Կյանքի հույժ անհավանական ծագումը – Գրադարան – Mashtoz.org

Կյանքի հույժ անհավանական ծագումը

Լավ կլինի այժմ համառոտ կերպով վերադառնանք անօրգանիկ, անկենդան մատերիայից կենդանի մատերիայի ծագման խնդրին: «Բախտի բերման» գաղափարն, արդարև, գոհացուցիչ չէ, թեև շատ բան է ասում ամենահռչակավոր աթեոլոգի դոգմատիկ համոզմունքների մասին, որն իրեն ստիպված է զգում կատարելու այդպիսի հայտարարություններ երկու պատճառով. կրկին առանց բացատրությունների բացառելու համար արարչագործությունը և հաստատելու համար առարկաների, կենդանիների, բույսերի և մարդկանց ընդհանուր ծագումն ու բնությունը, որն աթեիզմի անհեթեթ դոգման է: Քանի որ աթեոլոգների համար մեկնակետային վարկածը մատերիալիստական մոնիզմն է, ուստի փորձում են ամեն ինչ մտցնել դրա սահմաններից ներս, գործի դնելով հնարավոր ամեն միջոց, կեղծումները ներառյալ:
Լուի Պաստյորը, հյուրընկալվելով Ֆրանսիայի Գիտությունների Ակադեմիայում, իր արդեն հիշատակված ելույթում բացահայտ հաստատելով Աստծո հանդեպ իր հավատքը, առիթն ունեցավ նաև ասելու, որ «մարդկային բանականության հետ առավել ևս անհամատեղելի է տիեզերքի ծագման և վախճանի խնդիրների վերաբերյալ մարդկային մտքի զորության հանդեպ հավատքը»: Նրա նպատակն էր այդ խոսքերով կրկին անգամ հաստատել, որ մարդը պետք է ընդունի խորհրդի գոյությունը, իրականությունների, որոնք մարդու համար անհնարին է հասկանալ ամբողջովին, հատկապես՝ փորձարարական մեթոդով, որովհետև մարդը, որ ճանաչում է բնությունը, կարիքն ունի Հայտնության, որպեսզի հասնի ըմբռնելու հիմնական եզակի ճշմարտությունները, որոնք փնտրում է, այսինքն՝ աշխարհի և նրա վախճանի մետաֆիզիկական գոյապատճառները: Պաստյորը այն գիտնականն է, որը Ֆրանչեսկո Ռեդիից և Լաձձարո Սպալլանցանիից հետո ապացուցեց կյանքի ինքնաբեր ծնունդի անհնարինությունը, որը մինչդեռ ներկա է պանթեիստական ուսմունքներում և, օրինակի համար, Արիստոտելի մտահամակարգում:
Իրոք, հույն մեծ փիլիսոփայի համաձայն կյանքը ծնվում է ինքնաբերաբար, պարբերաբար, անկենդան մատերիայից, ճանճերի թրթուռները՝ փտող մսից, ձկները՝ տիղմից, լուսատիտիկները՝ փտող ծառերի փայտից, աստղային արտաքին ազդեցության շնորհիվ:
Այսպիսի մանկամտության պատճառն այն է, որ Արիստոտելը, հին հեթանոս մտածողների նման, չունի արարչագործության գաղափարը և աշխարհը դիտում է որպես հավիտենական, աստվածային, անսկիզբ և անվախճան իրականություն: Նման աշխարհայացքի ակնհայտ հետևանքը այն է, որ «բացակայում է մի հստակ սահման օրգանիկ և անօրգանիկ մատերիայի միջև», որն էլ իր հերթին հանգեցնում էր նրան հավատալու գոյությանը ինքնածին քարերի, որոնք իբրև թե օժտված են վերարտադրողական հնարավորություններով և մարսողական օրգաններով, լեռների վրա գտնված բրածոներին՝ իբրև աստղային ազդեցությամբ, աստղերի ու մոլորակների ցոլքից ծնված արարածների, որոնք նույնպես օժտված են ինքնուրույն կյանքով[1]:
Գտնվում ենք աշխարհի անիմիստական, վիտալիստական ընկալման դիմաց, որի համաձայն՝ աստված գոյություն ունի աշխարհի ներսում, որովհետև նրա հետ նույնանում է:
Մինչդեռ եթե կարդում ենք Տասնյոթներորդ դարի գալիլեյյան բժիշկ Ֆրանչեսկո Ռեդիի գրությունները, տեսնում ենք, որ իր ուսումնասիրությունների ներկայացումը սկսում է հաստատելով, որ արարչագործության «առաջին շաբաթից հետո Աստված դադարեց ստեղծել, որովհետև յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ պետք է ուղղակիորեն սերեր առաջին Արարչությունից»: Կամենում էր, այսինքն, ասել, որ ոչ մի կյանք չի ծնվում ոչ-կյանքից, այլ՝ կենդանի ամեն բան սերում է ինչ-որ մի կենդանի բանից:
Ռեդիի գծած միևնույն ուղու վրա, արդի գիտությունը սկիզբ է առնում հենց այն գաղափարից, որ հստակ բաժանում գոյություն ունի անգործոն, անօրգանիկ, անկենդան մատերիայի և կենդանի մատերիայի միջև: «Մեխանիստիկական փիլիսոփայության համաձայն՝ մատերիան անգործոն էր և մեռած: Ինքնաբերաբար ոչինչ չէր կարող անել: Պահանջվում էր արտաքին մի ուժի միջամտությունը, իսկ այդ ուժն Աստված էր», և ո՛չ թե ինքնածին ունակություններով օժտված աստվածացված բնությունը: Այդպիսով, «մեխանիստիկական փիլիսոփայությունը բացարձակ էր դարձնում զատորոշումը նյութական աշխարհի և հոգևոր աշխարհի միջև: Հոգևոր աշխարհում գոյություն ունեին Աստված, հրեշտակները և հոգին: Մնացած ամեն բան անգործոն մատերիա էր»[2]:
Այս «մասնակի» մեխանիցիզմը պաշտպանում էին մեծ գիտնականներ Ռեդին, Սթենսենը, Նյուտոնը և Բոյլը, որոնք պայքարում էին մի կողմից պանթեիստական անիմիզմի դեմ, որին է կապված ինքնաբեր ծնունդի գաղափարը, իսկ մյուս կողմից՝ մատերիալիստական մեխանիցիզմի դեմ, որն ընկնում էր անիմիզմի հակառակ սխալի մեջ, ամեն բան որակելով որպես նյութական:
Ուրեմն, թեև արդի գիտության հայրերն ընդդիմանում էին պանթեիստական գաղափարին, որի համաձայն բնությունն է ստեղծում ինքն իրեն, քանի որ բնությունն իսկ ընկալվում է որպես աստված, ժամանակակից աթեոլոգները փորձում են շրջել մտածելակերպը. անօրգանիկ մատերիան է, որ ինքուրույն կերպով, մեխանիկորեն և պատահականորեն, կյանքի է կոչում կյանքին, առանց Աստծո կարիքն ունենալու: Մի խոսքով, հին հեթանոսական Բնությունը փոխարինվում է Պատահականությամբ, որն հմտորեն խառնում ու կողմնորոշում է անգործոն մատերիային (որի մասին սակայն չի ասվում, թե ինչպես է առաջացել):
Նա, ով առաջինը վերակենդանացրեց ինքնաբեր ծնունդի հին ու արդեն հերքված տեսությունը, ռուսազգի Օպարինն էր, 1922 թվականին, իր «Կյանքի ծագումը» գրքում: Խորհրդային Միության առաջին տարիներն էին, և Օպարինն առաջարկում է բնական սելեկցիայի միջոցով կյանքի ծնունդի տեսությունը, այդ (իբրև թե գիտական) գաղափարը ''ամուսնական կապով'' միավորելով մատերիալիստական իդեոլոգիայի հետ: Իրոք, նրա գիրքը սկսվում է մի գլխով, որը նվիրված է «Կյանքի ծագման հարցում իդեալիզմի և կրոնի դեմ մատերիալիզմի պայքարին», ուր փաստարկները, գիտական տվյալների վրա հիմնվելու փոխարեն, հիմնվում են Էնգելսի, Լենինի և Ստալինի մտքերի վրա, չմոռանալով անշուշտ քննադատություններ հնչեցնել Եկեղեցու հասցեին:
Օպարինի գաղափարը հետագայում պաշտպանվելու էր հայտնի կենսաբան, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ջ. Բ. Ս. Հալդանի, իսկ 1953 թվականին՝ Սթենլի Լ. Միլլերի կողմից, որը կարողացավ քիմիական ճանապարհով ստանալ չորս ամինոթթուներ այն քսանից, որոնցից կազմվում են սպիտակուցները: Այդ ամինոթթուները նա ստացավ գազային մի խառնուրդից, որն իբրև թե նման էր երկրի սկզբնական մթնոլորտին:
Հենց Միլլերի այս փորձարկումն է հաճախ ներկայացվում որպես ապացույց այն բանի, թե կյանքը կարող էր ծագել ոչ-կյանքից, և դա ներկայացնում են որպես այլևս անկասկածելի ճշմարտություն, որին տվել են մի նոր ու հրապուրիչ անուն. «աբիոգենեզի» (կյանքի ծնունդը ոչ-կյանքից):
Իրականում, սակայն, ինչպես գրում է Ումբերտո Ֆազոլը, Միլլերի փորձարկումը սոսկ ցույց է տալիս, որ «բջջի համար հիմնական կարևորություն ունեցող որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են ամինոթթուներն ու շաքարները, կարող են սինթեզվել անօրգանիկ զանգվածներից, ստուգված և կառավարված միջավայրում: Դրանից անհնարին է, սակայն, հետևություն անել, որ ի զորու ենք սինթեզելու կյանքը: Կյանքը, այսինքն՝ բջիջը, ամբողջովին ա՛յլ բան է, քան իր բաղադրիչները: Յուրաքանչյուր մարդ բաղկացած է մոտավորապես 50 կգ ջրից, 10 կգ հանքային աղերից և ևս 10 կգ սպիտակուցներից, ճարպերից, շաքարներից, միջուկային թթուներից. այս նյութերի ոչ մի գրամի համար չենք կարող ասել, թե կենդանի է, այնպես՝ ինչպես կենդանի չէ ծորակից հոսող ջուրը, խոհանոցում գործածվող շաքարը կամ հաբերով ընդունվող սպիտակուցները: Մարդը կենդանի է, նրա բջիջները կենդանի են, բայց նրանցում գտնվող մոլեկուլները պարզապես հարկավոր են կյանքին»[3]:
Աբիոգենեզին, մի խոսքով, հին անիմիստական ինքնաբեր ծնունդի փոխարինումն է, որի համաձայն կյանքը ծնվել է, պատահականորեն և/կամ անհրաժեշտորեն, ոչ-կյանքից[4]:
Իրականում, Միլլերի այդ վարկածին իսկույն դեմ արտահայտվեցին բազմաթիվ, նաև աթեիստ գիտնականներ, ինչպես Քեմբրիջի աստղագետ Ֆրեդ Հոյլեն, մաթեմատիկոս Չանդրա Ուիքրամասիգեի հետ միասին, որոնց համաձայն «հավանականությունների հաշվարկի հիման վրա, որպեսզի կյանքի հիմքում գտնվող մոլեկուլային մասնիկները միմյանց միանան այնպիսի զուգադրությամբ, որ կազմեն կենդանի ամենապարզ համակարգը, հարկավոր են անհավանականորեն երկար ժամանակներ. տարիքը, որ սովորաբար վերագրվում է Տիեզերքին [...] ծիծաղաշարժ է ու անբավարար: Պատահական գործընթացների միջոցով բավարար չէր լինի և ո՛չ իսկ ձևավորելու համար խմորիչները [enzyme], որոնք անհրաժեշտ են կենսական առաջին գործընթացներին սկիզբ տալու համար»:
Նմանապես գիտության պատմության մասնագետ Ֆրանկո Պրատտիկոն (նա նույնպես անհավատ), այսօր մեզ ասում է, որ «ով ակնկալում էր, թե Միլլերի փորձանոթներից դուրս էր գալու Ֆաուստի հոմունկուլուսը, մնացել է հուսախաբ: Աղյուսից (ամինոթթուներից) դեռ չեն կարողացել անցնել ապարանքին (սպիտակուցին) և Միլլերի արդյունքները վիճարկվել են ամեն կողմից [...]», բացառությամբ նրանց, ովքեր այդ գաղափարի կարիքն ունեն իրենց աթեիզմը հիմնավորելու համար:
Եվ Պրատտիկոն եզրափակում է. «Եկել է տիեզերքից, թե պայմանների ու պարագաների մի անբացատրելի շարանի արդյունքում առաջացել է Երկրի վրա, կյանքը մինչև օրս մնում է որպես խորհրդավոր և հավանականությունից հեռու իրականություն: Այնպես չէ, ինչպես հաստատում են որոշ միամիտ ու կույր գիտապաշտներ: Ոչինչ չի պարտադրում քիմիային արտադրելու կյանք»: Ուստի, թեև Պրատտիկոն բացառում է Աստծո միջամտությունը, միաժամանակ հաստատում է, որ չի ընդունում այդ կեղծ լուծումները, որոնց հիմքում փիլիսոփայական դիրքորոշումներ են, ո՛չ թե՝ գիտական վստահություններ: Պրատտիկոն այդպիսով ցույց է տալիս, որ թեև անհավատ է, բայց որպես մարդ՝ գոնե ազնիվ է:
Որտեղի՞ց է, ուրեմն, կյանքը: «Մի ''եզակի'', անկանխատեսելի իրականությո՞ւն է, որն անհնարին է կապակցել մատերիայի մեջ առկա ինչ-որ ''անհրաժեշտության'' հետ, ինչպես հաստատում է Ժաք Մոնոն [...], թե՞ ինչ-որ մի բան է, որը սկզբից ևեթ առկա է մատերիայի էվոլյուցիոն օրենքներում [բայց արդյոք ո՞վ է գրել այդքա՜ն իմաստուն այդ օրենքները]. կամ մինչև իսկ, ինչպես հաստատում են անտրոպիկ սկզբունքի պաշտպանները, տիեզերքի մի ''անհրաժեշտութի՞ւնն'' է: Կամ տակավին. պատահականության հրաշքներից մե՞կն է, բախտավոր պարագաների մի կուտակո՞ւմ: ''Կյանքը ծնունդ է առել Երկրի վրա, – գրում է Մոնոն, – բայց ինչպիսի՞ն էր, կյանքի ծագումից առաջ, կյանքի ծագման հավանականությունը: [...] Կյանքի ծագման հավանականությունը գրեթե զրոյական էր [...]'' »[5]:
Ոչ-կյանքից կյանքի ծագման անհավանականության շուրջ մտորելով է հենց, որ ոմանք, – ինչպես միշտ, որպեսզի փիլիսոփայական գետնի վրա չընդունեն գերբնական արարիչ զորությունը, – առաջ են քաշել կյանքի այլմոլորակային ծագման վարկածը, այսպես կոչված ''պանսպերմիան'': Սրանց շարքին են ֆիզիկոս Հերմանն Ֆոն Հելմհոլցը, Նոբելյան մրցանակակիր Զվանթե Առհենյուսը և հատկապես համոզված աթեիստ Ֆրանսիզ Քրիկքը, որը Նոբելյան մրցանակին է արժանացել ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման համար: Վերջինի խոսքերով, որոնք գրի է առել իր «Կյանքի ծագումը» գրքում, «կյանքը դա անսահմանորեն հազվադեպ իրականություն է, և սակայն տեսնում ենք, թե կյանքն ինչպես է վխտում մեր շուրջբոլորը: Ինչպե՞ս է հնարավոր, որ այսքա՜ն հազվադեպ բանն այսքա՜ն սովորական լինի»: Ապա հաստատում է. «Ազնիվ մարդը, այժմեական բոլոր գիտելիքներով զինված, կարող է միայն հաստատել, որ առայժմ, որոշակի իմաստով, կյանքի ծագումը ներկայանում է գրեթե որպես մի հրաշք, քանի որ այնքա՜ն բազմաքանակ են պայմանները, որոնք հարկավոր է ապահովել, որպեսզի մեխանիզմը սկսի աշխատել»:
Մի «հրաշք», այն աստիճան, որ աթեիստները կարիքն են զգում առաջ քաշելու այլմոլորակային բանական արարածների վարկածը, որոնք իբր թե կյանքը Երկիր մոլորակ են բերել մի բնաջնջված բացառիկ քաղաքակրթության կողմից տիեզերք բաց թողնված տիեզերանավի միջոցով: Բայց ակնհայտ է, որ Երկրի վրա կյանքի ծագման գաղտնիքը այլմոլորակայինների մոտ փնտրելը հարցը չի լուծում, որովհետև այդ դեպքում առաջնային է դառնում հետևյալ հարցը. «Իսկ որտեղի՞ց են ծագել այլմոլորակայինները»: Քրիկքն իր գրքի վերջում հիշում է, որ Ջոն Բոլլը «առաջ է քաշել այն վարկածը, որ մենք մաս ենք կազմում վայրի կյանքի մի տիեզերական արգելոցի, որին թողել են, որ հանգիստ զարգանա»: Եվ իր աթեիստ-այլահավատի կեցվածքով շարունակում է. «Թերևս կա ինչ-որ մեկը, որ մեր վրա հսկում է աննկատ կերպով, մի գերադաս էակ, մոտակա մի աստղի ծառերից մեկին թառած: Պարզ չէ, թե տիեզերական այդ պահակներն ինչպե՞ս են կարողանում հսկել մեզ առանց մեր կողմից նկատվելու, բայց զարգացած տեխնոլոգիայով դա կարող է հարաբերաբար հեշտ լինել»:
Ահա այսպիսիք են հավատալիքները նրանց, ովքեր իրենց ներկայացնում են որպես առաջադեմ գիտության ներկայացուցիչները: Եվս մեկ անգամ, խնդրի կորիզը մարդու արժանապատվությունն է: Մի կողմից՝ մեկից ավելի դեմքերով ներկայացող աթեիզմն է, որի ներկայացրած բոլոր ուսմունքների հիմնական կորիզը մարդու արժեզրկումն է, նրա հավասարեցումը անբան ու անազատ կենդանիներին, անիմաստ պատահականությանը, անշունչ առարկաներին: Իսկ մյուս կողմից՝ Քրիստոնեությունն է, մարդու պանծացմամբ, նրա աստվածային ծագման ընդգծմամբ, մարդը նկատված որպես Աստծո պատկեր և նմանություն, արարչության արքա, եզակի արժանապատվություն կրող խորհուրդ:
Քրիկքի գրքի նախաբանում, իտալացի հայտնի ֆիզիկոս Թուլլիո Ռեջջեն, ինքն էլ աթեիստ, խոսելուց հետո «կենսաբանական հրաշալի մեխանիզմների մասին, որոնք բարձրակարգորեն զարգացած են» և բնակվում են մեր մոլորակի վրա, մի հարցադրում է կատարում, թե ինչո՞ւ «միայն Երկիրն է բնակեցված»: Արդարև, շարունակում է նա, «եթե ընդունում ենք կյանքի պատահական ծագումը սկզբնական խառնակ զանգվածից, դրան որպես հետևանք պետք է նաև ընդունենք, որ կյանքը պետք է գոյություն ունենար նաև այլուր, մանավանդ թե՝ առավել հավանական կլիներ հսկա մոլորակների վրա, որոնք վիթխարի քանակի անօրգանական նյութեր են պարունակում: Ինչո՞ւ վիճակահանությունը պետք է նպաստեր մի այսքա՜ն խղճուկ մոլորակի, ինչպիսին մերն է: Կարլ Սագանը համոզված է, որ կարող է կյանքը գտնել տիեզերքի բոլոր անկյուններում, նրա համոզմամբ դա սոսկ ժամանակի և բարի կամքի հարց է», մինչդեռ «արեգակնային համակարգի խուզարկումը նշանակալի ոչ մի արդյունք չի տվել, արտաերկրային կյանքի հետքեր չեն բացահայտվել», թեև կան աստղաֆիզիկոսներ, որոնք «արդեն սկսել են մոտիկ աստղերն ունկնդրելու մի համեստ ծրագիր, որոնց արդյունքներն ակնհայտորեն ոչինչ են»[6]:
Եթե Քրիկքի համար կյանքը «հրաշք» է, բազմաթիվ ուրիշ հռչակավոր գիտնականների համար, ինչպես Էրվին Շարգաֆֆն ու Փոլ Դեյվիսը, «խորհուրդ» է, Բոնչինելլի համար՝ «բացարձակ կերպով անհավանական» է, մինչ մեծն գենետիստ Ֆրանսիզ Քոլլինսի կարծիքով «ոչ մի լուրջ գիտնական (այսօր) չի կարող համարձակվել հաստատել, թե իր ձեռքի տակ ունի կյանքի ծագման բնական բացատրությունը»[7]:
Բժշկության բնագավառում ունեցած իր հաջողությունների համար Նոբելյան մրցանակի արժանացած Ջոն Էկքլեսը այս հարցի վերաբերյալ գրում է. «Եվ սակայն, ինչպես արդեն հաստատել եմ, համաձայն եմ Փոլանիի հետ, որ գոյություն ունի մի նվիրապետական կառուցվածք, որի ներսում հայտնվում են միշտ ավելի բարձր մակարդակներ, որոնք չէին կարող կանխատեսվել հաշվի առնելով այն, ինչ կատարվում է ցածր մակարդակներում: Օրինակի համար, կյանքի ի հայտ գալը չէր կարող կանխատեսվել և ո՛չ իսկ որպես մեկնակետ ունենալով նախաբիոտիկ աշխարհի բոլոր պարագաների ու կարելիությունների ամբողջական իմացությունը. ինչպես նաև չէր կարող կանխատեսվել ինքնագիտակցության ի հայտ գալը: [...] Մենք չպետք է մեզ ինքնաբավ հռչակենք: Եթե որդեգրեինք մոնիստական մատերիալիզմի փիլիսոփայությունը, կկորցնեինք հնարավոր որևէ հիմք, որի վրա կարելի է կառուցել կյանքի և նրա արժեքների իմաստը: Կը լինեինք պատահական և պարագայական արարածներ: Մեզնում ամեն ինչ նախասահմանված կլիներ ժառանգականությամբ և պայմանականությամբ: Ազատության և պատասխանատվության մեր զգացումը կլիներ լոկ պատրանք: Այս ամենի դեմ ես կհռչակեմ իմ համոզմունքը, որ մեր գոյության մեջ և մեր կյանքի փորձառություններում կա մի մեծ խորհուրդ, որն անհնարին է բացատրել մատերիալիստական մոտեցումով: [...] Տիեզերքը ինչ-որ մի բան չէ, որ հավերժորեն պտտվում է առանց իմաստի: [...] Ինչպես նաև կպաշտպանեմ իմ համոզմունքը, որ մենք գերբնական իմաստով օժտված արարածներ ենք, թեև այդ իմաստը դեռ սահմանված չէ հստակ կերպով: Մեր գիտելիքները չեն կարող անցնել այն փաստից անդին, որ բոլորս մաս ենք կազմում ինչ-որ մի մեծ ծրագրի»[8]:
Ճշմարտությունն, ուստի, այն է, որ դեռ այսօր էլ ոչինչ չգիտենք[9], կամ գիտենք միայն այն, որ բանականորեն մտածելով անհնարին է, որ քչից (անօրգանիկ մատերիայից) ծնվի շատը (կյանքը), առանց արտաքին միջամտության (Աստծոյ). դա՛ է թելադրում պատճառականության սկզբունքը, որի համաձայն՝ պատճառը չի կարող նվազ լինել, քան հետևանքը:
Միակ ա՛յլ հնարավորությունն այն է, որ կյանքը մատերիայի մեջ արդեն ներկա է եղել սկիզբից ևեթ, թեև թաքնված, որպես պոտենցիալ, բայց միշտ՝ այնտեղ դրվել է մի Բանական Էակի, այսինքն՝ Աստծո կողմից:
Արդարև, նույնիսկ եթե մի օր ապացուցվի կենդանի մատերիայի ծագումը անկենդանից, ինչը որ առայժմ շա՜տ անհավանական է, գիտապաշտ աթեիզմին կմնա դեռ ապացուցելու, որ այդ հրաշքը տեղի է ունեցել պատահականորեն, ինչպես նաև կմնա դեռ բացատրելու, թե որտեղի՞ց գոյություն ունի անօրգանական մատերիան, քանի որ ''Տեր Պատահականությունից'' նրա քուրմերը կարող են հրաշքներ հայցել՝ որպես մեկնակետ ունենալով քիմիական տարրերը, բայց որպես մեկնակետ ունենալ ոչինչը անհնարին է[10]:
Եվ կմնա դեռ բացատրելու նաև, թե ինչպե՞ս անգործոն մատերիան կյանքը ձեռքբերելուց հետո ձեռքբերեց նաև ինքնագիտակցություն, այդպիսով ծնունդ տալով մարդուն: Այստեղ ևս, վկայակոչել պատահականությունը մի քանի ամինոթթուների համար, մի բան է, բայց բացատրելու համար մատերիայի, տիեզերքի, գոնե միայն մի սպիտակուցի, կյանքի և ինքնագիտակից կյանքի գոյությունը, սա ամբողջովին ուրիշ բան է:
Սա նշանակում է, որ նույնիսկ եթե մի օր բացահայտենք, որ մատերիան է, որ զարգանում է և շարունակաբար համակարգվում է դեպի առավել կանոնակարգված և բաղադրյալ մակարդակներ, այդուհանդերձ չենք կարող չընդունել, որ մատերիան ինքն իրեն չի օժտում այդ ընդունակությամբ, այլ՝ որ դա գործն է նրա մեջ դրսից դրված մի բանականության, որը նրան ընդունակ է դարձնում նման անհավատալի ընթացքի:
Ինչպես գրում է ֆիզիկոս Փոլ Դեյվիսը. «Ինչպե՞ս ինքնաբերաբար փոխակերպվեցին միևնույն, կյանքից զուրկ քիմիական տարրերը և դարձան առաջին կենդանի էակը: Ոչ ոք չգիտե: Կան բազմաթիվ տեսություններ, բայց դրանք բոլորն էլ լուրջ բացեր ունեն: Խոսքը վերաբերվում է մի իրոք խորհրդավոր իրողության: [...] Որպես գիտնական, ես կնախընտրեի հավատալ, որ կյանքն իսկապես ձևավորվել է ֆիզիկական բնական գործընթացների միջոցով: Համենայն դեպս, դրանով դժվար թե հասած կլինեինք խնդրի ավարտին: Ֆիզիկական գործընթացները տեղի են ունենում երկու կերպերով. համապատասխանելով որոշակի օրենքների, կամ էլ՝ պատահականորեն: Ավանդաբար, [մատերիալիստ] գիտնականները ենթադրում էին, թե կյանքի ծագումը քիմիական բախտի բերմամբ է տեղի ունեցել, զարմանահրաշ անհավանականությամբ, բախտի նվերն է, միակը ամբողջ տիեզերքում:
Եթե այդպես լիներ, ուրեմն մենք միայնակ կլինեինք մի տիեզերքում, որն այլապես պետք է ամուլ լիներ, իսկ Երկրի վրա կյանքի գոյությունը, իր ամբողջ զեղուն փառքով, կլիներ լոկ պատահականություն, առանց իմաստի ու նշանակության:
Մյուս կողմից, միշտ ավելի բազմաթիվ գիտնականներ առավել հավանական են նկատում վարկածը, որ կյանքը առկա է տիեզերքի հիմնական օրենքներում, այնպես՝ որ կյանքը գրեթե ստիպված է ի հայտ գալու ամենուր, ուր գերիշխում են երկրի միջավայրին նմանվող պայմաններ: Եթե իրավացի են, – այսինքն, եթե կյանքը մաս է կազմում իրականության հիմնական կառուցվածքին, – ուրեմն մենք՝ մարդկային էակներս կենդանի ներկայացումներն ենք մի ապշեցուցիչ կերպով հանճարեղ տիեզերական ծրագրի, որը բաղկացած է օրենքների մի ամբողջությունից, որոնք ի զորու են ի հայտ բերելու կյանքը ոչ-կյանքից և բանականությունը՝ չմտածող մատերիայից: [...] Իմ կարծիքով, բացահայտումը, որ կյանքը և բանականությունը ի հայտ են եկել որպես տիեզերքի օրենքների բնական գործադրում, դա մի հզոր ապացույց կլինի այն բանի, որ ֆիզիկական գոյության մեջ ներկա է մի առավել խորը նպատակ: Քանի որ հեշտ է պատկերացնել ա՛յլ տիեզերքներ և ֆիզիկական օրենքների ա՛յլ ամբողջություններ, որոնք հնարավոր չեն դարձնում կյանքը, փաստը, որ մեր տիեզերքն այսքա՜ն հանճարեղ կերպով բարյացակամ է կյանքի հանդեպ, անշուշտ կլիներ գերագույն աստիճանի կարևոր մի փաստ: Հուսով եմ, որ կընկալեք իմ խոսքերի իմաստը: Կյանքը բացատրելու համար մի հրաշք վկայակոչելը հենց այն է, որի կարիքը չկա փաստելու համար տիեզերքում աստվածային ծրագրի ներկայությունը»[11]:
Եթե, հետևաբար, Դեյվիսի կարծիքով կյանքի ծագման խորհուրդը, նույնիսկ եթե լուծվի բնական ճանապարհով, բացարձակ կերպով չի հանգեցնի Աստծո գոյության մերժմանը, այլ ընդհակառակն՝ կենթադրի «ապշեցուցիչ կերպով հանճարեղ տիեզերական ծրագրի» գոյությունը, եզրակացնելով հարկավոր է նաև կրկին հաստատել, որ մինչև օրս չապացուցված աբիոգենեզին որպես տեսություն պաշտպանվում և գործածվում է ո՛չ թե որպես գիտություն, այլ՝ հաստատելու համար փիլիսոփայական մի դիրքորոշում, այսինքն՝ ինքնին աթեիզմը:
Իրոք, չեն պակասում տեքստերը, որոնցում, տվյալ հարցում մեր բացարձակ անգիտությունը խոստովանելով հանդերձ, պնդում են, թե արարչագործության տեսությունը հարկավոր է բացառել, դոգմատիկ կերպով, «անհրաժեշտորեն», և հենց սրա համար է, որ անհրաժեշտ է որպես պոստուլատ ընդունել ինքնաբեր ծագման վարկածը[12]:
Մինչև իսկ հնարավոր է մեծ քանակով գտնել նմանատիպ հաստատումներ, ինչպիսին հետևյալն է. Դարվինով և Օպարինի փորձարկումներով «անօրգանիկ, հանքային աշխարհի էվոլյուցիան անբաժանելիորեն միանում էր կյանքի բազմակերպ աշխարհին: Այսինքն, հաղթահարվում էր մատերիայի և հոգու միջև գծված մետաֆիզիկական հակադրույթը, փաստելով, որ ֆիզիկական կյանքը և հոգեբանական կյանքը համաքայլ են ընթանում էվոլյուցիայի անծայրածիր աստիճանի երկայնքին: Ինչպես ասում է Էնգելսը, միտքը ներկայանում է որպես մատերիայի համակարգման գործում ձեռքբերված ամենաբարձր մակարդակը: Այդ առումով, դարվինիզմը արդի մատերիալիստական մտքի կարևորագույն հանգրվաններից և հաղթանակած պատերազմներից մեկն է»[13]:
Սա քաղաքականություն է, իդեոլոգիա, վատորակ փիլիսոփայություն:
Սա գիտություն չէ:
[1] A. Cutler, La conchiglia del diluvio. Niccolò Stenone e la nascita della scienza della Terra, il Saggiatore, Milano 2007, p. 103.
[2] Նույն, p. 104.
[3] U. Fasol, La creazione della vita. Disegno intelligente o beffardo scarabocchio, Fede & Cultura, Verona, 2007, p. 38. Օպարինի վարկածը քննադատողներից էր նաև մեծն բիոֆիզիկոս Մարիո Աջենոն, որը բազմաթիվ գրքերում անդրադարձել է կյանքի ծագման հարցին, խիստ անկողմնակալ և ոչ-իդեոլոգիական դիրքորոշմամբ եզրակացնելով. «Տակավին անձեռնմխելի է մնում խորհուրդը, թե ինչո՞ւ ենք այստեղ, ի՞նչ իմաստ ունի այս ամենը, ինչո՞ւ ինչ-որ մի բան գոյություն ունի»:
[4] Իրականում, ինչպես նշում է Ջուլիո Դանթե Գուեռռան, «աբիոգենիստների բնորոշ հատկություններից մեկն այն է, որ տարակարծիք են ամեն ինչի շուրջ, բացառությամբ հիմքի փիլիսոփայական պոստուլատի. պատահականությունը որպես կյանքի ծագման առաջին պատճառ»: Սակայն գոյություն ունեն նաև աբիոգենիստական ոչ-օպարինյան, թեև մեկուսացված տեսություններ, որոնք «նվազագույնի, կարող ենք ասել զրոյականի են հասցնում պատահականության դերը այն գործընթացներում, որոնք ծնունդ են տվել կենսաբանական ամենահին համակարգերին, և դրա փոխարեն ընդգծում են անհրաժեշտության դերը: Հավանաբար հենց սա է նրանց չկայացած կամ նվազա•ույն հաջողության պատճառներից մեկը. գաղափարը, ըստ որի՝ գոյակների բնության ներսում իսկ ինչ-որ մի կերպ ''առկա է'' մի անհրաժեշտություն, որին մի վերջին, փիլիսոփայական անցում է պակասում, որպեսզի վերածվի ''բանական ծրագրի''» (G.D. Guerra, Un caso, molto, molto intelligente, «Il Domenicale», 8 ottobre 2005):
[5] F. Prattico, Dal caso… alla coscienza, Laterza, Bari 1998, pp. 72-78.
[6] F. Crick, L’origine della vita, Garzanti, Milano 1983, pp. 54, 85, 89, 146.
[7] «Բայց ինչպե՞ս էին ծնվել առաջին օրգանիզմները, որոնք ի զորու էին բազմանալու: Պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ այս պահին մենք դա չգիտենք: Այժմեական ոչ մի վարկած նոյնիսկ հեռավոր կերպով չի մոտենում բացատրելու, թե ինչպե՞ս, սոսկ 150 միլիոն տարվա ժամանակամիջոցում, Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող նախաբիոտիկ միջավայրից կարողացավ ծնվել կյանքը». և, ինչպես արդեն մեջբերվեց, «ոչ մի լուրջ գիտնական չի կարող համարձակվել հաստատել, թե իր ձեռքի տակ ունի կյանքի ծագման բնական բացատրությունը», թեև Քոլլինսը իրավացիորեն նշում է, որ «հավատքը չի հիմնվում այս կետի վրա» (F. Collins, Il linguaggio di Dio, Sperling & Kupfer, Milano 2007, pp. 87, 90, 91):
[8] J. Eccles, L’origine della vita, Garzanti, Milano 1983, pp. 18-19.
[9] «Այս պատճառաբանումների հիման վրա զարմանալի չէ, որ կյանքի ծագման վարկածները և ոչ իսկ հպվել են խնդրի մակերեսին: Դրա ակնհայտ ապացույցն է փաստը, որ բացարձակ անորոշություն է տիրում նաև այն միջավայրերի վերաբերյալ, որոնցում այն առաջացել է: [...] Բոլոր այդ վարկածները, համենայն դեպս, չլուծված են թողնում հիմնական խնդիրը. տվյալների պատահական ծնունդը քաոսից, ինչը որ վիճակագրական գետնի վրա անհնարին է [...] » (AA.VV., L’origine della vita, una questione irrisolta per l’indagine scientifica, Itaca, 2002):
[10] Ջեյմս Քլերք Մաքսվելը գրում է. «Մատերիայի պատմության մեջ ետ ընթանալով, գիտությունը պետք է կանգ առնի, երբ մի կողմից համոզվում է, որ մոլեկուլը սկիզբ է առել, իսկ մյուս կողմից, որ այն սկիզբ չի առել այն գործընթացներից որևէ մեկի շնորհիվ, որոնք մենք անվանում ենք բնական: Գիտությունն իրավասությունը չունի խոսելու ոչնչից մատերիայի առաջացման մասին: Հասել ենք մեր մտքի կարողությունների ծայրագույն սահմաններին, երբ ընդունել ենք, որ քանի որ մատերիան չի կարող հավիտենական լինել և գոյություն ունենալ ինքնըստինքյան, այն պետք է ստեղծված լինի: Երբ դիտում ենք ո՛չ թե պարզապես մատերիան, այլ կերպը, որով այն իրականում գոյություն ունի, միմիայն այսպիսի դեպքում է, որ մեր միտքը գտնում է մի բան, որից կարող է կառչել: Այն, որ մատերիան որպես այդպիսին պետք է ունենա որոշակի հիմնական հատկություններ, որ պետք է գոյություն ունենա տարածության մեջ և պետք է ընդունակ լինի շարժման, որ իր շարժումը պետք է տևական լինի և այսպես շարունակ, սրանք ճշմարտություններ են, որոնք որքանով որ մենք գիտենք, կարող են պատկանել այն տեսակին, որը մետաֆիզիկոսների կողմից անվանվում է անհրաժեշտություն: Այդ ճշմարտությունների մասին մեր գիտելիքները մենք կարող ենք գործածել հետևություններ և եզրակացություններ կայացնելու համար, բայց տվյալներ չունենք նրանց ծագման մասին խոսելու համար» (մեջբերված է հետևյալ գրքում. M. Bersanelli - M. Gargantini, Solo lo stupore conosce, Bur Rizzoli, Milano 2003, p. 264):
[11] Մեջբերված է համացանցային հետևյալ կայքում. www.disf.org .
[12] E. Balletto, Zoologia evolutiva, Zanichelli, Bologna 1975.
[13] Religione, scienza, marxismo, «Il programma comunista», n. 23, 1959.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։