Ողբերգակ աթեիզմը – Գրադարան – Mashtoz.org

Ողբերգակ աթեիզմը

Այս գրքում, հետևաբար, չենք խոսելու այն աթեիզմի մասին, որը կարող ենք կոչել «ողբերգակ». «աթեիզմը», օրինակ, Տասնիններորդ և Քսաներորդ դարերի մեծ անձնավորությունների, ինչպիսիք էին Բոդլերը, Էուջենիո Մոնթալեն, Վերլենը, Հույսմանսը, Օսկար Ուայլդը, Ջովաննի Պասկոլին, Լուիջի Պիրանդելլոն, Ջուզեպպե Ունգարետթին, և ուրիշներ:
Այս անձնավորությունների «աթեիզմը», – ինչպես բոլոր նրանցը, ովքեր փնտրելով հանդերձ՝ տակավին չեն ճանաչում և չեն հավատում, – իրականում իմաստի փնտրտուքն է, կյանքի խորքերը ''հասկանալու'' և ներթափանցելու կամքը, առանց կարողանալու կամ, թերևս ավելի ճիշտ է ասել, առանց ամբողջովի՛ն կարողանալու: Ծնվում է հիմնական հարցադրումներից, որոնցից խուսափելն անհնարին է, որոնք թերևս կարող են նաև անպատասխան մնալ, բայց որոնք, համենայն դեպս, չեն դադարում «տառապանք պատճառելու» սրտին, ինչպես ցույց են տալիս կրոնական ճգնաժամերը բոլոր այս անձնավորությունների, որոնցից ոմանք – ինչպես Հույսմանսը, Ուայլդը, Ունգարետթին – ի վերջո հաստատուն խարիսխ նետեցին զորեղ ու համոզված Հավատքի նավահանգստում:
Այս մեծ բանաստեղծները, որոնց անունները հիշատակեցի, հատկանշական են, որովհետև իրենց կյանքում և իրենց գրություններում մարմնավորում են իրենց ժամանակաշրջանում տեղի ունեցած կրոնական համոզմունքների ճգնաժամը, բայց ո՛չ այդ համոզմունքների փոխարինումը իդեոլոգիայով, որն արտաքինից աթեիստական է, քանի որ ժխտում է Աստծո գոյությունը, բայց ամբողջովին կրոնական է իր կերպերով ու արտահայտություններով, քանի որ կռապաշտական է: Հիշված մեծ հեղինակների երկերում գործածված է այն ծածկագիրը, որը բնորոշ է նրան, ով իրականությունը քննում է հոգու խորաթափանց աչքերով և այդ իրականության ներսում նշմարում է շա՜տ ու շա՜տ ավելին, քան այն, ինչը տեսանելի է անմիջական կերպով. նշմարում է ծածուկ, անճառելի ներկայությունը մի առավել մեծ բաղձանքի, մի «մեծ ձգտումի», ինչպես ասում էր Պասկոլին, «որը խոսքեր չունի», որը թերևս ամբողջովին և համոզվածությամբ չի ըմբռնում մարդացած և մարդկանց համար մահացած Աստծո հանդեպ վստահությունը, բայց Նրա կերպարն անշուշտ չի փոխարինում էժանագին փոխնակներով, ինչպես վարվում են քաղաքական կամ փիլիսոփայական իդեոլոգիաները:
Այդ բանաստեղծներից ոմանք, Վերլենից մինչև Պասկոլի և Պիրանդելլո, ապրել են գիտապաշտական պոզիտիվիզմի դարաշրջանում, որն առաջարկում է Աստծուն փոխարինել մարդով, աստվածաբանությունը՝ գիտությամբ, հոգու անմահությունը՝ տեխնոլոգիայի և ճշգրիտ գիտությունների կարծեցյալ ամենակարողությամբ, որոնք, ոմանց համաձայն, մարդուն կառաջնորդեն և կհասցնեն երջանկության ու անմահության արդեն այս երկրի վրա: Ապրել են Տիտանիկի դարաշրջանում, որը խորտակվեց հակառակ իր փառաբանված ամբողջ հզորությանն ու ճոխությանը: Ապրել են տեխնոլոգիական ''ամենակարողության'' դարաշրջանում և տեսել են, թե այն քանի՜ցս մահաբեր է ու կործանարար, եթե սխալ կիրառում է ստանում:
Եվ սակայն նրանք, որ հավատացյալներ չէին, անշուշտ կարիքը չունեին սպասելու պոզիտիվիզմի ձախողմանը կամ Տիտանիկի խորտակմանը, այլ սկզբից ևեթ զգում էին, կանխավ իսկ տեսնում էին, հասկանում էին, որ մարդը բավական չէ ինքն իրեն, որ ինչ-որ մի երկրային վառ մտքի արդյունքը հանդիսացող փրկության ոչ մի բաղադրատոմս չի կարող իր մեջ բովանդակել փափագի անսահմանությունը և երկրային ու երկնային իրականության խորհուրդները: Շատ լավ գիտեին, որ եթե Աստված գոյություն ունի, կամ եթե Նրա գոյությունը գեթ հնարավոր է համարվում, ուրեմն ճանապարհը բաց է փնտրտուքի առաջ. իսկ եթե գոյություն չունի, փնտրտուքն արդեն իսկ վերջացած է, գոյության ճամփորդության իմաստը, սկզբից ևեթ, ժխտված է:
Քսաներորդ դարի «աթեիստական կրոններից ոչ մեկի քրմապետը» չլինելու համար – լինի դա պոզիտիվիզմը, նացիոնալիզմը, ֆաշիզմը թե կոմունիզմը – Մոնթալեի նման մարդիկ միշտ սպասում էին, որ ինչ-որ մի բան հայտնվի իրենց կյանքում, ինչ-որ մի բան, որը նոր հորիզոններ կբացի, որ կկենագործի սիրտն ու միտքը, որ կպատասխանի բարության ու ճշմարտության իրենց փափագին, «ավելի անդին» գնալու իրենց ձգտումին.
 
«Երկնքի ստվար կապույտի ներքո
Ծովային հավքեր անցնում են, գնում, կանգ չեն առնում,
Քանի որ բոլոր պատկերներն իրենց վրա գրված են կրում.
Այն կո՜ղմ, ավելի՛ այն կողմ»:
 
Մոնթալեն, կրոնական մեծ զգացողությամբ, իր ամբողջ կյանքի ընթացքում փնտրում էր Ճշմարտությունը, որով մարդու գոյությունը արժանի կլիներ ապրվելու, որով այն կարդարացվեր: Ասում էր, որ քանի դեռ չի գտել Ամբողջը, չի հավատալու ոչնչի: Քանի դեռ չի ըմբռնել ո՛չ թե այս կամ այն դիպվածի, այս կամ այն ֆենոմենի, այլ տիեզերքի և իր իսկ գոյության իմաստը, չի կարող իրեն գոհացած համարել, քանի որ հակառակը նշանակում է հրաժարվել սեփական մարդկությունից:
«Կենդանիները», գրում է նա, «երբեք ֆենոմենից, զգայական տվյալից անդին չեն անցնում: Մարդը անդրանցականության այս կարիքն ունի: Հավատացյալ լինի, թե՝ ոչ: Աներևակայելի է մի մարդ, որ նրանից զուրկ լինի: Ո՞վ կարող է ասել, թե ֆենոմենների, սահմանափակ իրողությունների աշխարհում ապրում է գոհունակ, առանց հարցեր տալու, առանց հարցնելու ինչո՞ւ»[1]:
Մոնթալեն գիտեր, որ մարդու համար բավական չէ սոսկ ուրիշների հիշողության մեջ հավերժանալը, մարդու համար բավական չեն Աստծո փոխնակները, մարդու համար բավական չէ մարդու և պատմության աստվածացումը: Սրանք մարդու համար բավական չեն, չեն կարող գոհացնել նրան: Իսկ երբ խամրեցին նոր կուռքերի – Մուսսոլինիի, Հիտլերի և Ստալինի – կերպարները, նա չընկավ փրկություն խոստացող լայիցիզմի[2] թակարդը. լայիցիզմ, որը «նկատված որպես կրոն, հպարտությամբ փքված հիմարություն է»[3]:
Մեծ բանաստեղծներին է բնորոշ նշմարելը, իրողությունների արտաքին կերպարանքի ետևում, գոյությունն ինչ-որ առավել մեծ մի բանի, դեպի որն է մեզ ուղղում գոյություն ունեցող ամեն բան: Կրկին Մոնթալեն հաստատում է. «Եթե ինքդ քեզ Աստված ես կարծում, չես կարող բանաստեղծ լինել: Եթե կարծում ես, թե քո տիրապետության ներքո է Գոյությունը, բանաստեղծությունը չի կարող օգտակար լինել քեզ, ո՛չ էլ դու կարող ես օգտակար լինել բանաստեղծությանը»:
Վերոհիշյալ բանաստեղծները – կյանքի խրամատներում, մահվան, կյանքի ամենատարբեր նեղությունների, իրենց ժամանակակիցների քաղաքական պատրանքների առաջ գտնվելով. ժամանակակիցներ, որոնք կրավորական դիրքորոշմամբ, առանց մտածելու հարում էին այս կամ այն իդեոլոգիային, տարված նրանց խոստումներով, հագնելով նրանց կարմիր, սև կամ սրճագույն շապիկները – արդարև գիտեին, որ միմիայն եթե Աստված գոյություն ունի, մարդը գոյություն ունի ճշմարիտ, տևական, իմաստնալի կերպով. միմիայն եթե Նա գոյություն ունի, ոչինչը չէ մեր ետևում և մեր առաջ. միմիայն եթե Նա գոյություն ունի, մեր մտքերը, մեր գործերը քամու փչոց չեն, ո՛չ էլ անիմաստ արարքներ դատարկության մեջ, կամ լոկ վայրկյաններ, որոնք միմյանցից բաժանվում են առաջ և հետո հասկացողություններով, այլ՝ կազմում են մի ինքնություն, մի պատմություն, մի եզակի ու անկրկնելի կարգ, որն օժտված է իմաստով. միմիայն եթե Նա գոյություն ունի, եթե մեր գոյությունը մասնակցում է Նրա Գոյությանը, միմիայն այդ դեպքում իմաստ ունի սիրելն ու հետամուտ լինելը ճշմարտությանը, արդարությանը, միմիայն այդ դեպքում իմաստ ունի զանազանություն դնելը ճշտի ու սխալի, ընտրություն կատարելը բարու և չարի միջև: Միմիայն եթե Նա գոյություն ունի, իմաստ ունի այն, որ երկրային ամեն բան մեզ ասում է. ես բավական չեմ, «ավելի՛ անդին», քանի որ Երջանկության մեր անսահման փափագի դիմաց երկրային ամեն առարկա տեսնում ենք աղքատ, մարդկային ամեն սեր՝ անկատար, ամեն արդարություն՝ պակասավոր, ամեն երջանկություն՝ թերի, ամեն բարիք՝ ապականված, որքան էլ որ պատկերն ու նախազգացումը լինի ավելի մեծ Բարիքի:
Եթե Աստված գոյություն չունի, ի վերջո, մեր ամբողջ գոյությունն ընկնում է աբսուրդի գիրկը, իսկ ինքնասպանությունը դառնում է միակ հնարավոր արարքը, որպես անիմաստության դեմ բողոք, և կամ էլ՝ ընդունելը, որ ապրելը կամ մեռնելը, սիրելը կամ ոչնչանալը հավասարազոր են: «Փիլիսոփայական միայն մեկ խնդիր կա, որն իրոք լուրջ է», հետևողականորեն գրում է աթեիստ Քամյուն: «Դա ինքնասպանության խնդիրն է: Վճռել, թե կյանքն արժանի՞ է ապրվելու, թե՞ ո՛չ. ահա սա՛ է փիլիսոփայության հիմնական հարցին պատասխանելը»[4]:
[1] A. Marchese, Montale, la ricerca dell’altro, Messaggero, Padova 2000, p. 131.
[2] Լայիցիզմը այն իդեոլոգիան է, որը Քսաներորդ դարում մեծապես տարածվել է Արևմուտքում և որի նպատակն է հասարակության կյանքից դուրս մղել սրբազան և կրոնական ամեն բան, փորձելով նաև չթույլատրել, որ Եկեղեցին գործուն մասնակցություն ունենա հասարակության կյանքում:
[3] A. Marchese, Montale, la ricerca dell’altro, Messaggero, Padova 2000, p. 132.
[4] Քամյուն այս խոսքերը գրել է իր «Սիզիփոսի առասպելը» գրքում: Հատկանշական է նշել, որ ինքը ինքնասպանություն չգործեց: Իր կյանքի տարիներին շատ անգամներ կրկնում էր, որ մահանալու ամենաանհեթեթ ձևը դա ավտովթարի ժամանակ մահանալն էր: Այդպես էլ պատահեց. մահացավ 1960 թվականի Հունվարի 4-ին, ավտովթարի ժամանակ, իր գրքերը հրատարակող Միշել Գալլիմարի հետ միասին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։