Պատմության մեծ գիտնականները. աթեի՞ստ, թե՞ հավատացյալ – Գրադարան – Mashtoz.org

Պատմության մեծ գիտնականները. աթեի՞ստ, թե՞ հավատացյալ

Մի քանի տողով հարկավոր է անդրադառնալ իր գրքի այն երկար գլխին, որտեղ Դոկինսը բացարձակ վստահությամբ պնդում է, թե արդի գիտնականների մեծամասնությունը աթեիստ է, այդպիսով կամենալով ընդգծել, թե անհնարին է հավատքի և գիտության համատեղումը:
Եվ սակայն, ճիշտ այդ նույն գլխում (խոսքը գրքի Երրորդ գլխի մասին է, որ սկսվում է 101րդ էջից) Դոկինսը հետաքրքրական խոստովանություններ է կատարում, քանի որ հիշատակում և ընդունում է, թե ինչպես անցյալի մեծագույն գիտնականները հավատացել են Աստծո գոյությանը և ոչ մի հակասություն չեն տեսել գիտության և Քրիստոնեության միջև. Գալիլեյը, Քեփլերը, Նյուտոնը, Ֆարադեյը, Մաքսվելլը, Քելվինը (որին անվանում են «արդի թերմոդինամիկայի հիմնադիրը, որը փորձել է ապացուցել, որ էվոլյուցիայի տեսությունը սխալ է ժամանակի պակասի պատճառով»), գենետիկական գիտությունների հայրը՝ վանական Գրեգոր Մենդելը, Բլեզ Պասկալն ու Ֆրանսիզ Քոլլինսը, ինչպես նաև անգլիացի ժամանակակից հանրահայտ գիտնականներից ոմանք, որոնցից հիշենք բիոքիմիկոս Փիքոքին, որը վարիչն է անգլիական և ամերիկյան ամենակարևոր համալսարանների ամբիոնների, Օքսֆորդից մինչև Բիրմինգհամ, Բարքլեյից մինչև Քեմբրիջ. և տեսական ֆիզիկոս Փոլքինգհորնին, որը Գելլ-Մաննի հետ աշխատել է քվարկների առաջին բացահայտումների վրա:
Դոկինսի ցանկն անշուշտ լի է բացթողումներով: Ուշադրություն չդարձնելով ժամանակագրական հերթականությանը, պատահական մտաբերմամբ հիշենք նաև աստղագետ Նիկողայոս Կոպերնիկոսին, հիդրաուլիկայի հիմնադիր՝ քահանա Բենեդետտո Քասթելլիին, Ռոբերտ Բոյլին, երկրաբանության, հնէաբանության և բյուրեղագրության հիմնադիր՝ եպիսկոպոս Նիկողայոս Սթենոնեին, արդի կենսաբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող՝ քահանա Լաձձարո Սփալլանցանիին, Անթուան Լավուասիերին, Ալեքսանդր Վոլտին, Անդրե-Մարի Ամպերին, որը նաև «Քրիստոնեության աստվածային բնույթի ապացույցները» գրքի հեղինակն է, ֆրանչիսկյան երրորդ կարգի կրոնավոր Լուիջի Գալվանիին, մեծագույն մաթեմատիկոս և ֆիզիկոս Լեոնհարդ Էուլերին, Լուի Պաստյորին, Բիգ Բենգի տեսության հիմնադիր՝ Հիսուսյան Միաբանության քահանա՝ աստղաֆիզիկոս Ջորջ Լըմեթրին, Ժերոմ Լըժոնին, իտալացի հանրահայտ ֆիզիկոսներ Էնրիքո Մեդիին և Անթոնինո Ձիքիքիին, Լուիջի Ֆանթափիեին և Գուլիելմո Մարքոնիին, Նոբելյան դափնեկիրներ Ալեքսիս Քարրելին, Ուերներ Արբերին, Չարլզ Թոունեսին, Ջոն Էկքլեսին, Դը Դյուվին, Թոնի Հյուիշին[1], և բազմաթիվ ուրիշների, որոնց բոլորին այստեղ հիշատակելն անհնարին է: Եվ նշենք, որ այս քրիստոնյա գիտնականների մասին խոսելիս հարկավոր է հիշել, որ անուն չեն շահել պարզապես ավարտին հասցնելով իրենցից առաջ ուրիշների կողմից սկսված ուսումնասիրությունները, այլ հանդես են գալիս որպես արդի գիտության պատմության հսկաները, որոնք մեր գիտելիքները առաջ մղեցին անհավատալի ոստումներով:
[1] Թոնի Հյուիշը Նոբելյան մրցանակի արժանացավ 1973 թվականին Ֆիզիկայի համար: Նա շատ ակտիվ քրիստոնյա է և աշխարհահռչակ այն գիտնականներից է, ովքեր հաճախ քննադատում են Դոկինսի գրքերը: Ի մասնավորի, Հյուիշը գիտականորեն քանդում է կյանքի ծագումը բացատրելու համար Դոկինսի կողմից առաջարկված գաղափարը: Գրում է. «Ինչ վերաբերվում է գիտական ուսումնասիրություններից կրոնական հետևություններ քաղելու հնարավորությանը, ինձ թվում է, որ և՛ կենդանի էակների, և՛ կյանքի հիմնական տարրերի համար, գոյություն ունի մի շատ հստակ պատգամ: Եվ այդ պատգամը հետևյալն է. տիեզերքը ստեղծվել է մի բանական Էակի կողմից» («Il Foglio», 2008թ. Փետր. 9):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։