Էուգենետիկան ա՛յլ երկրներում – Գրադարան – Mashtoz.org

Էուգենետիկան ա՛յլ երկրներում

Ինչպես արդեն նշեցինք, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Գերմանիայից բացի, էուգենետիկան նշանակալի հաջողությունների հասավ նաև ա՛յլ երկրներում և ա՛յլ իդեոլոգիաների մոտ: Կարող ենք խոսել կարմիր (Չինաստան և Հյուսիսային Կորեա), կանաչ (կենդանապաշտպանների և բնապահպանների որոշ ծայրահեղ ներկայացուցիչներ) և սոցիալ-դեմոկրատական էուգենետիկաների մասին: Միշտ, սակայն, բոլորի մոտ գաղափարային միևնույն հիմքն է. մարդու վերածումը անասունի:
Քսաներորդ դարի առաջին կեսին էուգենետիկան այնքա՜ն տարածված էր, որ Նյուրենբերգյան դատավարության ժամանակ գերմանացիներին մարդկության դեմ ոճրագործության մեղադրանք չներկայացվեց բռնի ամլացումների համար, որոնք Գերմանիայում պետական մակարդակով կատարվել էին 1938 թվականից սկսած: Մեղադրյալների համար չափազանց հեշտ կլիներ հիշեցնել, որ իրենք առաջինը չեն եղել այդ գործում, այլ իրենցից առաջ կամ իրենց հետ միաժամանակ այդ ոճիրը պետական մակարդակով կիրառվել է նաև Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում և Ֆինլանդիայում: Բացարձակապես պատահական չէ, որ էուգենետիկան ուժգին տարածվեց հենց այդ երկրներում, որոնք բոլորն էլ երկրներ են, ուր Կաթողիկե Եկեղեցու ձայնը տկար կամ գրեթե բացակա է, քանի որ խոսքը վերաբերվում է բողոքական մեծամասնություն ունեցող երկրների: Շվեդիայում, օրինակի համար, էուգենետիկական առաջին միջոցառումները սկսվել են 1922 թվականին և առաջ են տարվել սոցիալ-դեմոկրատների աջակցությամբ, թափ ստանալով Նոբելյան մրցանակ ստացած Գուննար և Ալվա Միրդալ ամուսինների տեսություններից[1]:
Տեղին է հիշել, որ էուգենետիկան այդ տարիներին ամբողջ աշխարհով մեկ դարձել էր մի իրական մտասևեռում, որի տխուր հետևանքները սակայն մեղմացվեցին այն երկրներում, ուր Կաթողիկե Եկեղեցու ձայնը հզոր էր և տիրող կաթողիկե մշակույթն ու մտածելակերպը չթույլատրեցին, որ էուգենետիկան կարողանա հասնել պետական մակարդակի ընդունելության և մուտք գործի օրենսդրական դաշտ: Այդպիսին է, օրինակի համար, Իտալիայի պարագան, ուր նույնպես որոշ գիտնականներ վարակվել էին էուգենետիկական տենդով, որոնցից մեկն էր հոգեբան Ջուզեպպե Սերջին, որը 1889 թվականին լույս տեսած իր «Մարդկային վատթար հիվանդությունները» գրքում առաջարկում էր «բռնի ուժով վերացնել դեգեներատներին, ինչպիսիք էին հանցագործները, թափառականները, մակաբույծները», հասնելով մինչև իսկ հաստատելու. «Դեգեներատ եմ անվանում բոլոր այն մարդկային էակներին, որոնք գոյության համար մղվող պայքարում թեև գոյատևում են, այդուհանդերձ տկար են և քիչ թե շատ բացահայտ կերպով կրում են իրենց այդ տկարության նշանները և՛ իրենց ֆիզիկական կերպարանքում, և՛ իրենց գործելաձևում: Եվ դեգեներացիա եմ անվանում անհատների և նրանց զավակների վիճակը, որոնք գոյության համար մղվող պայքարում թեև չեն ոչնչացել, այդուհանդերձ գոյատևում են ցածրակարգ պայմաններում և նվազ ընդունակ են դիմագրավելու հետագա պայքարի բոլոր ֆենոմեններին»[2]:
Նման մոլար մտքերին և ընդհանրապես էուգենետիկային Կաթողիկե Եկեղեցին հակառակվեց իսկույն, սկզբից ևեթ, բնականաբար առավել հաջողություններ գրանցելով այն երկրներում, ուր կաթողիկեների թիվը մեծամասնական էր[3]: Հիշենք, օրինակի համար, Հռոմի Սրբազան Քահանայապետ Պիուս Տասնմեկերորդի 1930 թվականին հրապարակած «Casti connubii» («Ողջախոհ ամուսնության») Կոնդակը, ուր ուժգին ձայներանգով դատապարտվում են աբորտը և պետական իշխանությունների ապօրինի հավակնությունները՝ արգելելու ոմանց ամուսնությունը կամ մինչև իսկ ամլացնելու նրանց, ովքեր համարվում են ենթակա «թերակազմ սերունդ» ունենալու վտանգին: Հարկավոր է, գրում է Սրբազան Քահանայապետը, փորձել ետ կանգնեցնել որդեծնությունից նրանց, ովքեր ենթակա են հիվանդ զավակներ ունենալու վտանգին, բայց «պետական իշխանությունները ոչ մի ուղղակի իշխանություն չունեն իրենց քաղաքացիների անդամների վրա» և «ոչ մի կերպ չեն կարող ուղղակիորեն վնաս հասցնել կամ դպչել մարմնի ամբողջականությանը, ո՛չ էուգենետիկական պատճառներից, ո՛չ էլ որևիցէ ա՛յլ պատճառից ելնելով»: Բնականաբար, Սրբազան Քահանայապետի այս Կոնդակը արժանացավ բոլոր՝ անգլիացի, գերմանացի և ա՛յլ ազգությունների պատկանող էուգենիստների այլևս ավանդական դարձած ջղագրգիռ հակազդեցություններին: «Eugenics Review» պարբերականը 1931 թվականին գրեց. «Պետք է ցավոք սրտի ընդունենք, որ այսուհետև ոչ մի զինադադար չի կարող գոյություն ունենալ Հռոմի խաչակիրների և մեր միջև, որ փրկությունը փնտրում ենք մեր ձևով: Որովհետև այս դեպքում չենք գտնվում դեպի Միջնադար ետդարձի հրավերի դիմաց, որն ուղղված է անհատ կաթողիկեներին: Եթե ճիշտ ենք մեկնաբանում, գտնվում ենք խաչակրության կոչի դիմաց, որն ուղղված է արդի Պետության մտքի ու գործի ազատության դեմ»[4]: Մտքի ազատություն, Պետության գործի անվերահսկելի ամենաթողություն, խաչակրություններ, եկեղեցական միջամտություններ, միջնադարյան խավարամտություն, Պետության ինքնուրույնություն. միշտ նույն կարգախոսներն են, ծամված ու վերածամված, մինչև մեր օրերը:
[1] L. Dotti, L’utopia genetica del welfare state svedese (1934-1975), Rubbettino, Catanzaro 2004.
[2] C. Mantovani, Rigenerare la società. L’eugenetica in Italia dalle origini ottocentesche agli anni Trenta, Rubbettino, Catanzaro 2004.
[3] Իտալիայում էուգենետիկային ընդդիմացած ամենավեհ հոգիներից կարող ենք հիշել Սուրբ Ջուզեպպե Մոսքաթիին, որ բժիշկ էր և հեղինակն է 1925 թվականին լույս տեսած և հենց «Էուգենետիկա» վերնագրված մի գրքույկի նախաբանի, ուր գրում է. «Էուգենետիկայի արդի շարժումը կազմակերպում է համագումարներ, գիտաժողովներ, քվեարկություններ, առաջարկներ. գրքի շուկան հեղեղել է իր հրապարակումներով: [...] Մեծագույն կասկածամտությամբ ենք ընթերցում այդ առաջարկները՝ վերացնելու տկարներին, թոքախտավորներին, ֆրանկախտավորներին, ի ծնե խելագարներին, ինչպես նաև՝ կիրառելու սեռային ամլացումը, մալթուսական ուսուցումները, պահանջելու նախաամուսնական վկայականներ» (P. Bergamini, Laico cioè cristiano. San Giuseppe Moscati medico, Marietti, Genova-Milano 2005, p. 98):
[4] Մեջբերված է «Foglio» թերթի 2004թ. Սեպտ. 23-ի համարում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։