Վերջին ցնորքը. էուգենետիկայի վերադարձը և երկրային անմահության երազանքը – Գրադարան – Mashtoz.org

Վերջին ցնորքը. էուգենետիկայի վերադարձը և երկրային անմահության երազանքը

Մինչև մի քանի տասնամյակ առաջ, – բացառությամբ էուգենետիկայի պաշտպանների կողմից խրախուսվող սելեկտիվ աբորտի, սկսած նացիստական Գերմանիայից, ի վնաս երեխաների, որոնք հղացվել էին անցանկալի զուգավորումներից կամ ''ստորակարգ ցեղերի'' պատկանող ծնողներից, – մեր գոյության առաջին տարիներին գտնում էինք մանավանդ ընդունելություն, սեր, հիացմունք, գուրգուրանք, ծառայություն: Յուրաքանչյուր կյանք նկատվում էր որպես մի պարգև, մի հրաշք, որն հարկավոր էր մեր հոգածության ներքո վերցնել: Բայց ժամանակի ընթացքում կյանքի և գոյության նկատմամբ մարդկանց ընկալման և զգացողության փոփոխության հետ միասին, ինչին պատճառ են հանդիսանում նաև նորանոր տեխնիկաները, որոնք կանխասող գիտությունը ընձեռում է մեզ, աթեիստական իդեոլոգիայի դպրոցում թրծված նորահայտ քուրմերը այս վերջին ժամանակներում խոստանում են մեզ լուսինը. տեխնիկան կարողանալու է արտադրել կատարյալ, ընտրյալ, զտյալ էակներ, և վնասված յուրաքանչյուր խնձոր թափվելու է, աչքից հեռու և սրտից հեռու, և արդարացի է, ասում են, որ այդպես լինի: Վերջապես ունենալու ենք, ասում են, մեր կամքի համաձայն ծրագրված երեխաներ (baby-design), օրգանների պահեստներ, «դեղորայք երեխաներ», երեխաներ, որոնց համար ժամանակից առաջ, բեղմնավորման հանգրվանում արդեն, տալու են գենետիկական հորոսկոպը: Այդպիսով իմանալու ենք, մինչև իսկ, թե գոյությունը շարունակելու, ծնվելու և մեր զավակը կոչվելու արտոնությունը տա՞նք, թե՞ չտանք արհեստականորեն արտադրված սաղմին, որի վերաբերյալ կարող ենք գուշակել նրա գենետիկական հակվածությունը՝ զարգացնելու այս կամ այն հիվանդությունը: «Ձեր երեխան 40%-անոց հավանականություն ունի ինչ-որ մի ուռուցք ձևավորելու 60 տարեկան հասակում», ասելու է կարծեցյալ ամենագետ գենետիստը, և մենք կարողանալու ենք որոշել, թե արժե՞ շարունակել այդ ոգևորիչ խաղը, կամ ո՛չ:
Երկու դար առաջ, իլլումինիստ Քոնդորսեն գալիք սերունդներին խոստանում էր, – ինքնասպան լինելուց առաջ, քանի որ դատապարտվել էր գիլիոտինի, – թե մոտակա ապագայում ունենալու էինք մի սքանչելի աշխարհ: Այլևս գոյություն չէին ունենալու դժբախտ պատահարներ աշխատանքի վայրում, հիվանդություններ, ավելի խելացի կամ ավելի բարի մարդիկ, պատերազմներ, և այլն: Քոնդորսեից հետո ուրիշներ ևս միևնույն կերպ խոստացան դրախտը երկրի վրա, բայց հաղթված յուրաքանչյուր հիվանդություն իր տեղը միշտ թողեց մի ուրիշ հիվանդության, յուրաքանչյուր ցավ՝ մի ուրիշ ցավի: Բազմաթիվ քաղաքագետներ, գրողներ, փիլիսոփաներ մարդկությանը ներկայացան որպես նորահայտ Մովսեսներ, խոստանալով առաջնորդել մարդկանց դեպի նորագույն երկրային երկինքներ. միշտ, անշուշտ, ծանրագույն վնասներով ու աղմկալի հուսախաբություններով:
Եվ սակայն, տակավին քառասուն տարի առաջ, 1968 թվականին, Ադրիանո Բուցցատի Տրավերսոն գրում էր. «Սակավաթիվ տարիներ անց մարդը կարողանալու է ձևափոխել ինքն իրեն. կարողանալու ենք զավակներ ծնել մեր ուզած սեռի, կարողանալու ենք ապահովագրել մեզ այն վտանգից, որ պակասավոր երեխա ծնվի, կարողանալու ենք գրեթե ճշգրիտ կերպով կանխագուշակել և գոնե մասամբ նախասահմանել ծնվելիք երեխայի ֆիզիկական և հոգեբանական նկարագիրը»: Քիչ տարիներ անց Կարլ Վուդը, «ցրտից եկած», այսինքն՝ սառույցի մեջ պահված, ապա հալեցված սաղմից ծնված առաջին երեխայի ''հայրը'', առաջարկում էր փոփոխությունների ենթարկել մարդկային սաղմերը ծնունդից իսկ սկսած, օրինակ՝ արական հորմոններ ներարկելով աղջիկների մարմնի մեջ, դարձնելու համար նրանց մի քիչ ավելի առնական, և իգական հորմոններ՝ տղաների մարմնի մեջ, դարձնելու համար նրանց մի քիչ ավելի նուրբ ու փափուկ: Եվ արհեստական բեղմնավորման թվացյալ ''հրաշքների'' դիմաց հայտարարում էր. «Անոթում բեղմնավորված երեխաները միջին հաշվով ավելի գերազանց են խելացիության, շարժունակության, ֆիզիկական զարգացման հարցում: Ինչպես նաև ավելի սիրալիր են և նախաձեռնող»: Բավական եղավ, որ անցներ ընդամենը մի քանի տարի, որպեսզի գիտականորեն փաստագրվեին ու ապացուցվեին արհեստական բեղմնավորման տեխնիկաների կողմից հասցվող բոլոր վնասները, որոնց մասին արդեն խոսել ենք. բազմակի հղիություններ, գերգրգռման պատճառով մահացող կանայք, նորածինների մահացության և հիվանդությունների քանակի բարձր ցուցանիշ, զարգացման թերություններ, և այլն, և այլն:
Բուցցատի Տրավերսոյին այսօր արձագանքում է Կալիֆորնիայի Համալսարանի դասախոս Գրեգորի Սթոկքը, առաջարկելով «մեր ձեռքը վերցնել էվոլյուցիայի ղեկավարումը», «վերածրագրավորել մարդկային էակներին», դառնալու համար «շատ ավելին, քան սոսկ մարդկային», հասնելու համար հնարավոր բոլոր նպատակներին, նույնիսկ օժտելով մեզ «մի զույգ արհեստական քրոմոսոմներով (47-երորդն ու 48-երորդը), արագացնելու համար կենսաբանական պատեհ փոփոխությունները, բայց մեղմացնելով ռիսկերը և գալիք սերունդներին տալով ետ վերադառնալու հնարավորությունը». եթե կգրանցվեն դրական ձեռքբերումներ, կշարունակենք փորձարկումները, հակառակ դեպքում՝ ցավում ենք ձախողված փորձերի զոհերի համար:
Դառնալ ավելի, քան մարդկային, ''տրանս-մարդկային''. ահա սա՛ է ոմանց երազանքը, հին փիլիսոփայական սուպերմարդն է տեխնոլոգիական հանդերձավորմամբ: Թե կոչվում են նրանք ''տրանսհումանիստներ'', ''էստրոպյաններ'', Գրեգորի Ստոկք, Դեսմոնդ Մորրիս, կամ թե կունենան ուրիշ որևէ ա՛յլ անուն, հիմքի գաղափարը կրկին երկրի վրա անմահության ցնորքն է, հնարավոր ամեն գնով, ճիշտ ինչպես իդեոլոգիաների պարագան էր: Այդ նպատակներին հասնելու համար հազարավոր մարդիկ կարող են զոհաբերվել որպես փորձարկումների ենթակա մկներ, հասնելու համար վերջնական նպատակակետին: Նպատակակետ, որն այսպես են սահմանում ամերիկացի էստրոպյանները Մայր Բնությանն ուղղված իրենց նամակում. «Այլևս չենք հանդուրժելու ծերության ու մահվան բռնատիրությունը, [...] ընդարձակելու ենք մեր ընկալող ունակությունների ճառագայթը, [...] բարելավելու ենք մեր նեուրոնալ կառուցվածքն ու կարողությունները, [...] վերաձևավորելու ենք զգայական գրգիռների ու հակազդեցությունների մեր համակարգերը, [...] մեր ձեռքն ենք վերցնելու մեր գենետիկական ծրագրավորման խնդիրը և մենք ենք հսկելու մեր կենսաբանական և նեուրոլոգիական գործընթացները»[1]:
Այս ամենը ի՞նչ հիմնավորմամբ: Հետաքրքրական է նկատել, որ ևս մեկ անգամ, մարդու վերաբերյալ որևէ մոլորություն արդարացնելու համար, Ստոկքը թաքնվում է Դարվինի ետևում. էլ չենք ապրում, ասում է, այն խավար ժամանակներում, երբ հավատում էին, թե մարդը ստեղծվել է Աստծո պատկերով ու նմանությամբ (այդ խե՜ղճ ու անմիտ միջնադարյանները), այլ «դարվինյան հեղափոխությամբ» այլևս ''գիտենք'', որ «չենք ստեղծվել աստվածային կամքով, այլ՝ պատահականության և բնական ուժերի կողմից»[2]: Մինչ ձախողվել են քաղաքական ցնորքները, արյան օվկիանոսի մեջ գոնե մասամբ մայր են մտել մատերիալիստական սոցիալական իդեոլոգիաները, մնացել է վերջին ցնորքը, որը սակայն նույնքան խաբեական, կեղծ ու արյունախում է, որքան նախորդները. ցանկություններին, քմահաճույքներին ծառայող բժշկությունը, բնության նկատմամբ մարդու գերազանցության փորձը: Այսինքն այն բժշկությունը, որն այլևս իր հոգատարության ներքո չի պատսպարում մարդուն, նրա հիվանդությունը, նրա դյուրաբեկությունը, նրա սահմանները, այլ՝ հեռացնում, լքում է հիվանդներին, սպանում, վերացնում է նրանց, մերժում է հանուն այն բանի, ինչը որ ուզում է ստեղծել. նոր մարդուն, մարդուն առանց սկզբնական մեղքի, չտառապող ու չմահացող մարդուն, և, թերևս, մարդուն, որն այլևս ընդունակ չէ զգացմունքներ ապրելու և սիրելու. մարդուն, որն արտադրվում է լաբորատորիայում, կամ կլոնավորվում է, առանց անձանց միջև հարաբերության կարիքի, առանց կանացի արգանդի, որն ընդունելության բնական առաջին վայրն է:
Հռչակ վայելող մի ա՛յլ մատերիալիստ դարվինական՝ Ումբերտո Վերոնեզին գրում է. «Ես համարում եմ, որ գոնե մի քանի պարագաներում կարող է ի նկատի առնվել նաև վերարտադրողական կլոնավորման հարցը», որովհետև այդպիսով «այլևս ոչ ոք չի ենթարկվի զուգընկեր փնտրելու մտատանջությանը», սինգըլներն ու միասեռականները կկարողանան զավակ ունենալ ըստ իրենց ցանկության, և այդպիսով կիրականացնենք մեր սկզբնական անդրոգեն բնությունը, այսինքն՝ Աստծո նման ինքնաբավ լինելու մեր ձգտումը, մինչև իսկ որդեծնության հարցում[3]: Վերջին ցնորքը, ինչպես ակնհայտ է, ոչ մի նորություն չի ներկայացնում, գործում է ճիշտ ինչպես նախորդները. ոչնչացնում է այն, ինչը որ նաև արտաքուստ ցույց է տալիս իր անկատարությունը և օգնություն է հայցում, տապալում է իր խոստումներով, մոռացության է դատապարտում իր պատրանքներով: Գոյություն ունեցող անհատին ոչնչացնում է հանուն ապագա Մարդկության, անհատին զոհում է հավաքականությանը, յուրաքանչյուր մարդու կոնկրետ գոյությունը՝ պրոմեթևսական երազանքին:
Այդպիսով, ինչպես արդեն նշել ենք, կյանքն իսկույն դառնում է մի քննություն. գենետիկական թեստեր, արգանդի մեջ նախա-արմատավորման ախտորոշումներ, նախածննդաբերական ախտորոշումներ, սխալ բացասական և սխալ դրական արդյունքների իրենց բոլոր վտանգներով և դրանց հարակից ու կապակցված բոլոր խնդիրներով հանդերձ: Չիրականացած հույսերի, խաբեությունների, ուրվականների, բռնի հավակնությունների ամբողջ բեռով, որոնք միշտ ապրում են անհնարին երազանքների ետևում[4]:
Իրականում, կատարյալ զավակ մեզ ոչ ոք չի կարող տալ, երբե՛ք: Նույնիսկ եթե անթերի ծնվի, ամեն րոպե, ամեն վայրկյան ենթակա կլինի վրա հասնող անկատարությունների, աղետների, դժբախտությունների, ցավերի ու վշտերի, որոնք կյանքն ունակ է հրամցնելու մեզ յուրաքանչյուր քայլափոխի: Քանի որ սահմանափակ արարածներ ենք և մեր սահմանափակության մեջ ապրում ենք մուրացկանի մեր կոչումը. մուրում ենք Աստծո և մարդկանց սերը: Շատ ավելի հավանական է, մինչդեռ, որ հսկողության պատրանքին – հսկողություն կյանքի, ԴՆԹ-ի, մարդու վրա – փոխարինելու գա, ինչպես արդեն տեղի է ունեցել և բավականին հաճախ տեղի է ունենում ամենամեծ լաբորատորիաներում, որևէ հսկողությունից խուսափող, ամեն բան իրեն թույլատրելի համարող աշխարհը: Այդ մասին դիպուկ միտք է արտահայտել Ժաք Թեստարտը, մտորելով արհեստական տեխնիկաների ֆիզիկական և սոցիալական վտանգների շուրջ. «Կարող ենք տրամաբանորեն հարցնել, թե արհեստական միջամտությամբ կատարվող որդեծնությունն արդյոք չի՞ նպաստի տարածելու մարդկային անհատների ամլությունը: Ինչպես նաև տարածելու այն գաղափարը, թե սեռականությունը պետք է ամուլ լինի»:
Մինչ այս հարցը դեռ բաց է, գիտենք ամենայն ստուգությամբ, որ կատարյալ մարդու գաղափարը նպաստում է կործանելու սերը անկատար մարդու նկատմամբ, այսինքն այն մարդու, որն իրականում իսկապես գոյություն ունի: Իրոք, ահա թե ինչ է գրում Ջեյմս Ուաթսոնը. «Կարծում եմ, որ էուգենետիկայի վերադարձն ամեն առումով անխուսափելի է. ամբողջ աշխարհն ուզում է հնարավորինս առողջ երեխաներ ունենալ: [...] Թողեք, որ հասարակությունն ազատենք գենետիկական թերություններից: Անիմաստություն է պնդելը, թե մարդը սրբազան էակ է և չպետք է արհեստական փոփոխությունների ենթարկվի: Էվոլյուցիան կարող է դաժան լինել: Գնում ենք դեպի մարդկային կյանքի վրա հաստատվող հսկողությո՞ւն: Կարծում եմ, այո՛: [...] Չպետք է անհեթեթ թակարդի մեջ ընկնենք, հակառակ լինելով այն ամենին, ինչին Հիտլերը կողմ էր»: Իսկ Ֆրանսիզ Քրիկքը հավելում է. «Ոչ մի երեխա չպետք է սահմանվի որպես մարդկային էակ նախքան իր գենետիկական ժառանգությունը ախտորոշող թեստերից անցնելը: Եթե թեստը չի գերազանցում, ապրելու իրավունք չունի»[5]: Աթեիստական երազանքը, էուգենետիկական ցնորքը, կենսաբանական ռիդուկցիոնիզմը շարունակում են գոյություն ունենալ ... հանուն առողջապահության և հանուն այս երկրի վրա դրախտի հաստատման:
Ճիշտ ինչպես կանխասել էր արդեն մեջբերված Էրվին Շարգաֆֆը, մոլեկուլային կենսաբանության հայրը և ԴՆԹ-ի շուրջ կատարված բիոքիմիական ուսումնասիրությունների ռահվիրան: Այդ մեծ գիտնականը սիրում էր բացատրել, որ «մարդն ավելին է, քան իր այն մասը, որ թաղվում է» և զգուշացնում էր «մոլեկուլային նոր Աուշվից»ներից, սպիտակ շապիկ հագած նորահայտ «վհուկների» ու «աստղագուշակների» գուշակություններից, «դժոխային խոհանոցների» վերածված գիտական կենտրոններից, «սաղմեր արտադրող ագարակներ»ից, «ինտերնետային ծնողներ»ից և «ինտերնետային զավակներ»ից (խոսքը վերաբերվում է երեխաներ ծնելու նպատակով ինտերնետի միջոցով սերմնաբջիջների ու ձվաբջիջների առուվաճառքին), բոլորն էլ՝ հրեշային իրողություններ, որոնք այսօր քողարկվում են «''գիտական փնտրտուքի ազատության'' մասին կեղծ ու բռնազբոսիկ աղմուկ-աղաղակով, Գալիլեյի այլևս հնամաշ դրոշի ներքո»[6]: Սաղմեր ոչնչացնելով, անառողջ սաղմեր ու երեխաներ սպանելով, գենետիկական արհեստական փոփոխություններով, տարբեր ձևերով օրգաններ պատվաստելով ոմանք իսկապես հույս են տածում ձեռքբերել անմահությունը:
Մարքսիստ-դարվինիստական ուղղվածության էթոլոգ Դեսմոնդ Մորրիսը, որն հատկապես հայտնի դարձավ մարդուն տրված «մերկ կապիկ» իր սահմանումով, «La Repubblica» օրաթերթի առաջին էջին գրում է. Մահը «ոչ մի խորհրդավորություն էլ չունի. դա պարզապես մի ձև է, որի միջոցով յուրաքանչյուր տեսակ պահպանվում է գենետիկորեն ճկուն վիճակում: Մեզնից յուրաքանչյուրը ժամանակավոր ավանդապահն է անմահ գեների. մենք սպառվում ենք, բայց նրանք գոյատևում են, մեր զավակների շնորհիվ: [...] Մահը ոչնչով էլ անխուսափելի չէ: Եթե գտնենք ձևը՝ գենետիկորեն փոխելու կենսաբանական հրահանգը, որը մեր բջջային վերականգնման մեխանիզմին պարտադրում է դառնալ աստիճանաբար նվազ արդյունավետ, կկարողանանք, տեսականորեն, ապրել ընդմիշտ, պայմանով, որ ավտոբուսի տակ չընկնենք»: Եվ եզրակացնում է. «Եթե հնարավոր լիներ ուղեղս տեղադրել մի երիտասարդի գանգի մեջ, որը մահացել է ուղեղային ինչ-որ վնասվածքի պատճառով, բայց առողջ է մյուս բոլոր տեսանկյուններից դիտված, կկարողանայի վերսկսել սկզբից և տակավին մի քիչ էլ վայելել կյանքը մեր այս փոքրիկ, բայց հմայիչ մոլորակի վրա»[7]: Ահա այսպիսի հոլիվուդյան երևակայությունների վրա է հիմնված աթեիստական ''գիտությունը'':
Էուջենիո Սքալֆարիի կողմից հիմնված այդ նույն օրաթերթի էջերից Գրամշի Ինստիտուտի նախկին տնօրեն Ալդո Սքիավոնեն իր ընթերցողներին ուրախացնում է՝ սոցիալ-կոմունիստական իդեոլոգիան, որից ինքն իսկ սերում է ինչպես Մոնոն, Վերոնեզին, Դոկինսն ու Մորրիսը, խառնելով մատերիալիստական էվոլյուցիոնիզմի հետ, որի հիմքում ընկած են պատահականությունն ու անհրաժեշտությունը: Մարդը, պնդում է Սքիավոնեն, պատմության, հեղաշրջման, պատահական էվոլյուցիայի զավակն է. սոսկ անցողիկ մի գոյություն, առանց ինքնության, առանց օնթոլոգիական անփոփոխելի էության: Երեկ անասուն էինք, այսօր մարդ ենք, վաղը կգնանք «տեսակից անդին», մեր բնությունը արհեստական փոփոխությունների ենթարկելու անսահմանափակ հնարավորությունների շնորհիվ: Ճիշտ ինչպես Գալթոնի պարագան էր, որը սակայն երբեք չի հիշատակվում իր այսօրվա ծպտված հետևորդների կողմից, Սքիավոնեի համաձայն հարկավոր է մեր ձեռքը վերցնել մեր էվոլյուտիվ ճակատագիրը, բնական սելեկցիան փոխարինելով արհեստական սելեկցիայով, հասնելու համար – ինչպես երազում էին Միջնադարի գնոստիկ հերետիկոսները և շարունակում են երազել այսօրվա տրանսհումանիստները – լիակատար տիրապետություն ունենալու մեր մարմնի վրա, որը նկատվում է սոսկ որպես բանտ և սահման, որից հարկավոր է ձերբազատվել. ինչո՞ւ, ասում են, այս «միտքը, որ ի զորու է տեսնելու ծնվող տիեզերքը, պետք է համակերպվի՝ ընդմիշտ գերի մնալու մարմնական, կենսաբանական և մարդակազմական կերպին, որը շղթայում է նրան անասելի սահմանափակումներով, մինչ կարող է ձերբազատվել նրանից»: Տեխնիկայի շնորհիվ, հավելում է Սքիավոնեն, – որը թերևս դեռ չի տեղեկացել արհեստական բեղմնավորման սաստիկ հաճախակի ձախողումներին, կլոնավորման և սաղմնային ցողունային ''հրաշագործ'' բջիջների օգտագործման տեխնիկաների կողմից գրանցված անհաջողություններին, ինչպես նաև զրոյական հաջողություններին այն առասպելական ''քրիոնիկայի'', որը մահացածին սառեցնում է, որպեսզի տեխնիկայի նորանոր ձեռքբերումների շնորհիվ մի օր նրանց անմահացնի[8], – հաղթարշավ ընթանում ենք դեպի մի ապագա, ուր «այն ամենը, ինչը որ տեխնիկապես հնարավոր է, կլինի թույլատրելի», հակառակ Քրիստոնեական Եկեղեցու կարծրամիտ ընդդիմությանը: Շուտով, ասում է, «բնությունից ազատվելով», կարողանալու ենք վերակաղապարել, վերաձևավորել մարմինը, տեղափոխել մեր գիտակցությունը խտասկավառակների վրա, սերմնաբջիջների ու ձվաբջիջների պահպանումից բացի, մինչև իսկ հետմահու պահպանել անհատի գործառույթները ևս, նրա միտքը, նրա ինքնությունը, նրա անձնականությունը, տեղափոխելով դրանք բիոտեխնոլոգիական շինվածքների վրա. ընտանիքը վերջապես կվերանա, ինչպես նաև սեռերի միջև գոյություն ունեցող տարբերությունները, մարդը կհիբրիդավորվի կենդանական աշխարհի իր եղբայրների հետ (այսպես կոչված քիմերաները), մահը կհաղթվի մարդու կողմից, որն իր ուժերի շնորհիվ դարձած կլինի «Աստծո նման»[9]: Մորրիս և Սքիավոնե. երկու մարքսիստներ, որոնք պրոլետարական ձախողված երազանքը փոխարինել են գիտապաշտական երազանքով, քանի որ անկարող են տեսնելու ա՛յլ հորիզոններ:
Ծերության հասած Ստալինը նույնպես, թեև մի ժամանակ խստակյաց ու ժուժկալ էր, ամբողջովին նվիրված՝ կերտելու հասարակական կատարյալ արդարությունը, իր կյանքի վերջին տարիներին, երբ արդեն արյան ու մահվան էր դատապարտել միլիոնավոր մարդկանց, ներառյալ իր կնոջը, զավակներից ու մոտիկ ազգականներից շատերին, կարծես թե վհատվել էր և լքել էր երկրի վրա դրախտը ստեղծելու հնարավորության նկատմամբ իր վստահությունը. այդ ժամանակ է, որ դարձավ սոսկալի խմող, մի անհագ շատակեր, ուշադիր՝ վայելելու իր տրամադրության տակ մնացած յուրաքանչյուր վայրկյանը, հնարավոր ամենամատերիալիստական ու հեդոնիստական ձևով:
Դրախտը ուրիշների համար չէր ստեղծել, բայց ինքը, իր անծայրածիր իշխանությամբ ու հարստությամբ, լավ վիճակում կլիներ, եթե մահվան սարսափը չտիրեր իր մտքին: Այդ պատճառով է, որ սկսեց միշտ ավելի ու ավելի հետաքրքրվել ոմն դոկտոր Ալեքսանդր Բոգոմոլեցի «երկարակեցության շիճուկ»ով և ամեն կերպ ֆինանսավորել գերիատրիկ և գիտական տարբեր ուսումնասիրություններ, մի կողմից՝ բացահայտելու համար կյանքի ծագումը, իսկ մյուս կողմից, և հետևաբար, գտնելու համար այդ կյանքը հսկելու և անորոշ ժամանակով, մինչև անմահություն երկարացնելու կերպը: Այն աստիճանի էր հասել նրա սարսափը, որ տրամադիր գտնվեց հավատալու ամենավիթխարի տխմարություններին և կուլ տալու ամենաանհեթեթ խառնուրդները, հուսալով որոշակի երիտասարդացում ստանալ[10]: Բայց երբ մահվան պահը հասավ, նա, որ ոչ մի գութ չէր ունեցել իր ժողովրդի ու իր ազգականների նկատմամբ, թերևս վերջապես հասկանալով, որ ինքը աստված չէր, ամբողջովին ընկղմվեց սարսափի ու տագնապի մեջ: Մահանալուց առաջ, ինչպես հետո պատմել է իր դուստր Սվետլանան, կարողացավ բացել աչքերը, հայացքն ուղղելով «բոլոր նրանց վրա, ովքեր կանգնած էին իր շուրջը: Դա մի սարսափելի հայացք էր: [...] Այդ պահին նա հանկարծակի վեր բարձրացրեց ձախ ձեռքը և մատնացույց արեց դեպի վեր, կամ թերևս սպառնաց մեզ բոլորիս: [...] Հաջորդ վայրկյանին հոգին, վերջին ճիգը կատարելով, բաժանվեց մարմնից»[11]:
Մորրիսի, Սքիավոնեի և Ստալինի գիտաֆանտաստիկ տեսություններին արձագանքում են Բոնչինելլին ու Շառետտան, որոնք անմահության փնտրտուքին նվիրված իրենց գրքում պնդում են, թե այդ երազանքի իրականացման ճանապարհին չեն հանդիպել «իրոք անհաղթահարելի խոչընդոտների». «Առաջին անգամն է, որ մարդկությունը կարող է իրական ու առարկայական գետնի վրա մտածել երկրային անմահության մասին, հիմնվելով գիտական ձեռքբերումների վրա»: Իսկ գրքի վերջին գլխում, որը նշանակալիորեն վերնագրել են «Գիտության ծառը», ակնհայտ ակնարկ կատարելով Ծննդոց գրքում պատմվող սկզբնական մեղքին, տիպիկ կրոնական բառապաշարով եզրակացնում են. «Մեր սերունդին բախտ է վիճակվել վայելելու գոհունակությունը, որ սկիզբ է տվել մարդկության պատմության մեջ մինչև այժմ փորձարկված ամենահավակնոտ ձեռնարկին: Ինչպես մի ժամանակ Մովսեսի առաջ, երբ կանգնած էր Նաբավ Լեռան գագաթին, մեր առաջ նույնպես անծայրածիր տարածվում է մի նոր երկիր, արգավանդ ու բերրի: Ծերունի Նահապետը նույնպես գիտակցում էր, որ իր ժամանակը սպառվել էր և ինքը չէր կարողանալու վայելել այդ երկրի պտուղները, բայց միևնույնն է, իր սիրտը լցվել էր հպարտությամբ և հուզմունքով. կատարել էր իր առաքելությունը[12], հասել էր տեսնելու Ավետյաց Երկիրը», այսինքն, ըստ իրենց, երկրային անմահությունը: Բոնչինելլին ու Շառետտան, փաստորեն, որպես նորահայտ Մովսեսներ, մատնացույց են անում մեզ մի նոր Ավետյաց Երկի՞ր: Գիտությունը՝ որպես մի նոր կրո՞ն: Երկրի վրա անմահությունը՝ որպես մարդու իղձերի լիակատար իրականացո՞ւմ:
Ավելորդ է ասել, որ իմ համար այդ գաղափարը հմայիչ ոչինչ էլ չի ներկայացնում, այլ սոսկ երևում է որպես մի սարսափելի մղձավանջ, որքան էլ որ անխուսափելի լինի. էվոլյուցիոնիստ դարվինիստների սոսկ-անասուն-մարդը, ի տարբերություն մյուս կենդանիների, գիտակցում է իր մահը, չգիտի՝ թե ինչո՞ւ է գիտակցում, չգիտի՝ թե ինչո՞ւ է մահանում, և սարսափահար՝ երազում է ապրել ընդմիշտ, ժամանակի գրկում, քան թե վերանալ ոչնչության ու անհայտ անդենականության մեջ: Բայց նրանց կողմից մեզ առաջարկվող այդ վիճակը մի ''դրախտ'' է, որ ուղղակի սարսափեցնում է: Ամբողջովին ա՛յլ բանի համար ենք ստեղծված, ինչպես գրում է նացիստական լագերներից մեկում սպանված և Եկեղեցու կողմից սրբադասված Էդիթ Շթայնը, ամբողջովին ա՛յլ իղձեր են բնակվում մարդու սրտում. «Մարդու բաղձանքն է միշտ նորոգ ստանալ գոյությունը, կարողանալու համար քաղել այն, ինչն իրեն տալիս և միաժամանակ վերցնում է արագընթաց ու կարճատև պահը: Չի կամենում կորցնել այն, ինչն իրեն տալիս է լիություն, և փափագում է լինել անվախճան ու անսահման, որպեսզի վայելի դա հավիտյան և ամբողջությամբ»: Եվ տակավին. «Անվախճան բերկրանք, անստվեր երջանկություն, անսահման սեր, բուռն կյանք առանց հոգնածության, ուժերով լի գործողություն, որը միաժամանակ կատարյալ հանգիստ է և որևէ լարվածությունից լիցքաթափում. սա՛ է հավիտենական երանությունը, սա՛ է գոյությունը, որին մարդը անձկագին տենչում է իր կյանքի ընթացքում»:
[1] G. Stock, Riprogettare gli esseri umani. L’impatto dell’ingegneria genetica sul destino biologico della nostra specie, Orme, Milano 2002, pp. 15, 219, 236.
[2] Նույն, p. 240.
[3] U. Veronesi - G. Giorello, La libertà della vita, Raffaello Cortina, Milano 2006, pp. 81-101. Կլոնավորմամբ, ավելացնում է Վերոնեզին, «կունենանք նվազ տառապող, կարող ենք հանդգնությունն ունենալ ասելու՝ գրեթե երջանիկ հասարակություն»: Վերոնեզին առաջինը չէ, որ նման հայտարարություններ է անում, որոնք բոլորն էլ հիմնված են այն գաղափարի վրա, թե «կյանքը քիմիական հակազդեցությունների ամբողջությունն է», իսկ «բնության համար մարդկությունը կարող է նկատվել որպես խճանկարի բազմաթիվ կտորներից սոսկ մեկը, որն հանգիստ կարելի է զոհաբերել, եթե էվոլյուցիան դա է պահանջում» (Organismi geneticamente modificati, Sperling & Kupfer, Փետրվար 2007):
[4] Ճշմարտությունն այն է, գրում է նախկին ռադիկալ բժիշկ Լուքա Փոլին, որ «նախածննդաբերական ախտորոշման այս տեխնիկաներից ոչ մեկը զերծ չէ սաղմի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներից, այնպես, որ կարող է շատ հաճախ պատահել, որ նման տեխնիկաների օգտագործմամբ սաղմին հասցվեն անբուժելի մալֆորմացիաներ, կամ էլ՝ լիովին առողջ սաղմին հասցնեն աբորտի: Վերջում հարկավոր է ի նկատի առնել նաև նախածննդաբերական սխալ ախտորոշումների հնարավորությունը, իրենց սխալ դրականներով ու սխալ բացասականներով, այնպես, որ խառնաշփոթ ու ներխուժող ախտորոշման արդյունքում կունենանք մի կողմից սպանված սաղմեր, թեև կատարելապես առողջ էին, իսկ մյուս կողմից՝ անոմալ սաղմերի մի որոշակի տոկոս, որն համենայն դեպս կծնվի, խուսափելով նախածննդաբերական ախտորոշումից դեպքերի 2%-ի չափով»:
[5] Երկու մեջբերումներն էլ կատարվել են «Il Foglio» թերթի 2005թ. Հունիսի 5-ի համարից:
[6] Մեջբերված է «Il Foglio» թերթի 2005թ. Հուն. 10-ի համարում:
[7] «La Repubblica» թերթի 2008թ. Ապր. 10-ի համարում: Անմահ գեների միստիկան կարծես թե դյութել է բոլոր նրանց, ովքեր այլևս չեն հավատում հոգու անմահությանը: Արդեն մեջբերված Ումբերտո Վերոնեզին այդ հարցի շուրջ գրում է. «Այս վերածնության շարժիչը մարդկային ԴՆԹ-ն է, որը յուրաքանչյուր մարդու մեջ վերարտադրվելով՝ անդադար տարածում է կյանքը: [...] Կարող ենք գրեթե ասել, որ հաջորդ սերունդներին մեր ԴՆԹ-ի ավանդումը կարող է ընկալվել որպես անմահության արդի տարբերակ, քանի որ ԴՆԹ-ն գործնականում անմահ է: Ինչպես նաև, մի մարմնից մյուսի մեջ տեղափոխվելով՝ արտահայտում է նաև վերամարմնավորման հին գաղափարը» (Il diritto di morire, Mondadori, 2005, p. 12): Այս մտքի կոպիտ սխալներից մեկն այն է, որ ոչ ոքի ԴՆԹ-ն չի ''տեղափոխվում'' իր զավակի մեջ, այլ՝ հոր և մոր ԴՆԹ-ները միանում, ձուլվում են միմյանց, ձևավորելով ամբողջովին նոր, եզակի ու անկրկնելի ԴՆԹ: ԴՆԹ-ն անմահ չէ, ծնվում և մահանում է մեր հետ միասին:
[8] Էստրոպյանների կայքում կարդում ենք. «Քրիոնիկան դա մի տեխնոլոգիա է, որի նպատակն է փրկել կյանքեր և մեծապես ընդարձակել կյանքի ակնկալիքները: Գործնականում, այն կայանում է մարմնի ջերմաստիճանի նվազեցման մեջ, անձանց՝ ովքեր պաշտոնապես հայտարարվել են մահացած, մինչև որ հասցվում է հեղուկ ազոտի ջերմաստիճանին: Այդպիսի պայմաններում մարմնի քայքայումը կանգ է առնում, և հույսը այն է, որ ապագայում հնարավոր է լինելու կրկին կյանքի կոչել այդ մարդկանց, ինչպես նաև վերականգնել երիտասարդական և առողջ վիճակը, շնորհիվ բավականաչափ զարգացած գիտական ընթացակարգի: Այդպիսի պայմաններում պահված անձը համարվում է ''սառեցման միջոցով պահպանված'' պացիենտ, քանի որ մենք այդ մարդուն չենք նկատում որպես իսկապես ''մահացած''»: Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե հին կախարդների առաջարկած հավիտենական երիտասարդության թուրմերի արդի տարբերակը ինչ-որ քայլ է կատարել առաջ: Այս ամբողջ ֆանտաստիկայի մեջ միակ ստույգ բանը այդ ''ծառայությունների'' բարձր գինն է: Անշուշտ, միշտ էլ եղել ու լինելու են մարդիկ, որ հարստանալու են անուղեղների հաշվին: Էստրոպյաններից և Սքիավոնեից ավելի զուսպ է արտահայտվում Ումբերտո Վերոնեզին, որի տնօրինած լաբորատորիաներում տարիներ են արդեն, ինչ տենդագին փնտրում են «երիտասարդության գենը», որից ակնկալում են ճոխ ու առատ եկամուտ ապահովել իրենց համար. «Բավական է միջամտել ԴՆԹ-ի վրա սաղմը արգանդում խարսխվելուց առաջ, ավելացնել կամ հանել գեներից մեկը, և կարող ենք ստեղծել մի երեխա, որ կապրի 120 տարի: Սա կարող ենք անել». «Եթե ուզենանք, արհեստականորեն բեղմնավորված ձվաբջջի ԴՆԹ-ի մեջ կարող ենք ներմուծել փղի աճման հորմոնի գենը և կստանանք 4 մետր հասակի հասնող երեխաներ» (Scienza e futuro dell’uomo, Passigli, Firenze 2005, pp. 49 e 50):
[9] A. Schiavone, Storia e destino, Einaudi, Torino 2008.
[10] R. Conquest, Stalin, Mondadori, Milano, 1993, p. 332.
[11] G. Rocca, Stalin, Mondadori, Milano 1988, p. 393.
[12] E. Boncinelli - G. Sciarretta, Verso l’immortalità?, Raffaello Cortina, Milano 2005, pp. 214, 228.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։