ երևում է նրա որպես գիտնական անլուրջ լինելը), կա՛մ էլ գիտակցաբար ցանկացել է խաբել իր ընթերցողներին (իսկ այս դեպքում նա ուղղակի անբարոյական է):
Բայց ամենակարևորն այն է, որ Ուաթսոնը հեթանոսական տիպի հավատալիքները շփոթում է Քրիստոնեական Հավատքի հետ: Տարբերությունն այն է, որ հեթանոսական տիպի հավատալիքները անիմիստական, վիտալիստական, ներգոյութենական են, այսինքն՝ ֆիզիկական և կենսաբանական կյանքի ներսում նշմարում են աստվածային, բանական, ներգոյութենական, անանձնական ուժերի ներկայությունը, մինչ քրիստոնեական փիլիսոփայությունը պնդում է անդրանցական, վերանցական, անձնավորված, արարիչ սկզբունքի գոյության վրա, հստակ բաժանում դնելով Արարչի և արարածների միջև:
Եվ սա խիստ կարևոր կետ է Քրիստոնեության համար: Ուաթսոնը, հետևաբար, ճիշտ հասկացվելու դեպքում ընդգծում է մի շատ կարևոր գաղափար. ԴՆԹ-ի բացահայտումը հերքում է հեթանոսական մտքերը, պանթեիստական հավատալիքները, հեթանոսների և Ջորդանո Բրունոյի նմանների կողմից պանծացված «աշխարհի ոգին» (ճիշտ ինչպես նույնն են անում Բիգ Բենգի և հարաբերականության տեսությունները), քանի որ բացառում է մատերիայի ներսում ինչ-որ մոգական վիտալիզմի (կենսականության) գոյությունն ու հնարավորությունը, այսինքն՝ հեթանոսների կողմից մտածված ''աստվածային'' մատերիայի գոյությունը: Մինչդեռ, կրկնում ենք, դա ոչ մի կապ չունի Արարիչ Աստծո քրիստոնեական գաղափարի հետ:
Նրա համար, մինչդեռ, ով հավատում է վերանցական Աստծուն, և հատկապես քրիստոնյայի համար, փաստը, որ բջիջն ունի իր ինքնուրույն, կանոնակարգված, օրինաչափված աշխատակարգը, լիովին տրամաբանական է, քանի որ յուրաքանչյուր մարմին, երկրային թե երկնային, պետք է ենթակա լինի իր Արարչի կողմից հաստատված օրենքներին, իր «Աստվածային Հեղինակին», Տիեզերքի Ճարտարապետին, ինչպես կասեին Կոպերնիկոսը, Նյուտոնն ու Քեփլերը:
Միաժամանակ, վերանցական Աստծո հանդեպ հավատքը պահանջում է, որ տարբերություն դրվի մատերիայի և հոգու միջև. տարբերություն, որը Ուաթսոնն ակամա ընդունում է, երբ գրում է, թե «մարդկային խղճի ու գիտակցության» վերաբերյալ մեր գիտելիքները չափազանց «տարրական» են[4] (թեև հետո, իր գրքի վերջին էջում, բավականին անհասկանալի ձևով փորձում է բացատրել, անշուշտ անհեթեթորեն, թե իբր սերը «գրված է ԴՆԹ-ի մեջ» և «մեր գեների կողմից մարդկությանը տրված ամենամեծ պարգևն է»): Այդ գիտելիքները տարրական են, որովհետև խիղճն ու գիտակցությունը չեն կանոնակարգվում ԴՆԹ-ով և ուրիշ ոչ մի քիմիական կոդով, և ոչ մի գիտնական երբևէ չի կարող նրանց վրա երկարել իր ձեռքերը կամ զննել դրանք իր մանրադիտակով (նույնը, անշուշտ, վերաբերվում է նաև սիրույն, քանի որ խիղճն ու սերը – սրանք իսկապես այո՛ – աստվածայինի «հետքերն» են մեզնում):
[1] Սա էլ որոշ պակասամիտների զառանցանքներից մեկն է. գոյություն չունեն միասեռականությանը կապված ոչ մի գեն եւ ոչ մի հորմոն: Միասեռականությունը հոգեբանական խնդիր է և որպես այդպիսին ոչ մի կապ չունի մարմնական կառուցվածքի հետ: Սա էլ այն պարզ օրինակներից է, երբ ոմանք իրենց առասպելաբանությունները փորձում են տարածել գիտության անվան տակ: Նման հարցերի մասին այս գրքում կխոսվի, երբ անդրադարձ կկատարվի էուգենետիկային:
[2] J. Watson, Dna, il segreto della vita, Adelphi, Milano 2004, p. 415.
[3] Նույն, p. 12.
[4] Նույն, p. 406.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։