Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերը. նացիոնալիզմը – Գրադարան – Mashtoz.org

Նացիոնալ-սոցիալիզմի բաղադրիչ տարրերը. նացիոնալիզմը

Վերադառնանք նացիզմին և համառոտ կերպով քննենք այն բաղադրիչ տարրերը, որոնցով այն բնութագրվում է:
Նախևառաջ գտնում ենք նացիոնալիզմը, որի պատճառով բռնկվեց Առաջին Համաշխարհային Պատերազմը, որն իր 10 միլիոն զոհերով, 20 միլիոն վիրավորներով, հաշմանդամներով ու նյարդային հավասարակշռությունը կորցրածներով, և 7 միլիոն գերիներով ու անհետ կորածներով, ներկայանում է որպես մարդկության պատմության մինչև այդ պահը գրանցված ամենամեծ ողբերգությունը, որին անհնարին է ինչ-որ մի համեմատություն գտնել անցյալում: Քչերն են, սակայն, մտաբերում, որ նացիոնալիզմը պտուղն է Ֆրանսիական Հեղափոխության, որն ամբողջովին հակառակ բևեռն է կաթողիկե, այսինքն՝ ընդհանրական մտածելակերպի, որով էր բնութագրվում Հին Վարչակարգի Եվրոպան: Հռոմեական Սրբազան Կայսրությունում, արդարև, տարբեր ժողովուրդներ գոյակցում էին միասին, տարբեր լեզուներով, տարբեր պատմություններով ու տարբեր սովորույթներով, հանուն կրոնական գաղափարականների ընդհանրության. «կաթողիկե» նշանակում է հենց «տիեզերական», և հետևաբար՝ բաց բոլոր ժողովուրդների և բոլոր ցեղերի առաջ:
Բոլորին հայտնի է, որ Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվեց գերմանական, անգլիական, սերբիական, ռուսական և ա՛յլ նացիոնալիզմների բախումից: Բախումներ, որոնք պատերազմի վերածվեցին նաև շատերի կամքով, որոնք ցանկանում էին տեսնել մի վիթխարի իրադարձություն, որն իր հետ կբերեր մի փոփոխություն, մի նոր քամի, որը շատերի կողմից նկատվում էր անհրաժեշտ՝ մաքրելու համար պոզիտիվիստ, արդյունաբերականացված ու անհոգի դարձած հասարակության մեջ Քսաներորդ դարի առաջին տասնամյակում տիրող հեղձուցիչ օդը: Աղետից կծնվի մի նոր աշխարհ. այս մտքին հավատացին շատերը, սոցիալիստներն ու նացիոնալիստները, աջակողմյաններն ու ձախակողմյանները (խի՜ստ հազվադեպ՝ կաթողիկեները, երբե՛ք՝ Եկեղեցին): Մի քամի, որ կքշեր, կտաներ դատարկության զգացումը, բազմահազար հոգիների վրա տիրող անձկությունն ու տագնապը, որի վկայությունն է ավանդական կրոնի փոխնակների տառապագին փնտրտուքը, անհագ ցանկությունը, ինչպես արդեն նախապես տեսանք, կատարելու ոգեհարցական փորձառություններ ու օկուլտիստական արկածախնդրություններ. «Պատերազմին նախորդող տասնամյակները բնորոշվում են օկուլտիստական պրակտիկայի հետևորդների այնպիսի թվով, որն համեմատելի է Նյու Էյջի նորահավատների հետ»[1]:
Հետպատերազմյան հուսախաբությունից ծնվեց մի առավել արմատական, հզոր ու մահացու մեսիանականություն: Իրոք, տոտալիտարիզմը հիմնվում է ո՛չ միայն ինքնիշխան բռնապետերի իշխանության անհագ ցանկության վրա, այլ նաև՝ ամբոխների ապահովության կարիքի վրա, իշխանության գլուխ կանգնած մարդկանց պաշտելու և նրանց բարեհաճությունը շահելու նրանց կարիքի վրա: «Արդի Պետության կեղծ-աստվածությունը», պնդում է Բարլայը, «ո՛չ թե կայանում է աստվածային մի կերպարի մեջ, որն իշխանությունը գոռոզությամբ տվել է ինքն իրեն, այլ ավելի՝ աստվածային մի կերպարի մեջ, որն իշխանությանը վերագրվել է հոգեպես ընկճված և անապահովության հոգեկան բարդույթով տառապող անձանց զանգվածի կողմից, որոնք տևականորեն պահանջում են ունենալ հզոր ու պաշտելի մի առարկա, որի հանդեպ կարող են հավատք և հույս տածել»: Նացիոնալիզմը, հետևաբար, աթեիստական, աշխարհիկ կրոն է, որ ծնվում է իշխանության մի ցանկությունից, որը թվում է՝ թե կարող է գոհացում տալ ինչ-որ մի մեծ բանի ծարավն ունեցող հոգիներին: Աշխարհիկ կրոններ են տոտալիտարիզմները, որոնք փորձում են դարմանել նախկին թոռոմած հույսերին հաջորդող հուսախաբությունն ու հետպատերազմական աղետալի իրավիճակները:
Եկեղեցու կողմից դատապարտված նացիոնալիզմի պտուղներն էին, ուրեմն, որ մարդկությանը հասցրեցին նախ Համաշխարհային Պատերազմին, ապա, Պատերազմից անմիջապես հետո, ֆաշիզմին, նացիզմին և Ստալինի «նացիոնալիստական սոցիալիզմին», ինչպես այն անվանում էր Տրոտսկին:

[1] M. Burleigh, In nome di Dio, Rizzoli, Milano 2007, p. 30.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։