Մի ''թեթև'' ճամփորդություն դեպի Չինաստան – Գրադարան – Mashtoz.org

Մի ''թեթև'' ճամփորդություն դեպի Չինաստան

Եզրափակելու համար իմ այս պատմական ակնարկները, կսահմանափակվեմ հրավիրելով – սոսկ կատակի համար – Օդիֆրեդդիին, Դոկինսին, Հարրիսին և բոլոր այն պարոններին, որոնց մասին խոսեցինք այս գրքում, ո՛չ թե կրկին աչքի անցկացնելու Քսաներորդ դարի պատմությունը, – «մարդասպան գաղափարների» այդ աթեիստական դարը, ինչպես այն անվանել է Ռոբերտ Քոնքուեսթը, – որովհետև պատմությունը «կյանքի ուսուցիչ» է նրա համար, ով այն ուսումնասիրում է և ով ուզում է հասկանալ, այլ պարզապես մի ''թեթև'' ճամփորդություն կատարելու դեպի մեկ միլիարդից ավելի բնակչություն ունեցող այն գեղեցկագույն երկիրը՝ Չինաստանը, որի կառավարումը մինչև օրս էլ գտնվում է բացահայտորեն աթեիստ, կոմունիստ և մատերիալիստ կուսակցության ձեռքում:
Քանի որ այլևս գոյություն չունի Խորհրդային Միությունը, որը մի ժամանակ հայրենիքն էր ''գիտական'' հաղթանակ տոնող ու անհոգ աթեիզմի, կարծում եմ, որ ժամանակակից աթեոլոգները Չինաստանում կարող են առիթներ գտնել օգտակար և նվազ դոգմատիկ խորհրդածությունների համար: Մանավանդ որ դեռ ողջ կամ արդեն հանգուցյալ աթեոլոգներից շատերն իրենց իդեոլոգիական արմատները գտնում են հենց կոմունիզմի մեջ, իսկ դա անշուշտ պատահականություն չէ. ինչպիսիք էին և են, օրինակի համար, Օպարինը, Հալդանը, Մորրիսը, Մոնոն, Օդիֆրեդդին, Վերոնեզին, Սքիավոնեն և այլոք:
Չինաստանում աշխատանքի լայն հնարավորություններ կան աշխարհի բոլոր աթեոլոգների համար: Այդտեղ նրանք կարող են բացատրություններ լսել, թե ո՛վ էր Մաոն, կարող են ընթերցել Չինական Կոմունիզմի Սուրբ Գիրքը, այդ կարմիր գրքույկը, որի մեջ պետք է որ պարունակվեր մարդկային ամբողջ գիտությունը. առավոտյան աշխատանքի գնալուց առաջ կարող են հավաքվել Մաոյի պատկերի առաջ, նրանից ուժ և ներշնչանք ստանալու համար, և կարող են ննջեցյալ կոմունիստ բռնապետին աղոթել և դիմել այն տիտղոսներով, որոնք նա բոլորից ավելի էր սիրում. «Կարմիր Արև», «Մեծ Ուսուցիչ», «Մեծ Առաջնորդ», «Մեծ Հրամանատար», «Մեծ Ղեկավար», «Աշխատավորների Մեսիա»: Չինաստանում նրանք հստակ կերպով կտեսնեն, թե ի՛նչ է նշանակում փաստը, որ Աստծուն կորցնելով՝ մարդը կորցնում է ուղղամիտ բանականությունը և իր համար կառուցում է արյունարբու կուռքեր:
Ինձ թույլ եմ տալիս միայն հիշեցնել հետաքրքրասեր ընթերցողին այն փաստերը, որոնց վրա աթեոլոգ դիտորդը՝ Եկեղեցու կողմից Եվրոպայում մարմնի ու վարվելակերպի վերաբերյալ հաստատված բազմաթիվ կանոնների այդ ոխերիմ թշնամին կարող է կենտրոնացնել իր ուշադրությունը: Մի կողմ կթողնեի իդեոլոգիական պատճառներով սպանված սովորական զոհերին, որոնց թիվը Կոմունիզմի Սև Գրքի համաձայն հասնում է 65 միլիոնի, ըստ տարբեր աղբյուրների՝ 34ից 63 միլիոն միայն 1949-1965 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես հիշատակում է Էուջենիո Քորթին: Մի կողմ եմ թողնում նաև նկարագրումն այն բանի, թե ինչպես տեղի ունեցավ չինական մշակութային հեղափոխությունը, որը 1966-1976 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում, մահվան դատապարտելով ևս մի քանի տասնյակ միլիոն չինացիների, Մաոյի և ընկերների աթեիստական ''չափազանց հանդուրժող'' վարչակարգին մղեց արգելելու արտասահմանյան ապրանքների վաճառքն ու գործածումը, ծաղկամանները պատուհանների եզրերին, գունավոր լույսերի գործածումը, դիմահարդարումը, թեյասրահները, թատրոնները, ամուսնության և հուղարկավորության արարողությունները, զույգերի ձեռք ձեռքի տված զբոսանքները և մինչև իսկ օդապարուկների խաղը, որոնք բոլորն էլ նկատվում էին չափազանց «քաղքենիական», «ավատատիրական», «արևմտյան» իրականություններ:
Սահմանափակվենք, ուստի, միայն այն իրողություններով, որոնք պատահում են այսօր, ամեն օր, այդ երկրում, որ կոչվում է «ժողովրդական հանրապետություն», այնպես՝ ինչպես հակոբիկյաններն էին իրենք իրենց կոչում «դեմոկրատական» և ինչպես Արևելյան Գերմանիան էր կոչվում «դեմոկրատական» հանրապետություն: Եվ այսպես Չինաստանում, արդեն տասնամյակներ շարունակ, աղջիկ երեխաները գիտակցաբար սպանվում են, միլիոններով, ընտրողական աբորտի և մանկասպանության միջոցով, ստեղծելով ժողովրդագրական աղետալի անհավասարակշռություն: Ծննդաբերելու համար պահանջվում է պետական հատուկ արտոնություն. ով չի ենթարկվում օրենքին, պատժվում է զավակի սպանությամբ, այրված կամ հողին հավասարեցված տնով, աշխատանքից դուրս վտարվելով և ա՛յլ վայրագություններով: Առանց հաշվի առնելու փաստը, որ զանգվածային աբորտիզմն ու մանկասպանությունը ծնունդ է տվել մի անմարդկային, թեև սահմանափակ իրականության. սնվելը «fetal soup»ով (սաղմնային ապուր) և «fetal remains»ով (սաղմնային մնացորդներ), որոնց իբր թե բուժիչ հատկությունների մասին առասպելներ են պատմվում[1]: Նման քաղաքականության հետևանքն այն է, որ Խորհրդարանի կողմից 2007 թվականին կատարված մի ուսումնասիրության համաձայն՝ 100.000 բնակչից 23ը ինքնասպանություն է գործում և ամբողջ երկրում 30 միլիոնից ավելի են հոգեընկճմամբ տառապողները: Պեկինում հոգեկան հիվանդների թիվը 1993 թվականին կազմում էր 0,83 մարդ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով. ընդամենը տասը տարի անց, 2003 թվականին, այդ թիվը հասել էր 33,1ի:
Ինչպես նաև, Չինաստանում ապրում են մոտ 200 միլիոն ծածուկ գաղթականներ, որոնք զուրկ են քաղաքացիական որևէ իրավունքից. դրանք այն երեխաներն են, որոնք ամենատարբեր պատճառներով փրկվել են հարկադիր աբորտից և, հետևաբար, «գոյություն չունեն» Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության համար, ինչպես Պիրանդելլոյի Մատթիա Պասկալը: Այդ թվին հարկավոր է ավելացնել տարեկան առնվազն 100.000 նոր որբերին, որոնց ընդհանուր թիվն այսօր հասնում է կես միլիոնի. «համաշխարհային ռեկորդ»[2], որը լիովին համապատասխանում է աթեիստ կոմունիզմի ավանդույթներին, որն ընտանիքը կործանելով՝ ոչնչացնում է ամենատկար տարրը, այսինքն՝ երեխաներին: Չինաստանում, ուստի, ճշգրիտ կերպով կրկնվում է այն, ինչ տեղի էր ունենում կոմունիստական Ռուսաստանում, իր տարեկան կատարված 1,5 միլիոն աբորտներով և 1918 թվականից արդեն առկա որբերի մի օվկիանոսով, որոնց թիվն այսօր կազմում է 2ից 5 միլիոն[3]:
Այս ամենին հարկավոր է ավելացնել այն, ինչը որ Լաոգայ Ուսումնասիրությունների Հիմնարկը հայտնել ու մեղադրել է իր «Չինաստան. մահվան առևտուր» գրքում, ուր խոսվում է կոմունիստական Չինաստանի ամբողջ տարածքով մեկ առ այսօր սփռված ավելի քան 1.000 համակենտրոնացման ճամբարների գոյության մասին և նկարագրվում է, թե ինչպես են մահապատժի դատապարտվածների հազարավոր երիկամներ, լյարդեր, ծիածանաթաղանթներ «վաճառվում մարդկային օրգանների շուկաներում, Չինաստանում և աշխարհում», հաճախ հայտնվելով կուսակցության առաջնորդների մարմնում: Որովհետև Չինաստանում մարդն այն է, ինչ ասում էին Տասնութերորդ դարի աթեիստ և իլլումինիստ փիլիսոփաները. անհոգի բջիջների մի կույտ, մի մեքենա, որը մի օր, ինչպես բացատրում էր Էմիլ Զոլան, հնարավոր է լինելու քանդել ու հավաքել ըստ սեփական քմահաճույքի: Եվ այդպես, չինական Պետությունը իր մի ձեռքով, բանակի միջոցով, տնօրինում է արհեստական բեղմնավորման և կլոնավորման բազմաթիվ լաբորատորիաներ (''մեքենան'' հավաքելու համար), իսկ մյուս ձեռքով արձակում է անհավատալիորեն բարձր քանակի՝ տարեկան 8.000ից 10.000 մահապատժի դատավճիռներ, և՛ կրթելու համար ժողովրդին, որպեսզի ողջամտորեն հարգեն օրենքները (որոնք չեն սահմանվել անձամբ Աստծո կողմից, բայց դա պատճառ չէ, որ նվազ պարտավորեցնող լինեն), և՛ տնօրինելու համար մարդկային օրգանների ծաղկուն վաճառքը (''մեքենան'' քանդելու շնորհիվ):
Ավարտելու համար, մեր աթեոլոգ ճամփորդներին խորհուրդ եմ տալիս Չինաստանն այցելել տոնական մի օր, ասենք Մայիսի 1ին, որն աշխատավորների տոնն է (այն աշխատավորների, որոնց հաճախ կապում են ծառերին, որպեսզի ավելի աշխատեն. այն աշխատավորների, որոնք Չինաստանում չունեն արհմիություններ, ո՛չ էլ որևէ տեսակի բժշկական ապահովագրություն), կամ Հոկտեմբերի 1ին, որը Չինաստանի ազգային տոնն է, որովհետև Չինաստանում, ուր ''բարեբախտաբար'' չեն տոնում Սրբերի հիշատակը և չի կատարվում կիրակնօրյա Սուրբ Պատարագը, բացառիկ մահապատիժները նախընտրում են կատարել հենց այդ օրերին, որպեսզի առավել թվով մարդիկ հետևեն դրանց և դաստիարակիչ ազդեցությունը առավելագույնս լինի: Այդպիսով մեր աթեոլոգները կկարողանան խառնվել «հատուկ այդ նպատակի համար բերված հանդիսատեսների ամբոխին, որին մաս են կազմում համալսարանական ուսանողներ, միջնակարգ դպրոցների աշակերտներ և մահապատժի դատապարտվածների ազգականները, որոնք պարտավոր են վճարել իրենց հարազատների դեմ արձակված փամփուշտների գինը»:
[1] M. Miravalle, The seven sorrows of China, Queenship Publishing, 2008.
[2] «Corriere della Sera» թերթի 2008թ. Հունվ. 10-ի համարում:
[3] «Avvenire» թերթի 2006թ. Հուն. 2-ի համարում: Կոմունիստական Ռուսաստանում 1917 թվականին օրինականացվեց ամուսնալուծությունը և արգելվեց ամուսնության եկեղեցական արարողությունը, իսկ 1920 թվականին ներմուծվեց աբորտը: «1926 թվականի օրենսգիրքը վերահաստատեց այդ որոշումները և ավելի հեռուները նետվեց, հավասարազորության միևնույն հարթության վրա դնելով ԶԱԳՍ-ում գրանցված ամուսնություններն ու փաստացի համատեղ կյանքը, այսինքն՝ հարճությունը: Ամուսնալուծվելու համար բավական էր միակողմանի մի պարզ դիմում, որն առաքվում էր նամակի ձևով. այսպես կոչված ''բացիկային'' ամուսնալուծությունն էր»: Հետևանքնե՞րը: «Ամուսնությունների անկայունությունը և զավակների զանգվածային լքումը: [...] Աբորտները բազմապատկվեցին, ծնունդների թիվն անկում ապրեց սարսափելի ձևով, նորածինների լքումը դարձավ հաճախակի: Որբանոցները, ընդհատակյա, դարձան իրական սպանդանոցներ: Բազմապատկվեցին մանկասպանություններն ու սպանությունները ամուսինների միջև»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։