Տարբերությունը միկրոէվոլյուցիայի և մակրոէվոլյուցիայի միջև – Գրադարան – Mashtoz.org

Տարբերությունը միկրոէվոլյուցիայի և մակրոէվոլյուցիայի միջև

Անհնարին է, ի վերջո, չընդգծել, որ թեև դարվինյան մակրոէվոլյուցիան ևս կարող է հաշտեցվել Աստծո գոյության և արարչագործության գաղափարի հետ, այդուամենայնիվ նրա վերաբերյալ շարունակում են խորը կասկածներ մնալ:
Ինչպես հիշում է Պադովայի համալսարանի ներքին բժշկության ամբիոնավար Ջովաննի Ֆեդերսպիլը, եթե մի կողմից միկրոէվոլյուցիան առանց ընդդիմության ընդունվում է բոլորի կողմից և փաստարկվում է, մյուս կողմից, սակայն, «մակրոէվոլյուցիայի, այսինքն՝ համակարգային մեծ խմբերի ծագման համար, ինչպիսիք են դասերը, խմբերը կամ տեսակները, էվոլյուցիոն մեխանիզմի հավաստի փաստեր չեն գտնվել (Մոնտալենտի 1984, Պերրիեր 2005)»[1]:
Որ իրականությունն այսպիսին է, խոստովանում է նաև էվոլյուցիոնիստ մի այնպիսի գիտնական, ինչպիսին է Էդոարդո Բոնչինելլին, իր «Կյանքի կերպերը» գրքում: Հիրավի, թեև էվոլյուցիայի վերաբերյալ շատ հաճախ հնչում են կատեգորիկ հաստատումներ, թե այն ի զորու է ընծայելու մեզ «աշխարհի ամբողջական մի տեսություն», առանց թույլ տալու կասկածին ունենալ այն արժանապատվությունը, որն իրեն հասնում է, այդուհանդերձ Բոնչինելլին բազմաթիվ ու բազմաթիվ անգամներ ընդունում է ո՛չ միայն, որ էվոլյուցիոնիզմը այսպես ասած պատմական գիտություն է և ո՛չ թե՝ գալիլեյյան (այսինքն, որ էվոլյուցիոնիզմն անհնարին է ապացուցել և կրկնել), այլ հատկապես, որ այդ մտահամակարգում անպատասխան են մնում չափազանց մեծ քանակի հարցեր, մինչ նրա անվիճելի գիտելիքները չափազանց սակավաթիվ են:
Բոնչինելլին նախևառաջ հաստատում է, թե տեսությունը, ըստ որի՝ կյանքի ծագումը իր բոլոր անհավատալի ու մեծապես բազմազան կերպերով «թվում է՝ թե առաջացել է մեկ միակ արմատից», «էվոլյուցիոնիստական որևէ տեսության միաժամանակ խաչն է ու բերկրանքը», քանի որ եթե մի կողմից միկրոէվոլյուցիան որպես իրական ֆենոմեն ստույգ է և հեշտությամբ ապացուցելի է, օրինակի համար՝ ուսումնասիրելով, թե ինչպես են բակտերիաները հակազդում անտիբիոտիկներին, կամ էլ՝ Բիստոն Բեթուլարիա անունը կրող հայտնի թիթեռի ուսումնասիրությամբ, նույնը չի կարելի ասել մակրոէվոլյուցիայի, այսինքն՝ «էվոլյուցիոն գործընթացների այն ամբողջության մասին, որոնք հանգեցնում են մեծ փոփոխությունների և համակարգային ամբողջովին նոր տեսակների առաջացմանը»:
Ջանանք ավելի լավ հասկանալ. պարզ և ընկալելի է բոլորի համար, որ գենետիկական որոշակի փոփոխություններ բակտերիային ավելի դիմացկուն են դարձնում տվյալ անտիբիոտիկի դեմ, թեթևակի փոփոխելով նրան. կամ մուգ գույնի Բիստոն Բեթուլարիային, որը ծնվել է միայն մեկ գենի փոփոխության հետևանքում, հնարավորություն են տալիս աստիճանաբար գրավել բծավոր սպիտակ Բիստոն Բեթուլարիայի տեղը արդյունաբերական աղտոտվածության պայմաններում, շնորհիվ այն բանի, որ մուգ գույնը նրան ավելի պաշտպանված է դարձնում թռչուններից: Շատ ավելի դժվար է, մինչդեռ, ապացուցել, օրինակի համար, ինչպես առանց երկար-բարակ մտածելու վարվում են որոշ ''գիտնականներ'', որոնց համաձայն «մարդն առաջացել է անտեննաներով օժտված մի ջրիմուռից», որը երկար է 10 միլիոներորդ միլիմետր և ապրում է հողի տակ, ճահիճներում ու կեղտոտ ջրափոսերում[2]: Ջրիմուռից (անտեննաներով կամ առանց անտեննաների, դա կարևոր չէ) ձուկը, ձկից՝ արծիվը, արծվից՝ փիղը, փղից՝ Կլաուդիա Քոլլը. պատահական մուտացիաներով և բնական սելեկցիայո՞վ: Եվ սակայն, Բոնչինելլին նեոդարվինյան վարկածի վերաբերյալ ընդունում է, որ «չենք կարող սակայն ասել, որ այս տեսությունը մինչև օրս ի զորու է եղել լիովին հաշիվ տալու մակրոէվոլյուցիայի», կենսաբանական տարբերությունների ու «զարգացման ընթացքի ընդհատումների» համար:
Իրականում, նեոդարվինյան վարկածը «շատ լավ բացատրում է որոշ հարցեր, նվազ լավ՝ ուրիշներ, և վատ՝ ուրիշ շատ շատեր: Այն, ինչ տեղի է ունեցել այսպես կոչված Քամբրիան դարաշրջանի պայթյունից առաջ, և իրադարձությունները, որոնք հասցրել են մարդկային տեսակի էվոլյուցիային, դուրս են մնում այն հարցերի շրջանակից, որոնք այս տեսությունը լավ է բացատրում»[3], ենթադրելով հանդերձ «շարունակական և զանգվածային միջամտությունը պատահականության», որին անվանում է «իրական արարիչը»: Այս իսկ պատճառով չպետք է անհոգաբար մոռացության մատնվեն առարկությունները նրանց, ովքեր ծայր աստիճան քննադատական կեցվածք են գրավում մակրոէվոլյուցիայի վարկածի նկատմամբ:
Եզրափակելու համար մեջբերում եմ մատերիալիստական էվոլյուցիոնիզմի և մակրոէվոլյուցիայի խնդրի վերաբերյալ հայտնի կենսաբան, նախորդ էջերում արդեն մեջբերված Ումբերտո Ֆազոլի մտորումները.
«Կենսաբանական էվոլյուցիայի վարկածն իմ կարծիքով զուրկ է այնպիսի տվյալներից ու փաստերից, որոնք բավարար կլինեին գոհացնելու համար մեր բանականության պահանջները: Այդ վարկածի համաձայն, թիթեռները, կետերը, մայրիները և մարդիկ, բոլորն էլ առաջացել են մի ընդհանուր ''նախահորից'': Այդ ''նախահայրը'' բաղկացած է եղել ածխածնի մի քանի ատոմներից, ջրածնի մի քանի ատոմներից, մի պտղունց թթվածնից ու ազոտից, որոնք երեք միլիարդ տարի առաջ մի ջրափոսի մեջ խառնվելով ու տարբեր ձևերով միանալով, դարձել են ''կենդանի'', այսինքն՝ ընդունակ նյութափոխանակության ու սերնդագործությամբ վերարտադրության, ամփոփելով իրենց այդ ''նորությունը'' մի թաղանթի ներսում, որը նույնպես կենդանացել է: Առանց նախապես գոյություն ունեցող մի որևէ ծրագրի, առանց որևէ նպատակի, առանց նրանց ապագան հսկող նախատես ուժի, առանց այդ հրաշքը կրկնելու կարողության, այդ մոլեկուլները սկիզբ են տվել, առանց իրենք իսկ գիտակից լինելու, կենսաբանության զարմանահրաշ պատմությանը Երկրի վրա: Առնվազն երեք միլիարդ տարի այդ մոլեկուլները չեն հանդիպել ոչ ոքի, ով կկարողանար անուն տալ իրենց և ճանաչել այն արժանիքը, որ ունեցել էին, ենթարկվելով նաև ընդմիշտ չգիտակցված մնալու վտանգին, քանի որ մարդը, պատահականության սկզբունքով, կարող էր նաև երբևէ չառաջանալ: Ո՛չ միայն մարդը, այլ նաև սիրտը, երիկամները, լյարդը, արգանդը, արծվի թևերը, օձի ողնաշարը, կենգուրուի փորապարկը, բազեի աչքը, և այլն, և այլն, և այլն. այս և մնացած ամեն ինչից յուրաքանչյուրը կարող էր նաև չառաջանալ: Եթե առաջացել է, պնդում է այս վարկածը, դրա համար պարտավոր ենք միմիայն գենետիկական պաշարի փոփոխությանն ու միջավայրի ազդեցությանը: ''Միջավայրն է, որ ստեղծել է մարդուն, և առանց այդ իրադարձության (երաշտը արևադարձային Աֆրիկայում) Մարդ տեսակը ոչ մի պատճառ չէր ունենա առաջանալու, գեթ այդ վայրում և այդ պահին''[4]: Ահա այսպիսին է մատերիալիստների ''գիտությունը'': Մեր բանականությունը, ասում են, պետք է հաշտվի այս մտքի հետ. չկա ծրագիր, չկա նպատակ, չկա ոչինչ, որով կարող ենք հիանալ. կյանքի բոլոր ''կերպերը'', մարդկայինը ներառյալ, կլիմայական փոփոխությունների երկրորդական հետևանքն են, գրեթե՝ օդերևութաբանական գիտության կողմնակի էֆեկտը: Եվ սակայն, ինձ և իմ նման հուսով եմ շատերի, այս պատասխանը տակավին չի գոհացնում. չենք կարողանում խաղաղվել մտածելով, որ համակարգիչ ստեղծելու համար ուղղակի անհրաժեշտ է ճարտարագետի գոյությունը, իսկ արծիվ ստեղծելու համար կարո՞ղ է բավական լինել քամու մի հարված, որ նրան օդ բարձրացնի, կամ մարդ ստեղծելու համար՝ մի քիչ տաքություն ու չորություն, որը նրան կստիպի վեր բարձրացնել իր գլուխը և տեսնել հորիզոնը սավանայի խոտածածկույթի վերևում:
Իրականում, մակրոէվոլյուցիան, այսինքն՝ կենդանի էակների տարբեր մեծ դասակարգերի առաջացումը, գոհացնող բացատրություն չունի ո՛չ թե այն պատճառով, որ պետք է դեռ նոր ուսումնասիրությունների ու հայտնաբերումների սպասենք, այլ՝ որովհետև պատահական սխալը (մուտացիան) և միջավայրի կողմից գործադրված սելեկցիան մորֆոգենետիկ (ձևածին) կարողություններ չունեն: Ա՛յլ խոսքերով ասված, ինչ-որ մի մարմնի ներսում ողնաշարը կառուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները տրամաբանորեն չեն կարող առաջ գալ ԴՆԹ-ի ''սխալներից'', քանի որ խոսքը վերաբերվում է անսահմանությանը ձգտող մի բարդության: Մեզ բոլորիս հայտնի ընձուղտին ''սարքելու'' համար բավական չէ պատահական մուտացիայով երկարացնել նրա վիզը, այլ միաժամանակ (ընդգծում ենք՝ միաժամանակ) հարկավոր է հզորացնել նրա սիրտը, որպեսզի կարողանա արյունը մղել մինչև այդ բարձրությունը, հարկավոր է հզորացնել և համակարգել բոլոր մկանների շարժումները, երկարացնել ջիլերը (հակառակ դեպքում, պատահական մուտացիայով երկարած վիզը, ուղիղ և բարձր կանգնելու փոխարեն, անուժ կպառկեր գետնին և որսի շատ հեշտ առարկա կդառնար), համաչափեցնել ոտքերն ու մեջքը. և այդ ամենը, կրկնում ենք, միաժամանակ, միևնույն պահին. ա՛յլ կերպ՝ ոչինչ ''չի աշխատի'': Այսինքն, ամեն անգամ, որ փոփոխության է ենթարկվում օրգանիզմներից որևէ մեկի որևիցէ մի մասը, հարկավոր է փոփոխության ենթարկել ամբողջ օրգանիզմը, քանի որ կենդանի օրգանիզմներից որևիցէ մեկը դա ռիդուկցիայի չենթարկվող բարդ համակարգ է, որի կենսականությունը առկա չէ մասերից մեկում, այլ՝ բոլոր մասերի միասնական համաչափ աշխատանքի արդյունքն է:
Քանի որ գեներն անկարող են բացատրելու կենդանի էակների գոյություն ունեցող ''ձևերը'', վերջերս ծնունդ է առել գիտական ուսումնասիրությունների մի նոր ուղղություն, որի նպատակն է գտնել նոր պատասխաններ զարգացման կենսաբանության ներսում (կոչվում է evolutionary developmental biology, համառոտ՝ evo-devo), այսինքն՝ փոխելով ուսումնասիրությունների մեկնակետը: Այլևս ո՛չ թե գեները, այլ՝ սաղմի զարգացումը: Ուսումնասիրությունները դեռ ճանապարհի սկզբում են, բայց արդեն շատ բան են ասում նախորդ ''գիտնականների'' մասին, որոնք հավակնում էին պատահական մուտացիաներով ու փոփոխական կլիմայով բացատրել կյանքի հրաշքը: Կյանքի գրեթե բոլոր ձևերի առաջացումը Քամբրիան դարաշրջանում, ընդամենը 5ից 10 միլիոն տարվա ընթացքում, ծանր հարված է հասցրել աստիճանական էվոլյուցիայի վարկածին. իրականում, նախ ի հայտ են եկել բոլոր մեծ ''կառույցները'' և հետո նոր միայն տարբերակվել են մանրամասնություններում»[5]:
[1] «Պարադոքսներ» պարբերականի 2007 թվականի Հոկտեմբեր-Դեկտեմբեր համարում տպված մի հետաքրքրական հոդվածում Ֆեդերսպիլը գրում է. «Օրինակի համար, գոյություն չունեն վճռորոշ ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ինչպես են սողուններից առաջացել կաթնասունները, կամ թե ինչպես են առաջացել կնճիթավորները, կամ ի վերջո՝ ինչպես է տեղի ունեցել գետնի վրա ապրող տարրական կաթնասուններից անցումը առաջին չղջիկներին (Էլդրիջ 1999): Կենսաբանական իրական գիտելիքների այս հիմնական անբավարարությանը հակառակ, որոշ նորդարվինականներ կարծում են, թե կարող են հանգիստ մտքով հավատալ, թե այսօր տիրող տեսություններն այլևս հստակ ու գոհացուցիչ վերակազմություն ու բացատրություն են տալիս էվոլյուցիոն ֆենոմենների վերաբերյալ, անօրգանական մոլեկուլներից մինչև մարդը (Դոկինս 2006)»:
[2] Հրատարակվել է «Corriere della Sera» թերթի 2007թ. Նոյ. 6-ի համարում:
[3] E. Boncinelli, Le forme della vita. L’evoluzione e l’origine dell’uomo, Einaudi, Torino 2006, pp. 16, 17, 24-26, 139.
[4] Y. Coppens, Storia dell’uomo e cambi di clima, Jaca Book, Milano, 2007.
[5] Ու. Ֆազոլն իր հոդվածները հրատարակում է www.libertaepersona.org (Ազատություն և Անձ) կայքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։