Սըր Ալֆրեդ Ռասսըլ Ուալլաս. բնական սելեկցիայի համա-հայտնաբերող – Գրադարան – Mashtoz.org

Սըր Ալֆրեդ Ռասսըլ Ուալլաս. բնական սելեկցիայի համա-հայտնաբերող

Դոկինսը պետք է որ իմանա նաև, որ հռչակավոր էվոլյուցիոնիստ, նատուրալիստ Ալֆրեդ Ռասսըլ Ուալլասը, – նա, ով միևնույն տարիներին, ինչպես գրում է Դարվինն ինքը, ներկայացրեց «ճիշտ իմ տեսությունը» (Ինքնակենսագրություն) և բնական սելեկցիայի մեջ տեսավ էվոլյուցիայի պատճառը, – երբեք չընդունեց գաղափարը, թե մարդը պարզապես անասուն կենդանու էվոլյուցիայի արդյունքն է, այլ ընդհակառակը՝ միշտ հաստատեց տարբերությունը մարդու և կենդանիների միջև, հանուն մատերիայի նկատմամբ հոգու բարձրակարգության:
Մի դարաշրջանում և մի հասարակության մեջ, ուր միշտ ավելի ու ավելի էր տարածվում աթեիզմը, Ուալլասը, որ կրթվել էր մատերիալիստական աթեիզմի միջավայրում, ինքն իրեն սահմանելով որպես «փիլիսոփայական կատարյալ սկեպտիկ», հասավ մինչև իսկ կատարելու ոգեհարցական արարողություններ (Մադամ Քարիի, Քոնան Դոյլի, Լոմբրոզոյի և այլոց հետ), միայն թե կարողանար «փորձառությամբ» հպվել գերբնական աշխարհին և զգալ նրա գոյությունը, որն իրեն թվում էր անհրաժեշտ:
Ուալլասը, ինչպես հիշում է Ջաքոմո Սքարփելլին իր «Բյուրեղյա գանգը» գրքում, առաջարկում էր վարկածը, որ մեր տեսակը զարգացել է մի անդրանցական Աստծո հսկողության ներքո: Ուալլասը գրում էր. «Մի գերակա բանականություն կառավարել է մարդու զարգացումը մի հստակ սահմանված ուղղությամբ և մի հատուկ նպատակի համար, ճիշտ այնպես՝ ինչպես մարդն է կառավարում կենդանական և բուսական աշխարհի բազմաթիվ տեսակների զարգացումը»:
Այս նույն դիրքորոշումն էին որդեգրելու հետագայում նաև ա՛յլ գիտնականներ, որոնք պաշտպանելու էին նպատակամղված էվոլյուցիայի գաղափարը, որն ուստի բաց է անմահ հոգու և Աստծո գոյության ու գործունեության դիմաց, թեև խոսքը երբեմն վերաբերվում է էվոլյուցիայի իրական ռահվիրաների ու առաքյալների, ինչպես օրինակի համար Դարվինի և Ուալլասի ընկերներից երկրաբան Չարլզ Լիելլը, որը տարբեր տեսանկյուններից դիտված՝ հող նախապատրաստեց Դարվինի բնական սելեկցիայի տեսության համար, և աստղագետ Ջոն Հերշելը, որի համաձայն «նախախնամական միտքն ու ծրագիրը բացառում են ատոմների որևէ պատահական պատճառակցություն». բուսաբան Ջորջ Հենսլոուն և կենսաբան Ջորջ Միվարթը՝ Թոմաս Հաքսլեյի աշակերտը և Ուալլասի պաշտպանը. իտալացի Ֆիլիպպո Դե Ֆիլիպպին, առաջիններից մեկը, որ Իտալիա ներմուծեց Դարվինի «Տեսակների ծագումը» գիրքը, և Ռոբերտ Չամբերսը, անգլիական էվոլյուցիոնիզմի ռահվիրան, որն ընդգծում էր, որ մեզնում «գոյություն ունեն հոգեբանական բացառիկ հատկություններ և վերացական կարողություններ, ինչպիսիք են բանականությունը, հույսը և հատկապես՝ մի գերագույն էակ պաշտելու դիրքորոշումը». իսկ ավելի ուշ ժամանակներում, իտալացի կենսաբան Դանիելե Ռոզան, ֆրանսիացի հռչակավոր գիտնական Լըքոմթ Դը Նուին, ամերիկացի կենսաբան Էդմունդ ՈՒ. Սիննոթթը, Հիսուսյան Միաբանության անդամ, գիտնական քահանա Վիտտորիո Մարկոցցին և բազմաթիվ ա՛յլ գիտնականներ:
Ուալլասի մասին կարելի է անվերջանալի տեղեկություններ մեջբերել, որոնք իդեոլոգների և նրանց ստրկացած հրատարակիչների կողմից սովորաբար բաց են թողնվում, հակառակ այն բանին, որ նրա անունը Դարվինի անվան կողքին ներկա է կենսաբանության բոլոր գրքերում: Այս պահին իմ առջև ունեմ, օրինակի համար, նրա գրքերից մեկը, «Հրաշքները և արդի ոգեհարցությունը», ուր խոսելով բնական սելեկցիայի մասին, – որի տեսությունն առաջ էր քաշել, լավ է կրկին հիշեցնել, Դարվինի հետ միաժամանակ, – գրում է, որ սակայն «նրանում չէ օրգանական կերպերի զարգացման ամենակարող, բացարձակ կերպով բավարարող, միակ պատճառը»:
Գոյություն ունի ապա նրա երկերից ևս մեկը, «Մարդու վրա կիրառված դարվինիզմը», ուր Ուալլասը կտրուկ մերժում է հնարավորությունը, թե կարող են բնական սելեկցիայի միջոցով զարգացած լինել մարդու բարոյական ու իմացական բնությունը և նրա մաթեմատիկական, երաժշտական ու արվեստագիտական կարողությունները, որոնք փիլիսոփայական, վերացականացման ընդունակությունների և «հավիտենականն ու անսահմանափակը ընկալելու» հնարավորության հետ «չեն կարող ծնված լինել սոսկ կենսաբանական սելեկցիայից, որը կարող է հետևանքներ ունենալ անհատի և տեսակի միմիայն անմիջական բարօրրության վրա»[1]: Ինչպես նաև հաստատում էր իր «վստահությունը, որ գոյության հսկայական բավիղը, որը տարածված ենք տեսնում մեր շուրջն ամենուր, առանց ծրագրի չէ». և տակավին. «Դարվինյան տեսությունը, նույնիսկ երբ մղվում է մինչև իր տրամաբանական ծայրագույն եզրակացությունը, ո՛չ թե հակառակվում, այլ վավերական հենարան է ընծայում մարդու հոգևոր բնության հավատքին»:
Հատկապես, Ուալլասը մեծ հեռատեսությամբ հաստատեց մի գաղափար, որը հարյուր տարի անց դեռ շարունակում է վավերական մնալ. այսինքն այն, որ նա Լիելլի հետ միասին պնդում էր, որ «բնական սելեկցիան չի կարող բացատրել մարդու գերադաս ուղեղի զարգացումը, ինչպես չի կարող բացատրել նաև մարդու ուղղաձիգ կեցվածքի, խոսքի կարողության, ձեռագործային հմտությունների, խիտ մազածածկույթից զուրկ մաշկի առկայությունը»[2]:
Մինչև այսօր, երբ արդեն հարյուր տարուց ավելի է անցել, կենսաբանության բազմաթիվ գրքեր, որոնք կամենում են գոնե մի քիչ լուրջ լինել, Ուալլասի կարծիքի հետ կատարյալ ներդաշնակությամբ գրում են. «Չենք կարող վստահորեն հաստատել, թե էվոլյուտիվ ինչպիսի գրգիռներ են նպաստել գանգուղեղի զանգվածի մեծացմանը». ինչ վերաբերվում է ուղղաձիգ կեցվածքին, երկոտնյա շարժունակությանը, խիտ մազածածկույթից զուրկ մաշկին և ավելի մեծ զանգվածով ուղեղի առկայությանը, որոնք բնորոշ են մարդուն և ո՛չ թե կապկին, հարցն այն է, թե ո՞րն է այդ ամենի պատճառը, մինչ «պատասխանն այն է, որ ոչ ոք չգիտի»[3]:
Ուալլասը, այսքանից բացի, ընդգծում էր ևս երկու անդրադարձ, որոնք հետաքրքրական են որևէ նատուրալիստի համար: Առաջինն այն է, որ կյանքի և մարդու հայտնվելը Երկրի վրա «բացարձակ կերպով եզակի իրողություններ են, որոնք բացատրելի են գալակտիկայի ներսում մեր մոլորակի զբաղեցրած առանձնաշնորհյալ դիրքով և ֆիզիկական ու քիմիական գործոնների բարդ ու եզակի համընթացությամբ»[4]. էականում դա այն նույն գաղափարն է, որն այսօր հայտնի է «անտրոպիկ սկզբունք» անունով և պաշտպանվում է ֆիզիկոսների ու աստղագետների կողմից, որոնք ընդգծում են այն փաստը, որ երկրի վրա կյանքի զարգացման համար անհրաժեշտ պայմաններն այնքա՜ն բազմաքանակ են ու այնքա՜ն բազմազան, որ պատահականորեն կատարված լինել չեն կարող: Ուալլասի գաղափարների այժմեականությունը հասկանալու համար բավական է համառոտ կերպով մեջբերել Ֆրանկո Պրատտիկոյի խոսքերը, որոնք նա գրի է առել մարդու մտքի, ըստ նպատակների գործելու, գիտակցության շուրջ մեծ հարցադրումներն ուսումնասիրելուց հետո. «Հարկավոր է ուստի քաջությունն ունենալ ասելու, որպես Տիեզերքի պատմության մեջ կատարած մեր այս ճամփորդության եզրակացություն, որ մեր կողմից այսքան համարձակ ու ազատ կերպով քննարկված գաղափարներից յուրաքանչյուրն իր մեջ մի խորհուրդ է պարունակում: Եվ որ ամենախորին խորհուրդը թերևս հենց մեր գիտակցությունն է»[5]:
Ուալլասի երկրորդ հաստատումն այն էր, որ մարդը «բնությունից խլել է այն իշխանությունը, որն այն կիրառում է մյուս բոլոր կենդանիների վրա. իշխանությունն, այսինքն, դանդաղորեն, բայց վճռականորեն փոխելու արտաքին կերպարանքն ու կառուցվածքը արտաքին աշխարհի փոփոխությունների համեմատ: [...] Մարդն այդ ամենը կատարում է միայն իր մտքի միջոցով, որի փոփոխությունները մարդուն ի վիճակի են դարձնում անփոփոխ մարմնով պահպանվել փոփոխվող տիեզերքի հետ ներդաշնակության մեջ»: Սա նշանակում է, որ մարդը, ի տարբերություն մյուս բոլոր կենդանիների, կարիքը չունի նյութապես, ֆիզիկապես հարմարվելու շրջակա միջավայրին, որովհետև բանականությամբ օժտված լինելով՝ ընդունակ է մթնոլորտային որևէ փոփոխություն և որևէ իրավիճակ դիմագրավելու զգեստների, հագուստների ու տարբեր գործիքների պատրաստմամբ: Ոչ այնքան միջավայրն է փոխում մարդուն, որքան մարդն ինքն է փոխում միջավայրը: Դրանով մարդը ներկայանում է, ակնհայտորեն, որպես եզակի արարած, ֆիզիկապես ամենատկարն ու ամենաանհարմարը, բայց հոգու շնորհիվ միակը, որ կարողանում է բնության դիմաց կանգնել այն ընկալելու, ըմբռնելու, հասկանալու և տիրելու կարողությամբ: Մի խոսքով, մարդը ներկայանում է որպես բնության գագաթնակետը: Այս դիրքորոշումը, ինչպես կտեսնենք հաջորդ գլուխներում, Ուալլասին հնարավորությունն ընձեռեց չընկնելու ռասսիզմի եւ էուգենետիկայի ճիրանները, ի տարբերություն բազմաթիվ մատերիալիստ էվոլյուցիոնիստների:
Ուալլասը, հրաժարվելով դիտարկել մարդուն սոսկ որպես էվոլյուցիա ապրող մատերիա, հաստատում էր, որ «մարդկային տեսակն ի սկզբանե ունեցել է իմացական, բարոյական, ստեղծագործական յուրահատկությունների ամբողջությունը, որոնք բնորոշում են իրեն: Հետևաբար, այն պետք է որ ի վիճակի եղած լինի ստեղծելու, – որոշակի նպաստավոր պայմաններում, նաև հեռավոր ժամանակաշրջաններում, – արվեստագիտական, ճարտարապետական և ընդհանրապես իմացական մեծ գործեր: Եվ հետևաբար, մերժամանակյա վայրենի ցեղերը, որոնք անատոմիական և ուղեղային տեսանկյունից դիտված հարևնման են մեզ, չպետք է նկատվեն որպես թերզարգացած տեսակներ»[6]:
Համենայն դեպս, մինչև օրս երկու բան է միայն հստակ. նախևառաջ այն, որ մարմնով և շնչավոր աշխարհի հետ ունեցած իր կապով բնությանը մաս կազմելով հանդերձ մարդն այդ նույն բնությանը անհունորեն գերազանցում է իր հոգևոր կարողություններով. երկրորդ, ինչպես հիշեցնում է գիտության պատմության դոցենտ և Գիտության Պատմության Իտալական Ընկերության քարտուղար Ֆեդերիկքո Դի Թրոկքիոն, կապիկի և մարդու միջև պակասող օղակների փնտրտուքը, որ սկսվել էր Դարվինի ընկեր Էրնսթ Հեկքելի կողմից, «այսօր համարվում է այն ամենադժվարին, ամենակասկածելի ու ամենաանորոշ արկածախնդրությունը, որին ձեռնարկել էր արդի գիտությունը: Պատճառներից մեկն այն է, որ հենց այս դիսցիպլիններն են արձանագրել գիտության պատմության ամենաաղմկահարույց կեղծարարություններն ու սխալները»: Այսինքն, չեն պակասել այնպիսի դեպքեր, երբ ուրիշ կենդանիների պատկանող գտածոները միամտորեն կամ խարդախորեն ներկայացվել են որպես պակասող օղակներից մեկը, ինչպես նաև գրանցվել են դիտավորյալ կեղծարարության բազմաթիվ դեպքեր, որոնք սակայն տարիներ շարունակ հռչակվել են որպես գիտական ապշեցուցիչ ու վճռական բացահայտումներ, բայց ի վերջո պարզվել է դրանց կեղծ լինելը, ինչպիսին էր, օրինակի համար, Փիլթդաունի հանրահայտ գանգի պարագան:
Իրականում ոչ ոք երբևէ չի գտել միանշանակ հետքերն այն բանի, թե գոյություն է ունեցել «մի կենդանի, որը քայլում էր դեռ մի քիչ կքված, ինչպես օրանգուտանները, բայց որն ուներ կապիկների ուղեղից ավելի զարգացած ուղեղ և, հետևաբար, գանգի ավելի ընդարձակ կիսագունդ, ինչպես նաև առջևի ավելի նուրբ ու ճկուն վերջույթներ, որոնք կարող են նմանվել մարդու բազուկներին ու ձեռքերին»: Այդ իսկ պատճառով, այսօր «ոչ ոք այլևս չի փնտրում պակասող օղակները», ինչպես դրանք ուրվագծվել էին ինքնին Դարվինի կողմից[7]:
[1] G. Scarpelli, Il cranio di cristallo, Bollati Boringhieri, Torino 1993, p. 50.
[2] Նույն, p. 133.
[3] G. Audesirk - T. Audesirk - B. Byers, Biologia, vol. I, Einaudi, 2003. Ինչ վերաբերվում է վարկածին, թե մարդու խոսքի կարողությունը սերում է կենդանական ''խոսքից'', բազմաթիվ լեզվաբաններ հերքում են այդպիսի անցման հնարավորությունը (որոնցից մեկն է, օրինակ, հռչակավոր Նոամ Չոմսկին):
[4] G. Scarpelli, Il cranio di cristallo, Bollati Boringhieri, Torino 1993, p. 134.
[5] F. Prattico, Dal caso… alla coscienza, Laterza, Bari 1998, p. 159.
[6] G. Scarpelli, Il cranio di cristallo, Bollati Boringhieri, Torino 1993, p. 76. Սքարփելլին նաև հավելում է, որ Ուալլասի գաղափարը հաստատվել է նաև 1879 թվականին Ալտամիրայում և 1940 թվականին Լասքոյում գտնված հիասքանչ երկգույն ժայռապատկերներով, որոնք երկուսն էլ վերագրվում են Քրո-Մանիոն ցեղախմբին պատկանած մարդկանց, որոնք 40.000 տարի առաջ արդեն ունեին գանգուղեղի մեր միևնույն զանգվածը, եթե ո՛չ ավելին:
[7] F. Di Trocchio, Le bugie della scienza, Mondadori, Milano 1993, pp. 260-261.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։