Կոմունիզմը – Գրադարան – Mashtoz.org

Կոմունիզմը

Քսաներորդ դարը մահաշուք դարձրած աթեիստական ցնորամտությունների այս հակիրճ և տեղի անբավարարության պատճառով ոչ-ամբողջական վերլուծության վերջում չենք կարող չանդրադառնալ նաև սոցիալ-կոմունիզմին, որը նույնպես բաղադրիչ տարրերից մեկն էր նացիոնալ-սոցիալիստական բազմաթիվ միջավայրերի, հատկապես այդ շարժման սկզբնական ժամանակներում: Կոմունիզմի հիմնական սկզբունքները հայտնի են գրեթե բոլորին, նաև այն պատճառով, ինչպես իրավացիորեն նկատել է տալիս Գ. Դավիլան, որ կոմունիստ իդեոլոգներին բավական է մի քանի բառ միայն պարունակող բառարան՝ բացատրելու համար գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջությունը, քաղաքական սահմանումների ու դոգմաների մեջ բովանդակելով ամեն բան:
Սոցիալ-կոմունիզմը փորձում էր մատերիալիստական պատասխան տալ արդարության և անկողմնակալ հավասարության մարդկային խնդրին, հավակնում էր մատերիալիստական լուծում տալ անսահմանության պահանջին, որը զգում են մարդկային միտքն ու հոգին: Սոցիալ-կոմունիստական իդեոլոգիան, նախևառաջ, ինչպես միշտ, մարդու էությունը սահմանափակում է նրա մարմնական մասին, մերժելով հոգու գոյությունը, առավել հեշտ ու ըմբռնելի դարձնելու համար մարդկային խնդիրների ախտորոշումն ու դարմանումը: Եթե մարդը միայն մատերիա է, ուրեմն եթե լուծվեն տնտեսական անհավասարությունները և բավարարվեն տարրական կարիքները, մնացած ամեն բան, ներառյալ երջանկությունը, պետք է մարդկությանը տրվեն ինքնաբերաբար: Ահա սա՛ է կոմունիզմի համոզմունքը:
Սոցիալիզմի հիմնադիրներն, ուստի, աթեիստներ էին, Ֆուրիերից մինչև Մարքս և Էնգելս, և բոլորի համոզմունքներն էլ քիչ թե շատ նմանվում են միմյանց, մեկը մի քիչ ավելի, մեկը մի քիչ նվազ խիստ ու արմատական: Մարքսի և Էնգելսի իդեոլոգիան անվանվում է «գիտական սոցիալիզմ», քանի որ հավակնում է, թե հասկացել է պատմության, մարդկության զարգացման օրենքները, և հետևաբար պնդում է, թե որոշակի նախադրյալների դեպքում կարող է իրոք կանխատեսել, թե ինչպիսին են լինելու դրանց հետևանքները:
Մարքսի և Էնգելսի գաղափարը, թե իրենց տեսությունը «գիտական» էր, նրանց կարծիքով հաստատվում էր Դարվինի գործերի ընթերցանությամբ, քանի որ համոզված էին, թե Դարվինի աշխատություններում գտել էին իրենց հիմնական գաղափարների ապացույցը. աթեիզմը, մատերիալիզմը, կյանքի համար պայքարը, որը համանման է դասակարգերի միջև պայքարին, էվոլյուցիան հասկացված որպես պրոգրեսսիզմ, և այլն:
Այս կամ այն կերպ, Լենինն ու Ստալինը նույնպես համարում էին, թե Դարվինի աշխատություններում գտել էին այն, ինչ պակասում է Մարքսին: Բացի այն, որ մեծապես հիանում էր Մաքիավելլիով և իշխանության վերաբերյալ նրա ընկալմամբ, – մի իշխանություն, որն առավել հաջողությամբ կիրառվում է բռնության ու խաբեության միջոցով, – Լենինը նաև Էմիլ Զոլայի և, անշուշտ, Չարլզ Դարվինի աշխատությունների կրքոտ ընթերցողն էր: Այն աստիճան, որ, ինչպես պատմում է Ռոբերտ Սերվիսը, «իր գրասեղանի վրա պահում էր բրոնզե մի արձանիկ, որը պատկերում էր մի կապիկ, որը զննող հայացքով դիտում էր մարդկային մի գանգ. ակնհայտ նշանն այն բանի, թե ինչպիսի հմայք էին իր վրա ազդում Չարլզ Դարվինի գաղափարները»[1]: Ստալինը նույնպես բազմաթիվ անգամներ բացատրել է, որ մարքսիզմի կողքին, մարդուն որպես կենդանի ընկալող դարվինյան գաղափարն է եղել, որ իր մեջ վերջնականորեն հանգցրել է որևէ մետաֆիզիկական հավատք Աստծո հանդեպ:
Կոմունիզմը, 1937 թվականին գրում էր քրիստոնյա մտավորական Դանիել Ռոփսը, վերջնական վերլուծմամբ ա՛յլ բան չէ, «քան միայն՝ կրոնական շարժում, որն առաջարկում է մարդու վերաբերյալ մի նոր ընկալում, մարդու ճակատագրի մի ա՛յլ բացատրություն: Այս հարթության և միմիայն ա՛յս հարթության վրա է, որ այն դեմ դիմաց է գտնվում Քրիստոնեության հետ: Պայքարի մեջ, ուր նրանք հակադրված են, խաղի է դրված շա՜տ ավելին, քան դասակարգի կամ կաստայի շահերը. խաղի է դրված ինքնին մեր կյանքի իմաստը»[2]: Ահա սա է պատճառը, որ Կաթողիկե Եկեղեցին սկսեց ընդդիմանալ կոմունիզմին դեռ Տասնիններորդ դարի առաջին կեսից, երբ իրականում շա՜տ դժվար էր ենթադրել կամ կանխատեսել, որ պրոլետարիատի ''երազանքը'' կարող էր քաղաքական իրականացման հասնել: Կոմունիզմը նացիոնալիզմից, ռասսիզմից և էուգենետիկայից տարբերվում է սակայն նրանով, որ ներկայանում է առավել հրապուրիչ դիմագծերով, որպես աղքատների ու տկարների պայքար ընդդեմ տերերի ու հզորների:
Ներկայանում է, այսինքն, որպես առավել ընդհանրական, առավել հյուրընկալ, նվազ խտրականություններ հարուցող, որպես «Քրիստոնեության և Կաթողիկե Եկեղեցու տիեզերականության ծաղրանկար», ինչպես այն անվանել է ռուսազգի Բերդյաևը, այն աստիճան, որ Քսաներորդ դարի երկրորդ կեսին բազմաթիվ քրիստոնյաներ շլացած մնացին նրա լույսից: Իրականում, սակայն, եթե քննվում է մի քիչ ուշադրությամբ, պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է մի վիթխարի պատրանքի. կոմունիզմի մտահամակարգում բռնությունը մնում է որպես անհրաժեշտ տարր, որպես դասակարգերի միջև մղվող պայքար, և ստանձնում է պատմության մանկաբարձի դերը. խտրականությունն ամենուր ներկա է, բացարձակ աստիճանի ընդգծված, նախ անարխիստների դեմ, ապա՝ կաթողիկեների, օրթոդոքսների և մյուս բոլոր քրիստոնյաների, բուրժուաների, անհնազանդ ընկերների և բոլոր նրանց դեմ, ովքեր ինչ-որ մի կերպ հակառակվում են իր մտահամակարգին: Կոմունիստական Ռուսաստանում «Պրավդա», այսինքն «Ճշմարտություն» օրաթերթը հլու-հնազանդ տեղեկացնում էր կուսակցության պաշտոնական ձայնը, Մարքսի, Լենինի և Ստալինի մտքերի ճշմարիտ մեկնաբանությունը. ով չէր հարմարվում, ով տարբեր մեկնաբանություն էր տալիս, ով սխալվում էր փրկության կոմունիստական ծրագրի իրագործման փուլերի ճշմարիտ կարգն առաջարկելու հարցում, մեղադրվում էր չարափառության մեջ և կա՛մ սպանվում էր, կա՛մ էլ արգելափակվում էր գուլագներում, որովհետև, ինչպես պնդում էր Տրոտսկին, – որի գլուխը հետո բրիչի հարվածներով կոտրեցին, քանի որ սխալվել էր, – «կուսակցությունը, վերջին վերլուծմամբ, միշտ իրավացի է, [...] հնարավոր է իրավացի լինել միմիայն կուսակցության հետ և կուսակցության միջոցով, որովհետև պատմությունն ա՛յլ միջոցներ չի ստեղծել իրականացնելու համար այն, ինչն արդարացի է»:
Ուշադիր քննության դեպքում նկատում ենք, որ աթեիստական մարքսիզմը, որի ազդեցությունը, թեև տարբեր ուժգնությամբ, կրեցին բոլոր երեք տոտալիտարիզմները, ներկայանում է, ինչպես իրավացիորեն գրել է Կ. Լոուիթը, որպես «աստվածաշնչյան մտահամակարգի աշխարհականացած կերպ». «Բուրժուաների և պրոլետարների երկու հակադիր դասակարգերի վճռական ճակատամարտը համապատասխանում է պատմության վերջին հանգրվանում Քրիստոսի և հակաքրիստոսի վճռական ճակատամարտի շուրջ քրիստոնեական հավատքին. պրոլետարիատի դերը համապատասխանում է ընտրյալ ժողովրդի պատմական առաքելությանը. բոլորից ավելի աստիճանազուրկ դասակարգի համընդհանուր փրկարար դերը մտահղացված է Խաչի և Հարության կրոնական մոդելի համապատասխանությամբ. կարիքի թագավորության վերջին փոխակերպումը ազատության թագավորության՝ համապատասխանում է երկրային քաղաքի փոխակերպմանը Աստծո քաղաքին» և այլն: Ահա սա՛ է պատճառը, որ սոցիալ-կոմունիզմը չի կարող հանդուրժել մի Եկեղեցի, որը բացահայտ կերպով հռչակում է վերանցական ճշմարտության գոյությունը. մի Եկեղեցի, որը պնդում է, որ մարդու նյութական խնդիրների լուծումը, թեև ողջունելի իրականություն է, որն անպայման հարկավոր է իրագործել, այդուհանդերձ չի սպառում մարդու ամբողջ էությունն ու նրա բոլոր ձգտումները (նույնիսկ եթե բոլորս հարուստ լինեինք, և այլևս գոյություն չունենային ո՛չ պրոլետարներ, ո՛չ բուրժուաներ, դրանով ինքնաբերաբար երջանիկ չէինք լինի): Այդ Եկեղեցին, սոցիալ-կոմունիզմի համոզմամբ, պետք է կործանվի, ոչնչացվի, բնաջնջվի, կամ էլ, ինչպես փորձեցին վարվել Հիտլերը, Մաոն, և մեր օրերում էլ դեռ փորձում են վարվել ուրիշ բազմաթիվ բռնատերեր ու իդեոլոգներ, Եկեղեցին պետք է Պետության կողմից կուլ տրվի ու մարսվի, փոխակերպվի «ազգային», «հայրենասիրական» եկեղեցու, հավատարիմ՝ նախևառաջ Պետությանը, որն է նկատվում որպես պատմության ճշմարիտ աստված-կուռքը: «Ա՛յժմ կամ երբե՛ք: Հիմա, երբ սովը մարդկանց հասցնում է մարդակերության և փողոցներում դիզվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դիակներ, մենք կարող ենք, հետևաբար՝ պետք է դաժան ու անգութ ուժով սկսենք սրբազան առարկաների բռնագրավումը: [...] Ի՛նչ էլ դա արժենա, սրբազան առարկաների բռնագրավումը պետք է իրականացվի վճռակամ և արագ եղանակով. այդ կերպ կկարողանանք ապահովել մեր համար հարյուր-միլիոնավոր ոսկյա ռուբլու դրամագլուխ: [...] Հակահեղափոխական բուրժուաների ու եկեղեցականների որքան ավելի շատ ներկայացուցիչներ կարողանանք գնդակահարել այս չքմեղանքով, այնքան ավելի լավ: Հարմար պահն է դրանց մի այնպիսի դաս տալու, որ մի քանի տասնամյակ շարունակ մտածելու քաջությունն անգամ չունենան ընդդիմություն կազմելու»[3]. այս խոսքերն էր գրում Լենինը Մոլոտովին, 1921 թվականի Մարտի 19ին, Քաղբյուրոյի գաղտնի հաղորդագրության մեջ: Եվ այդպես, բռնիորեն փակված երկու վանքեր 1918 թվականին դարձան պատմության առաջին գուլագները[4], և սովետական բռնապետերը փորձեցին երկրի վրա իրականացնել կատարյալ հասարակությունը, վայրը սոցիալական արդարության և ինքնաբերաբար աշխատող ալտրուիզմի, իրենց հպատակներին ներկայանալով որպես ազատարարներ և փրկիչներ, այդպիսով սկիզբ տալով անձի պաշտամունքին:
Կոմունիստ բռնապետերը չեն հավատում հոգու անմահությանը, մարդու հոգևոր մեծությանը, այդ իսկ պատճառով էլ չեն երկմտում զոհաբերելու մարդկանց, զանգվածներին: Բայց, – իրական պարադոքս է սա, – ամենուր արձաններ ու կիսանդրիներ են կառուցել տալիս իրենց պատվին, բոլոր բնակավայրերում, յուրաքանչյուր գյուղում ու ավանում. ամենուր տարածում են իրենց հսկայական նկարները, և ո՛ւմ էլ խոսքը վերաբերվի, Լենինին, Մաոյին կամ Քիմ Իլ Սունգին, իրենց համար և միմիայն իրե՛նց համար պահանջում են հանդիսավոր ու անվերջանալի թաղումներ ու արարողություններ, և կամենում են զմռսվել և տեղադրվել փառաշուք դամբարաններում, ուր ժողովուրդը կարող է բարեպաշտ ուխտագնացությամբ այցելել իրենց: Բայց ի՞նչ իմաստ ունի միջոցների այդպիսի վատնումը, այդպիսի ժխորը, եթե քայքայման ընթացքում գտնվող բջիջների մի կույտ ենք սոսկ:
Լենինը, գրում է Տիցիանո Տերցանին իր «Բարի գիշեր, պարոն Լենին» գրքում, – որը մի տեսակ հուշատետր է արդեն փլուզված, այլևս նախկին Խորհրդային Միությունում նրա կողմից կատարված ճամփորդության տպավորությունների, – թշնամի էր բոլոր կրոններին, բայց «բացարձակ հավատք ուներ Գիտության հանդեպ»: «Իր ժամանակներն այն ժամանակներն էին, երբ գիտնականները մարդկանց ուղեղում էին փնտրում խելագարության հետքերը: Իր պարագային, սակայն, բոլշևիկ գիտնականները փնտրում էին հետքերն հանճարի: Հազիվ էր վերջին շունչն արձակել, երբ եկան գանգը սղոցելու. ուղեղը տարան և կտրտեցին բարա՜կ շերտերով, տեսականորեն՝ ուսումնասիրելու, գործնականում՝ պաշտելու համար որպես մասունք: Ժամանակի ընթացքում Լենինը, այդ հեղափոխականը, պատկերամարտը, ինքն իսկ վերածվեց պաշտամունքային պատկերի, կուռքի, և որպես այդպիսին գործածվեց ըստ կարիքի. որպես առաջադիմության կուռք, որպես պատերազմի կուռք, մինչև իսկ որպես պտղաբերության կուռք: Կես դարից ավելի տևած ավանդույթը պահանջում էր, որ սովետական ամուսնությունն ամբողջովին կայացած չնկատվեր, քանի դեռ ամուսնության գրանցման ավարտին ամուսինները չէին գնացել Լենինին հարգանք մատուցելու և նրա ոտքերի առաջ լուսանկարվելու», որպեսզի իր բարերար ազդեցությունը պտղաբեր դարձներ այդ միությունը[5]: Իրո՞ք անաստված էր կոմունիստական ԽՍՀՄ-ը: Եվ իր աստվածներն իրո՞ք արժանի էին պաշտամունքի:
Այսօր սոցիալ-կոմունիզմը, որպես քաղաքական իդեոլոգիա, տակավին իշխում է մի շարք երկրներում, Չինաստանից մինչև Կորեա, Բիրմանիա, Կուբա, ամենուր տարածելով ահ, սարսափ և մահ: Եվրոպայում, մինչդեռ, ենթարկվել է սոսկ երևութական, արտաքին կերպարանափոխության: Դադարել են աշխատավոր դասակարգի պահանջները, մոռացվել են անհատական սեփականության արգելման և որևէ սեփականություն միայն Պետությանը վերագրելու տնտեսական դոգմաները, անցում է կատարվել երկրորդ, անխուսափելի ու կանխատեսելի հանգրվանին. այլևս ո՛չ թե սոցիալական, հասարակական, այլ՝ անհատապաշտական մատերիալիզմին: Աստծո մերժումը չի կոնկրետանում այլևս Նրա տեղը հավաքական մի փոխանորդ՝ Պետությունը դնելով, այլ՝ անհատական էգոիզմի, ցանկությունների, քմահաճույքների սրբացմամբ, այսպես կոչված «քաղաքացիական իրավունքների» իդեոլոգիայով (ամուսնալուծություն, աբորտ, ընտանիք հասկացողության քայքայում, գենդերային ուսմունքներ, ազատականացված թմրադեղեր, և այլն):
Դեռ 1978 թվականին, իր «Հեղափոխության ինքնասպանությունը» գրքում, Աուգուստո Դել Նոչեն բացատրում էր, որ «եվրոկոմունիզմի վերջն ա՛յլ բան չի կարող լինել, քան այն, որ կոմունիզմը կվերածվի այլևս ամբողջովին աշխարհականացած բուրժուական հասարակության բաղադրիչ մի մասնիկին». «Հեղափոխական ցնորքը, կրոնական սուրոգատի էությունը ճանապարհին կորցրած լինելով, մարքսիզմին մնացել է միայն իր հիմնական տեսքը, որպես գիտապաշտական իլլումինիզմի, ռացիոնալիզմի արտադրանք, որն Աստծուն մերժում է նախնական ու պարտադիր ընտրությամբ»: Այսպիսով, կոմունիզմը «վերածվել է իր հակառակորդին. կամենում էր թաղել բուրժուական դասակարգին, բայց դարձավ այդ դասակարգի ամենահաստատուն ու էական տարրերից մեկը»[6]: Այդ կերպարանափոխությունն ակնհայտ դարձավ 1968 թվականի հեղափոխությամբ, երբ Նյու Էյջի ցնորքը և անառակության, թմրամոլության ու անսանձ զվարճանքների գովաբանումը, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ծնունդ առնելով, Մաոյի և Չե Գևարայի դրոշներով ամուր հաստատվեցին երիտասարդ ընդվզողների շքախմբերում: Գաղափարը, թե որևէ հեղինակություն, բնական և հասարակական որևէ կարգ պետք է ոչնչացվի և փոխարինվի Պետության իշխանությամբ, ենթարկվել է կերպարանափոխության, քանի որ կուսակցությունն ու Պետությունը բացահայտեցին իրենց սահմանափակ էությունը, որբացած թողնելով միլիոնավոր «աթեիստ-այլահավատների»: Այսօր յուրաքանչյուր անհատ հեղափոխական հաստատում է ո՛չ թե այլևս պրոլետարիատի անորոշ ու տարտամ հին կուռքը, այլ՝ ինքն իրեն, իր իսկ անձը, անարխիստական տեսանկյունից դիտված, այսինքն՝ հաշվի չառնելով օբյեկտիվ որևիցէ արժեք: Անարխիան, արդարև, դիտվում էր որպես մարքսիստական կոմունիզմի վերջին հանգրվանը: Պետության բռնատիրական ուժից անցում անհատի քմահաճ եսին, որի բացարձակ արժեքները սոսկ իր ցանկություններն են:
[1] R. Service, Lenin, Mondadori, Milano 2001, p. 188.
[2] E. Gentile, Le religioni della politica, Laterza, Bari 2001, pp. 125, 126.
[3] M. Dell’Asta, Una via per incominciare. Il dissenso in Urss dal 1917 al 1990, La casa di Matriona, Milano 2003, p. 19; A. Graziosi, L’Urss di Lenin e Stalin. Storia dell’Unione Sovietica. 1914-1945, Il Mulino, Bologna 2007.
[4] Ռուսական համակենտրոնացման առաջին ճամբարները բացվեցին Մոսկվայում, 1918 թվականին, բռնիորեն փակված Սուրբ Հովհաննես և Սուրբ Ամենափրկիչ վանքերում:
[5] T. Terzani, Buonanotte signor Lenin, Tea, Milano 2007, p. 405.
[6] Մեջբերված է հետևյալ գրքում. R. Cammilleri, Elogio del Sillabo, Leonardo, Milano 1994, p. 228.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։