Էուգենետիկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում – Գրադարան – Mashtoz.org

Էուգենետիկան Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես գրում է Վալենտինա Քոսթան, այնպիսի փորձարկումներ, ինչպիսիք էին անհարմար նկատվածների ամլացումը, պետական դպրոցներում տղա և աղջիկ երեխաների կղզիացումը, լոբոտոմիան (ուղեղի մասնակի հեռացումը) և էլեկտրական ցնցումները (էլեկտրոշոկը) կիրառվեցին որպես կանխարգելման իրական միջոցներ, պաշտպանելու համար այն ''արժանավոր անձանց'', որոնք պարտականությունն էին ունենալու ցեղի մեջ առաջ տանելու իրենց բարձրակարգ հատկությունները: Էուգենետիկան Միացյալ Նահանգներում նախևառաջ զարգացավ Լոնգ Այլընդի լաբորատորիաներում, Գալթոնի մեծ հետևորդը հանդիսացող մի հավաբույծի աջակցությամբ: Միացյալ Նահանգներում էուգենետիկական ծրագրերն առաջ էին տարվում և պաշտպանվում էին հանուն պրոգրեսսիստական կեղծ-գիտական իդեոլոգիայի, որի նպատակն էր բարելավել մարդկային ցեղը, հասնելու համար կատարյալ անհատների սելեկցիային:
Ամբողջ Եվրոպայից դեպի Միացյալ Նահանգներ տեղափոխվող միլիոնավոր գաղթականներ, այսպես կոչված մտային թերզարգացածների, աղքատների, պոռնիկների, հարբեցողների հետ միասին եղան ամերիկյան էուգենետիկայի գլխավոր թիրախը: «Հին Աշխարհից» գաղթող ժողովուրդը սկզբում դիտվում էր որպես բախտավորություն արագ զարգացող արդյունաբերության համար. արդարև, էժան աշխատուժի թանկագին աղբյուր էին ամերիկյան ձեռնարկատերերի համար: Տարիներ անց, սակայն, մշակութային, լեզվական, կրոնական չափազանց և աճող տարբերությունները սկսեցին մի համընդհանուր դժգոհություն սնուցել ամերիկացի ժողովրդի մեջ, որն ավանդաբար խիստ հայրենասեր է և չափազանց պարծենկոտ է իր սեփական մշակույթով: Այդ իրավիճակում էուգենիստները հիմնական դեր խաղացին, իրական ատելություն սերմանելով գաղթականների դեմ, որոնք ընդհանուր առմամբ համարվում էին որպես կենսաբանորեն ցածրակարգ մարդիկ:
Ամերիկացի առաջին ու ամենահայտնի էուգենիստներից մեկն էր Հենրի Հ. Գոդդարդը, որը ստանձնեց Էլլիս Այլընդում ցամաք իջնող բոլոր գաղթականների միջից զատելու պաշտոնը բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր վտանգ հանդիսանալ Ամերիկայի ապագա որդիների համար: Գոդդարդը մտային թեստերի էր ենթարկում բոլոր նրանց, ում ինքն իսկ, նրանց արտաքինի պատճառով, համարում էր պոտենցիալ հիվանդներ, անառողջներ կամ «պակասավորներ»: Այդ թեստերի գիտական անվավերականությունը ակնհայտ է, քանի որ կատարվում էին գաղթականների համար անհայտ կամ կիսաանհայտ լեզվով (անգլերենով), անհյուրընկալ ու անմարդկային միջավայրում, օվկիանոսը երրորդ կարգի նավախցերում անցնելուց անմիջապես հետո: Պարզ է, որ այդ կերպ անցկացված թեստերը կարող էին միմիայն հաստատել գաղթականների մտային ցածրակարգության վերաբերյալ Գոդդարդի ենթադրությունները: Այդ ''փաստերին'' տրված մեկնաբանություններն, ապա, ահազանգի նման հնչեցին ամերիկացիների ականջներին, քանի որ թեստերից պարզվում էր, որ նորեկները ո՛չ միայն «պակասամիտ» էին, այլ որ նրանց այդ հատկությունը գրանցում էր հարատև աճ: Հետևաբար լիովին անհրաժեշտ էր համարվում խուսափել ամերիկյան արյան ապականումից, քանի որ մտային տկարությունն անկասկածելիորեն նկատվում էր որպես գենետիկորեն փոխանցելի: Գոդդարդը մինչև իսկ հասավ ''գիտական վստահությամբ'' հաստատելու, թե «մտային տկարությունը դա մտքի կամ ուղեղի մի վիճակ է, որը ծնողից զավակներին փոխանցվում է այն նույն կանոնավորությամբ, որով ժառանգվում են աչքերի կամ մազերի գույնը»:
Ամերիկյան Էուգենետիկական Ընկերության հիմնադիրներից մեկը հանդիսացող Մեդիսոն Գրանթը պնդում էր, թե իբր գոյություն ունեն եվրոպական երեք ցեղեր. Հյուսիսայինները, որոնք տիրող նկարագիր ունեն, արկածախնդիր են, արիստոկրատներ, իրենք իրենց նկատմամբ վստահասիրտ, բողոքական. Ալպյանները, որոնք միշտ հնազանդ են քաղաքական կամ կրոնական իշխանություններին. և ի վերջո Միջերկրականները, որոնք կաթողիկե են և ամբողջովին ստրկացած: Այդ ժամանակաշրջանի ամերիկյան հոգեբանական թեստերում ներկա որոշ տվյալներ հաստատում են, թե հրեաների 83%ը, հունգարացիների 80%ը, իտալացիների 79%ը և ռուսների 87%ը նկատվում էր որպես «մտքով տկար», հետևաբար՝ ամլացման թեկնածու:
1917 թվականին Միացյալ Նահանգներից տասնհինգն ընդունել էին էուգենետիկական օրենքներ, որոնցով նախատեսվում էին ամուսնության հարցում սահմանափակումներ, ամուսնության արտոնություն ստանալու համար առողջ կազմվածքի բժշկական վկայական ներկայացնելու պարտավորություններ, ամլացումներ (Ինդիանա Նահանգն առաջինն էր, որ ամլացման մեթոդին օրենքի ուժ տվեց 1907 թվականին), պետական հիվանդանոցներում ու դպրոցներում կղզիացումներ: 1944 թվականին Նահանգները, որոնք իրենց «անհարմար» նկատված քաղաքացիների վրա կանոնավոր կերպով և միշտ ավելի աճող թափով կիրառում էին ամլացումը, թվով երեսունն էին: Այդ տարիներին ամլացման ենթարկված անձանց թիվն անցնում է 40.000ի սահմանը: Քսանական թվականներից մինչև Երեսնական թվականներն ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգներում կատարվում էին տարեկան 200ից մինչև 600 ամլացումներ, իսկ Երեսնական թվականներից հետո տարեկան այդ ցուցանիշը հասավ 2.000ից մինչև 4.000 ամլացման: Հարկավոր է նաև ընդգծել, որ թեև ամլացման օրենքների մեծամասնությունը նախատեսում էր ''անհարմար'' նկատվածների կողմից ամլացման կամովին ու գիտակից ընդունումը, իրականում սակայն ամլացումների մեծամասնությունը կատարվեց բռնի եղանակով: Դա անելու համար էուգենիստները դիմում էին խաբեությունների, բժշկական կեղծ ախտորոշումների և սուտ չքմեղանքների, որոնցից մեկն էր այն, որ մտային հիվանդներից ոմանք անկարող էին ուղղակիորեն տալու իրենց համաձայնությունը: Բայց տղամարդիկ և կանայք, որոնք Միացյալ Նահանգների հիվանդանոցներում ենթարկվում էին բռնի ամլացման, հիմնականում սևամորթներ էին կամ գաղթականներ, անձինք, որոնք անկասկած ի վիճակի էին գիտակցելու և կամավոր որոշումներ կայացնելու, ինչպես վկայում են Վիրջինիա և Կալիֆորնիա Նահանգների արխիվային փաստաթղթերը:
Բնակչության կողմից այդ հիմնարկներին տրված պաշտպանությունը, ինչպիսիք էին կղզիացման պետական դպրոցներն ու ամլացման կենտրոնները, իրոք նշանակալի եղավ: Բարյացակամորեն ընդունվեց նաև հիմնականում ամերիկյան համալսարաններից հրավիրված փորձագետներից կազմված հանձնախմբի ձևավորումը, որոնց հանձնարարված էր լույս սփռել ամենակարևոր ու ամենաբարդ խնդիրների վրա, ինչպիսին էր նաև հանրային առողջությունը:
Էուգենետիկական բազմաթիվ օրենքներ, որոնք հասարակությունն «անհարմարներից» ազատելու նպատակով ընդունվել էին Քսաներորդ դարի առաջին տարիներին, Միացյալ Նահանգներում ուժի մեջ մնացին մինչև Յոթանասունական թվականների վերջը, ինչպիսին է, օրինակի համար, Վիրջինիա Նահանգի պարագան, որը 1979 թվականին եղավ վերջին Նահանգը, որ վերացրեց բռնի ամլացման օրենքը: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների հիսունից քսանյոթը էուգենետիկական օրենքներ ընդունեցին 1907-1979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Որոշիչ եղավ այն փաստը, որ էուգենետիկական ուսումնասիրություններն ու փորձարկումներն ամբողջովին ֆինանսավորվում էին Միացյալ Նահանգների կապիտալիզմը ներկայացնող շա՜տ հայտնի կազմակերպությունների ու անձնավորությունների կողմից: Պարզապես մի քանի անուն մեջբերելու համար հիշենք. Հ. Ֆորդ, Ջ. Քելլոգգ, Ջ. Ռոքֆելլեր և նավթային Սթանդարդ Օյլ ընկերությունը: Էուգենետիկան, մի խոսքով, կարողացել էր մուտք գործել ամենուր և մաս կազմել Միացյալ Նահանգների հաստատություններից բոլորին, առողջապահությունից մինչև սոցիալական ոլորտ, մինչև կրթություն, 1928 թվականին դառնալով համալսարանական դասընթաց 328 վարժարաններում, որոնցից էին նաև Յելը, Հարվարդը, Սթենֆորդը[1]:
Արդեն մեջբերված Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուաթսոնը նույնպես որոշակի հետաքրքրական տեղեկություններ է տալիս. Էուգենետիկան «խանդավառությամբ ողջունվեց հատկապես նրանց կողմից, ովքեր այսօր կանվանվեին ''լիբերալ ձախակողմյաններ'': Ֆաբիանական սոցիալիստները զանգվածաբար ընդունեցին էուգենետիկական գաղափարները. նրանցից Ջորջ Բերնարդ Շոուն գրեց. ''Այսօր այլևս ոչ մի բանական պատճառ չկա հրաժարվելու ընդունել այն փաստը, որ միմիայն էուգենետիկական կրոնը կարող է փրկել մեր քաղաքակրթությունը''»: «Էուգենետիկական շարժումը», շարունակում է Ուաթսոնը, «պարտադիր պայման էր նաև կանանց նորածին շարժման մեջ: Հղիության արհեստական խոչընդոտման գլխավոր պաշտպանները հանդիսացող ֆեմմինիստները – Մարի Սթոփսը Անգլիայում և, Միացյալ Նահանգներում, Մարգրեթ Սենջըրը[2], «Planned Parenthood»ի հիմնադրուհին [որն մինչև օրս էլ հանդիսանում է աբորտը քարոզող ու տարածող միջազգային ազդեցիկ կազմակերպություններից մեկը] – էուգենետիկան նկատում էին որպես ծնունդների թվի կարգավորման մի ձև: 1919 թվականին Սենջըրն առանց խոսքերը ծամելու հայտարարեց. ''Ավելի զավակներ օժտվածներից և նվազ զավակներ չօժտվածներից. սա առաջին կետն է ծնունդների թվի կարգավորման համար''»: Ուաթսոնը լուսաբանում է նաև շարունակական կապը գալթոնյան էուգենետիկայի և նացիստական էուգենետիկայի միջև, հիշեցնելով, որ «իշխանության գլուխ գալուց քիչ անց, 1933 թվականին, նացիստներն արդեն մի ամբողջական օրենք էին ընդունել ամլացման մասին, – ժառանգական թերությունների կանխարգելման օրենքը, – որը բացահայտ կերպով հիմնված էր ամերիկյան մոդելի վրա: [...] Երեք տարվա ընթացքում ամլացվեցին 225 հոգի»:
Եվ մինչ Գալթոնն իր «աֆրիկյան տեղեկագրերով» «հաստատում էր ցածրակարգ ցեղերի մասին նախապաշարումները», Ուալլասը, «որըԴարվինի հետ միասին բացահայտել էր բնական սելեկցիան [բայց, ինչպես տեսանք, պաշտպանում էր մարդու եզակիությունը], 1912 թվականին դատապարտեց էուգենետիկան, այն անվանելով ''ո՛չ այլ ինչ, քան գիտական մի գոռոզամիտ կաստայի բռնի միջամտություն իրեն չվերաբերվող գործերի''»[3]:
Այս նյութը խորացնելու համար կարելի է ընթերցել նաև Շթեֆան Քյուհլի «The Nazi Connection» գիրքը, ուր խոսվում է ամերիկյան էուգենետիկական շարժման, հատկապես «սպիտակ-անգլոսաքսոն-բողոքական» կոչվածների, և նացիստական էուգենետիկական շարժման միջև գոյություն ունեցող ուղիղ կապի մասին, ինչպես նաև այն սերտ ու կանոնավոր հարաբերությունների մասին, որոնք տեղի էին ունենում ամերիկացի էուգենիստ գիտնականների և գերմանացի էուգենիստ գիտնականների միջև, երկարատև տարիների ժամանակահատվածում:
Վալենտինա Քոսթան ամփոփում է. «Կարևոր է ընդգծել, թե ինչպես ամերիկացի էուգենիստները երբեք հեռավորություն չպահպանեցին իրենց գերմանացի գործընկերներից և երբեք տարբերություն չդրեցին իրենց ''բարի նպատակներ հետապնդող'' էուգենետիկայի և նացիստների ''չար նպատակներ հետապնդող'' էուգենետիկայի միջև: Մանավանդ թե, խանդավառվում էին գերմանացիների առաջընթացով, այն աստիճան, որ նացիստական օրենքը նկատում էին որպես ''էուգենետիկական ամլացման մոդելի'' իրականացումը: Էուգենետիկական ուսումնասիրությունների և փորձարկումների բազմաթիվ խմբերը, կազմակերպությունները, ինստիտուտներն ու լաբորատորիաները, որոնք Միացյալ Նահանգներում հիմնվեցին Քսաներորդ դարասկզբից սկսած, Քսանական թվականների սկզբից արդեն հավատարիմ հարաբերություններ ունեցան իրենց գերմանացի գործընկերների հետ: Ամերիկացի էուգենիստների և գերմանացի էուգենիստների միջև համագործակցությունը շարունակվեց Երեսնական թվականների ամբողջ ընթացքում. այդ ժամանակահատվածում նրանք բազմաթիվ առիթներ ունեցան հանդիպելու, կարծիքներ փոխանակելու, միմյանց տեղեկացնելու գրանցված զարգացումների մասին և փոխադարձ գնահատականներ հնչեցնելու կատարված աշխատանքի համար:
Նույնիսկ 1935 թվականի Նյուրենբերգյան ռասսիստական օրենքների վավերացումից հետո, որոնցով սկսվեցին կանոնակարգված հալածանքները հրեաների դեմ, ամերիկացի էուգենիստներն իրենց աջակցությունից չզրկեցին Ռայխի առաջնորդներին: Հիտլերի իշխանության բարձրանալուց երկու տարի անց Վիրջինիայի էուգենետիկական շարժման անդամներից մեկն ահա այսպես էր արտահայտում իր մտահոգությունը, որ Ամերիկան կարող է կորցնել առաջնային իր դիրքն այն հարցում, որն ինքը առաջինն է զարգացրել որպես մեկնակետ ունենալով Դարվինի և նրա զարմիկ Գալթոնի տեսությունները: Ասում էր. ''Գերմանացիները մեզ հաղթում են մեր իսկ խաղում'':
Միացյալ Նահանգների կողմից նացիստական իդեոլոգիային տրված աջակցության մի ա՛յլ օրինակ է հանդիսանում «Eugenics Record Office»ի վերահսկիչ Հերրի Լաֆլինը: Նա, գործածելով իր դիրքը, ջանաց տարածել նացիստների ռասսիստական քարոզչությունը և թարգմանել տվեց նացիստական քարոզչական մի ֆիլմ, որի նպատակն էր ամերիկյան հասարակության մեջ տարածել հիվանդների ամլացման անհրաժեշտության գաղափարը: Այդ ֆիլմը ցուցադրվեց բողոքական եկեղեցիներում, ակումբներում, վարժարաններում ու բարձրակարգ կրթահամալիրներում: 1936 թվականին Հայդելբերգի Համալսարանը պատվո վկայական շնորհեց Լաֆլինին գիտական ոլորտում նրա ձեռքբերումների համար»:
Ավելի լավ հասկանալու համար, թե մինչև ո՛ւր կարող է հասնել հետևողականորեն կիրառված մատերիալիստական իդեոլոգիան, կարող է հետաքրքրական լինել ծանոթանալը նաև Մայքլ Դ'Անտոնիոյի «Պետության զավակների ապստամբությունը» գրքին, որի պատմությունները տեղի են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ճիշտ այն տարիներին, երբ էուգենետիկան տոնում էր իր հաղթանակը: Գրում է Դ'Անտոնիոն. «Ֆերնալդ ինստիտուտը և հարյուրից ավելի ա՛յլ պետական ինստիտուտներ, որտեղ կղզիացվել էին ամերիկացի հարյուր հազարավոր երեխաներ, – որոնցից շա՜տ շատերը բացարձակապես առողջ էին, – կենտրոնը հանդիսացան պետական երկարատև մի փորձի, – որը մեծ մասամբ այսօր մոռացվել է, – ստեղծելու մարդկային մի ավելի լավ ցեղ: Հիսուն տարի շարունակ պետական բժիշկներն ու բյուրոկրատները խնդիրներ ունեցող տղաների ու աղջիկների վրա կիրառեցին անասունների բուծման սկզբունքները, զատելու և ոչնչացնելու համար ցածրորակներին: Այդ երեխաները դրոշմվեցին պակասամիտ որակավորմամբ, բայց նրանց մեծամասնությունն այսօր ամբողջովին առողջ կնկատվեր ախտորոշման սովորական ստանդարտների համաձայն: Ամերիկյան էուգենետիկական շարժումը ազդեցիկ քարոզարշավ կատարեց հիմնել տալու համար այդ ինստիտուտները և այդտեղ փակելու համար այն երեխաներին, որոնց նկատում էին որպես որդեծնության համար անհարմար: [...] Այդ անօգնական երեխաները բանտարկվեցին պետական պաշտոնյաների ու բյուրոկրատների կողմից, որոնք թյուր եղանակով գործածեցին Խելացիության Քանորդը (IQ) հաշվելու թեստերը: Բանտարկվելուց հետո երեխաները ենթարկվեցին կղզիացման, փոքր տարածքները չափազանց մեծ քանակի երեխաներով գերբնակեցման, հարկադիր աշխատանքի և ֆիզիկական պարբերական բռնությունների, որոնց շարքին կարող ենք հիշատակել լոբոտոմիան, էլեկտրական ցնցումները և վիրահատական ամլացումը»: Այս ամենից բացի, «Ֆերնալդի գիտնականները բանտարկված երեխաներին օգտագործում էին վիթխարի քանակով ամենատարբեր փորձարկումների համար: Բանտարկված երեխաների օգտագործումը փորձարկումների համար, սակայն, չսահմանափակվեց միայն Ֆերնալդով: Վաթսունական թվականներին, օրինակ, Նյու Յորքի Ուիլլոբրուքի դպրոցի երեխաներին վարակեցին լյարդատապի (հեպատիտի) վիրուսով, մի խումբ ուսումնասիրողներ, որոնք պնդում էին, թե երեխաները միևնույնն է, մի օր անխուսափելիորեն վարակվելու էին այդ ախտով»[4]:
[1] Տվյալները մեջբերված են հետևյալ աշխատությունից. V. Costa, L’origine anglosassone dell’eugenetica, Trento 2007.
[2] Մարգրեթ Սենջըրը գրում էր. «''Հարմարների'' ու ''անհարմարների'' ծնելիության միջև հավասարակշռության բացակայությունը, որ ճանաչվել է որպես քաղաքակրթության դեմ այժմյան մեծագույն սպառնալիքը, չի կարող ուղղվել սկիզբ տալով ծնելիության հարցում մրցակցության այս երկու դասակարգերի միջև: Ցածր դասակարգերի օրինակը, մտային տկարություն ունեցողների, պակասամիտների, աղքատության վիճակում գտնվողների արգասաբերությունը չպետք է որպես մոդել ընդունվի մտային և ֆիզիկական հարթության վրա ''հարմար'' հանդիսացող և հետևաբար՝ նվազ արգասաբեր ծնողների համար, որոնք պատկանում են կրթված և ունևոր դասակարգին: Ընդհակառակն, ամենաանհապաղ խնդիրն այսօր այն է, թե ինչպե՛ս սահմանափակել և չխրախուսել մտային և ֆիզիկական հարթության վրա ցածրակարգ հանդիսացողների գերարգասաբերությունը: Հնարավոր է, որ ամերիկյան հասարակության համար անխուսափելի լինեն ուժգին և սպարտայական մեթոդները, եթե շարունակվի բարեհաճությամբ խրախուսվել պատահական ու քաոսային որդեծնությունը, որը սկիզբ է առնում մեր տխմար ու դաժան զգացմունքայնությունից» (մեջբերված է հետևյալ գրքում. E. Roccella - L. Scaraffia, Contro il cristianesimo, Piemme, Casale Monferrato 2005, p. 185):
[3] J. Watson, Dna, il segreto della vita, Adelphi, Milano 2004, pp. 33-45.
[4] M. D’Antonio, La rivolta dei figli dello Stato, Fandango, 2005, pp. 11-21, 356.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։