Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերը. էուգենետիկան – Գրադարան – Mashtoz.org

Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերը. էուգենետիկան

Ռասսիզմին սերտորեն միացած է էուգենետիկան, որն ա՛յլ բան չէ, քան հին ուտոպիստական, և ուրեմն՝ աթեիստական երազանքի վերահրատարակությունը. ստեղծել մի կատարյալ մարդկություն, բացարձակապես առողջ, ամբիծ, որը կարիքը չի ունենա Փրկիչ Աստծո և Փրկության: Էուգենետիկան ներկա է արդեն Պլատոնի իդեալական, էականորեն կոմունիստական Հանրապետությունում. Թովմաս Քամփանելլայի «Արևի քաղաքը» գրքում, որը նույնպես ծրագրված է կոմունիստական չափանիշներով. Տասնվեցերորդ դարի մի քանի մոգերի ցնորքներում, որոնք կարծում էին, թե մարդու վրա նույնպես կարող էին կիրառել այն սելեկցիան, որը կիրառվում էր ձիերի դեպքում: Բայց ամբողջովին յուրահատուկ կերպով, արդի էուգենետիկան կապվում է, ինչպես արդեն ակնարկել ենք, Չարլզ Դարվինի զարմիկ Ֆրանսիզ Գալթոնի անվանը, որը 1883 թվականին շրջանառության մեջ դրեց «eugenics» եզրը:
Գալթոնի գաղափարներն առաջին անգամ համակարգված եղանակով կիրառվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Տասնիններորդ դարի վերջերին, և հետո միայն որդեգրվեցին նաև Հիտլերի կողմից, որն իր էուգենետիկական ծրագրով, որի նպատակն էր ոչնչացնել հիվանդներին, տարեցներին, հաշմանդամներին ու թերակազմներին, վերջնականորեն վարկաբեկեց այդ ''գիտությունը'', որը մինչ այդ մեծագույն խանդավառության էր արժանացել ո՛չ միայն բազմաթիվ գիտնականների, այլ նաև՝ աշխարհի տարբեր կառավարությունների կողմից: Իր «Mein Kampf» գրքում, բացատրելուց հետո, որ Պետությունը, ազգը «պետք է հիվանդներին կամ թերակազմներին թույլ չտա» որդեծնել, Հիտլերը հավելում է. «Բավական կլիներ, որ մարմնի և հոգու հիվանդներին վեց հարյուր տարի չթույլատրվեր որդեծնել, և մարդկությունը կփրկվեր սոսկալի դժբախտությունից և կհասներ առողջության մի վիճակի, որն այսօր գրեթե անհավատալի է»[1]: Ռուդոլֆ Հեսսը սովոր էր սահմանել նացիզմը որպես «կիրառված կենսաբանություն», մինչ Լիֆթոնը սահմանեց նացիզմը որպես «բիոկրացիա», քանի որ այն հիմնված էր կենսաբանական գործընթացների բացարձակ հսկողության տեսության վրա. դարվինյան «սելեկցիա» եզրը գործածելով, նացիստները փորձեցին գրավել բնության (բնական սելեկցիայի) և Աստծո տեղը, որպեսզի իրենք ղեկավարեին և ուղղորդեին մարդկային էվոլյուցիան: Այդ բիոկրացիայի արտահայտություններից էին ամուսնության վերաբերյալ ռասսիստական օրենքները, հատուկ վայրերի ստեղծմամբ, ուր յուրահատուկ գեղեցկությամբ և ուժով օժտված ''արիացի'' տղամարդիկ և կանայք մղվում էին միավորվելու, նաև առանց զգացմունքային ենթահողի, որպես միակ նպատակ ունենալով ծնել մի ''գերակա'' սերունդ. ուր կիրառվում էր թերակազմ և աշխատելու անկարող որոշակի դասակարգերի մարդկանց բռնի ամլացումն ու էութանազիան. ուր ''անմաքուր'' երեխաներով հղի գերմանացի կանանց, իսկ պատերազմի բռնկումից հետո՝ Արևելյան Եվրոպայի կանանց պարտադրվում էր աբորտը:
Այս գաղափարները, սակայն, ինչպես արդեն ասացինք, իրենց տարածման համար պարտավոր էին, Հիտլերից առաջ, Ֆրանսիզ Գալթոնի մտքին ու գործունեությանը. նա առաջինն էր, որ որոշակի համակարգվածությամբ առաջարկեց և նշանակալի թվով հետևորդներ շահեց ընտրողական ամուսնությունների, դիսգենիկ համարվածների կղզիացման, թափառականների, աղքատների, հիվանդների, մտային խանգարում ունեցողների, ընդհանրապես «ստորակարգ» համարվածների ամլացման գաղափարին, որպես նպատակ ունենալով նրանց մոտ կասեցնել որդեծնությունը, բարելավելու համար ցեղը, քանի որ համոզված էր, թե անձանց «և՛ ֆիզիկական, և՛ մտային, և՛ բարոյական հատկությունները ժառանգական են»: Գալթոնի համաձայն, ամեն բան բացատրվում էր ժառանգականության հիմքի վրա, բացարձակ կերպով մոռացության մատնելով միջավայրի ազդակները և անհատական ազատության խորհուրդը: Նման մտածելակերպի առաջին ու անմիջական հետևանքն այն էր, որ «այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հանցագործությունը, պոռնկությունը, աշխատազրկությունը, անարտադրողականությունը նկատվեցին» որպես ֆիզիկական ոլորտին պատկանող հիվանդագին երևույթներ, որոնց պատճառները փնտրվում էին բացառապես կենսաբանական բնության ներսում: Գալթոնի կողմից առաջարկված տարբերակման չափանիշը, որոշելու համար, թե ովքեր էին «հարմար», իսկ ովքեր՝ «անհարմար», սոցիալական ինտեգրացումն էր, որը կարճ ժամանակում փոխարինվեց «հաջողություն» հասկացողությամբ, որի անխուսափելի հետևանքը «դասակարգային» մտահամակարգն էր, որի համաձայն՝ աղքատները, հասարակության մեջ որևէ դեր չունեցողները, հարբեցողները, շատ հաճախ՝ իտալացի կամ իռլանդացի կամ սևամորթ գաղթականները դասվեցին «անհարմարների» շարքում, այսինքն նրանց, ում հարկավոր է կղզիացնել, հսկել, ամլացնել, որպեսզի նրանց գենետիկական ժառանգությունը չտարածվեր:
Գալթոնի նպատակն էր «էուգենետիկայի միջոցով ուղղորդել էվոլյուցիայի ընթացքը, հասնելու համար միայն մի նպատակի. ամբողջ մարդկության բարօրությունը», զոհաբերելով, եթե հարկավոր է, անհատ անձերին, և բնական թերի սելեկցիային օգնության հասնել արհեստական սելեկցիայով, որը ղեկավարվում էր «բարձրակարգ» համարվող մարդկանց կողմից: Գալթոնը հասավ մերժելու սկզբնական մեղքի գաղափարը որպես աստվածաբանական կատեգորիա, և այն վերամշակեց դետերմինիստական տեսանկյունից դիտված, որպես կենսաբանական խնդիր, որն հարկավոր է լուծել սոսկ կենսաբանական միջոցներով: Պատմաբան Քայլսը, պնդելով գալթոնական գործի մեսիանական շեշտադրումների վրա, գրում է, որ «Գալթոնը էուգենետիկայի մեջ տեսավ կղերական ուղղափառության գիտական փոխնակի, մի տեսակ աշխարհականացված հավատք, ընդունակ՝ կոնկրետ կերպով իրականացնելու մարդկային ցեղի բարելավման երազը», մինչև որ հասավ մատնանշելու, իր «Kantsaywhere» նորավեպում, «էուգենետիկական դրախտի» գաղափարը, «ուր գոյություն ունեն երեք դասակարգեր, որոնք միմյանցից բաժանված են բիո-փսիխիկ հիմքի վրա, և ուր կարգուկանոնն ու երջանկությունը երաշխավորված են հիվանդների (դիսգենիկների) կղզիացմամբ և լավագույնների (էուգենիկների) զուգավորմամբ»[2]:
Շատ լավ հասկացվում է, որ Գալթոնի գաղափարները հիմնովին աթեիստական էին, բացարձակապես մատերիալիստական, դետերմինիստական, և թե ինչու էր նա միաժամանակ հանձինս Եկեղեցու տեսնում մեծ թշնամուն, իսկ հանձինս էուգենետիկայի՝ աթեիստական, քաղաքացիական փրկության մի կրոն, որն իբրև թե իրականացնելու էր, ինչպես արդեն նշեցինք, մաքուր ցեղի, երջանիկ, խելացի, գեղեցիկ, արդար և մինչև իսկ հարուստ ցեղի ցնորական երազը: Բազմաթիվ քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե Գալթոնը որքանո՞վ է ներշնչվել Չարլզ Դարվինից: Անհնարին է հերքել Դարվինի ուղղակի ազդեցությունը Գալթոնի գաղափարների ձևավորման վրա, թեև Գալթոնը հետո շատ ավելի հեռուները գնաց, քան իր զարմիկի ամենածայրահեղական վարկածները: Հստակ է այն, որ Գալթոնի գաղափարներից ոմանք բողբոջային վիճակում արդեն իսկ ներկա էին Դարվինի գրություններում, որը շատ հաճախ և մեծ հոժարությամբ մեջբերումներ էր կատարում իր արտառոց ազգականի մտքերից, դրանք ո՛չ թե հերքելու, այլ՝ գովաբանելու համար: Գրում էր Դարվինը. «Մենք՝ քաղաքակրթված մարդիկս, ամեն ջանք գործադրում ենք կանգնեցնելու համար վերացման գործընթացը. օթևաններ ենք կառուցում մտագարների, խեղանդամների ու հիվանդների համար. օրենքներ ենք սահմանում ի նպաստ աղքատների, իսկ մեր բժիշկներն իրենց հմտությունը առավելագույնս գործի են դնում փրկելու համար որևիցէ մեկի կյանքը մինչև իսկ վերջին վայրկյանին: Հիմնավոր է այն կարծիքը, որ պատվաստումը բազմաթիվ կյանքեր է փրկել նրանցից, ովքեր իրենց կառուցվածքի տկարության պատճառով մի ժամանակ չէին դիմանա ծաղկախտին: Այսպիսով, քաղաքակրթված հասարակությունների տկար անդամները տարածում են իրենց տեսակը: Տնային կենդանիների բուծմամբ զբաղվողներից ոչ մեկը չի կասկածի, որ սա կարող է մեծապես վտանգավոր լինել մարդկային ցեղի համար: [...] Ուստի պետք է կրենք անկասկածելիորեն վատ հետևանքն այն բանի, որ տկարները պետք է գոյատևեն և տարածեն իրենց տեսակը, բայց հարկավոր է գեթ կասեցնել դրա տևական գործողությունը, ամենատկար ու ցածրակարգ անդամներին չթույլատրելով ազատորեն ամուսնանալ ինչպես առողջները»[3]:
Այս նախադասություններում հստակ կերպով երևում է, թե ինչպես է Դարվինը պարսավում ու մեղադրում պատվաստումը, ինչպես նաև աղքատներին ի նպաստ ընդունված օրենքները և բժիշկների աշխատանքը, երբ այդ ամենը ծառայում է կյանքեր փրկելուն, որոնք Դարվինի համար ա՛յլ բան չեն, քան միայն՝ մարդկային ցեղի «ամենատկար ու ցածրակարգ անդամներ»: Տակավին գրում էր. «Գրեգն ու Գալթոնը շատ են խոսել ամենակարևոր խոչընդոտի մասին, որ գոյություն ունի քաղաքակրթված երկրներում և թույլ չի տալիս, որ բարձրակարգ դասակարգի մարդկանց թիվն աճի. դա փաստն է, որ ամենաաղքատներն ու անհոգները, որոնք հաճախ մոլությամբ փչացած են, գրեթե անփոփոխ կայունությամբ ամուսնանում են ավելի շուտ, մինչդեռ խոհեմներն ու ժուժկալները, որոնք սովորաբար առաքինի են նաև ա՛յլ ձևերով, ամուսնանում են ուշ տարիքում: [...] Այսինքն, ինչպես գրում է Գրեգը. ''Անզգույշ, թշվառ, հավակնություններ չունեցող իռլանդացին բազմանում է ճագարների նման. զուսպ, խոհեմ, սեփական անձի նկատմամբ հարգանքով լի շոտլանդացին [...] իր լավագույն տարիներն անցկացնում է պայքարի և ամուրիության մեջ: [...] Գոյության համար մղվող հավիտենական պայքարում ցածրակարգ և նվազ նպաստավորված ցեղն է, որ գերակշռել է, և գերակշռել է ո՛չ թե իր դրական հատկությունների, այլ իր թերությունների շնորհիվ''»[4]:
Դարվինի և իր ընկերների գաղափարներում տիրող հակասություններն ուղղակի ճչացող են: Թեև փաստում են, որ հավակնություններ չունեցողը, որ շուտ է ամուսնանում և բազմաթիվ զավակներ է ունենում, հաղթում է գոյության պայքարում, այդուհանդերձ համառորեն դա թերություն են անվանում, փոխանակ խոստովանելու, որ իրենց նմանների հավակնությունները լիովին սին են, փուչ, ունայն, անարժեք՝ մարդու իրական, ո՛չ արհեստական կյանքի համար: Նախ պնդում են, թե էվոլյուցիայի գործընթացներում բնական սելեկցիան նպաստել է ուժեղների ու առավել հարմարների հաղթանակին, իսկ հետո գրում են, թե տկարներն ու նվազ հարմարներն են հաղթել գոյության համար մղվող պայքարում:
Իր «Մարդու ծագումը» գրության վերջում, հենց վերջին էջի վրա, Դարվինը եզրակացնում է. «Մարդիկ մանրակրկիտ կերպով քննում են իրենց ձիերի ու շների նկարագիրն ու տոհմածառը, նրանց զուգավորելուց առաջ: Բայց երբ խոսքը վերաբերվում է սեփական ամուսնությանը, հազվադեպ են մտահոգվում այս հարցով, կամ էլ՝ ընդհանրապես չեն մտահոգվում[5]: [...] Եվ սակայն, սելեկցիայի շնորհիվ մարդիկ կարող են ինչ-որ կերպ ազդել իրենց զավակների ո՛չ միայն ֆիզիկական կառուցվածքի ու ոսկորների, այլ նաև՝ նրանց բարոյական ու մտային հատկությունների վրա: [...] Մարդկային ցեղի բարօրության աճը ամենաբարդ խնդիրն է. բոլոր նրանք, ովքեր իրենց զավակների համար չեն կարող ապահովել աղքատությունից դուրս գալու պայմաններ, պետք է որ խուսափեն ամուսնությունից. արդարև, աղքատությունը ո՛չ միայն մեծ չարիք է, այլ նաև ձգտում է իր տարածմանը, մղելով դեպի ամուսնության անխոհեմությանը: Գալթոնը նույնպես նշում է, որ մինչ խոհեմը խուսափում է ամուսնությունից, անխոհեմը ամուսնանում է, և այդպիսով հասարակության ցածրակարգ անդամները ձգտում են գրավել բարձրակարգ անդամների տեղը»: Այս մտքերը ընթերցելով ակնհայտ է դառնում, որ Դարվինն ինքը երբեմն լրջորեն հակված է եղել որդեգրելու մի դիրքորոշում, որը լիովին նույնանում է էուգենետիկայի հետ և խոսում է հասարակության «բարձրակարգ անդամների» ու «ցածրակարգ անդամների», արգելվելիք ամուսնությունների, չունևոր անձանց նկատմամբ արհամարհանքի ու գրեթե ատելության մասին: Անշուշտ, ճիշտ է նաև այն, ինչպես գրում է Քրիստիան Ֆուսքետթոն մեջբերելով Փիշոյի միտքը, որ «''Դարվինը սովորությունն ուներ մի նյութի շուրջ գրել ամեն բան, և՛ կողմ, և՛ դեմ. այն աստիճան, որ իր բազմաթիվ աշխատություններում հնարավոր է գտնել մտքեր, որոնք բնորոշվում են որոշակի ''հումանիզմով'', ինչպես նաև ուրիշ մտքեր, որոնք ''ավելի կողմ են Գալթոնին''»: Փիշոն հավելում է, որ «Դարվինը թվում է, թե բավականին համաձայն էր իր զարմիկ Գալթոնի հետ, և եթե իր գործերում Դարվինը ուղղակիորեն չի խոսում էուգենետիկայի մասին, դրա պատճառն ամենայն հավանականությամբ այն է, որ էուգենետիկան որպես տեսություն մշակվել է իր մահից հետո»: Ֆուսքետթոն շարունակում է. «Նախ և առաջ հիշելով, որ մտային կարողությունների ժառանգականության գաղափարի մասին Դարվինը սկսել էր մտածել արդեն Քառասնական թվականների վերջից սկսած, մնում է ասելու, որ հետո, երբ Գալթոնը նույնպես սկսեց զբաղվել այդ խնդիրներով (Դարվինից ավելի համակարգված ու խորացված եղանակով), գալթոնական մտքերից կատարված մեջբերումները և գալթոնական գործին կատարված հղումները Դարվինի աշխատություններում եղան բացահայտ», ինչպես տեսանք, մինչև իր կյանքի վերջին տարիները:
Ալֆրեդ Ռասսըլ Ուալլասը պատմում է, որ Դարվինի հետ ունեցած իր վերջին զրույցներից մեկի ժամանակ նա, իր զարմիկի հետ կատարյալ համաձայնությամբ, «իսկապես մեծ մտահոգություն դրսևորեց մարդկության ապագայի համար, այն պատճառով, որ արդի քաղաքակրթության ներսում բնական սելեկցիան դերակատարություն չի ունենում և, հետևաբար, առավել հարմարները չեն գոյատևում»: «Գալթոնի և Դարվինի համաձայնությունը», եզրակացնում է Ֆուսքետթոն, «հստակ կերպով երևում է նամակներից մեկում, որը մեծ նատուրալիստը գրել է իր զարմիկին, երբ վերջինս նրանից կարծիք է հարցրել իր ''Ժառանգական Հանճարը'' աշխատության մասին, ուր Գալթոնը (հավատարիմ մնալով սոցիո-բիոլոգիական դոգմային) կարծիք է հայտնում, թե ապացուցել է մտային կարողությունների ժառանգականությունը. ''Չեմ կարծում, թե ամբողջ կյանքիս ընթացքում երբևէ կարդացել եմ ավելի հետաքրքրական ու օրիգինալ մի բան: [...] Շնորհավորում եմ քեզ և քաջալերում եմ շարունակելու աշխատանքդ: Համոզված եմ, որ այն անմոռանալի կլինի''»[6]: Ինչպես նաև անհերքելի է, որ Դարվինը հետևում էր մի կողմից Թոմաս Մալթուսի մտքերին, իսկ մյուս կողմից՝ գնահատում էր իր ընկեր և պաշտպան Էրնսթ Հեկքելի գործերը:
Մալթուսը անգլիկան պատվելի էր եղել, իլլումինիստ, հեղինակը 1798 թվականին լույս տեսած «Մենագրություն բնակչության մասին» հայտնի աշխատության, ուր, ի միջի այլոց, պախարակում էր սոցիալական բարեփոխումները, որոնք նկատում էր որպես «հասարակության համար վնասակար, քանի որ ամենաաղքատ դասակարգերի տնտեսական վիճակի լավացումը կխթաներ ժողովրդագրական աճը, այսինքն՝ չարիքներից վատթարագույնը»[7]: Աղքատներին նպաստող որևէ քաղաքականություն Մալթուսի համար քաղաքական և տնտեսական անհերքելի սխալ էր:
Էրնսթ Հեկքելը (1834-1919), ինչպես արդեն տեսանք, գերմանացի կենդանաբան էր, դարվինյան էվոլյուցիայի մեծ պաշտպան, բայց մոնիստական և մատերիալիստական փիլիսոփայական իր տեսության սահմանների ներսում: Միտքը, նրա համաձայն, ա՛յլ բան չէր, քան սոսկ ուղեղի ֆիզիոլոգիական և քիմիական գործունեության արդյունքը: Հեկքելը նաև համոզված էր հնդ-գերմանական ցեղի գերակարգությանը[8] և սպարտայական մեթոդի արդարացիությանը: Սպարտայում, ինչպես հայտնի է, թերակազմ երեխաներին, հիվանդներին, տկարներին ոչնչացնում էին, քանի որ այդպիսիք հարմար չէին պատերազմական արհեստին: Այդ արհեստական սելեկցիան, բացատրում էր Հեկքելը, մեծ արժանիքն էր ունեցել նպաստելու ուժեղ ու հերոսական ժողովրդի զարգացմանը:
Հաստատել, ուստի, որ բավական նմանություններ և որոշակի հարակցություն գոյություն ունի Դարվինի կողմից արտահայտված մի քանի դիրքորոշումների և Գալթոնի էուգենետիկայի միջև, անշուշտ չի նշանակում ամբողջովին ծովը թափել Դարվինի բոլոր մտքերը, որոնք նա արտահայտել է որպես նատուրալիստ, այլ՝ ընդգծել, թե ինչպես Դարվինի կքվելը մատերիալիստական, իդեոլոգիական և ո՛չ գիտական դոգմաների դիմաց, որոշ պահերի հասցրեց նրան նախ չընդունելու մարդու եզակիությունը, – նկատելով մարդուն, իր «Մարդու ծագումը» գրքում, որպես պարզ կենդանի, որը մյուսներից տարբերվում է հատկությունների ու կարողությունների սոսկ քանակով, այլ ոչ թե՝ որակով, – իսկ հետո, հետևողականորեն, ակնհայտորեն անմարդկային դիրքորոշումների: Հիմնական սխալը, արժե կրկնել, Դարվինի կամքն է, իր կյանքի որոշակի պահերի, նույնացնելու մարդու ամբողջ (ուշադրություն դարձնենք, ամբողջ) էությունը իր կենդանական մասի հետ, մոռանալով մյուս մասը, որը կենդանական չէ, այսինքն՝ հոգու գոյությունը, և այդպիսով Աստծո գաղափարը, բարոյական զգացողությունը, վերացականացնելու կարողությունը, ազատությունը, կամքը և ա՛յլ զուտ մարդկային հատկությունները վերածելով կենդանական հատկությունների: Այդպես վարվելով, Դարվինը կարծում էր, թե մարդու ամբողջ էության նկատմամբ կիրառում է գիտական ուսումնասիրության մեթոդները, մոռանալով, որ միտքը, կամքը, ազատությունը և նման հասկացողությունները գիտականորեն չափելի և ուսումնասիրելի իրականություններ չեն:
Սխալը, ա՛յլ խոսքերով ասած, փիլիսոփայական հետևանքներով հղի սխալը, որին երբեք չուզեց հակառակվել իր զարմիկի գործերում, այն էր, որ ուզեց մարդու ամբողջ էությունն ու խորհուրդը պարփակել իր տեսության նեղ սահմաններում, որն առավելագույնս կարող է բացատրել մարդու ֆիզիկական ծագումը, որն անշուշտ կենդանական է, բայց բացարձակապես չի կարող առընչվել մարդու էության ամբողջությանը, մարդու հոգևոր էությանը:
Այս կամ այն կերպ, անշուշտ նաև Գալթոնին իր հանրահայտ ազգականի կողմից տրված նպաստի շնորհիվ, – նպաստ, որը նա ստացավ նաև ուրիշ բավականին հայտնի անձնավորությունների կողմից, ինչպիսիք էին արդի աթեոլոգիայի հայրը հանդիսացող մաթեմատիկոս Բերթրան Ռասսըլը և Ջորջ Բերնարդ Շոուն, – էուգենետիկան կարճ ժամանակում, նացիզմի իշխանության գլուխ գալուց առաջ արդեն, կենսաբանների, բժիշկների, հոգեբույժների ու քաղաքական գործիչների միջոցով տարածվեց մի շարք երկրներում. Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում և այլուր: Գերմանիայում էուգենետիկական ուսումնասիրություններն ու փորձարկումները ուժգին թափ ստացան մինչև իսկ Ուայմարի Հանրապետության օրոք, ամերիկյան ֆինանսավորմամբ և սոցիալիստ քաղաքական գործիչների ու մի քանի հրեա գիտնականների աջակցությամբ:
Գալթոնը, որն, ինչպես գրում է Ս.Ջ. Գուլդը, այդ ժամանակ համարվում էր «իր դարաշրջանի ամենամեծ խելքերից մեկը» և ուզում էր գիտականորեն ապացուցել սևամորթների բնական ու անհաղթահարելի ցածրակարգությունը և անգլոսաքսոնյան ցեղի բարձրակարգությունը մյուս բոլորի նկատմամբ, իր համբավի գագաթնակետին հասավ 1912 թվականին կայացած Էուգենետիկայի Միջազգային Առաջին Համագումարի ժամանակ, որտեղ ընդունվեց և դարձավ մի իրական գիտնական-մարգարե: Ամենահեղինակավոր պարբերականները, «Nature»ից մինչև «Times», ձեռքից ձեռք էին խլում նրա հոդվածները, նրա քննարկումներն այն մասին, թե իբր հարկավոր է ազատ կամքի հնացած գաղափարը փոխարինել առավել «արդիական» դետերմինիզմով: 1902 թվականին ստացավ «Թագավորական Ընկերության Դարվինյան Շքանշանը», որով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ անգլիացի ամենահեղինակավոր գիտնականները հակասություններ չէին տեսնում Դարվինի և նրա զարմիկի փիլիսոփայական դիրքորոշումների միջև. 1908 թվականին մասնակցեց Լիննեան Ընկերության կողմից կազմակերպված «Դարվին-Ուալլասյան Տոնակատարությանը», իսկ 1910 թվականին, էուգենետիկայի մասին իր գրությունների համար, ստացավ «Թագավորական Ընկերության Քոփլեյյան Շքանշանը», որը սակայն, իր առողջական ծանր վիճակի պատճառով, իր անունից ստացավ Սըր Ջորջ Դարվինը, էվոլյուցիոնիզմի հիմնադրի որդին, որն համոզված էուգենետիստ էր, ինչպես նաև Լեոնարդ Դարվինը, հայտնի նատուրալիստի մյուս որդին, որը նախագահում էր բրիտանական Էուգենետիկական Կրթության Ընկերությանը: Բայց երկիրը, ուր Գալթոնի տեսություններն ամենամեծ տարածումը գտան, եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգները:
[1] A. Hitler, Mein Kampf, La Lucciola, Albairate 1992, p. 30.
[2] C. Fuschetto, Fabbricare l’uomo, Armando, Roma 2004, p. 27.
[3] C. Darwin, L’origine dell’uomo, Newton, Roma 1994, p. 628.
[4] Նույն, p. 631.
[5] Տեղին է այստեղ հիշել, որ Դարվինն ինքը ամուսնացավ իր հարազատ զարմուհու հետ, մի բան, որն արգելված է եկեղեցական օրենքներով: Այդ ամուսնությունից ունեցավ տասը զավակ, որոնց բոլորի մոտ առկա էին արյունակցական ամուսնությունից ծնվող երեխաների մոտ հաճախ գրանցվող հիվանդությունները: Նրանցից երեքը մահացան դեռ տասը տարեկանը չբոլորած, մյուսներից երեքը երբեք զավակ չունեցան, քանի որ ամլությունը սովորական երևույթ է արյունակցական ամուսնությունից ծնվող երեխաների մոտ: Ուսումնասիրողները դեռ պարզաբանում են, թե ի՛նչ հիվանդություններով էր տառապում հենց ինքը՝ Դարվինը. հնարավոր վարկածներից մի քանիսը բավականին հավանական են թվում, որոնց շարքին է նաև հոգեկան ընկճվածությունը: Մտածելու կարողություն ունեցող որևէ մեկի համար բավական է համեմատել այս ''գիտնականների'' կյանքը Քրիստոնեության պատգամների հետ, տեսնելու համար՝ թե ո՛վ է ավելի նպաստել ու նպաստում ամբո՛ղջ մարդկային ցեղի բարելավմանը և՛ ֆիզիկական, և՛ մտային, և՛ բարոյական ոլորտներում:
[6] C. Fuschetto, Fabbricare l’uomo, Armando, Roma 2004, p. 32-51. Միևնույն կարծիքին է, ուրիշ շատերի շարքին, նաև ռասսիզմի մեծ պատմագետ, արդեն մեջբերված Պոլիակովը, որի համաձայն՝ «մարդկության բաժանումը ցածրակարգ ցեղերի և բարձրակարգ ցեղերի, Դարվինի համար անհերքելի փաստ էր»: Պոլիակովը նաև հիշեցնում է, թե ինչպես Դարվինը մեծ հարգանք էր տածում «վիրաբույժ Ռոբերտ Քնոքսի նկատմամբ, որին Ֆ. Դ. Քըրթինն անվանում է ''բրիտանական ռասսիզմի հիմնադիր''»:
[7] A. Gaspari, Da Malthus al razzismo verde, XXI secolo, Milano 2000, p. 68.
[8] Հետաքրքրական է ընդգծել, որ այդ ''գիտնականներից'' յուրաքանչյուրը պաշտպանում է գերակարգությունն այն ցեղի, որին ինքն անձամբ պատկանում է: Ինչպիսի՜ ''գիտական'' օբյեկտիվություն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։