Սպիտակ Վարդի Տղաները – Գրադարան – Mashtoz.org

Սպիտակ Վարդի Տղաները

Բավականին հայտնի է, որ նացիզմին ամենաուժգին, ամենատևական և ամենախելացի կերպով ընդդիմացողներից էին Սպիտակ Վարդի Տղաները, ընկերների մի խումբ, որոնք կամաց կամաց հասկացան, որ նացիոնալ-սոցիալիզմը մթագնում էր գերմանացիների գիտակցությունը և անառողջ տիրապետություն էր հաստատում նրանց ֆիզիկական և հոգևոր ազատության վրա՝ իր ճամբարներով, ուր երիտասարդներին միայն այլատյացություն էր ներշնչվում, իր ծեսերով, իր տոտալիտար արարողակարգերով:
Սպիտակ Վարդը դա մի ընկերակցություն էր, որին անդամակցում էին երիտասարդներ, որոնք միմյանց կապված էին երաժշտության, բանաստեղծության, աստվածաբանության, կյանքի հանդեպ տածված սիրով: Նրանց ընկերությունից և նրանց ներքին հոգևոր ուժից ծնվեց գաղափարը՝ կյանքի կոչելու վարչակարգին ընդդիմանալու մի կերպ, որի գործնական հիմնական միջոցը թռուցիկների տարածումն էր, որոնք պատճենահանվում, առաքվում, շրջանառության մեջ էին դրվում հնարավոր բոլոր միջոցներով, ճիշտ ինչպես սովետական «սամիզդատ»ները: Այդ համարձակ երիտասարդներին շարժում էր «գոյություն ունեցող ամեն ինչի ծագման ու նպատակի հարցը», ինչպես գրում էր նրանցից մեկը՝ Հանս Շոլլը. մի հարց, որն իրենց երկրում թվում էր բովանդակազրկված, քանի որ վարչակարգը ղեկավարում էր յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր արարք, ծրագրավորում էր յուրաքանչյուր միտք և յուրաքանչյուր փափագ, կազմակերպում էր յուրաքանչյուր հանդես և իրադարձություն, այդպիսով անհատական գոյությունը վերածելով ժամանակավոր մասնակցության Ռայխի երկրային մեծությանը:
Այդ պատմության, այդ ընկերության բուն դերակատարներն էին Շոլլ եղբայրները, Քրիստիան Փրոբսթը, Ալեքսանդր Շմորելլը և շատ ուրիշներ, որոնց թվում էին նաև համալսարանական մի շարք դասախոսներ, որոնց հետ երիտասարդները սիրում էին խորիմաստ զրոյցներ անցկացնել: Նրանցից ոմանք ընդհանուր հետաքրքրություններ ունեին կենսաբանության և բժշկության բնագավառում, և հենց իրենց մասնագիտական դաշտում կարողացել էին ականատես լինել, թե իրենցից ի՛նչ էին ներկայացնում էութանազիայի և մտային հիվանդների, անդամալույծների, անդամահատվածների և ընդհանրապես՝ անարտադրողունակ անձանց ոչնչացման ծրագրերը: Նրանցից ոչ ոք, անշուշտ, նացիստական վարչակարգին ընդդիմանալով հանդերձ, նահատակության ոչ մի ցանկություն կամ ծրագիր չուներ: Այդուհանդերձ, որոշեցին իրենց ուսերի վրա վերցնել անհավասար պայքարի բեռը, առանց հաջողության մարդկային որևէ հնարավորության, ամեն կերպ տարածելով պայքարի հրավիրող թվով վեց թռուցիկներ, որոնցով փորձում էին արթնացնել իրենց ազգակիցների գիտակցությունը: «Կրավորական դիմադրություն ցույց տվեք, դիմադրություն ամենուր, ուր գտնվում եք: Թույլ մի՛ թվեք, որ պատերազմական անաստված այս մեքենան շարունակի աշխատել», ի միջի այլոց գրված էր նրանց առաջին թռուցիկում: Իսկ երրորդում. «Քաղաքական կատարյալ վարչակարգերը ցնորք են: [...] Պետությունը պետք է կազմակերպվի և դրսևորվի աստվածային կարգի նմանությամբ, [...] մինչդեռ Պետությունը, ուր մենք ապրում ենք, չարի բռնապետությունն է»: Սպիտակ Վարդի Տղաները քաջ գիտակցում էին, որ, ինչպես Թոլկիենն է ասել տալիս իր հերոսներից Գանդալֆին, «մենք չենք կարող տիրել աշխարհի բոլոր մակընթացություններին, բայց մեր պարտքն է անել հնարավոր ամեն բան՝ փրկելու համար այն տարիները, որոնցում ապրում ենք, արմատախիլ անելով չարիքն այն դաշտերից, որոնք ճանաչում ենք»: Այս նպատակով նրանք պայքարեցին և, երբ բացահայտվեցին ու ձերբակալվեցին, մահվանն ընդառաջ գնացին մի արտակարգ հերոսությամբ և մի անսահման վստահությամբ հանդեպ այն Աստծոյ, որին միշտ սիրել էին, կամ որին կամաց կամաց բացահայտել էին որպես «մատերիալիստական գիշերվա» մեջ շողացող միակ Լույս, ինչպես Բորիս Պաստերնակն էր անվանում սովետական կոմունիզմի և գերմանական նացիզմի դարաշրջանը, էապես նույնացնելով այդ երկու իդեոլոգիաները:
Նիցշեական գերմարդիկ չէին, «երկրին հավատարիմ», նրանք՝ ովքեր ընդդիմացան նացիստական հրեշին, այլ՝ խոնարհ անձինք, որոնք, սակայն, իրենց ժողովրդի հանդեպ լի էին գերբնական հավատքով, հույսով ու սիրով: «Սիրելի ծնողներ», գրում է Ալեքսանդր Շմորելլը սպանվելուց առաջ, «հիշեցեք, որ մահը չի նշանակում կյանքի ավարտ: Ընդհակառակն: Իրական ծնունդ է, անցում նոր կյանքի, սքանչելի կյանքի, որ տևում է հավետ»: Նմանապես Քրիստիան Փրոբսթը, այդ երիտասարդ բժիշկը, ամուսնացած և երկու զավակների հայր, որ մահվան էր դատապարտվել Հանս և Սոֆի Շոլլների հետ միասին, սպանվելու նախորդ երեկոյան խնդրում և բանտի քահանայից ստանում է Մկրտությունը, հավատքի շուրջ երկար տարիներ խորհրդածելուց հետո: Բանտի բակում, իր ընկերներին վերջին ողջույնն է տալիս հետևյալ խոսքերով. «Քիչ րոպեներ անց կտեսնվենք հավիտենական կյանքում»:
Հավիտենական կյանք. ինչպիսի՜ տարօրինակ հասկացողություն նրանց համար, ովքեր կրթվել էին Հիտլերի միլլենարիստական մեսիանիզմով. երիտասարդների համար, որոնց ուսուցանել էին, թե կարևորություն ունեն միայն մարմնի ու ազգի երկրային ուժը, կորովը, իշխանությունը: Եվ սակայն, Սպիտակ Վարդի Տղաները փաստն ու ապացույցն են այն բանի, որ ով հավատում է հավիտենությանը, անփոփոխ արժեքներին, մշտնջենավոր Բարիքին, ընդունակ է նաև հրաժարվելու երկրային կյանքից, եթե դրա իրական անհրաժեշտությունը զգացվի, ընդունակ է ընդդիմանալու պատմությանը, ընդունակ է դիմակայելու ժամանակավորապես հաղթանակող չարիքին: Հավիտենական կյանք դա նշանակում է, որ այն ամենն, ինչ անում ենք այս երկրի վրա, չի կորչում, այլ ձեռք է բերում անսահման իմաստ ու նշանակություն: Հավիտենական կյանք դա նշանակում է, որ սիրո յուրաքանչյուր արարք, յուրաքանչյուր հերոսություն, յուրաքանչյուր գործ մնում է հավետ, արձագանքում է պատմության մեջ և ընդմիշտ: Հավիտենական կյանք դա նշանակում է, որ ստեղծված ենք ինչ-որ մի բանի համար, որն անհունորեն ավելին է, քան սոսկ երկրային առժամանակյա մի կայսրության կերտումը:
Վախ չզգացին այդ երիտասարդները, որովհետև կամաց կամաց սովորել էին հասկանալ, որ նրան, ով ունի Աստծուն, «ոչինչ չի պակասում». միայն Նա է մնում, չի փոխվում, հավատարիմ է: Նա, որ ամեն բան տեսնում է, հաշվում է մեր գլխի մազերից յուրաքանչյուրը և Իր հայրական գիրկն է ընդունում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերում են Ճշմարտության համար, նույնիսկ եթե աշխարհի աչքին այդ կյանքը կորած է, ընդմիշտ վերջացած. նույնիսկ եթե նրանց ինքնազոհումը անհավատների համար մնում է անիմաստ, ապարդյուն: Այդ երիտասարդները կարող էին ոչնչից չվախենալ, որովհետև սովորել էին ոչինչ չցանկանալ իրենք իրենց համար, այլ՝ սիրել իսկապես, մաքրամաքուր սրտով: «Երկնչեք Տիրոջից և ուրիշ ոչ ոքից ու ոչնչից». սա՛ է Աստվածաշնչի պատվիրանը, և այդ երիտասարդները հասկացել էին սա: Ահա հենց սա է պատճառը, որ նրանք ընդունակ եղան ազատ լինելու մինչև վերջ, ի սպառ. չվախեցան իրենց սակավաքանակությունից, իրենց տրամադրության տակ բավականաչափ ուժ և միջոցներ չունենալուց. չվախեցան անարգանքներից, ձախողման վտանգից, սեփական կյանքը կորցնելուց, որովհետև «ով սեփական կյանքը կորցնում է ի սեր Իմ, փրկում է այն»: «Մի՞թե չպետք է գրեթե ուրախ լինենք, որ այս աշխարհում կրում ենք մի խաչ, որը երբեմն թվում է, թե գերազանցում է մարդկային բոլոր կարողություններին: Որոշակի առումով սա՛ է, տառացիորեն, Քրիստոսի հետևորդությունը», գրում է երիտասարդ Ուիլլի Գրաֆն իր ընտանիքին, բանտարկությունից յոթն ամիս անց, մինչ սպասում էր մահվան դատավճռի իրականացմանը: Իսկ Հանս Շոլլը, խմբի ղեկավարը, գլխատումից մի քանի օր առաջ գրում է. «Իմ շատ սիրելի ծնողներ, [...] դեռ պետք է ստանամ Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը, որից հետո կարող եմ երջանիկ մահանալ: Իմ համար խնդրում եմ կարդալ 90րդ Սաղմոսը, և ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ նվիրել եք այսքա՜ն հարուստ մի կյանք: Աստված մեր հետ է: Ձեզ վերջին անգամ ողջունում է ձեր երախտագետ որդի Հանսը»[1]:
Սպիտակ Վարդի Տղաներին գործելու խրախուսած դրդապատճառներից էին մի քանի ուրիշ թռուցիկներ, որոնք նույնպես տարածվում էին գաղտնիաբար, առաքվելով փոստային ծառայությունների միջոցով կամ դրվելով ընտանիքների նամակատուփերի մեջ. դրանք մի Եպիսկոպոսի՝ «Մյունսթերի առյուծ» անունով հայտնի Կլեմենս Աուգուստ Ֆոն Գալենի քարոզներն էին: Ֆոն Գալենը եղել է Պիուս Տասնմեկերորդ և Պիուս Տասներկուերորդ Սրբազան Քահանայապետների խորհրդականը և գործուն մասնակցություն է ունեցել «Mit brennender Sorge» Կոնդակի շարադրման գործում: Նրա քարոզներից հատկապես հայտնի են երեքը, որոնք նա վարչակարգի դեմ արտասանել է 1941 թվականի ամռանը, «որոնց տրված նացիստական պատասխանը եղավ 37 քահանաների ձերբակալությունն ու բանտարկումը համակենտրոնացման ճամբարում. նրանցից շատերը հետո սպանվեցին»[2]: Այդ քարոզներում Ֆոն Գալենը – որին Հիտլերն անձամբ երդվել էր սպանել, բայց պատերազմից հետո, որպեսզի ճգնաժամային իրավիճակում չբախվեր նրա բազմաթիվ համակիրների հետ – ուժգին կերպով պատասխանում էր հիվանդների ու անդամալույծների սպանության քաղաքականությանը, որն Հիտլերի կողմից առաջ էր տարվում իբր թե հանուն նրանց տառապանքներին վերջ դնելու կարեկցանքի, բայց իրականում, որպեսզի կրճատվեին պետության ծախսերը և դրամական բոլոր միջոցներն ուղղվեին պատերազմական մեքենայի հզորացմանը: Այդ քարոզները գրավեցին մինչև իսկ «New York Times»ի ուշադրությունը, որը 1942 թվականին հոդվածների մի ամբողջ շարք հրապարակեց Եկեղեցու այրերի մասին, որոնք ընդդիմացել էին Հիտլերին: «Հարկավոր է հնազանդվել Աստծուն, ավելի՝ քան մարդկանց», քարոզում էր Ֆոն Գալենը, «և հնարավոր է, որ Աստծո հանդեպ այդ հնազանդությունը, խղճի այդ հավատարմությունը ես, դուք, հարկադրված լինենք ձեռքբերել ի գին մեր կյանքի, ազատության, հայրենիքի: Բայց ավելի լավ է մեռնել, քան մեղանչել»: Ֆոն Գալենի քարոզներն արտասանվում էին, մինչ Գեստապոն մեկը մյուսի ետևից գրավում էր կաթողիկե եկեղեցիները, դպրոցները, վանքերը: Ֆոն Գալենը մեկ առ մեկ թվարկում էր նացիստական բռնությունները, հափշտակումները, իրավախախտումները, մինչ ժողովուրդն ունկնդրում էր հուզված ու սարսափահար: Ասում էր. «Եթե ընդունենք այժմ կիրառվող սկզբունքը, որի համաձայն՝ ''անարտադրողունակ'' մարդը կարող է սպանվել, ուրեմն վա՜յ մեզ բոլորիս, երբ կհասնենք անարտադրողունակության տարիքին. ուրեմն վա՜յ հաշմանդամներին, որոնք արտադրական գործընթացներում ծախսել են իրենց երիտասարդությունը, իրենց ուժերը, իրենց առողջ ոսկորները նվիրաբերել են աշխատանքին ու կորցրել են: Եթե բռնի ուժով կարող են ոչնչացվել անարտադրողունակ անձինք, ուրեմն վա՜յ մեր քաջարի զինվորներին, որոնք հայրենիք են վերադառնում ծանրորեն հաշմված, անարտադրողունակ դարձած»[3]:
[1] Սպիտակ Վարդի Տղաների նամակներն ու թռուցիկները հրատարակվել են հետևյալ հատորում. La Rosa Bianca. Volti di un’amicizia, Itaca, Forlì 2005.
[2] S. Falasca, Un vescovo contro Hitler, San Paolo, Milano 2006, p. 16.
[3] Նույն, p. 214.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։