ՎԵՐՋԱԲԱՆ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ – Գրադարան – Mashtoz.org

ՎԵՐՋԱԲԱՆ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ

Վերադառնում ենք սկզբին, որտեղից սկսել էինք. առանց Աստծո, մարդը վերածվում է անսահմանորեն նվազ իրողության, քան իրականում հանդիսանում է:
Ռիդուկցիոնիզմ է մատերիալիզմը, ռիդուկցիոնիզմ է ցեղակրոն ռասսիզմը, ռիդուկցիոնիզմ է էուգենետիկան, ռիդուկցիոնիզմ է սոսկ շուկայական մտահամակարգը, ռիդուկցիոնիզմ է կոմունիզմը, ռիդուկցիոնիզմ է նացիզմը, ռիդուկցիոնիզմ է սոցիալական կենսաբանությունը, ռիդուկցիոնիզմ են բոլոր նմանատիպ իդեոլոգիաները: Մարդկային բոլոր իդեոլոգիաները ստորացնում են մարդուն, միմիայն Աստված է նրան փրկում: Հեգելի խոսքը վերիվայր շրջելով կարող ենք ասել, որ առանց Աստծո՝ մարդը մարդ չէ: Առանց Աստծո՝ մարդն ընդմիշտ մահանում է. ինչպես բույսերը, կենդանիները, կապիկները, ... : Լըժոնի մարդը, մինչդեռ, մարդն է, որ չի մահանում, Աստծո միտքն է, եզակի ու անկրկնելի, հավիտենական ճակատագրով, աշխարհի հիմնարկումից արդեն սիրված և կամեցված: Ինչպես ասում էին Եկեղեցու միջնադարյան Հայրերը, մարդն, իր կյանքում, «Աստծո փառքն է» (Աստծո փառքը կենդանի մարդն է): Մեր որդիության, մեր կախումնավորության, մեր հավիտենական նպատակակետի ճանաչումով և ընդունումով է միայն, որ կարող ենք հիմնել մի իրական հումանիզմ, որն, ինչպես ասացինք, կա՛մ աստվածակենտրոն է, կա՛մ հումանիզմ չէ:
Ժամանակակից աշխարհը սրա՛ կարիքն ունի. վերադառնալ հավատալու, որ Աստծո գեղեցկությունն ու բարությունը «ներթափանցում են ամբողջ տիեզերքով մեկ և մեծափայլ շողում են» արարածների մեջ, արևի, լեռների, կենդանիների և, հատկապես, մարդու մեջ. «մի մասում ավելի, մի մասում՝ նվազ»: Եվ մեծափայլ շողում են, մարդու մեջ, հակառակ նրա սահմանների, ֆիզիկական ու բարոյական չարիքի գոյության, ցավի ու մահվան, ... : Որովհետև իրականում սրանք են այն ''գայթակղությունները'', որոնք մատերիալիստական իդեոլոգիաները և նրանցից ծնված մահաբեր ուտոպիաները չեն կարողանում հանդուրժել: Մարդկային բանականությունը չէ, որ չի ճանաչում և մերժում է բնական կարգուկանոնը, արարչության գեղեցկությունը, մեր եզակիությունը, այլ՝ մարդկային կամքն է, երբ կարծրանում է և ըմբոստանում է մարդկային վիճակի դյուրաբեկությանն ի տես: Բայց սրանում ևս, ըմբոստանալու մեր կարողությամբ՝ եզակի ենք, որովհետև ազատ ենք: Ուստի, բանականության կողմից Արարիչ Աստծո հանդեպ հավատքի հավաստիությունը ճանաչելուց հետո հարկավոր է տրամադրվել այն խոնարհությանը, որը մեր համար հնարավորություն է ստեղծում հաճությամբ ընդունելու մեր բնությունը. հոգևոր, բայց նաև մարմնական. անմահ, բայց ստեղծված. հավիտենական երանությանը սահմանված, բայց երկրային կյանքի հոգնություններից և ուրախություններից հետո: Այժմ տեսնում ենք ինչպես հայելու մեջ, տեսնում ենք գեղեցիկ իրականություններ, ապրում ենք զգացումներ, հուզմունքներ, բարի փորձառություններ, շոշափում ենք անձինք և առարկաներ, որոնք համապատասխանում են մեր փափագներին և մեր իղձերին: Այսինքն, տեսնում ենք բարու, գեղեցիկի, արդարության, ողորմության, կարգուկանոնի և ա՛յլ դրական իրականությունների պատկերը: Բայց տեսնում ենք ինչպես հայելու մեջ, շփոթ եղանակով, բարին ու գեղեցիկը՝ խառնված չարիքին, պակասավորությանը, սահմանին, որոնք բնորոշ են այն ամենին, ինչը հարաբերական է: Բայց մի օր տեսնելու ենք դեմ առ դեմ, ուղղակիորեն, անստվեր լույսի մեջ, այն՝ ինչի համար որ ստեղծվել ենք. մեր կյանքի Սկիզբն ու Վախճանը, Ալֆան և Օմեգան, Բարությունն առանց չարիքի, Գեղեցկությունը, Արդարությունը և Ողորմությունը:
Հույսը, Հավատքը և Սերը գերբնական առաքինություններն են, որոնք մեզ արդեն իսկ վստահեցնում ու ապահովում են այն ամենի վերաբերյալ, ինչը մեզ խոստացված է և ինչը երկրային իրականության մեջ մերթ ընդ մերթ ճաշակում ենք որպես նշան և գրավական այն ամենի, ինչը հավիտենական է:
Այս իսկ պատճառով, հաճելի է ինձ ավարտել Սուրբ Գրիգոր Նազիանզացու աղոթքներից մեկով. «Եթե ես Քոնը չլինեի, իմ Քրիստոս, կզգայի ինձ որպես սահմանափակ արարած: Ծնվել եմ և զգում եմ քայքայվելս: Ուտում եմ, քնում, հանգստանում եմ և քայլում, հիվանդանում եմ և առողջանում, ենթարկվում եմ անթիվ ցանկությունների ու տվայտանքների հարձակմանը, վայելում եմ արևն ու երկրի բոլոր պտուղները: Հետո ես մահանում եմ և մարմինս դառնում է հողի փոշի, ինչպես կենդանիներինը, որոնք չեն մեղանչել: Բայց ես նրանցից ավելի ի՞նչ ունեմ: Ոչի՛նչ, այլ միայն՝ Աստծուն: Եթե ես Քոնը չլինեի, իմ Քրիստոս, կզգայի ինձ որպես սահմանափակ արարած»:
 
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ
 
Շնորհակալություն եմ հայտնում իմ հորը և իմ մորը, որոնք ավանդեցին ինձ հավատքը: Շնորհակալություն եմ հայտնում իմ ազգականներին: Շնորհակալություն եմ հայտնում Ջուլիանո Ֆեռռառային, որն ինձ տվեց գրելու և այս հարցերի մասին մտորելու առիթը: Շնորհակալություն եմ հայտնում Ջովաննի Ֆեդերսպիլին, Մարկո Ֆազոլին, Ումբերտո Ֆազոլին և Անդրեա Բարթելլոնիին, որոնք օգնեցին ինձ իրենց արժեքավոր խորհուրդներով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։