Հնարավոր էվոլյուցիան – Գրադարան – Mashtoz.org

Հնարավոր էվոլյուցիան

Լըժոնի այս վերջին հաստատումը մեզ թույլ է տալիս կապ հաստատելու Վիեննայի Արքեպիսկոպոս, Կարդինալ Քրիստոֆեր Շյոնբորնի մի բավականին արժեքավոր գրքի հետ, որի անունն է «Պատահականությո՞ւն, թե՞ ծրագիր» (2007թ.), ուր հստակ զատորոշում է կատարվում որպես գիտական վարկած նկատված դարվինյան էվոլյուցիայի և որպես մատերիալիստական փիլիսոփայություն հանդիսացող դարվինյան էվոլյուցիոնիզմի միջև, որը բնագիտական դիտարկումներից ելնելով հանգում է տարապարտ եզրակացությունների, հասնելով պնդելու, ինչպես նեոդարվինիստ Ջուլիան Հաքսլեյը, թե իբր «էվոլյուցիոնիստական մտահամակարգում այլևս կարիք և տեղ չկա գերբնականի համար: Երկիրը չի ստեղծվել: Այն ձևավորվել է էվոլյուցիայի միջոցով»:
Կարդինալ Շյոնբորնը նախևառաջ վերահաստատում է, որ Եկեղեցու դիրքորոշումը պատմության ընթացքում, Միջնադարից իսկ սկսած, այն է, որը մարդուն նկատում է որպես բանական հոգիով օժտված մի կենդանի[1], մի մանրատիեզերք (միկրոկոսմոս), այսինքն «սահմանային մի էակ, որն իր մեջ միավորում է երկու աշխարհներն էլ. և՛ հոգևորը, և՛ նյութականը»: Այս պարզաբանումը կատարելուց հետո, Կարդինալ Շյոնբորնը հաստատում է, որ դժվարություններ գոյություն չունեն «Արարիչ Աստծո հանդեպ հավատքը էվոլյուցիայի տեսության հետ հաշտեցնելու հարցում, պայմանով, որ պահպանվեն գիտական տեսության սահմանները»:
Հիմնական գաղափարը, որից Քրիստոնեությունը չի կարող հրաժարվել, արարչագործությունն է. տիեզերքը անդրանցական Աստծո գործն է, որը, ստեղծելուց բացի, «գոյության մեջ է պահպանում այն ամենը, որ ստեղծել է», մի տևող արարչագործությամբ, Իր գործը տանելով դեպի կատարելություն, դեպի ամբողջացում: Հավատացյալի համար բնավ հարկավոր չէ մտածել արարչական առանձին արարքների մասին, որոնք պարբերական հերթականությամբ հաջորդում են միմյանց, Աստծո շարունակական միջամտություններով: Բավական է ընդամենը ընդունել փաստը, որ Արարիչը արարածներին պարգևում է ո՛չ միայն գոյությունը, այլ նաև գործելու կարողությունը, հետևաբար՝ Իր արարածներին դարձնում է «երկրորդական պատճառներ», արարչակիցներ:
Կարդինալ Շյոնբորնի կողմից բերվող օրինակը լույս է սփռում հարցի վրա. մարդկային յուրաքանչյուր նոր կյանքի համար Աստված գործածում է ծնողներին, որոնք որդեծնությամբ գործակցում են Արարչին, դառնալով երկրորդական պատճառներ, համա-պատճառներ կամ պատճառակիցներ (և ո՛չ թե միակ, բացարձակ պատճառներ): Գրում է Կարդինալ Շյոնբորնը. «Ծնողներն, անկասկած, մարդկային նոր էակի իրական պատճառակիցներն են: Նրանք, սակայն, չեն ''արտադրում'' նոր անձը: Իսկապես նոր իրականությունը, որ աշխարհ է գալիս մարդկային նոր էակի հետ, ծնունդ է առնում շնորհիվ մի ամբողջական արարքի, որին մասնակցում են Աստված և արարածը, բայց ո՛չ հավասար մասերով, այլ այնպես, որ ծնողներն ամբողջովին հանդիսանում են որպես պատճառներ, քանի որ, որքանով իրենց գործն է, ամբողջովին նպաստում են իրենց բնորոշ հատկություններով, և Աստված նույնպես ամբողջովին հանդիսանում է նոր մարդու պատճառը, քանի որ Նա ստեղծում է այն, ինչը որ միմիայն արարիչ արարքը կարող է ստեղծել. մի նոր անձ, իր հոգիով՝ անմահ, Աստծո առաջ իր կոչումով՝ միակ»:
Կարելի է պարզաբանել մի ուրիշ օրինակով ևս. տղամարդու և կնոջ միության շնորհիվ ծնունդ առած սաղմն իր մեջ պարունակում է, որպես պոտենցիալ, մի ծրագիր, որը նրան տանելու է դեպի զարգացում և հասցնելու է հասունության, առանց դրսից հավելյալ վճռորոշ միջամտությունների: Աստծուց՝ իր առաջին պատճառից և մարդկանցից՝ իր պատճառակիցներից նա ստացել է գոյությունը և գործելու կարողությունը, որը տվյալ պարագայում կայանում է սաղմի զարգացման (էվոլյուցիայի) մեջ, որը սակայն պատահական չէ, այլ՝ բանական, նպատակամղված: Պատճառակիցների անշուշտ ո՛չ նոր գաղափարի համար Կարդինալ Շյոնբորնը հաստատում է գտնում Աստվածաշնչի Ծննդոց գրքում, ուր կարդում ենք, որ Աստված հրամայում է. «Թող ջրերն արտադրեն կենդանության շունչ ունեցող զեռուններ», և հավելում է. «Թող երկիրն արտադրի չորքոտնանի կենդանիներ» (Ծնդ 1, 20.24): Մեկնաբանում է Կարդինալ Շյոնբորնը. «Սա չի՞ նշանակում արդյոք, որ Աստված կարող է գործել նաև աշխարհի միջոցով»: Չի՞ կարող նշանակել, որ ծովն ու երկիրը կարող են ծննդավայրը հանդիսացած լինել կյանքի որոշ կերպերի, որոնք ստեղծվել են ո՛չ թե ուղղակիորեն, այսպես ասած, այլ՝ անուղղակիորեն, էվոլյուցիայի միջոցով:
Կարդինալ Շյոնբորնի մտածելակերպը բացարձակ նորություն չէ քրիստոնեական փիլիսոփայական մտքի պատմության մեջ: Անգլիացի մեծ գիտնական Ռոբերտ Բոյլը, որի կրոնական յուրահատուկ բարեպաշտությունը հայտնի է, հաստատում էր. «Փիլիսոփայությունը, որ ես պաշտպանում եմ, չի անցնում զուտ նյութական իրականություններից անդին և, տարբերություն դնելով գոյություն ունեցող ամեն ինչի առաջին ծագման և բնության հաջորդաբար սկիզբ առած ընթացքի միջև, ուսուցանում է, որ Աստված [...] հաստատեց շարժման օրենքները և կարգուկանոնը, որ գոյություն ունի նյութական իրողությունների միջև, այսինքն՝ այն բաները, որոնք մենք անվանում ենք բնության օրենքներ: Ուստի, երբ Աստված ստեղծեց տիեզերքը և հաստատեց շարժման օրենքները, ամեն բան իրեն որպես նեցուկ ունենալով այս [...] ընդհանուր նախախնամությունը [...], աշխարհի ֆենոմենները ֆիզիկականորեն արտադրվում են մատերիայի մասերի մեխանիկական հատկությունների կողմից»:
Նրանից շատ առաջ, արդեն մեջբերված միջնադարյան Եպիսկոպոս Ռոբերտ Բիգհեդը առաջ էր քաշել այն վարկածը, որ Աստված, արարչագործությունից հետո, որպես երկրորդական պատճառներ գործածել է ո՛չ թե ''աստվածային մոլորակների ազդեցությունը'', ինչպես կարծում էին առասպելական միտք ունեցող հեթանոսներն ու նորպղատոնականները, ո՛չ էլ՝ ''հրեշտակային շարժիչները'', օրինակ՝ երկնային մարմինների շարժման համար, այլ՝ արարչության ներսում իսկ առկա ֆիզիկական օրենքները, որոնք նույն Ինքն Աստծո կողմից են ստեղծվել: Այդպիսով Բիգհեդն իր տիեզերաբանության մեջ ընդգրկում էր նյութական տիեզերքի մեխանիկական ընկալմամբ ստեղծվելու գաղափարը:
Կարդինալ Շյոնբորնի հնարավոր էվոլյուցիան, ուստի, թվում է՝ թե համընկնում է Ֆրանսիզ Քոլլինսի կողմից դավանված թեիստական էվոլյուցիային, որը նրա իսկ կողմից համառոտվում է հետևյալ կետերում. «1) Տիեզերքը ծնունդ է առել ոչնչից, մոտ 14 միլիարդ տարի առաջ: 2) Չնայած հակառակ հնարավորություններին, որոնց քանակը վիթխարիորեն մեծ է, թվում է՝ թե տիեզերքի հատկությունները դիտավորյալ կերպով ծրագրավորվել են այնպես, որ հնարավոր դարձնեն կյանքը: 3) Թեև Երկրի վրա կյանքի ծագման մեխանիզմը մնում է անհայտ, երբ կյանքը ծագեց, էվոլյուցիայի և բնական սելեկցիայի գործընթացը հնարավոր դարձրեց կենսաբանական տարբերության և բարդության զարգացումը ժամանակի խիստ ընդարձակ հատվածում: 4) Երբ էվոլյուցիան լիովին ընթացքի մեջ մտավ, այլևս հարկավոր չէր գերբնական ոչ մի հատուկ միջամտություն: 5) Մարդկային էակները մաս են կազմում այս գործընթացին և ընդհանուր մի նախահայր ունեն մարդակերպ մեծ կապիկների հետ միասին: 6) Մենք՝ մարդիկս, սակայն, նաև եզակի ենք, որոշակի հատկությունների պատճառով, որոնք չեն ենթարկվում էվոլյուցիոնիստական մեկնաբանություններին և ընդգծում են մեր հոգևոր էությունը: Այդ հատկությունների շարքին են պատկանում բարոյական օրենքի գոյությունը (բարու և չարի ճանաչումը) և Աստծո փնտրտուքը, որով են բնութագրվում մարդկային բոլոր մշակույթները մարդկության պատմության ամբողջ ընթացքում»[2]:
Եզրափակելու համար տեղին է ընդգծել, որ էվոլյուցիայի ծավալման իրական կերպերի շուրջ մեր անգիտությունը և բազմաթիվ նորդարվինականների հակումը դուրս գալու գիտական ոլորտից, հանդէս գալու համար որպես մատերիալիստ փիլիսոփաներ, որպես հակազդում ծնունդ տվեց ամերիկյան Բանական Ծրագիր (Intelligent Design) շարժմանը. մի վարկած, որը չի սահմանափակվում կասկածի տակ դնելով – իրավացիորեն – մատերիալիստների պնդումները, թե պատահական մուտացիաներն ու բնական սելեկցիան կարող են լիովին բացատրել կենսական գործընթացները, այլ հասնում է առաջադրելու մի այլընտրանքային տեսություն, որը գիտության փիլիսոփա Սթենլիյ Ջեյքիի գնահատմամբ, բացեր ու թերություններ ունենալուց բացի, «սխալ ընթացք է առնում իր մեկնակետից ևեթ, քանի որ հաստատում է, թե էվոլյուցիան առաջնորդող և կառավարող բանականությունը կարող է չափվել և քննության ենթարկվել»[3]:
[1] Մարդու ծագման հարցում դարվինյան վարկածի վերաբերյալ հայտնի է Հռոմի Սրբազան Քահանայապետ Պիուս Տասներկուերորդի դիրքորոշումը. ինչ վերաբերվում է իր ֆիզիկական մասին, մարդը կարող է նաև ծագել իրեն նախորդող ինչ-որ մի բանից, էվոլյուցիայի շնորհիվ, բայց դրանով չի բացառվում աստվածային արարչագործ միջամտության, հոգու ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի ընկալելի լինի այն էական վիհը, որ գոյություն ունի անասուն կենդանիների և բանական կենդանու՝ մարդու միջև, և որպեսզի հիմնավորվեն այն առանձնահատկությունները, որոնք մարդուն բնորոշում են և տարբերություն են հաստատում նրա և անասուն կենդանիների միջև. խոսքը, կամքը, ազատությունը, բարոյական գիտակցությունը, մետաֆիզիկական հարցերը, և այլն:
[2] F. Collins, Il linguaggio di Dio, Sperling & Kupfer, Milano 2007, p. 204.
[3] S. Jaki, Disegno intelligente?, Fede & Cultura, Verona 2007, p. 31.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։