Ժաք Թեստարտ, Էրվին Շարգաֆֆ և Ժերոմ Լըժոն. օրինակելի գիտնականներ ժամանակակից մարդու համար – Գրադարան – Mashtoz.org

Ժաք Թեստարտ, Էրվին Շարգաֆֆ և Ժերոմ Լըժոն. օրինակելի գիտնականներ ժամանակակից մարդու համար

Ստեղծված իրավիճակն անելանելի չէ: Ելքի ճանապարհ գոյություն ունի: Եվ դա կյանքի հանդեպ հայացքն է ո՛չ թե մաթեմատիկոս Օդիֆրեդդիի, ո՛չ թե կենսաբան Դոկինսի, ո՛չ թե գենետիստներ Ուաթսոնի և Քրիկքի, այլ՝ բիոքիմիկոս Էրվին Շարգաֆֆի, կենսաբան Ժաք Թեստարտի և բժիշկ գենետիստ Ժերոմ Լըժոնի, որոնց մտքերից այս գրքի էջերում մեջբերումներ արդեն կատարել ենք: Էրվին Շարգաֆֆի համաձայն, այժմեական որոշ գիտնական-կախարդների ողբերգությունը կայանում է նրանում, որ կարծում են, թե սպառել են կյանքի խորհուրդը, մինչ իրականում «Ի՞նչ է կյանքը» հարցը «մի այնպիսի՜ տարողություն ունի և այնպիսի՜ ակնառու կերպով մտնում է անասելիի տարածքից ներս, որ անցյալ դարերի՜ ու դարերի՜ ընթացքում կուտակված անպատկառության բազմապատկմամբ միայն հնարավոր եղավ սոսկ մտածել անգամ, թե այդ հարցին հնարավոր է տալ փորձարարական պատասխաններ. պատասխաններ, որոնց քանակն ու արտահայտչական ուժը, նույնիսկ լավագույն պայմաններում, գռեհկորեն անհամեմատելի են տվյալ ֆենոմենի անչափելի անսահմանությանը»:
Շարգաֆֆի համաձայն, գիտապաշտական պատրանքը չափազանց վտանգավոր է, ո՛չ միայն էթիկական տեսանկյունից դիտված, այլ նաև՝ որովհետև ենթադրում է, թե հիմնովին ճանաչում է այն, ինչի մասին սոսկ մակերեսային գիտելիքներ ունի, և հետևաբար՝ արարչության նկատմամբ վարվում է նրան ամբողջովին տիրելու անմիտ պատրանքից մղված: Մասնագետներ ու գիտաշխատողներ, իրենց ուշադրությունը կենտրոնացնելով անսահմանորեն փոքր մանրամասնությունների, մեխանիզմներից մեկի, հակազդեցություններից մեկի, ամբողջությունից անջատված ու կղզիացված մի մասնիկի վրա, դա նկատում են որպես իրականության ամբողջությունը և իսկապես համոզվում են, թե այդ ամբողջությունն այլևս իրենց տիրապետության տակ է, և թե այլևս սպառել են բնության կողմից ծածուկ պահվող գաղտնիքը: «Հաղթական հաստատումը, թե դեզօքսիռիբոնուկլեական թթվի հայտնաբերումով վերջապես գտնվել է կյանքի համակարգչի մագնիսական երիզը», շարունակում է Շարգաֆֆը, մոռացության է մատնում փաստը, որ իրականում ԴՆԹ-ն անշուշտ կարող է համեմատվել համակարգչային երիզի հետ, բայց հարկավոր է նաև հասկանալ, թե ո՞վ է ծրագրավորողը (դա, հաստատ, պատահականությունը չէ) և թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն «էլեկտրական հոսանքը», որով հնարավոր է դառնում այդ համակարգչի աշխատանքը: Արդարև, դժվար է «ընդունել, որ մի այսքա՜ն պրիմիտիվ տեքստից, ինչպիսին է ԴՆԹ-ի մի որոշակի մոլեկուլի կողմից ներկայացվածը, կարող է կախում ունենալ մի միևնույն օրգանիզմի օրգանների կերպերի անդադար վերականգնվող անչափելի հարստությունը, չխոսելու համար, ապա, կենդանի տարբեր էակների անծայրածիր քանակի մասին»:
Ռիդուկցիոնիզմն է, հետևաբար, ընտրված ճանապարհը բոլոր նրանց, ովքեր մինչ չգիտեն, կարծում են՝ թե գիտեն, և մարդուն իջեցնում են անասունների, մետաֆիզիկան՝ ֆիզիկայի, ազատությունը՝ նեուրոնների, հավիտենականությունը՝ երկրային անմահության մակարդակի, որին կարող է ձգտել միմիայն նա, ով ամբողջովին կորցրել է մարդու շուրջ ամենաիրական գաղափարները: Աստծո, կյանքի, հավիտենականության, մահվան մասին, վստահեցնում է Շարգաֆֆը, շա՜տ ավելին կարող ենք սովորել լիրիկական բանաստեղծությունից, փիլիսոփայությունից, կրոնից, արվեստից, քան թե՝ բնական գիտությունների բառարաններից: Փաստը, որ շատերը սա չեն հասկանում, նշանակում է, որ «ապրում ենք մութ ու անթափանց ժամանակներում», «տկար դարաշրջանում, թեև մեր ձեռքին հզոր գործիքներ ունենք», տգիտության ժամանակներում, թեև այն հարուստ է առանձին առանձին վերցված մասնակի գիտելիքներով: Միմիայն այս կերպ է հնարավոր հասկանալ, թե ինչպե՛ս մարդկության մի մասը հասավ սրբացնելու այն սկզբունքը, որի համաձայն «ինչը որ հնարավոր է անել, պետք է արվի». «եթե մի զենք հնարավոր է արտադրել, պետք է արտադրվի. եթե հնարավոր է գործածել, պետք է գործածվի: Տեխնոկրացիայի նկատմամբ ապրված այդ սատանայական ֆանատիզմը ջնջել ու վերացրել է բարոյական կամ օրինական որևէ խղճահարություն»: Իրենց համար կարևոր չէ, խոսքը վերաբերվում է ատոմական ռումբին, թե՛ բակտերիաների կամ մարդկային սաղմերի գենետիկական ձևափոխումներին:
Այսպիսով, ինձ թվում է, գիտությունը, որ ծնվել է Քրիստոնեության տանը՝ Եվրոպայում, շնորհիվ քրիստոնյաների կողմից աշխարհի՝ հների կողմից ընկալված այդ «մեծ կենդանու» ապա-աստվածացման, այսօր ենթակա է մոգություն, կախարդություն դառնալու վտանգին, վերադարձնելով մեզ գիտական մտքի և մոգական մտքի միջև Տասնվեցերորդ դարում տիրող պայքարին. մոգերի վերածված գիտնականների համար այսօր խոսքը չի գնում բնության ճանաչման ու հարգանքի մասին, բնությանը տրվող հարցերի և նրանից ակնկալվող պատասխանների մասին, այլ՝ այդ բնությունը ըստ մեր քմահաճույքի վերակաղապարելու, խեղաթյուրելու, ձևափոխելու մասին, գրավելով Աստծո տեղը: Աշխարհի «պարտեզը», – որը Ծննդոցի պատմության համաձայն վստահվել է մարդուն՝ արարչության արքային, որպեսզի «մշակի այն ու պահպանի», բայց մի սահմանով, որի պատկերն է հանդիսանում տվյալ ծառի պտուղներից չուտելու հրամանը, – վերածվում է փորձարկումների մի վիթխարի լաբորատորիայի, ուր շամաններ, աստղագուշակներ, ալքիմիստներ, մոգեր ու կախարդներ, համոզված՝ թե օժտված են անսահմանափակ կարողություններով, քանի որ յուրաքանչյուր պտուղ կարելի է սեփական ատամների տակ դնել, փորձում են ո՛չ թե «պահպանել», այլ՝ վերագծագրել այն, ինչն իրենց տրվել է: Քրիստոնեական տեսանկյունից դիտված, խոսքը վերաբերվում է Ծննդոց գրքում պատմված սկզբնական մեղքի մշտապես վերադարձող փորձությանը, ուր դեպքերը զարգանում են գիտության ծառի շուրջը և սատանան մինչև օրս էլ կրկնում է. «Կլինեք իբրև աստվածներ»: Պատահական չէ, որ հերետիկոսությունները, որոնց դեմ Եկեղեցին դարերի ընթացքում պայքարել է, բոլորն էլ գրեթե միշտ եղել են գնոստիկական հերետիկոսություններ, ինչպես քաթարներինը, այսինքն՝ միտքը նրանց, ովքեր պարծենում էին, թե օժտված են աստվածային գիտելիքներով (գնոսիս), հանուն որի խախտում էին բնական օրենքը՝ ծիսական ինքնասպանություններով, մանկասպանություններով, արարողական գինարբուքներով, և այլն: Այսօր բնական այդ նույն և ուրիշ օրենքներ ևս խախտվում են տեխնիկայի ընձեռած գործիքների միջոցով, հայտարարելով՝ թե տեխնիկան իբր չեզոք է և պետք է գործի որևէ սահմանափակումից ազատ, առանց Ճշմարտության հետ կապ և հարաբերություն ունենալու:
Այդպիսով իրականանում է պարադոքսների պարադոքսը. մի կողմից ունենք ստույգ փաստը, որ արդի գիտությունը ծնվում է այն ժամանակ, երբ մարդը, Քրիստոնեական Հայտնության օգնությամբ, ճանաչում է իր հոգևոր բնությունը, այսինքն փաստը, որ ինքը բնության մի մասն է, բայց նաև զատված է նրանից և նրա համեմատ գերակա է իր անմահ հոգիով և իր գիտակցությամբ, և հետևաբար՝ աշխարհը դիտում է որպես իրեն նվեր տրված մի պարտեզ, դիտում է ապշանքով, հիացմունքով և երախտագիտությամբ, ինչպես կարող է վարվել նա, ով ինչ-որ մի բան ստացել է և փափագում է ճանաչել. և ընդհակառակն պատահում է, որ գաղափարը, թե մարդը բնության մի մասն է ամեն առումով և բնության սահմաններում սպառվում է իր էությունը, այսինքն՝ մատերիալիստական և նատուրալիստական էվոլյուցիոնիզմի գաղափարը հանգեցնում է այն բանին, որ մարդը, սոսկ բնության մի մասնիկը նկատվելով, դառնում է այդ բնության միակ ու միահեծան տիրակալը, քանի որ միակն է, որ փաստացի կարող է տիրապետել նրան: Իր մտահորիզոնից կորցրել է Աստծուն և, հետևաբար, ստացածի պահպանության համար չպետք է հաշիվ տա ոչ ոքի, չկա ոչ մի ծառ կամ սահման, որ պետք է հարգի, ճանաչելով և ընդունելով իր մարդկային դյուրաբեկությունը: Միակ բանը, որ իրեն մնացել է, բնությունն է, որին ինքն էլ պատկանում է և որը գտնվում է, տվյալ մտահամակարգի համաձայն, պայքարի ու ընդհարման տրամաբանության տակ, և որի էվոլյուցիան, չափազանց պատահական, ինչպես ասում են Գալթոնը, Մոնոն, Վերոնեզին, Դոկինսը և նմանատիպ այլոք, այժմ գտնվում է միմիայն մեր ձեռքում: Այն իրական ռիսկով, անշուշտ, որ բնությունը կարող է ըմբոստանալ և այլևս չճանաչել մարդուն որպես իր արքան: Ինչպես, օրինակի համար, պատահում է ամլության մերօրյա ողբերգության դեպքում, որը գլխապտույտ արագությամբ և մտահոգիչ թափով տարածվում է ամբողջ Արևմուտքով մեկ, և որի պատճառներն են շրջակա միջավայրի տարածված աղտոտվածությունը, հակաբեղմնավորիչ հաբերի լայնածավալ գործածումը, հղիության արհեստական ընդհատումները աբորտի ոճիրով, սեռային անկարգ վարքուբարքը, ուշ տարիքի թողնվող ամուսնությունները, և այլն, և այլն:
Այս ողբերգությունն այնքա՜ն ակնհայտ է, որ անոթում բեղմնավորված առաջին երեխայի՝ Լուիզ Բրաունի ծննդյան (1978) երեսնամյակի կապակցությամբ «Nature» ''գիտական'' ամսագիրը, որ դարձել է գիտապաշտական կրոնի տաճարը, իր պարտականությունը նկատեց հանգստացնել համայն մարդկությանը. մի՛ մտահոգվեք, 2038 թվականին կարողանալու ենք հայր և մայր դառնալ մինչև իսկ հարյուր տարեկան հասակում, նույնիսկ եթե տվյալ մարդն ամուլ է: Այդ ժամանակվա բախտավոր մարդկանց տրամադրության տակ, շնորհիվ գիտական ''առաջընթացի'', հայտնվելու են մաշկի ցողունային բջիջներից ստացված սերմնաբջիջների ու ձվաբջիջների պաշարներ, «միլիոնավոր գամետներ, որոնք զուգադրելու ենք ըստ մեր հաճության», առանց կարիքն ունենալու մարմնական ինչ-որ հարաբերության, նաև միասեռականների, սինգըլների և մնացած բոլորի համար: Ունենալու ենք մարդիկ, ովքեր արտադրելու են ձվաբջիջներ և արհեստական արգանդներ, ախտորոշումներն այնքա՜ն ճշգրիտ են լինելու, որ այլևս լույս աշխարհ չեն գալու «թերզարգացած կամ գենետիկական հիվանդություններ ունեցող երեխաներ», այլ միմիայն «չափված ու ձևված երեխաներ», շնորհիվ «արհեստական քրոմոսոմների և գենետիկական հատուկ տուփերի»: Եվ ամլությունը դառնալու է սոսկ մի տխուր հիշողություն[1]:
Իսկապես ճշմարիտ են Շարգաֆֆի խոսքերը, որ գրում է. «Մարդկության պատմության մեջ առաջին անգամն է, որ տխմար մեկը գտնվում է այնպիսի դիրքում, որ կարողանում է անդարմանելիորեն վարակել բիոսֆերան»:
Միևնույն կարծիքին է նաև Ժաք Թեստարտը, ֆրանսիացի այդ հռչակավոր կենսաբանը, հայրը այդ երկրում արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին երեխայի (Ամանդին, 1984), «Icsi» կոչվող տեխնիկայի գործադրմամբ, որի վտանգավորությունն այսօր այլևս ոչ ոք չի թաքցնում: Իր անձնական փորձառությունների արդյունքում գիտնականը լիովին հասկացավ այդ ամենի վնասակար ազդեցությունը մարդկության վրա: Իր գրքերից մի քանիսի էջերում, որոնց շարքին է նաև «Վաճառքի հանված կյանքը», որից մեջբերումներ արդեն կատարել ենք, Թեստարտը էականորեն պնդում է, որ գենետիկան այլևս գրավել է աստղագուշակության տեղը. կան մարդիկ, որ փնտրում են իրենց ճակատագիրը, ուզում են իմանալ այն, քանի որ իրենց կյանքը չեն նկատում որպես ազատ զարգացող իրականություն, այլ՝ նախապես սահմանված իրադարձությունների հերթականություն, բայց այդ ճակատագիրն այլևս չեն կարդում աստղերի, այլ՝ գեների մեջ, կարծես թե մարդն ա՛յլ բան չէ, քան միայն ԴՆԹ-ի արտադրանքը, և կարծես թե ԴՆԹ-ն մարդկանցից յուրաքանչյուրին թելադրում է այն ամենն, ինչը տվյալ անհատը է, անում է և ապրում է: Նման մտահամակարգում, ակնհայտ է, մոռացության է մատնվում ազատության և շրջակա միջավայրի որոշիչ կարևորությունը, և մարդը, որն անբաժանելի միությունն է հոգու և մարմնի, ազատության և սահմանումների, հոգևոր գրգիռների և մարմնավոր գրգիռների, վերածվում է սոսկ սառը մեխանիզմի, բաղկացուցիչ մասերի մի կույտի, որոնք կարելի է վերլուծել, մասնատել, հասկանալ ամեն մեկն առանձին առանձին, անկախ այն խորը հոգեկան-մարմնական միությունից, որը նշմարելի է ''բաղկացուցիչ մասերի'' ետևում: Այդպիսով այլևս մասերը (գեները) չեն, որ ծառայում են ամբողջությանը (մարդուն), այլ ընդհակառակն. մարդն է գեների համար, որպեսզի դրանք ավանդվեն և ''բազմանան'':
Այս պատճառով է, որ կան անձինք, որոնք ակնկալում են բացահայտել վեհանձնության գենը. ուրիշներ, որոնք համոզված են, թե մի օր հնարավոր է լինելու բացահայտել ամուսնական հավատարմության կամ անհավատարմության կենսաբանական պատճառը. ուրիշներ, նույնիսկ Նոբելյան մրցանակ ստացած անձնավորություններ, ինչպես Ուիլլիամ Շոկքլին, որոնք ներդրումներ են կատարում Նոբելյան մրցանակ ստացած անձանց կամ սպորտային ախոյանների սերմնաբջիջների պահպանման պահոցներում, հույս տածելով, որ դրանցից ծնվելու են, ավտոմատ համակարգով, ա՛յլ Նոբելյան մրցանակակիրներ և սպորտային ախոյաններ. ուրիշներ, ի վերջո, ովքեր համոզված են, թե գեների մեջ, ինչպես գուշակները բյուրեղյա գունդի մեջ, կարող են պահ առ պահ կարդալ մարդկային կյանքը, այն աստիճան, որ ''գենամոլության'' սպեկուլյացիայի և սենսացիոնալիզմի խորհրդանշանը հանդիսացող հայտնի Քրեյգ Վենթերը հայտարարեց, թե ուզում է ճշգրիտ կերպով կանխատեսել իր մահվան օրը: Իրականում, սակայն, ինչպես բանաստեղծությունը չի կարող նկատվել սոսկ որպես այն ձևավորող տառերի համագումարը, և ինչպես տաճարը ատոմների կամ առանձին քարաբեկորների պարզ միությունը չէ, այնպես էլ մարդը չի կարող մանր մասերի բաժանվել, փնտրելու համար նրա իրական էությունը: Երբեք չենք տեսել, հեգնանքով գրում է Թեստարտը, «արբեցող ձվաբջիջ», ո՛չ էլ՝ «միասեռական սերմնաբջիջ», ո՛չ էլ մի ձվաբջիջ, որն իր հանգիստը սիրում է անցկացնել լեռնային պայմաններում կամ ծովի ափին: Այսօրվա ''գենամոլության'' մեջ, որը գործնականում վերածվում է նախածննդաբերական ախտորոշումների, գենետիկական թեստերի, սելեկցիայի ենթարկված սաղմերի, ընտրողական աբորտների, և այլն, որպես միակ հնարավորություն գործածելով, գոնե առայժմ, ոչնչացումը նրանց, ովքեր չգիտես թե ի՛նչ չափանիշներով նկատվում են անհարմար, Թեստարտը նշմարում է ներկայությունը մի մոգական, պրոմեթևսական մտայնության, իշխանության ու հզորության մի նոր կամքի, գենետիկական ռասսիզմի կամ, ինչը որ միևնույն բանն է, վերադարձը նացիստական էուգենետիկայի:
Մի խոսքով, կորստյան է մատնվել բնության հանդեպ այն հիացմունքով լի հայացքը, որը գիտության հայրերի բնորոշ հատկանիշն էր. «Գորովը, որը նատուրալիստին միավորում էր կենդանի ամեն ինչին, նրան շարունակ հիշեցնում էր, որ կյանքը նկարագրությամբ սպառել անհնարին է: Գիտաշխատողի գիտականությունը, մինչդեռ, նրան հասցնում է նկատելու ամբողջը որպես սոսկ կույտն այն ամենի, ինչն ընկալվում է իր տրամադրության տակ գտնվող տեխնիկաների միջոցով»[2]: Գիտական աշխարհում ահա այս վարվելակերպով է, որ ձևավորվել է չափազանց սահմանափակ մի մոտեցում. ԴՆԹ-ի բացահայտումը նկատվում է որպես վճռորոշ բանալին, բացելու համար մարդկային խորհրդի փակ դուռը, կարծես թե ԴՆԹ-ի մոլեկուլը տարբեր է մյուսներից, մինչդեռ այն ևս «անկենդան մոլեկուլ է, մյուս բոլորի նման, ինչպես պղինձը, ինչպես ջուրը». «Կյանքն ամբողջովին ա՛յլ բան է ԴՆԹ-ի համեմատ: ԴՆԹ-ն տարրերից մեկն է, որոնք մասնակցում են կենդանությանն ու տեղեկատվությանը, բայց միակը չէ, կան ա՛յլ տարրեր ևս, և այսօր ներկա ենք գտնվում մի նոր ռիդուկցիոնիզմի, որը ձևավորվում է ԴՆԹ-ի մոլեկուլի շուրջը: Մտահոգիչն այն է, որ այս ռիդուկցիոնիզմին ընկերանում է հսկողության պատրանքը, քանի որ այդ մոլեկուլը նկարագրվում է իր բոլոր մանրամասնություններով և գիտնականները ձևացնում են, թե իբր տիրապետում են նրա բոլոր գաղտնիքներին: [...] Եզրակացնելով, գենոմայի ծածկագրերի մեկնաբանությունը, – որն այսօր ամեն ոք երևակայում է որպես զարգացման ու առաջընթացի գագաթնակետը, գիտության ոլորտում լիությունների լիությունը, – գիտություն է ավանակների համար, դա սոսկ նկարագրող գործողություն է, որ գոհանում է ցանկագրումով, անզեն աչքով անտեսանելի իրողությունների անատոմիայով: [...] Անելանելի վիճակում հայտնվելով, ''գենոմայի քարտեզի'' դիմաց, որը ոչինչ չի բացատրում, ոմանք սկսում են հարցադրումներ կատարել և փափագ են հայտնում կրկին կապեր հաստատելու ֆիզիոլոգիայի, գործառնությունների, կյանքի հետ, մի խոսքով՝ կրկին հանդիպել բաղադրյալ ամբողջությանը»:
ՄԻԱՎ-ի վիրուսի պարագան, շարունակում է Թեստարտը, «բավական լույս է սփռում այս հարցի վրա: Մի կողմից, վիրուսն այլևս ոչ մի գաղտնիք չունի. նրա գենոմայի հերթականությունը հայտնի է 1984 թվականից, նրա գեները (որոնք ընդամենը 12 հատ են) ցանկագրվել և ուսումնասիրվել են, նրա սպիտակուցների ազդեցությունը վերլուծվել է: Եվ սակայն, դեռ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ի՛նչ հարաբերություն ունեն այդ վիրուսի մոլեկուլները կյանքի և մահվան հետ: ՄԻԱՎ-ի վիրուսը մեզ ցույց է տալիս, թե ինչպես հնարավոր է ''ամեն բան'' իմանալ և հասկանալ այսքա՜ն քիչ»[3]:
Ռիդուկցիոնիզմի վտանգը նախևառաջ այն է, որ կարող են դաժան փորձարկումներ կատարվել մարդկանց վրա, ի հաշիվ նրանց կյանքի, խոստանալով ապագայում ստեղծել ամբողջովին առողջ և անմահ մարդիկ, որոնք իրականում երբեք գոյություն չեն ունենալու: Երկրորդ հերթին, բայց առաջինի հետ միաժամանակ, իրական վտանգը կա՝ վերածելու կյանքը տրամադրելի, վաճառելի, տնտեսապես սակարկելի առարկայի, որի վերաբերյալ հնարավոր է դառնում կատարել որևէ սպեկուլյացիա. այսպես է, որ ծնվում ու զարգանում է արհեստական բեղմնավորման առևտուրը, – մինչ ամբողջովին անհոգության են մատնված ամլության պատճառները բուժելուն նպատակամղված ուսումնասիրությունները, ավելի լավ ճանաչելու համար ձվաբջջի տակավին խորհրդավոր աշխարհը, – և կամքը՝ սեփականացնելու կենդանի էակներին, հեղինակային իրավունք հաստատելով տրանսգենիկ օրգանիզմների և ԴՆԹ-ի մասերի վրա: «Ամերիկայի Միացյալ Նահանգներում», հիշեցնում է Թեստարտը, «գենետիկական թերապիան սակարկվում է բորսայում: [...] Հեղինակային իրավունքների ամերիկյան գրասենյակը մի քանի տարի առաջ «Incyte» ընկերությանը շնորհեց հեղինակային իրավունք մարդկային 44 գեների վրա: Այդ ընկերության միակ աշխատանքը կայացել էր նրանում, որ բացահայտել էր 44 գեներից յուրաքանչյուրի մի կտորը, առանց նույնիսկ ճշտելու, թե դրանք ճշգրիտ ի՛նչ գործառնություն էին կատարում: Բայց այդ գեներն այսուհետև համարվելու են այդ ընկերության բացառիկ սեփականությունը. ոչ ոք չի կարող գործածել դրանք առանց այդ ընկերության համաձայնության, այսինքն՝ առանց վճարելու այդ ընկերությանը: Անշուշտ կարող ենք երևակայել, որ այդ վճարները բավականին բարձր են: [...] Ծովահենային գործելաոճով ապրող ու աշխատող Քրեյգ Վենթերին պատկանող «Celera Genomics» ընկերությունը ներկայացրել է հեղինակային իրավունքներ ստանալու տասից քսան հազար դիմում: Հայտնաբերված առարկայի սեփականաշնորհումը, որով խախտվում են սահմանները հայտնաբերման և գյուտարարության միջև, նորություն է գիտության մեջ: Կարո՞ղ ենք երևակայել Քուվիերին, որ հեղինակային իրավունք է պահանջում բրածոների, կամ Մարի Քյուրին՝ ուրանի նկատմամբ»[4]:
Այս ամենին հարկավոր է ավելացնել այն հիմնավոր վտանգը, որ կարող են համատարած դառնալ գենետիկական խտրականության դեպքերը, ո՛չ միայն ծննդյան պահին, այլ նաև հասուն կյանքի տարիներին: Հանրահայտ է Օհայո նահանգի փաստաբան Թերեզա Մորելլիի դեպքը. կինը դիմել էր ապահովագրական ընկերություններից մեկին՝ բժշկական ապահովագրություն ստանալու համար, բայց ապահովագրությունը նրան մերժվել էր, քանի որ տեղեկություն կար, որ Թերեզայի հայրը տառապում է Հանինգթոնի Քորեա կոչվող հիվանդությամբ, որի ժառանգաբար փոխանցելիությունը 50% է: Միլիոնավոր ամերիկացիներ, Թերեզայի նման, այսօր ենթակա են բժշկական ապահովագրությունը կորցնելու վտանգին սոսկ այն պատճառով, որ կրում են որոշ քանակի գեներ, որոնք նկատվում են որպես այս կամ այն հիվանդության հետ կապ ունեցող: Եվ եթե այդպես են վարվում մի փաստաբանի հետ, կարող ենք երևակայել, թե ինչպես կվարվեն շարքային քաղաքացու կամ գյուղացու հետ, որն ընդունակ չէ պաշտպանելու իր մարդկային իրավունքները: Համանման վտանգի նրանք կարող են ենթարկվել նաև աշխատանքի հարցում. «Գործարանատերերի կողմից իրականացվող գենետիկական խտրականությունը արդյունքն է ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող գենետիկական խտրականության. իրոք, գործարանատերերը շահագրգռվում են գենետիկական խտրականություն իրականացնելու իրենց աշխատողների կամ թափուր աշխատատեղերի թեկնածուների միջև, որպես նպատակ ունենալով նվազեցնել բժշկական ապահովագրությունների ծախսերը կապված հիվանդությունների, պատահարների, բացակայությունների հետ»:
Գենամոլությանը կապված հնարավոր վտանգների ցայտուն օրինակներից մեկը վերաբերվում է որոշ դեպքերի, որոնք տեղի են ունեցել Իսլանդիայում, երբ 1998 թվականին այդ երկրի Խորհրդարանը վավերացրեց մի օրենք, որով թույլատրվում էր երկրի բնակչության առողջապահական և գենետիկական տվյալների հավաքումն ու մշակումը շահույթ հետապնդող սեփական ընկերությունների կողմից: Պատահեց, այսինքն, որ «deCode Genetics» ընկերությունը, որի հետաքրքրությունները կենտրոնացած են դեղագործական ոլորտում, իրավունք ստացավ հավաքելու «այն բոլոր տվյալները, որոնք բժիշկները հավաքում են իրենց պացիենտներից, մահացած բնակչության արդեն հավաքված տվյալները, երկրով մեկ ցրված եկեղեցիների դիվաններում հին ժամանակներից ի վեր պահվող ծննդաբանական մանրամասն քարտեզները, ինչպես նաև արյան և հյուսվածքների վերաբերյալ տվյալները»: «DeCode Genetics» ընկերությունը «ֆինանսական շահ ստանալու նպատակով գնեց բոլոր այդ տվյալները 12 տարի գործածելու իրավունքը»: Անհավատալի փաստը, հետևաբար, այն է, որ մի Պետություն կարող է իր ժողովրդի ամենագաղտնի բոլոր տվյալները (genetic privacy) վաճառել մի ընկերության, որն աշխատում է ամերիկյան, ուստի՝ օտար կապիտալով, որն էլ իր հերթին, առանց այդ մարդկանց համաձայնությունը ստանալու, կարող է մշակել և գործածել դրանք «ֆինանսական շահ ստանալու նպատակով, բացառիկության գրեթե ամբողջական իրավունքով»: Նաև Պետության կողմից մուտք ունենալը «տվյալների, որոնք կապված են հիվանդությունների կանխասմանը», կարող է կրկին ճանապարհ հարթել էուգենետիկական նոր փորձությունների առաջ. «Երբեք չպետք է մոռանանք, որ Քսաներորդ դարի սկզբում, ապա նաև նացիստական Գերմանիայում ծավալում գտած էուգենետիկական ամբողջ օրենսդրությունը որպես հայտարարված նպատակ ուներ հասարակության բարելավումը»[5]:
Արհեստական բեղմնավորման ասպարեզում, մինչդեռ, տեսնում ենք, թե ինչպես է ձևավորվում կյանքի սուպերմարկետների մի ցանց, ոմանց համար գերշահույթ ապահովող մի բիզնես, աղքատ կանանց և ծնվելիք երեխաների առողջության ու արժանապատվության հաշվին, կապված ''ինտերնետային զավակ'' և ''ինտերնետային ծնող'' հասկացողությանը. սնկերի նման աճում են համացանցային կայքեր, ուր մարդիկ, ովքեր ցանկանում են զավակ ունենալ առանց ամուսնանալու (սինգըլներ), կարող են գնել ձվաբջիջներ կամ սերմնահեղուկ, նայած թե ցանկացողը տղամարդ է կամ կին. կայքեր, որոնք մասնագիտացել են նորաձևության մոդելների ձվաբջիջների վաճառքի մեջ. կայքեր, որոնք վաճառում են երեք տարբեր տեսակի սերմնահեղուկ, նայած թե ապագա ''ծնողներն'' ինչպիսի՛ արտաքինով երեխա են ցանկանում ունենալ. կայքեր, որոնք մասնագիտացել են մտային բարձր կարողություններով հայտնի տղամարդկանց սերմնահեղուկի վաճառքի մեջ. կայքեր, որոնց միջնորդությամբ հնարավոր է գնել ձվաբջիջներ և կապ հաստատել սուրոգատ ''մայրերի'' հետ. կայքեր, որոնք մասնագիտացել են բժիշկների, փաստաբանների, հաջողության հասած բիզնեսմենների, հատկապես կապուտաչյա և շիկահեր անձանցից ստացված սերմնահեղուկի վաճառքի մեջ (ինչը որ մի նոր արիականություն է հիշեցնում). և այսպես շարունակ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2004 թվականին վաճառվել է 45 միլիոն դոլլարի սերմնահեղուկ, դոնորների կողմից ''նվիրված'', ինչպես սովորաբար ասվում է, բայց իրականում՝ վաճառված, առավել կամ նվազ թանկ գնով, անձանց կողմից, որոնք այդ գործողությունը կարող են կրկնել այնքան անգամ, որքան ցանկանում են, առանց սահմանափակումների, որի ակնհայտ վտանգն այն է, որ միևնույն հոր գենետիկական զավակները տարածվում են ամբողջ երկրով մեկ, նախ՝ աղքատացնելով բնակչության գենետիկական ժառանգության բազմազանությունը, երկրորդ՝ ստեղծելով հավանական վտանգը, որ միևնույն հոր (սկզբից ևեթ որբ ծրագրավորված) զավակներն ապագայում, առանց իմանալու, ամուսնանան իրար հետ և իրենց հերթին ծնեն զավակներ, որոնք ենթակա կլինեն այն բոլոր հայտնի հիվանդություններին, որոնք գրանցվում են արյունակցական ամուսնության դեպքում: Եվ կարող է միշտ պատահել, ինչպես արդեն պատահել է Իտալիայում, որ գրանցվեն հին, հիվանդ կամ վատ պահպանված սերմնահեղուկի զեղչված գնով արագ վաճառելու դեպքեր, հասնելով մինչև իսկ այնպիսի դեպքերի, ինչպիսին է սերմնահեղուկ վաճառող ոմն Պիերո Ֆրատտարիի պարագան, որը ճանաչվել է որպես «պոտենցիալ հայրը վեց հազար երեխաների»[6]: Ընդգծենք նաև հանգամանքը, որ ձվաբջիջների և սերմնահեղուկի ''խանութները'', որոնք մեկ ձվաբջիջը հասնում են վաճառելու մինչև իսկ 100.000 դոլլարով, ամեն օր բազմանում են միշտ նորանոր ''պահանջարկների'' տարածման պատճառով. այդ միջոցին չեն դիմում միայն ամուլ զույգերը, ինչպես հաճախ ուզում են համոզել հասարակությանը, այլ նաև սինգըլները, միասեռականները, նրանք՝ ովքեր ցանկանում են ''ըստ իրենց քմահաճույքի չափված-ձևված'' երեխա, և նրանք, ովքեր թեև կարող են երեխա ունենալ բնական ճանապարհով, այդուհանդերձ նախընտրում են իրենց սերմնահեղուկը կամ ձվաբջիջները պահ տալ սառնարանային պահոցներում, վճարելով այդ ծառայության համար, որպեսզի ետ վերցնեն դրանք հետո, ասենք 40 կամ 50 տարեկան հասակում, քանի որ կյանքում իրենց համար առաջնային են աշխատանքը, պաշտոնի մեջ առաջընթացը, զվարճությունները (անշուշտ, նրանց մեծ մասը հետո հուսախաբ է մնում, քանի որ իգական գամետների հալեցումը նրանց հասցնում է մահվան, կամ գենետիկական խաթարման, իսկ արհեստական բեղմնավորման մեթոդներն ինքնըստինքյան արդեն ''հաջողությունների'' խիստ ցածր ցուցանիշ են արձանագրում):
Այս հարցը կարելի է դեռ շա՜տ մանրամասն քննարկել, բայց կարճառոտության համար ավելացնենք միայն մեկ օրինակ ևս. իգական ձվաբջիջների հարուստ առևտուրը կլոնավորման փորձարկումների համար: Այդ փորձարկումներից յուրաքանչյուրի համար պահանջվում են մեծ քանակի ձվաբջիջներ, որոնք սակայն, ինչպես բոլորին հայտնի է, հեշտ չէ գտնել, քանի որ յուրաքանչյուր կին միջին հաշվով հասունացնում է ամսեկան միայն մեկ ձվաբջիջ, և այդ ձվաբջջի դուրս բերումը մարմնից ո՛չ հեշտ է, ո՛չ էլ՝ առանց վտանգների: Այդպիսով պատահում է, որ բազմաթիվ երկրներում կանայք – հիմնականում աղքատ կանայք, հաճախ այն նույն կանայք, որոնք համաձայնվում են վճարման դիմաց դառնալ սուրոգատ ''մայրեր'' – անխիղճ ''բժիշկների'' կողմից հորմոնների ահավոր բարձր չափաքանակի ներարկման միջոցով ենթարկվում են ձվարանային սարսափելի գերգրգռման, որպեսզի հասունացնեն մինչև 50 կամ 60 ձվաբջիջ ամեն անգամ: Նման գործողություններ – որոնք մեծապես վտանգավոր են կանանց առողջությանը, քանի որ շատ հաճախ պատճառ են հանդիսանում ուռուցքների առաջացման և վաղաժամ վրա հասնող դաշտանադադարների համար – կատարվում են նաև բազմաթիվ այսպես կոչված քաղաքակիրթ երկրներում, շատ հաճախ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Կորեան կամ Բալկանյան երկրները, ուր կանայք գոհանում են չնչին վճարումով: Մինչև իսկ պատահում է, որ ձվաբջիջներ են ''գողանում'' կանանցից, որոնք ենթարկվում են արհեստական բեղմնավորման: Ավելորդ է ասել, որ այսպիսի դեպքերում մեծ վտանգի է ենթարկվում նաև ապագա երեխան, քանի որ ահագին մեծ քանակի հորմոնների ներարկմամբ հասունացված ձվաբջիջը չի կարող միևնույն որակն ունենալ, քան բնական ճանապարհով և բնական ժամանակահատվածում հասունացած ձվաբջիջը[7]:
Բայց վերադառնանք Թեստարտին: Նրա եզրակացությունն այն է, որ պացիենտների իրական և իրագործելի կարիքներին ընդառաջ գնալու փոխարեն, ուտոպիկ նոր բժշկությունը աշխատում է ընդառաջ գնալ – առանց հաջողությունների – իդեոլոգիական ցանկություններին, քմահաճություններին, ուրվականներին, որոնք հաճախ գովազդային նպատակներով ստեղծվում են զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կարծիք ձևավորող որոշ մակերեսային անձանց կողմից: Որոշ գենետիստների մտքին տիրած պատրանքն այն է, որ մտածում են, թե «գեների ամբողջական ցանկագրումն այսօր կընձեռի մեզ հնարավորությունը՝ ճանաչելու բոլոր հիվանդությունները, բայց դա նշանակում է ամբողջովին անհիմն կերպով ենթադրել, թե բոլոր հիվանդությունները, որ կարող են հարվածել մարդուն, բոլորն էլ արդեն նախասահմանված են, ինչը որ բացարձակապես ճիշտ չէ, քանի որ ոչ մի գաղափար չունենք, թե ինչպիսի հիվանդություններ կհարվածեն մարդուն Քսանմեկերորդ, Քսաներկուերորդ և Քսաներեքերորդ դարերում: Հիվանդությունների աշխարհը, եթե անսահմանափակ չէ, առնվազն անորոշ է: [...] Կարծել այսօր, թե հնարավոր է զատորոշել ''լավ'' և ''վատ'' գեները, նշանակում է ընկնել Տասնիններորդ դարի բժիշկների միևնույն սխալի մեջ, որոնք համոզված էին, թե շուտով հնարավոր էր լինելու գտնել բոլոր հիվանդությունների դեմ գործող պատվաստները: Քանի որ չգիտենք, թե ինչպիսի հիվանդություններ են մարդկությանը սպասում ապագայում, չգիտենք նաև, թե որո՛նք են այդ հիվանդություններին դիմադրող ''լավ'' գեները: Ընդհակառակն, մեր էուգենետիկական խանդավառությամբ այսօր կարող ենք ոչնչացնել մի գեն, որը պիտակավորում ենք որպես ''վատ'' կամ ''անօգուտ'', բայց որն ապագայում կարող է չափազանց կարևոր դեր խաղալ այն դեպքում, երբ մարդկությունը կարող է հարձակման ենթարկվել մի նոր, տակավին անհայտ հիվանդության կողմից: [...] Գենետիստներն իրենց փորձարկումները կատարում են առանց հաշվի նստելու բնական միջավայրի հետ, մինչդեռ հենց բնական միջավայրի գործոնն է, որ վճռական դեր է խաղում ժամանակի մեծագույն մասի ընթացքում»[8]:
Ամեն բան ի մի բերելով երևում է, որ ճշգրիտ է այն գնահատականը, ըստ որի՝ գնոստիկ մտավորականը, – լինի նա կոմունիստ, նացիստ, էուգենիստ կամ ուրիշ որևիցէ մի կերպարանքի, – աշխարհը վերածրագրավորելու իր ցանկությամբ, իր անկարողությամբ՝ ապրելու մեզ տրված իրականությունը, ընկալելով նրա գեղեցկությունը և ընդունելով սահմանները, որոնք բնորոշ են Աստծուց ստեղծված և Նրանից կախումնավոր արարածների համար, որպես հնարավոր և իրագործելի իրականություններ է ներկայացնում այն, ինչն անհնարին է ու անհեթեթ: Բայց դա անելու համար, որպեսզի ինչ-որ մեկը հավատա և հետևի իրեն, և՛ տնտեսապես արդար հասարակություն, և՛ կատարյալ ցեղ, և՛ մինչև անմահության աստիճան ձևափոխված մարդ ստեղծելու ցանկության դեպքում նա պետք է մեջտեղից վերացնի իրականությանը մաս կազմող այն տվյալները, որոնք խանգարում են իրեն, բայց որոնք համաէական են իրականության համար, պարզեցնելով ընդհանուր պատկերը, որի ներսում մտադիր է գործել, և դա անում է մի գործողությամբ, որը ևս մեկ անգամ կարող ենք սահմանել ռիդուկցիոնիստական և բիրտ: Վերցնում է իրականության տվյալներից մեկը, որն իսկապես ճշմարիտ է և իրոք գոյություն ունի, և ձևացնում է, թե այդ տվյալն է ամբողջ իրականությունը: Ամեն բան այդպիսով դառնում է առավել դյուրին: Ասում է, օրինակի համար. «Սիրո փորձառության ժամանակ արյան մեջ ավելանում է էրոտոգենինի քանակը: Հետևաբար, էրոտոգենինը դա սերն է», մոռանալով, որ իրականում դրա պարզ պատճառն այն է, որ մարդու էության մեջ յուրաքանչյուր հոգևոր փորձառություն նաև մարմնական է, և ընդհակառակն՝ յուրաքանչյուր մարմնական փորձառություն նաև հոգևոր է, շնորհիվ հոգու և մարմնի միջև այն սերտ միության, որը Սուրբ Թովմաս Աքվինացու կողմից փայլուն կերպով լուսաբանվել է ավելի քան ութը դար առաջ:
Այդպես վարվելով է գնոստիկը, – այսինքն նա՝ ով գիտի, կամ ավելի ճիշտը՝ ով կարծում է, թե գիտի, – մարդուն վերածում մատերիայի՝ կոմունիզմի մեջ, բիոլոգիայի՝ նացիզմի և մերօրյա էուգենետիկական ցնորքի մեջ: Միմիայն այդպես վարվելով, այսինքն մեջտեղից վերացնելով ամեն բաղադրյալ էություն, իբրև ''գիտական'' մատուցելով իր կարծիքները (հիշենք գիտական կոչվող սոցիալիզմը, նացիստական փորձարկումների գիտականությունը, մերօրյա գենամոլությունը), ամբողջությանը տիրելու իր պատրանքով նա կարող է համոզել ինքն իրեն և իր հետևորդներին, թե իբր իր ձեռքի տակ են խաղի մեջ ներգրավված բոլոր գործոնները, որպեսզի կարողանա սկիզբ տալ իր ''նոր արարչագործությանը''. կարծես ինքն Աստված է, այսինքն՝ ամենագետ ու ամենակարող: Մինչդեռ, այսօր այնպես, ինչպես մի ժամանակ և ինչպես միշտ, արարված իրականությունն անսահմանորեն գերազանցում է հասկանալու մեր կարողություններին. կարող ենք լիովին, ամբողջովին, բացարձակապես ճանաչել և հասկանալ միայն այն, ինչը մենք ինքներս ենք ստեղծել: Մեր բնությունը և աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի բնությունը, մինչդեռ, վերջնական վերլուծմամբ, մինչև էության ամենախորին խորքերը ճանաչում է միմիայն համայնի Արարիչը, «տիեզերական Ամենակալը», – ինչպես ասում էր Նյուտոնը, – Տերը այն ամենի, ինչ գոյություն ունի:
Այս իսկ պատճառով, նույնիսկ եթե կատարելապես առողջ, ֆիզիկապես անթերի մարդու արտադրումը, մի խոսքով՝ բժշկական արդի ուտոպիան, նույնիսկ եթե ենթադրենք, թե հնարավոր լինի իրականացնել, թեև անհնարին է, համենայն դեպս՝ դա ոչ մի հարց չի լուծի. ֆիզիկական չարիքի ու ցավի խնդիրը վերացնելով, կմնա տակավին հոգևոր, բարոյական չարիքի խնդիրը: Կմնա մարդկային էգոիզմը, կմնան պատերազմները, գողությունները, սպանությունները, մի խոսքով՝ մեղքը: Չկա մի բժիշկ, գոյություն չունի բժշկական մի արվեստ, որ կարողանա բուժել այն, և ընդմիշտ: Սա նշանակում է, որ երջանկությունը որպես մարդու էության անմնացորդ իրագործում՝ դուրս է մնում մարդկային գիտության և տեխնիկայի ազդեցության գոտուց: Հոգու միակ Բժիշկը Նա է, ով այդ հոգու Հեղինակն ու Արարիչն է, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, Մարդու Որդին, մարդացյալն Աստված: Կատարելությունը, որը ոմանք, Աստծուն կորցրած, փնտրում են Նրանից դուրս, ա՛յլ բան չէ, ուրեմն, քան սոսկ տժգույն նմանակումը երկնային կատարելության: Նմանակումները, սակայն, ինչպես անցյալի բոլոր ցնորքները, դատապարտված են շուտով գունատվելու:
[1] Մեջբերված է «Corriere della Sera» թերթի 2008թ. Հուլ. 18-ի համարում:
[2] J. Testart, La vita in vendita, Lindau, Torino 2004, p. 38.
[3] Նույն, pp. 40, 48.
[4] Նույն, p. 51.
[5] AA.VV., I giudici davanti alla genetica, Ibis, Pavia 2002.
[6] Հրատարակվել է «Donna moderna» պարբերականի 1992թ. Հուլ. 12-ի համարում:
[7] Տե՛ս նաև. D. L. Spar, Baby Business, Sperling & Kupfer, Milano 2006.
[8] J. Testart, La vita in vendita, Lindau, Torino 2004, pp. 92, 93.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։