Հիտլերի ''եկեղեցին'' – Գրադարան – Mashtoz.org

Հիտլերի ''եկեղեցին''

Պատահական չէ, ուրեմն, որ Հիտլերը ջանք էր գործադրում ո՛չ միայն Կաթողիկե Եկեղեցին կործանելու համար, այլ նաև՝ ստեղծելու համար մի ազգային ''եկեղեցի'', որը կառաջնորդեր մի այլընտրանքային պաշտամունքի, անհամատեղելի՝ վերանցական և անձնավորված Աստծո հետ: Նրա ''եկեղեցին'' պետք է ունենար հետևյալ հատկանիշները.
«1. Գերմանական Ռայխի Ազգային Եկեղեցին վճռական կերպով իրեն է վերագրում բացառիկ իրավունքն ու իշխանությունը՝ վերահսկելու Ռայխի սահմաններում գտնվող բոլոր եկեղեցիները, և դրանք հռչակում է գերմանական Ռայխի ազգային եկեղեցիներ: [...]
5. Ազգային Եկեղեցին վճռակամ է վերջնականորեն բնաջնջելու քրիստոնեական օտար ու անհարազատ կրոնները, որոնք Գերմանիա մուտք գործեցին չարաբաստիկ 800 թվականին: [...]
7. Ազգային Եկեղեցին չի ունենալու ո՛չ դպիրներ, ո՛չ հովիվներ, ո՛չ երեցներ, ո՛չ քահանաներ, այլ նրանում խոսքի իրավունք են ունենալու միայն ազգային Ռայխի ճառախոսները: [...]
13. Ազգային Եկեղեցին պահանջում է, որ անհապաղ դադարեցվի Աստվածաշնչի տպագրությունն ու տարածումը Գերմանիայում: [...]
18. Ազգային Եկեղեցին իր խորաններից հեռացնելու է բոլոր խաչերը, աստվածաշնչերը, սրբապատկերները: [...]
30. Այս Եկեղեցու հիմնման օրը քրիստոնեական խաչը հեռացվելու է բոլոր եկեղեցիներից, տաճարներից, մատուռներից [...] և փոխարինվելու է միակ անհաղթելի սիմվոլով՝ սվաստիկայով»[1]:
Հստակ կերպով երևում է, թե ինչպես Հիտլերի հավատքը հնարավոր է սահմանել, ընդարձակ իմաստով, «աթեիստական կրոն» կամ «կրոնական աթեիզմ», – որն, ինչպես կտեսնենք, բազմաթիվ նմանություններ ունի ինքնին կոմունիզմի կամ ժամանակակից իդեոլոգիաների հետ, ինչպիսիք են, օրինակի համար, Նյու Էյջը կամ Սայընթոլոջին, – որի մտահամակարգում բացարձակապես տեղ չկա վերանցականության, գերբնականի, Արարիչ և Օրենսդիր Աստծո համար, այլ՝ ամեն բան բացարձակապես երկրային է, Հոդին աստծուց մինչև ռասսայական խնդիրը, արյան հարցը, մինչև փրկության ընկալումը որպես սոսկ աշխարհային, քաղաքական, ռասսայական, էուգենետիկական իրականություն: Նման մտահամակարգում աստվածայինը նույնացվում է արյան և ռասսայի հետ: Խոսելով ժամանակակից իրավիճակի մասին, որը բազմաթիվ առընչություններ ունի այն դարաշրջանի հետ, որի մասին գրում ենք, Ջանլուքա Մարլետտան նկատում է, որ արդի «նեոսպիրիտուալիզմն ա՛յլ բան չի արել, քան պարզապես՝ մատերիայից ու ատոմներից բաղկացած հին իմմանենտիզմը փոխարինել է ավելի նուրբ, մոգական կամ փսիխիկ իմմանենտիզմով»:
Ուրեմն, քանի որ համառոտ կերպով արդեն տեսանք, թե քանիցս անհամատեղելի են քրիստոնեական մտահամակարգն ու նացիոնալ-սոցիալիստական մտահամակարգը, մնում է մեզ տեսնել, թե Վատիկանի և Հիտլերի միջև արդյոք իսկապես տեղի ունեցե՞լ է սիրո այն ամուսնությունը, որի մասին խոսում ու մեղադրում է Օնֆրեյը: Սկսելու համար լավ աղբյուր կարող է հանդիսանալ Չեզարե Մարիա Դե Վեկքի Դի Վալ Չիզմոնը, որը ֆաշիստական Գերմանիայի քվադրումվիրներից մեկն էր և հաջորդաբար դարձավ ֆաշիստական առաջին դեսպանը Վատիկանում: Իր օրագրության մեջ Դե Վեկքին պատմում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Պիուս Տասնմեկերորդի պոռթկումների մասին ընդդեմ ֆաշիստական բռնապետության և միաժամանակ Սրբազան Քահանայապետի անուժության մասին ընդդեմ Մուսսոլինիի, երբ վերջինս մեկը մյուսի ետևից լուծարում էր կաթողիկե երիտասարդական գլխավոր կազմակերպությունները, Երիտասարդ Երկրախույզներից սկսած մինչև Կաթողիկե Շարժումը, բայց հիշատակում է նաև «Սուրբ Աթոռի և գերմանական նացիոնալիստական տարրերի միջև քաղաքական տարաձայնության պատճառները. տարաձայնություն, որը Հիտլերի իշխանության գլուխ գալով աճեց, դառնալով անդարմանելի թշնամանք»[2]:
Դե Վեկքին ի միջի այլոց մեջբերում է նաև մի նամակ, որն իրեն առաքել էր Մուսսոլինին նացիստական վերելքի սկզբին, ուր Դուքսն իր հավատարիմ ընկերոջը տեղեկացնում էր, որ Հիտլերի հետ խոսել է Վատիկանի հետ ունեցած իր հարաբերությունների մասին, և թե իրեն գրել է, որ Վատիկանին հաղորդի հետևյալը. «Մի՛ մոռացեք, որ կաթողիկեները Ռայխի բնակչության միայն մեկ երրորդն են կազմում», քանի որ գերմանացիների մեծամասնությունը բողոքական է. «Եկեղեցին պետք է միայն եկեղեցական գործերով զբաղվի և ուրիշ ոչնչով, ո՛չ սպորտով, ո՛չ համքարություններով, ո՛չ թատրոնով [...]». Եկեղեցու «առաջնորդները չպետք է ընդդիմադիր դիրքորոշում որդեգրեն, ինչպես Մյունխենի Կարդինալ Ֆոլհաբերը». «որ չպետք է անիմաստ ժեստեր կատարվեն, ինչպես Ռոզենբերգի գիրքն արգելված գրքերի ցանկ անցկացնելը [...]»[3]: Մուսսոլինին նամակը շարունակում է հաստատելով, որ «Հիտլերը բավականին զայրացած է կաթողիկե նվիրապետության դեմ, նաև այն ամենի համար, որ կատարվում է Ավստրիայում»[4]: 1934 թվականն էր, Հիտլերը դեռ նոր էր իշխանության գլուխ բարձրացել և Կաթողիկե Եկեղեցին արդեն պայքարում էր նրա դեմ, արգելված գրքերի ցանկն էր անցկացնում նացիստների համար հիմնական կարևորություն ունեցող գրքերը և իր ձայնն էր բարձրացնում բռնապետության դեմ: Ուրիշ ո՞վ էր ինչ-որ մի կոնկրետ քայլ ձեռնարկում գերմանացի ժողովրդի ազատության համար: Ուրիշ ո՞վ էր արդեն հասկացել, թե իրականում ի՛նչ է իրենից ներկայացնում գերմանացի դուքսը: Եվ ինչպիսի՜ դաժանություններից մարդկությունը կազատվեր, եթե ըստ մարմնի հզորները ունկնդրեին ըստ հոգու ողջամիտի ձայնը:
[1] W.L. Shirer, Storia del Terzo Reich, I , Torino 1990.
[2] C.M. De Vecchi, Il quadrumviro scomodo, Mursia, Milano 1983, p. 197.
[3] Ալֆրեդ Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» 1930 թվականին հրատարակված 610 էջանոց հաստափոր մի գիրք էր, որը պաշտամունքի սրբազան գրքի կարգավիճակ էր ստացել նացիոնալ-սոցիալիստների մոտ: Ինքը՝ Ռոզենբերգը 1934 թվականին նշանակվեց Հիտլերի «կրթության վերահսկման և կուսակցության հոգևոր ու մշակութային դաստիարակության հարցերով» փոխանորդ: «Քսաներորդ դարի առասպել»ը Եկեղեցու կողմից արգելված գրքերի ցանկ էր անցկացվել հետևյալ պատճառաբանությամբ. «Այդ գիրքն արհամարհանքով է խոսում և ամբողջովին մերժում է Կաթողիկե Եկեղեցու բոլոր դոգմաները և մինչև իսկ Քրիստոնեական կրոնի հիմնական դրույթները: Պնդում է, թե հարկավոր է հիմնել մի նոր կրոն կամ գերմանական կրոն, և հաստատում է հետևյալ սկզբունքը. ''Այսօր ծնվում է առասպելական մի նոր հավատք. արյան առասպելական հավատքը. հավատք, որով հավատում ենք, որ մարդու աստվածային բնությունը կարող է պաշտպանվել արյամբ. [...] հյուսիսային արյունն է այն խորհուրդը, որ փոխարինում է հին խորհուրդներին և գերազանցում է նրանց''» (մեջբերված է հետևյալ աշխատությունում. Y. Chioron, Pio XI. Il papa dei patti Lateranensi e dell’opposizione ai totalitarismi, San Paolo, Milano 2006, p. 365):
[4] C.M. De Vecchi, Il quadrumviro scomodo, Mursia, Milano 1983, pp. 226, 227.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։