Թելմո Պևանին, Քարլա Քասթելլաչչին և ուժեղների իրավունքը – Գրադարան – Mashtoz.org

Թելմո Պևանին, Քարլա Քասթելլաչչին և ուժեղների իրավունքը

Նմանատիպ մտածելակերպի մի ա՛յլ օրինակ է մեզ տալիս մատերիալիստ էվոլյուցիոնիստ Թելմո Պևանին, որը ''Դարվինյան օրեր'' կազմակերպող Քարլա Քասթելլաչչիի հետ համահեղինակն է 2007 թվականին լույս տեսած «Սրբազան պատճառներ: Ծնունդից մինչև մահ. Եկեղեցու ձեռքը մեր կյանքի վրա» գրքի:
Խոսքը վերաբերվում է մի գրքի, որի էջերը լի են ոխակալությամբ ու թշնամանքով, մինչ նրանցում մեծապես բացակայում են արիստոտելական տրամաբանությունն ու բանականությունը: Հեղինակները նախևառաջ հարձակվում են ամուսնության քրիստոնեական ընկալման վրա, ապա անդրադառնում են հանրային վայրերում Խաչի ներկայությանը, Պետության կողմից Եկեղեցուն տրվող ֆինանսական միջոցներին[1] և ամենատարբեր ա՛յլ հարցերի, մինչև որ հասնում են իրենց որակավորմամբ «ամենավատ օրենքին»[2]: Անկախ այն բանից, թե ինչպիսի որակավորում կարող ենք տալ այդ օրենքին կամ դրա մասերից մի քանիսին, հետաքրքրական է այն, ինչը որ հեղինակների կողմից գրի է առնվել այդ գրքի 124-րդ էջում, ուր կարդում ենք. «40/2004 օրենքում նախևառաջ խաղի են դրված ծնողների իրավունքները, քանի որ ամեն ինչ սկսվում է նրանցից, և հատկապես՝ առողջապահության նրանց իրավունքը: Իսկ թե ծնող ասելով հասկացվում է երկու կամ միայն մեկ հոգի, այս տեսանկյունից դիտված նվազ կարևոր է»: Մինչդեռ «երեխայի իրավունքներն ամբողջովին ա՛յլ բան են»: Հեղինակներն անշուշտ չեն մանրամասնում, թե այդ «ա՛յլ բան»ը ի՞նչ է:
Նման դիրքորոշում որդեգրել՝ նշանակում է տակնուվրա անել իրականությունը. այս երկու մատերիալիստների պնդմամբ, մի նոր մարդ ''արտադրելու'' գործում «նվազ կարևոր» է նրա ծնողների քանակը, նրա իրավունքները, ներառյալ առողջության նրա իրավունքը, քանի որ մատերիալիստների համար առաջնակարգ կարևորություն ունի հասուն, հետևաբար՝ երեխայի համեմատ ավելի ուժեղ ծնողների «առողջապահության իրավունքը»: Զավակը, որը տրամաբանության և բնության օրենքներով ունի բոլոր իրավունքները (ներառյալ երկու՝ մի արու և մի էգ ծնող ունենալու իրավունքը) և չունի ոչ մի պարտավորություն, այդպիսով զոհաբերվում է իրեն ծրագրավորողների իրավունքին և բիրտ ուժին:
Երկու հեղինակների մտքի ամենանշանակալի մասը, սակայն, այն է, ուր խոսվում է զավակների առողջության գիտական խնդրի մասին (թեև զավակների առողջությունը, ինչպես տեսանք, իրենց համար նվազ կարևոր խնդիր է): Եվ այսպես, գրքի 141-րդ էջում նրանք բացատրում են, որ 2002 թվականին «Nature Cell Biology» և «Nature Medicine» ամսագրերը «համատեղ հրատարակել են պտղաբերությանը նվիրված մի հավելված: Հոդվածներից մեկում, անգլիացի երկու գիտաշխատողներ՝ Ռոբերտ Ուինսթոնը և Քեյթ Հարդին առաջ էին քաշում վճռական հարցը. ''Անտեսո՞ւմ ենք արհեստական բեղմնավորման պոտենցիալ վտանգները'': Հեղինակները նկատել էին տալիս, որ ամենավերջին տվյալների համաձայն և հակառակ այն ամենի, ինչ կարող էինք մտածել նախկին ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, արհեստական բեղմնավորման մեթոդներով ծնված երեխաները նշանակալիորեն շա՜տ ավելի մեծ հավանականություն ունեն կրելու ծանր մալֆորմացիաներ ծնունդից հետո»: Իրենց տեսակետին լրջորեն հակառակվող այս մեջբերումը կատարելուց հետո, սակայն, Պևանին և Քասթելլաչչին բացարձակապես ոչ մի փորձ չեն կատարում հերքելու այս կարևոր ընդդիմախոսությունը գիտական մեթոդներով ու տվյալներով, թեև ողջամիտ խոհեմությունն այս հարցում լիովին տեղին կլիներ, այլ պատասխանում են գոռգոռոցի մեթոդով, անտրամաբանականորեն հավելելով, թե «նախքան ինչ-որ մեկի մտքով կանցնի, թե արհեստական բեղմնավորումն արգելելով կնվազի ծանր մալֆորմացիաներով ծնվող երեխաների թիվը, պետք է հիշեցնենք, որ այդ հավանականությունը գոյություն ունի նաև բնական բեղմնավորմամբ ծնվող երեխաների մոտ, և որ դրանից ոչ ոք դեռևս չի եզրակացրել, թե նպատակահարմար է արգելել այդ մեթոդը»: Հակասությունն ակնհայտ է. անգլիացի գիտաշխատողները խոսում են «ծանր մալֆորմացիաներ ունենալու նշանակալիորեն շա՜տ ավելի մեծ հավանականության մասին», որն արդյունքն է արհեստական բեղմնավորման, իսկ այդ «շա՜տ ավելի մեծ»ը հաշվարկվում է հենց բնական բեղմնավորմամբ ծնված երեխաների թվի համեմատ: Ուստի ակնհայտ է, որ մատերիալիստ հեղինակները պարզապես գոռգոռում են, որովհետև լուրջ ասելիք բացարձակապես չունեն:
Բայց սա ամբողջը չէ: Անգլիացի երկու գիտաշխատողներին մեջբերելով նրանք խոստովանում են, որ արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաների մոտ մալֆորմացիաների պատճառը միայն բազմապատիկ հղիությունները չեն, որոնք շատ հաճախ արդյունքն են ապակե անոթներում կատարվող բեղմնավորման տեխնիկաների, այլ նաև՝ «պրոցեդուրաներում առկա որոշ դեֆեկտների», որոնց մասին, սակայն, դեռևս գրեթե ոչինչ չգիտենք:
Հիրավի, «ապակե անոթներում, օրինակ, բեղմնավորված սաղմերը մի որոշ ժամանակ պահվում են մշակման, որից հետո միայն տեղափոխվում են, բայց ոչ ոք ճշգրիտ գաղափար չունի փողերի ներսում մայրական միջավայրի ֆիզիոլոգիական հատկությունների մասին, ուր բնական ճանապարհով բեղմնավորված սաղմերը սկսում են զարգանալ [...]: Ինչպես նաև զարմանք է պատճառում փաստը, որ ոչ ոք երբևէ չի ուսումնասիրել մշակման միջոցների և քրոմոսոմային անոմալիաների միջև կապը [...]: Անգլիացի գիտաշխատողներին ի միջի այլոց մտահոգում է նաև փաստը, որ «Icsi» տեխնիկայով կատարվող արհեստական բեղմնավորումը սկսեց կիրառվել առանց նախապես կենդանիների վրա փորձարկվելու»[3]:
Ինչպիսի՞ն է, հետևաբար, եզրակացությունը, որին հնարավոր է հասնել նման ահազանգող բացահայտումներից հետո: Արդյոք այն չէ՞, որ հարկավոր է խոհեմություն գործադրել և լավագույն գիտելիքների տիրապետել՝ լաբորատորիայի անոթներում մարդիկ արտադրելուց առաջ: Արդյոք այն չէ՞, որ յուրաքանչյուր մարդկային կյանքի հրաշքի դիմաց պետք է շարժվենք հարգալիր երկյուղածությամբ, գոնե առավել ջանասեր ու ճշգրիտ ստուգումների միջոցով: Թերևս այս բնագավառում նույնպե՞ս մարդկային գիտությունը գիտի, որ – մեծավ մասամբ – ոչինչ չգիտի: Մատերիալիստների համաձայն, ո՛չ: «Մեկ անգամ ևս, սակայն, այս ամենից չի հետևում, թե արհեստական բեղմնավորումը սահմանափակող օրենքը կարող է ինչ-որ օգուտ տալ», գրում են գրքի հեղինակները: Թե ինչո՞ւ, չեն բացատրում: Բայց իրենց միտքը հայտնի է. կարևորը ծնողների իրավունքներն ու առողջությունն է, մինչդեռ զավակների իրավունքների ու առողջության մասին կմտածեն ... զավակներն իրենք, երբ կմեծանան (անշուշտ եթե նրանց թողնեն, որ մեծանան):
Այս դիրքորոշումը կատարյալ կերպով համապատասխանում է մտահամակարգին նրա՝ ով, ինչպես գրում է Պևանին, «Ժաք Մոնոյի և ուրիշ բազմաթիվ էվոլյուցիոնիստների նման, գոհացուցիչ է գտնում մտածելը մարդկանց մասին իբրև տիեզերքի սահմանին թափառող միայնակ գնչուների»[4], իբրև «պատահականության զավակների», և ուրիշ ոչինչ: Այլապես անհնարին է հասկանալ, թե ինչպե՞ս են կարողանում այդքա՜ն թեթևամտությամբ մոտենալ մի հարցի (արհեստական բեղմնավորման տեխնիկաների վտանգավորությունը), որը պետք է մեզ ահով ու դողով պատի, երբ ծանոթանում ենք բժշկական տվյալներին, ինչպես օրինակ հայտնում է «Le scienze» ամսագիրը, ըստ որի՝ արհեստական բեղմնավորմամբ ''արտադրվող'' երեխաների «մեծ մասը ծնվում է թերաճ ու թերզարգացած», «անդամալուծության վտանգի ավելի բարձր տոկոսայնությամբ», մեծապես ենթակա է «ուղեղային պարալիզի, ընդոծին մալֆորմացիաների, մտային թերզարգացածության, վարքի խանգարումների», «ռետինոբլազտոմայի» (ակնաթաղանթի ուռուցքի) և «Բեկքուիթի և Ուայդեմաննի սինդրոմի» (գենետիկական մի հազվադեպ խաթարման) վտանգին: Գիտենք, իրոք, որ Ավստրալիայում արհեստական բեղմնավորմամբ ծնված 1.000 երեխաներից «մոտ 9%-ը տառապում է ընդոծին մալֆորմացիաներից գոնե մեկով, որոնք ի հայտ են գալիս արդեն մեկ տարեկան հասակում, մինչդեռ բնական բեղմնավորմամբ ծնված երեխաների մոտ այդ թիվը կազմում է ուղիղ կեսը, ընդամենը 4,5%», և որ «ուրիշ ուսումնասիրողներ արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաների մոտ արձանագրել են նյարդային փողի դեֆեկտների, կերակրափողի խցումների և սրտային մալֆորմացիաների նշանակալիորեն բարձր առկայություն»[5]:
[1] Իտալիայի Հանրապետությունում հավաքագրվող պետական հարկերի 8 առ 1000ը հատկացվում է կրոնական կազմակերպություններին:
[2] Խոսքը վերաբերվում է Իտալիայի Հանրապետության 40/2004 օրենքին, որով կանոնակարգվում և սահմանափակվում են արհեստական բեղմնավորման մեթոդները:
[3] T. Pievani - C. Castellacci, Sante ragioni. Dal nascere al morire: la mano della Chiesa sulla nostra vita, Chiarelettere, Milano 2007, pp. 141-143.
[4] T. Pievani, Creazione senza Dio, Einaudi, Torino 2006, p. 110.
[5] «Le scienze» («Գիտություններ») ամսագրի 2004թ. Սեպտեմբերի համարից: Արհեստական բեղմնավորման տեխնիկաների վտանգավորության մասին գիտական գրականությունից հնարավոր հազարավոր օրինակներից միայն մեկն այստեղ հիշելու համար, մեջբերենք «Le scienze» ամսագրի կողմից 2005 թվականին հրատարակված «Կլոններ» ներդիրը, որի 125-րդ էջում կարդում ենք. «Արհեստական բեղմնավորման պրակտիկայի չկայացած կանոնակարգման հետևանքն այն է, որ հարկավոր եղան գրեթե 25 տարիներ, որպեսզի ճանաչվեր, որ արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաներն իսկապես ենթակա են ծանր վտանգների: Ութսունական և Իննսունական թվականներին կարծում էին, թե արհեստական բեղմնավորումը ոչ մի հետևանք չի ունենում ծնունդների արդյունքների վրա, բացառությամբ այն խնդիրների, որոնք առընչվում էին երկվորյակների ծնունդին: [...] Երբ որոշ գիտնականներ բարձրաձայնեցին արհեստական բեղմնավորման վերաբերյալ իրենց կասկածները, – ընդգծելով, որ բժշկական տվյալների համաձայն արհեստական բեղմնավորմամբ ''արտադրվող'' երեխաների մոտ կրկնապատկվում է ակամա աբորտների թիվը, եռապատկվում է ծնունդից առաջ կամ ծնունդից անմիջապես հետո մահացող երեխաների թիվը, և հնգապատկվում է էկտոպիկ հղիությունների քանակը, – շատերը պատասխանեցին, թե այդ խնդիրներն ուղղակի կապ չունեն մեթոդի հետ, այլ առընչվում են բազմապատիկ հղիություններին: 2002 թվականին, սակայն, արհեստական բեղմնավորման մութ կողմերը դարձան անհերքելի»: Նույն 2002 թվականին, իր «Արհեստական բեղմնավորումը» գրքում, հայտնի մասնագետ Կարլո Ֆլամինյին, – որն, ի միջի այլոց, աթեիստ է, ուստի այս հարցում իր կարծիքը չի կարող կողմնակալության կասկածի ենթարկվել, – գրում է. «Արհեստական բեղմնավորմամբ սկիզբ առնող հղիությունները, բացի այն, որ առավել հաճախակիորեն բազմապատիկ են, բնութագրվում են նաև թերզարգացած ծնունդների, թերաճ ծնվող երեխաների և արհեստական ծննդաբերությունների մեծագույն քանակով: Արդեն ասել եմ, որ բազմապատիկ հղիություններն ինքնըստինքյան արդեն պատոլոգիաների մեծ վտանգ են ներկայացնում և՛ մոր, և՛ զավակի համար» (էջ 72):
Գրքի նույն և հաջորդ էջում կարդում ենք. «Արհեստական բեղմնավորման տեխնիկաներով ստացված հղիությունների գրեթե 25%-ն ավարտվում է թերզարգացած վիճակում, [...] հետևաբար, այդ մեթոդով ծնված երեխաների 25%-ը բժշկական ինտենսիվ միջամտության կարիքն ունեն: [Բնական բեղմնավորմամբ ծնվող երեխաների թվի համեմատ] արդեն շատ բարձր այս թվին հարկավոր է ավելացնել նաև չափազանց փոքր քաշով ծնվող երեխաների թիվը: [...] Հատկապես քաշի այս խնդիրների պատճառով է, որ այս երեխաների մոտ մահվան դեպքերը հետծննդյան շրջանում հասնում են 20%-ի, որը կրկնակին է՝ բնականորեն ծնված երեխաների թվի համեմատ: Արհեստական բեղմնավորմամբ սկիզբ առած հղիությունների ժամանակ հաճախակի են նաև մանկաբարձական բարդությունները և ծնունդների գրեթե 50%-ը կատարվում է կեսարյան կտրվածքի միջոցով: 74-րդ էջում, ի վերջո, հաստատում է. «Հետևաբար կարելի է ասել, որ արդարացի են սաղմային մալֆորմացիաների աճի վերաբերյալ վախերը», իսկ 54-րդ էջում. «Մնում է կասկածը, որ մեծապես հավանական են ավելի ուշ ի հայտ եկող անոմալիաները, – խոսքը նախևառաջ վերաբերվում է դեգեներատիվ բնույթի հիվանդություններին, որոնց թիրախն են հանդիսանում նյարդային համակարգն ու մկանները, – կասկած, որ վերաբերվում է նաև «Fivet»ի մեթոդով ծնվածներին, որոնցից ամենատարեցը դեռ նոր է դարձել 24 տարեկան»: «Lancet» հեղինակավոր ամսագիրը կարծիք է հայտնում, որ «Icsi» տեխնիկայով ծնված երեխաները կարող են տառապել զարգացման ամենատարբեր խանգարումներով («Panorama», 26 Հուլիս 2001). ընդգծում է նաև ուղեղային պարալիզների, մտային թերզարգացածության, վարքագծի խախտումների տոկոսային բարձր թվաքանակը «Fiv» տեխնիկայով ծնվածների մոտ (B. Stromberg et al., Neurological sequelae in children born after in-vitro fertilisation: a population-based study, «Lancet» 2002; 359:461-5): Եվս մի օրինակ. Բալթիմորի «Ջոն Հոպկինս» Բժշկագիտական Համալսարանից Էմիլի Նայմիթցը և Ուաշինգթընի «Սենթ Լուիս» Բժշկագիտական Համալսարանից Մայքլ Դը-Բոնը ուսումնասիրել են մի արխիվ, որտեղ հավաքված էին «Բեկքուիթի և Ուայդեմաննի սինդրոմ»ով տառապող հիվանդների կլինիկական տվյալները. մի հիվանդություն, որին որպես պատճառ է հանդիսանում տարբեր հյուսվածքների գերմեծացումը, որին գրեթե միշտ ընկերանում են խլությունը, մտային թեթևակի թերզարգացածությունը և ուռուցքներ զարգացնելու հակումը: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այս սինդրոմը վեց անգամ ավելի հավանական է «Fiv» տեխնիկայով ծնված երեխաների մոտ (տվյալները վերցված են www.italiasalute.it կայքից): Օրինակները հնարավոր է դեռ շա՜տ երկար շարունակել: Վերջում ևս մեկ օրինակ եզրափակելու համար. «Fertility & Sterility» («Պտղաբերություն և Անպտղություն») գիտական ամսագիրն իր 2007 թվականի Նոյեմբերի համարում իր ընթերցողների գիտությանն էր ներկայացնում փաստը, որ «Icsi» տեխնիկայով ծնված երեխաների խելացիության մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան բնական բեղմնավորմամբ ծնված երեխաներինը, ինչպես ցույց են տալիս Լայդենի Համալսարանի կողմից կազմակերպված մի ուսումնասիրության արդյունքները: Ինչպես նաև հայտնի է, որ «Icsi» տեխնիկայով ծնված երեխաները ենթակա են բնածին ամլության վտանգին: 2004 թվականից հետո վերջապես անհերքելի են դարձել նաև հոգեբանական վտանգները, բիոէթիկական խնդիրները, ձվարանների գերգրգռումի հետ կապված վտանգները, ամենատարբեր մալֆորմացիաների և քրոմոսոմային խաթարումների ավելացման վտանգները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։