Պիուս ԺԱ. Քահանայապետի «Mit brennender Sorge» Կոնդակը – Գրադարան – Mashtoz.org

Պիուս ԺԱ. Քահանայապետի «Mit brennender Sorge» Կոնդակը

Բայց հատկապես, կարճառոտ լինելու համար, տեղին կլինի մեջբերել գեթ ևս երկու դրվագ. Պիուս Տասնմեկերորդ Սրբազան Քահանայապետի «Mit brennender Sorge» («Խորին մտահոգությամբ») կոնդակի հրատարակումը և Սպիտակ Վարդի Տղաների դյուցազներգական հերոսությունը:
1937 թվականին Պիուս Տասնմեկերորդ Սրբազան Քահանայապետը, Էուջենիո Պաչելլիի՝ ապագա Սրբազան Քահանայապետ Պիուս Տասներկուերորդի օժանդակությամբ, գրում է մի կոնդակ, ո՛չ թե լատիներեն, ինչպես սովորությունն էր, այլ՝ գերմաներեն լեզվով, որպեսզի դյուրությամբ ընթերցվեր գերմանախոս բոլոր կաթողիկեների կողմից: Այդ կոնդակում Սրբազան Քահանայապետը «խորին մտահոգությամբ» նկատում է «Եկեղեցու տառապալի ճանապարհը և նրան հավատարիմ մնացած հավատացյալներին ուղղված հալածանքների աստիճանական սաստկացումը». Սրբազան Քահանայապետի մտահոգությանը պատճառ է հանդիսանում Հիտլերի վարած քաղաքականությունը, որը նախևառաջ անվավեր էր հռչակել Սուրբ Աթոռի հետ 1933 թվականին ստորագրված համաձայնագիրը, «Ռայխի կառավարության պահանջով, [...] մի ծրագրի հիման վրա, որը մշակվել էր տարիներ առաջ», երբ Հիտլերի ստվերն անգամ չկար: Այս տարիների փորձառությունը, շարունակում է Սրբազան Քահանայապետը, «երևան է հանում պատասխանատվություններ և քողազերծում է մեքենայություններ, որոնք սկզբից ևեթ ա՛յլ նպատակ չունեին, քան միայն՝ պայքար մինչև ոչնչացում»: Սրբազան Քահանայապետը հիշում է «կասկածի, պառակտումի, ատելության ու վարկաբեկման, Քրիստոսի և Նրա Եկեղեցու դեմ արմատական, ծածուկ և բացահայտ թշնամանքի որոմը» և Եպիսկոպոսներին կոչ է ուղղում անսասան մնալու սկզբունքների մեջ և մաքուր ու անապական պահելու Հավատքը, որովհետև «չի կարող Աստծուն հավատացող համարվել նա, ով Աստծո Անունը գործածում է սոսկ հռետորական կերպով, այլ միմիայն նա, ով այդ մեծապատիվ Անվանը միացնում է նաև Աստծո վերաբերյալ ճշմարիտ ու արժանապատիվ հասկացողություն: Ով պանթեիստական անորոշությամբ նույնացնում է Աստծուն տիեզերքի հետ, նյութականացնելով Աստծուն և աստվածացնելով աշխարհն Աստծո մեջ, չի պատկանում ճշմարիտ հավատացյալների թվին: Ո՛չ էլ ճշմարիտ հավատացյալ է նա, ով հին գերմանիզմի նախաքրիստոնեական կարծեցյալ ըմբռնումներին հետևելով՝ անձնավոր Աստծուն փոխարինում է մութ ու անանձնական ճակատագրով, մերժելով Աստվածային Իմաստությունն ու Նրա Նախախնամությունը: Թեև ռասսան կամ ժողովուրդը, Պետությունը կամ նրա որոշակի կերպը, պետական իշխանության ներկայացուցիչները կամ մարդկային հասարակության ա՛յլ հիմնական տարրերը բնական կարգում ունեն իրենց էական և հարգարժան տեղը, սակայն ով անջատում է սրանք երկրային արժեքների սանդղակից, բարձրացնելով սրանք որպես ամեն ինչի, նաև կրոնական արժեքների նկատմամբ գերագույն կանոն, և կռապաշտական պաշտամունքով դրանք աստվածացնելով տակնուվրա է անում և կեղծում է Աստծո կողմից ստեղծված ու հաստատված կարգը, այդպիսին հեռու է Աստծո հանդեպ ճշմարիտ Հավատքից»:
Մի պահ կանգ առնենք. արդյոք հնարավո՞ր է գտնել կրոնական իմմանենտիզմին և նացիստների ''պետության պաշտամունքին'' ուղղված առավել հանդիսավոր ու առավել հստակ դատապարտություն. այդ իդեոլոգիաների, որոնք «Կաթողիկե Քաղաքակրթություն» օրաթերթի խմբագիրների կողմից այդ օրերին սահմանվեցին որպես «պանստատիզմ» կամ «պետական պանթեիզմ»: Պետության պաշտամունքն, իրականում, Քահանայապետների կողմից դատապարտվել էր դեռ տասնամյակներ առաջ, այն աստիճան, որ բռնապետությունների ծնունդը այդ տարիների կաթողիկե մտածողների կողմից նկատվում էր որպես անխուսափելի հետևանքը աշխարհականացման այն երկարատև գործընթացի, որի արդյունքում Պետության իրավունքներն ու իշխանություններն աստիճանական անսահմանափակ կերպով տարածվել էին արդի հասարակության մեջ, հաճախ՝ Եկեղեցու իրավունքներին ու իշխանություններին ի վնաս:
Այս տեսակետից դիտված, Քսաներորդ դարի Պետությունը, – որն հավակնում է ամբողջովին տիրել մարդուն, իր մեջ սպառիչ պատասխան տալով անհատների գոյության իմաստին և իր մեջ բովանդակելով անձնական կյանքի բոլոր բաղադրիչները, – իր արշալույսն ապրել էր Մաքիավելլիի աթեիստական մտահամակարգով, որն առաջինն էր, որ հաստատված իշխանությանը վերագրեց լիակատար ինքնուրույնություն և բնական բարոյականության դեմ գործելու հնարավորությունը. իր տեսական ծրագրավորման և գործնական իրականացման հարցում, ապա, պետական այդ մեքենան զարգացում էր ապրել Հոբսի, Ռուսսոյի, Հեգելի նման մտածողներով, Ռոբսպիերի և Նապոլեոնի նման իլլումինիստ բռնապետերով, մինչև որ իր գագաթնակետին էր հասել Տասնիններորդ դարի նացիոնալիստական և իմպերիալիստական ուսմունքների և Համաշխարհային Պատերազմի դարաշրջանում: Իլլումինիստ բռնապետերի դարաշրջանից ևեթ Պետությունն իր իրավունքն էր համարել հսկել քաղաքական կյանքի միշտ ավելի ընդարձակ բնագավառներ, իսկ դա անելու համար չէր երկմտել բռնազավթելու կաթողիկե դպրոցները, լուծարելու կրոնական միաբանությունները, նրանց ունեցվածքին տիրելու նպատակով, մինչև իսկ հրամայելու եկեղեցիներում վառվող մոմերի երկարությունը, թափորների օրինականությունը և ամենօրյա Սուրբ Պատարագների քանակը: Հանձինս Ռոբսպիերի և հակոբիկյան կուսակցության, արևմտյան պատմությունը ճանաչել էր իր առաջին բռնապետին, կոմունիզմի առաջին փորձարկումներին և Պետության պաշտամունք ստեղծելու առաջին փորձին, նվիրված Մտքի Աստվածուհուն և Գերագույն Էակին: Հանձինս Նապոլեոնի, բանակի մի սպա կամաց կամաց եկել էր փոխարինելու Աստծուն, ինքն իրեն թագադրելով և, իր իշխանության բացարձակությունը հաստատելու նպատակով, բանտարկյալ պահելով երկու Քահանայապետ: Հոբսական մտահամակարգին համապատասխանող Պետություն-Լևիաթանն, ապա, իր գերագույն իշխանությամբ ի վերջո հաստատվել էր հենց հանձինս ամբողջատիրական (տոտալիտար) վարչակարգերի, որոնք այդ Պետության գաղափարը, հասկացողությունը բարձրացրել էին՝ դարձնելով «ամեն ինչի», նաև՝ վերանցական արժեքների, «գերագույն կանոնը», այդպիսով աստվածացնելով այն:
Այսպես էր գրում Տեր Լուիջի Ստուրցոն 1918 թվականին, ընդգծելու համար այն գլխավոր պատճառը, որի արդյունքում սկսվեց Համաշխարհային Պատերազմը. «Գերմանիայի անկմամբ ծանր ճգնաժամի մեջ հայտնվեց նաև Պետության պանթեիստական ընկալումը. Պետություն, որն ամեն բան ենթարկում է իր ուժին, արտաքին աշխարհն ու ներքինը, մարդը և նրա գոյապատճառը, հասարակական ուժերն ու մարդկային հարաբերությունները. մի ուժի կամ մի բացարձակ իշխանության աստվածացմամբ, գրավելով արդարության մեծ դրդապատճառների և հոգու մեծ նպատակների տեղը: Պանթեիստական այդ ընկալումը թափանցել է – մի տեղ՝ շատ, մի տեղ՝ քիչ – լիբերալ և դեմոկրատական հիմքով քաղաքացիական հասարակություն ունեցող բոլոր ազգերի և հանրային իրավունքի փիլիսոփայության գերակշռող մտահամակարգի մեջ. և այն վարչակարգերը, որոնք բոլորից ավելի են ընդդիմանում Եկեղեցու կրոնական նպատակներին, հոգևոր հավաքական որևէ խնդրի գոյությունը մերժելով՝ հիմնում են մի նոր աշխարհիկ կրոն. բացարձակ իշխանություն վայելող Պետության կրոնը, որն ընկալվում է որպես տիրող և պարտավորեցնող ուժ, բարոյական կանոն և օրենք, անխափանելի իշխանություն, հավաքական կամքի միակ համադրություն»[1]: Քանի որ, ինչպես ասում էր Դոստոևսկին, «առանց Աստծո ամեն բան թույլատրելի է», նաև Պետությանը:
Բայց շարունակենք «Mit brennender Sorge» Կոնդակի ընթերցումը. «Մեր Աստվածը անձնավորված, վերանցական, ամենակալ, անսահմանորեն կատարյալ Աստվածն է, Անձերի Երրորդության մեջ՝ Մեկ, և Աստվածային Էության միության մեջ՝ Եռանձն, տիեզերքի Արարիչը, [...] որն Իր կողքին չի թույլատրում և չի կարող թույլատրել ա՛յլ աստվածություններ: Այս Աստվածն Իր պատվիրանները տվեց ինքնիշխան կերպով. պատվիրաններ, որոնք անկախ են ժամանակից ու տարածքից, երկրամասից ու ցեղից: Ինչպես Աստծո արևն անխտիր շողում է ամբողջ մարդկության վրա, այդպես էլ Նրա Օրենքը չի ճանաչում առանձնաշնորհումներ ու բացառություններ: Կառավարողներն ու կառավարվածները, թագադրվածներն ու չթագադրվածները, մեծերն ու փոքրերը, հարուստներն ու աղքատները. բոլորը հավասարապես կախումնավոր են Նրա Խոսքից: [...] Միայն մակերեսային հոգիները կարող են սխալի մեջ ընկնել՝ խոսելու մի ազգային Աստծո մասին, մի ազգային կրոնի մասին, և ձեռնարկելու անմիտ փորձը՝ միայն մի ժողովրդի, միայն մի ցեղի էթնիկական նեղ սահմաններում բանտարկելու Աստծուն, աշխարհի Արարչին, ժողովուրդների Թագավորին ու Օրենսդրին»: Կարո՞ղ է գոյություն ունենալ ռասսիստական խտրականությանը, Աստծուն ազգի ու ցեղի հետ նույնացմանը, Հիտլերի բռնապետությանը ուղղված առավել հստակ դատապարտություն: Ո՛չ: Եվ այս Կոնդակն ընդմիշտ մնալու է որպես Եկեղեցու փառքի գոհարներից մեկը, յուրաքանչյուր մարդու համար, ով կկամենա առանց խաբեությունների, առանց խարդախումների, առանց նախապաշարումների նայել այդ սարսափելի տարիների պատմությանը. տարիներ, երբ մյուս կատաղած գազանը՝ կոմունիզմը, որը նույնպես Եկեղեցու կողմից դատապարտվել էր դեռ Տասնիններորդ դարում, նացիոնալ-սոցիալիզմի հետ կնքեց աշխարհի համար մահացու մի դաշինք, Ֆոն Ռիբբենթրոփ-Մոլոտով համաձայնագրով և դրան հաջորդած Երկրորդ Համաշխարհային Պատերազմի բռնկմամբ:
Սրբազան Քահանայապետն իր Կոնդակը շարունակում է Գերմանիայի կաթողիկե Եպիսկոպոսներին ու հավատացյալներին քաջալերելով չվհատվել և ետ չընկրկել. «Տպագրությունն ու ձայնասփյուռը ձեզ ամեն օր հեղեղում են Հավատքի և Եկեղեցու հանդեպ թշնամական բովանդակություն ունեցող արտադրանքներով, և առանց որևէ ակնածանքի ու հարգանքի հարձակվում են այն ամենի վրա, ինչը ձեր համար պետք է սուրբ և սրբազան լինի: Գիտենք, որ ձեզնից շատերը, Հավատքին հավատարիմ լինելու և Համաձայնագրով պաշտպանված կրոնական կազմակերպությունների անդամակցելու պատճառով անցել և անցնում են խտրականության մութ ժամանակների միջով, բազմաթիվ վնասներ կրելով աշխատանքային և հասարակական կյանքում». անհողդո՛ղդ մնացեք, դիմադրեցե՛ք «Քրիստոնյա Արևմուտքն ուրացողներին ու կործանողներին», դիմադրեցեք մինչև իսկ հերոսության աստիճան, որը միայն մարմնի հերոսությունը չէ, պատերազմական աղմկալի արարքները, մարմնամարզական վարժությունները, ինչպես վարչակարգն ուզում է համոզել ձեզ, այլ՝ Սրբերի հերոսական մեծությունը, «ավետարանական խոնարհությունն ու համբերությունը»:
Ինչպե՞ս պատասխանեց վարչակարգը եկեղեցական բեմերից այս Կոնդակի ընթերցմանն ու տպագրական միջոցներով տարածմանը: Բազմաթիվ քահանաներ ձերբակալվեցին, բոլոր այն տպարանները, որ մասնակցել էին Կոնդակի տպագրմանը, ավերվեցին, դրանցից մի քանիսը վերջնականորեն փակվեցին, ուրիշներ՝ պետականացվեցին, և այդ օրվանից գերմանացի կաթողիկեների համար մեծ խնդիր դարձավ նույնիսկ զուտ հոգևոր բովանդակություն ունեցող Կոնդակների ընթերցումը, քանի որ ոչ ոք չէր համարձակվում տպագրել դրանք:
1939 թվականին լույս էր տեսնելու մի ա՛յլ Կոնդակ ևս, Սրբազան Քահանայապետ Պիուս Տասներկուերորդի «Summi pontificatus» Կոնդակը, որը մեծ մասամբ նվիրված է նացիզմի սխալների դիմակազերծմանը: Սա նույնպես արգելվեց Գեստապոյի կողմից: Այդ Կոնդակում Սրբազան Քահանայապետն ընդգծում էր այն սխալը, որով ցանկանում էին մոռանալ «մարդկային համերաշխության և սիրո այն օրենքը, որը թելադրվում և պարտադրվում է [...] համընդհանուր ծագման փաստով և բոլոր մարդկանց մեջ բանական բնության հավասարությամբ, ի՛նչ ցեղի էլ նրանք պատկանելու լինեն», քանի որ բոլոր ժողովուրդները ծնվել են միևնույն սկզբնական զույգից (հետո կտեսնենք, թե Սրբազան Քահանայապետի կողմից ընդգծված այս դիրքորոշումն ինչպիսի՛ կարևորություն ունի նացիստական գաղափարների դեմ):
Իսկ հալածանքնե՞րը, որոնց մասին Սրբազան Քահանայապետը խոսում էր Կոնդակի սկզբում և որոնք տարիների ընթացքում շա՜տ ավելի սարսափելի տարողության էին հասնելու: Համակենտրոնացման ճամբարների կերպարանք դեռ չէին ստացել, կամ ավելի ճիշտը՝ համատարած բնույթ դեռ չէին կրում, ուր պատերազմի տարիներին բանտարկվեցին ու ոչնչացվեցին հազարավոր քահանաներ, օգտագործելով տիրող քաոսն ու ճգնաժամային իրավիճակը: Հատկապես կաթողիկեներն էին նենգորեն հալածվում, դիմելով նաև Եկեղեցու պատմական հիշողությունն ու ներկան անհիմն մեղադրանքներով ցեխոտելու մեթոդին: Բավական է մեջբերել այստեղ միայն երկու օրինակ: Հիմմլերի ՍՍ-ականներն ու կառավարությունը կազմակերպեցին զրպարտությունների քարոզարշավներ, որոնց առանցքը ստերեոտիպային եղանակով պտտվում էր սեռի ու դրամի շուրջը, կեղծ մեղադրանքներ հնչեցնելով միասեռականության ու մանկապղծության մասով. «Եկեղեցին ներկայացվում էր որպես դրամակեր վիթխարի մեքենա», կաթողիկե դպրոցները կամաց կամաց փակվում էին, մեկը մյուսի ետևից, և նույն ճակատագրին էին արժանանում նաև կաթողիկե թերթերը, այն աստիճան, որ «1935 թվականին այլևս գոյություն չուներ Գերմանիայում նախապես տպագրվող կաթողիկե 400 օրաթերթերից ոչ մեկը»[2]: Պատմագետ Ջորջ Մոսսը, որ միասեռական էր և «Սեռականություն և նացիզմ» գրքի հեղինակն է, հիշեցնելուց հետո, որ Հիտլերին իշխանության հասցրած ՍԱ-ականների պարագլուխներից շատերը միասեռական էին և հաճախ նաև մանկապիղծ, պատմում է, թե ինչպես վարչակարգը, իր իշխանությունն ամրապնդելուց հետո, դատապարտեց միասեռականությունը: Եվ հավելում է. «ՍԱ-ականների իշխանությունը կասեցնելուց հետո [գործողությամբ, որն հայտնի է Երկար Դանակների Գիշեր անվամբ], հերթը հասավ Կաթողիկե Եկեղեցուն, որի քահանաներն ու վանականները մեղադրվեցին համատարած միասեռականության մեջ: 1934 և 1937 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում Գերմանիան հանրային դատեր կազմակերպեց քահանաների ու վանականների դեմ, որոնց մեղադրում էր ամոթխածության դեմ մեղանչած լինելու մեջ, թեև ի վերջո՝ մեղադրված 25.000 գերմանացի կաթողիկե եկեղեցականներից միայն 64ը մեղավոր ճանաչվեցին, սրանք էլ՝ խիստ կասկածելի դատավորների կողմից»[3]:
Հիտլերը կամենում էր ոչնչացնել Եկեղեցին այն պարզ պատճառով, որ ցանկանում էր ինքը լինել իր ժողովրդի հոգևոր առաջնորդը, քանի որ ինքն իրեն զգում էր որպես ճշմարիտ Մեսիան, այն մարդը, որն եկել էր փրկելու Գերմանիան. քանի որ չէր կարողանում ընկալել և հասկանալ ճշմարտացիորեն կրոնական այն գաղափարը, որ քաղաքական իշխանությունը պատասխանատու է մի գերագույն Օրենքի առաջ. քանի որ չէր կարողանում ընդունել, որ իր գործերը – ինչպիսիք էին, օրինակի համար, բռնի ամլացումները, Պետության կողմից վարված էութանազիայի քաղաքականությունը, ռասսայական խտրականությունները և այլն – կարող էին ընդդիմություն գտնել սկզբունքների կողմից, որոնք անփոփոխ են և չեն կարող զեղչվել մարդկային ոչ մի իշխանության կողմից: Հիտլերի վերելքին նպաստեցին տարբեր, հատկապես տնտեսական-սոցիալական պարագաներ, բայց նաև՝ գերմանական արդի փիլիսոփայական ավանդությունը, որին սկիզբ էր դրել Լյութերը, միմյանց խառնելով ու շփոթելով հավատքն ու իշխանությունը, աշխարհիկ իշխանությունն ու հոգևոր իշխանությունը, կրոնն ու նացիոնալիզմը, հենվելով իշխանների վրա և նրանց տալով տիտղոսներ, որոնք մինչ այդ անըմբռնելի էին: Հռոմից անջատվելով, հանուն նոր սկզբնավորվող գերմանական նացիոնալիզմի, Լյութերը բռնի խլել էր եվրոպականության արմատները և օրինականացրել էր աշխարհիկ իշխանությունների քմահաճությունները: Վերացնելով լատիներենի գործածումը, այն փոխարինելով խոսակցական լեզվով, կտրել էր ներկա Գերմանիան լատինականացված Գերմանիայի պատմության հետ կապող պորտալարը, ներշնչելով գաղափարը, թե կարող է գոյություն ունենալ Քրիստոնեության մնացած մասից անջատված ազգային մի համայնք: Պատահական չէ, որ Գերմանիայի ամենակաթողիկե նահանգներում, ինչպիսիք են Բավարիան և Ռենանիան, ուր ընդդիմությունն ավելի ընդգծված եղավ, քան բողոքական նահանգներում, նացիստները երբեք չգերազանցեցին ձայների 19%ը, մինչդեռ բողոքական և աշխարհիկացված Պրուսիայում և հյուսիսային նահանգներում Նասդափը ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը, հասնելով մինչև 80%ի: Լյութերից հետո, գերմանական մտածողությունը միշտ ավելի ու ավելի էր հեռացել կաթողիկե մտածողությունից և նրա ընդհանրականությունից, և ծնել էր Հեգելի «տիեզերական-պատմական մարդկանց», որոնց ժողովուրդը պարտավոր էր հնազանդվել առանց հարցնելու այդ հնազանդության հիմքն ու պատճառը. ծնել էր նույն Հեգելի պետության պաշտամունքի գաղափարը, որի համաձայն «այն ամենն, ինչ անհատն իրենից ներկայացնում է, պարտավոր է Պետությանը. միմիայն Պետության մեջ է մարդը գտնում իր էությունը». ծնել էր պրուսիական կենտրոնամետ քաղաքականությունները. ծնել էր Բիսմարկի մշակութային պատերազմն (Kulturkampf) ընդդեմ Եկեղեցու և կաթողիկեների. ծնել էր Մաքս Սթիրների էգոիստական նիհիլիզմը, Նիցշեի հակաքրիստոսային գերմարդուն, Շոպենհաուերի նիհիլիզմը, Ֆիխթեի ակտիվիստական և նացիոնալիստական իդեալիզմը. բոլորն էլ փիլիսոփայություններ, որոնք քիչ թե շատ բացահայտ կերպով թշնամաբար են տրամադրված Արարիչ և Պատմության Տեր Աստծո գաղափարին:
[1] Մեջբերված է հետևյալ գրքում. E. Gentile, Le religioni della politica, Laterza, Bari 2001, p. 139.
[2] Մայքլ Բարլայը, որ դասախոսել է Օքսֆորդում, Լոնդոնի Տնտեսագիտական Դպրոցում և Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններում, իր «Հանուն Աստծո» գրքում բազմաթիվ էջեր է նվիրում նացիզմի դեմ Եկեղեցու և Եպիսկոպոսների կողմից ցուցաբերված ընդդիմությանը, այդ կուսակցության առաջին իսկ տարիներից սկսած: Օրինակ, գրում է. «Բավարիայի կաթողիկե Եպիսկոպոսները նացիստական խմբավորումներին արգելում էին հուղարկավորության արարողություններին ներկայանալ իրենց զինանշաններով ու համազգեստներով, միաժամանակ դատապարտելով նաև նացիստների ռասսիստական դիրքորոշումն ու նրանց էուգենետիկական արհամարհանքը կյանքի ներարգանդային շրջանի հանդեպ»: Ի միջի այլոց, Բարլայը հիշում է նաև, որ կաթողիկե ամենաակնառու աստվածաբանները, Էնգելբերթ Քրեբսից մինչև Ուիլհելմ Նոսս, Կարլ Ռահներից մինչև Ռոմանո Գուարդինի, իրենց համալսարանական ամբիոնները կորցրեցին նացիստների օրոք, մինչդեռ այնպիսի այրեր, ինչպիսիք էին Կաթողիկե Շարժման Ընդհանուր Քարտուղար Էրիխ Քլոնսեները և Կաթողիկե Երիտասարդության Մարմնամարզական Ընկերության Նախագահ Ադալբերտ Փրոբսթը սպանվեցին (M. Burleigh, In nome di Dio, Rizzoli, Milano 2007, pp. 200-227): Այս հարցի շուրջ տե՛ս նաև. A. Hitler, Ultimi discorsi, edizioni di Ar, Salerno 1988; A. Tornelli, I papi e la guerra, Sugarco, Milano 2006, և F. Agnoli, Conoscere il Novecento, Il Cerchio, Rimini 2006, capp. III-IV.
[3] G. Mosse, Sessualità e nazismo, Economica Laterza, Bari 1982, pp. 188-189.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։