Մի գենետիստի կարծիքը. Ժերոմ Լըժոն – Գրադարան – Mashtoz.org

Մի գենետիստի կարծիքը. Ժերոմ Լըժոն

Էվոլյուցիայի շուրջ խոսակցությունը չափազանց ընդարձակ է և անհնարին է սպառիչ կերպով անդրադառնալ դրան այստեղ: Պարզապես խնդրի բարդությանը ակնարկելու համար, բավարարվենք մի հարցազրույցով, որ տվել է Քսաներորդ դարի ամենամեծ գենետիստներից մեկը հանդիսացող Ժերոմ Լըժոնը, որը գենետիկական առաջին անոմալիայի բացահայտողն է (Տրիսոմիա 21 կամ Դաունի Սինդրոմ) և որն առաջին անգամ լինելով կապ հաստատեց քրոմոսոմային խոտորման և մտային տկարության միջև:
Լըժոնը անդամ էր Արվեստների և Գիտությունների Ամերիկյան Ակադեմիայի, Լոնդոնի Բժշկության Թագավորական Ընկերության, Ստոկհոլմի Գիտությունների Թագավորական Ակադեմիայի, Իտալիայի և Արգենտինայի Գիտությունների Ակադեմիաների, Ֆրանսիայի Գիտությունների Ինստիտուտի, ֆրանսիական Բժշկության Ազգային Ակադեմիայի, Վատիկանի Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի և ուրիշ բազմաթիվ համբավաշատ հաստատությունների:
Լըժոնը խորապես հավատացյալ էր, գիտակից քրիստոնյա, համոզված, որ Աստվածաշունչը անհրաժեշտորեն չի ընդդիմանում էվոլյուցիայի գաղափարին, այլ մանավանդ թե՝ Աստվածաշունչը «էվոլյուցիոն առաջին գիրքն է, քանի որ ընդգծում է արարչագործության հանգրվանները»: Բայց հարկավոր է ճշգրտել «էվոլյուցիա» եզրի հստակ նշանակությունը: Երկրաբանական շերտերում կատարված պեղումները հաստատում են, որ հաջորդաբար ի հայտ են եկել միշտ ավելի ու ավելի բարդ օրգանիզմներ: Բայց սա չի նշանակում, թե ճանաչում ենք դրա պատճառը, ո՛չ էլ՝ թե կյանքը անհրաժեշտորեն զարգացել է ինչ-որ մի սկզբնական բջջից, ծնունդ տալով մի տեսակ շղթայի, ամեոբայից մինչև փիղը. «Փաստերն այն են, որ ժամանակի ընթացքում տեսակներն հաջորդել են միմյանց, և ճիշտ է, որ մարդը ի հայտ է եկել վերջում: Այս կետի շուրջ չկա գիտնական, որ համաձայն չլինի: Գոյություն ունի նեոդարվինյան մի տեսություն, որը ենթադրում է, թե ամեն բան առաջացել է պատահական փոփոխությունների հետևանքով և սելեկցիայի է ենթարկվել գոյապահպանման անհրաժեշտությամբ: Ժաք Մոնոյի վարկածն է, որը նա գրի է առել իր ''Պատահականությունն ու անհրաժեշտությունը'' գրքում: Նա իր գիրքը շարադրել է ճիշտ ժամանակին, քանի որ այսօր այդպիսի գիրք գրել այլևս չէր կարողանա: Մոնոյի գիրքը հիմնվում էր Դեմոկրիտի հին սկզբունքի վրա, որի համաձայն՝ բնության մեջ ամեն բան արդյունքն է պատահականության ու անհրաժեշտության. սկզբունք, որ բացարձակապես անկիրառելի է բոլոր կենդանի համակարգերի վրա: Հիրավի, բոլոր գաղափարները, որոնք մարդիկ գործածել են անկենդանը կենդանիից տարբերելու համար, չեն սահմանափակվում պատահականությամբ ու անհրաժեշտությամբ: Գոյություն ունի մի երրորդ եզր, որը կարող ենք չեզոք ձայներանգով սահմանել որպես ''տեղեկություն'' [ինֆորմացիա], որը Սբ. Թովմաս Աքվինացին կանվաներ ''ձև'', իսկ հին փիլիսոփաները՝ ''լոգոս''»:
Բացի այդ, «ինչ վերաբերվում է կյանքի ծագմանը, վարկածներ մշակելուց ա՛յլ բան չենք կարող անել: Հարցի ամենապարզունակ լուծումն է այն, որ իբրև անքննարկելի պոստուլատ ընդունվում է վարկածը, թե ի հայտ է եկել մի առաջին բջիջ, որին նկարագրելուց պետք է խստորեն հեռու մնանք, քանի որ այն բավականին չենք ճանաչում, և թե այդ բջջից են ամբողջովին անհավանական փոփոխությունների պատճառով առաջ եկել տարբեր կերպարանափոխությունները, որոնք հանգեցրել են առաջացմանը այն տեսակների, որոնք մեզ հայտնի են, լինեն դրանք բրածո, թե տակավին կենդանի տեսակներ: Վարկած է: Թվում է, թե ավելի հեշտ է ասել, որ կյանքն ի հայտ է եկել միայն մեկ անգամ: Մյուս վարկածն այն է, որ կյանքն ի հայտ է եկել մեկից ավելի անգամներ և տարբեր գծերով, որոնք հանգեցրել են կենդանական աշխարհի, բուսական աշխարհի և մյուսների մեծ ենթաբաժանումներին: Ես ոչ մի կարծիք չեմ հայտնի այս երկու վարկածների միջև, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել: Փոխարենն այն, ինչը որ կարող ենք ասել վստահորեն, այն է, որ եթե ընդունեինք նեոդարվինյան մուտացիա-սելեկցիա մեխանիզմը, էվոլյուցիան չէր կարող տեղի ունենալ, քանի որ բացարձակորեն անհնարին կլիներ, հաշվի առնելով հաջորդական նպաստավոր փոփոխությունների քանակը, որն հարկավոր կլիներ երևակայել ամեոբայի ու մարդու միջև, որպեսզի մարդը կամ մյուս կենդանիները ի հայտ գային»:
Ի վերջո, եզրակացնում է Լըժոնը, «եթե կրկին կարդաք Ծննդոց գիրքը, որը բավականին հետաքրքրական է, Աստծո ուղղակի միջամտությամբ կատարված ''արարչագործություն'' բառը գործածված է միայն երեք անգամ: Մի անգամ երկնքի ու երկրի, մի անգամ մարդու և մի անգամ էլ, պատմության կեսին, ծովային մեծ կենդանիների համար: Մնացած ամեն ինչի համար ասվում է, որ երկիրը կանաչապատվեց, որ ծովը վխտաց կյանքով [...]: Խոսք չկա ոչ մի մեխանիզմի մասին, որը մեզ ներկայացվի որպես տեսակ առ տեսակ արարչության մեխանիզմ: Այնպես, ինչպես որ հավատացյալին մեծ ազատություն է տրվում ուսումնասիրելու էվոլյուցիոնիստական բոլոր վարկածները, իմանալու համար, թե արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը: Չեն կարող հակասության մեջ լինել Հայտնության հետ, որն հաստատում է միմիայն երկնքի ու երկրի արարումը, որը ներկայացվում է որպես Աստծո կողմից անմիջական արարչագործություն, և մարդ էակի արարումը: Երբ հասնում ենք մարդուն և տեսնում ենք, թե ինչպես է մոլորակի վրա հանկարծակի ի հայտ գալիս մի երկոտանի, որն այսքա՜ն նման է մյուսներին, և սակայն առաջինն ու միակն է, որ ընդունակ է մտածելու, լիովին պարտավորվում ենք հաստատելու, որ ինչ-որ մեկը նրա մեջ փչել է ինչ-որ մի բան»[1]:

[1] Լըժոնի այս խոսքերը նախապես հրատարակվել են հետևյալ պարբերականում. «Studi Cattolici» (nr. 188, 1976), ապա այս գրքում. J. Lejeune, Il messaggio della vita, Cantagalli, Siena 2002.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։