Տիեզերքի ծագումը և Բիգ Բենգը – Գրադարան – Mashtoz.org

Տիեզերքի ծագումը և Բիգ Բենգը

Դասական աստվածաբանությունը Աստծուն սահմանում է որպես միասնական և պարզ էություն, որն համեմատելի է, Գալիլեո Գալիլեյի համաձայն, մեկ թվի հետ, որից սկսվում է ամեն ինչ և որի մեջ ամեն ինչ բովանդակված է: Բացի սա, Աստվածաշնչից մինչև Դիոնիսիոս, մինչև Առաքելական Հավատքի Հանգանակը, Աստված սահմանվում է որպես Լույս, «որն Ինքն Իրեն հայտնի է, մինչ մյուս բոլոր գոյությունները Իր մեջ են Իրեն հայտնի»:
Բազմաթիվ աստվածաբանների համաձայն, Լույսը աստվածային ստորոգելիներից մեկն է, որն իր անմարմին էությամբ, իր գեղեցկությամբ և բացահայտելու կարողությամբ, իր տարածելիությամբ, իր միությամբ և պարզությամբ ընդունակ է համանմանական կերպով ուղղել մարդկային միտքն առ Աստված: Այս հասկացողությունից է Միջնադարում ծնունդ առնում Լույսի գեղագիտությունը, որն արտահայտվում է Ֆրանսիայի և Անգլիայի գոթական տաճարների լուսավորության մեջ:
Պատահականություն չէ, թերևս, որ ճիշտ այդ ժամանակաշրջանում Ծննդոց գրքի հրեա մեկնաբան Նամանիդեսը (1194-1270) և անգլիացի եպիսկոպոս Ռոբերտ Բիգհեդը (1168-1253), որը նաև ոսպնյակների ու հայելիների հմուտ ուսումնասիրող էր, առաջ են քաշում տիեզերքի առաջացումը բացատրող մի վարկած, որն ամբողջովին նման է մերօրյա Բիգ Բենգին[1]: Բիգհեդը նշում է, որ Աստվածաշնչում Աստծո առաջին խոսքը, արևի ստեղծումից էլ առաջ, հետևյալն է. «Եղիցի լույս»: Նամանիդեսի նման, ֆիզիկական և մետաֆիզիկական պատճառաբանությունների հիման վրա, Բիգհեդն այդ խոսքից եզրակացնում է, որ Աստված սկզբում ստեղծել է միությամբ և պարզությամբ Իրեն համանմանորեն նմանվող մի գոյացություն, լույս-էներգիայի անհունորեն փոքր մի կետ, ընդունակ՝ ընդարձակվելու և կյանքի կոչելու ամբողջ տիեզերքը:
Այս տեսությունից մեկնելով, երկու աստվածաբանները կատարում են մի քանի ակնհայտ հետևություններ. 1) տիեզերքը հավիտենական չէ, քանի որ ծնունդ է առել. 2) ժամանակը հարաբերական է, քանի որ սկսել է գոյություն ունենալ որպես հարաբերություն լույսի շարժման և այդ նույն լույսի տարածումից առաջացած տարածքի միջև. 3) տարածությունը հարաբերական է, քանի որ սկիզբ է առել մի որոշ պահի և շարունակում է ընդարձակվել տիեզերքի շարունակական ընդարձակման պատճառով: Այս ամենից հետևում է, որ տիեզերքի պատճառը, Նա՝ ով ստեղծել է սկզբնական լույսի կետը, դուրս է ժամանակից ու տարածությունից, քանի որ մաքուր Հոգի է:
Տիեզերական ամբողջ մատերիայի ընդհանուր ծագումից, ինքնին ծավալումից, շարունակում է Բիգհեդը, կատարվում է այն անհրաժեշտ հետևությունը, որ տիեզերքում իշխում է ֆիզիկական և մաթեմատիկական միություն, որը նրան դարձնում է ճանաչելի ըստ միևնույն կերպերի ու պայմանների, և որը հերքում է երկրային ֆիզիկայի (չորս տարրերի) և երկնային ֆիզիկայի (հինգերորդ տարրի, եթերի) միջև բաժանումը, ինչը որ բնորոշ է արիստոտելական հեթանոսական համակարգին:
Գալիլեյն է, դարեր անց, որ իր հեռադիտակով ապացուցում է, որ մոլորակները եթերային չեն, ինչպես հաստատում էր ավանդական աստղագիտությունը, այլ՝ կազմված են միևնույն մատերիայից, որից կազմված է նաև Երկիրը: Տոսկանացի գիտնականն է կրկին, որ եպիսկոպոս Պիետրո Դինիին ուղղած իր նամակում, որպես մեկնակետ առնելով Ծննդոցի «Եղիցի լույս» արտահայտությունը, վերստին ներկայացնում է վարկածը, որ ամեն բան առաջացել է լույսի անհունորեն փոքրիկ մի մասնիկի ծավալումից, ''պայթյունից'': Պայթյուն, որն ինքնըստինքյան կստեղծեր անկանոնություն, եթե ինչ-որ մի կերպ չկառավարվեր գերագույն Բանականության կողմից, որն ի զորու է բանական նպատակ դրոշմել անբանական արարածի մեջ:
Միայն Քսաներորդ դարում են ստացվում գիտական ապացույցները. 1) էներգիան կարող է փոխակերպվել մատերիայի, իսկ մատերիան՝ էներգիայի. 2) տիեզերքը շարունակական ընդարձակման մեջ է. 3) ժամանակն ու տարածությունը հարաբերական են, սկսել են գոյություն ունենալ ժամանակից դուրս գտնվող (ոչ-ժամանակային, ատեմպորալ) մի որոշակի պահի:
Քսաներորդ դարի սկզբին գիտնական, աստղագետ և քրիստոնյա քահանա Ջորջ Լըմեթրը ներկայացրեց սկզբնական ատոմի տեսությունը, որը «Բիգ Բենգ» վերանվանվեց նրա ընդդիմախոսների կողմից: Այն էականում արդիականացնում է Բիգհեդի կողմից արդեն ներկայացված ժամանակի սկզբում «լույս-էներգիայի անհունորեն փոքր կետի» գաղափարը:
Սկզբնական ատոմի մասին իր հոդվածի սևագրում Լըմեթրը գրել էր, որ «յուրաքանչյուր ոք, ով հավատում է գերագույն Էակին», «երջանիկ» կլինի՝ տեսնելով այդ համաձայնությունը գիտության և կրոնի միջև: Բայց հրատարակումից քիչ առաջ ջնջեց այդ նախադասությունը (թերևս հասկանալով, որ «Nature» պարբերականում լույս տեսնող հոդվածները հազվադեպ էին խոսում Աստծո մասին), մինչ հետագայում էլ աշխատելու էր միմյանցից առանձնացնել, զատ պահել գիտական և փիլիսոփայական հարթությունները:
Լըմեթրի տեսությունը, որն հետագայում դարձավ իշխող վարկած, սկզբում շատ սառնորեն ընդունվեց բազմաթիվ գիտնականների կողմից, որոնք խորշում էին այն մտքից, որ տիեզերքը սկսել է գոյություն ունենալ ինչ-որ մի պահից սկսած:
Շատերը նախընտրում էին հին, նախաքրիստոնեական գաղափարը, որի համաձայն տիեզերքը «միշտ եղել է և միշտ լինելու է»: Գիտենք, օրինակի համար, որ Այնշթայնը, Լըմեթրի հետ զրուցելիս, կատակով ասել է. «Ձեր այդ գաղափարը չափազանց նման է Ծննդոցին: Երևում է, որ քահանա եք»: Նույն կերպ նաև բրիտանական աստղաֆիզիկայի սյուներից մեկը հանդիսացող Արթուր Էդդինգթոնը, Լըմեթրի ուսուցիչը, ասել է, որ «ժամանակի մեջ սկիզբ ունեցող տիեզերքը ֆիզիկական տեսանկյունից հնարավոր է, բայց խորշելի է՝ փիլիսոփայական տեսանկյունից»[2]:
Լըմեթրի տեսությունը, հետևաբար, իսկույն բազմաթիվ ընդդիմախոսներ է գտնում, որոնց շարքին նաև հայտնի Ֆրեդ Հոյլեն և կոմունիստ կամ համենայն դեպս աթեիստ գիտնականներ, որոնք բոլորն էլ խորշում էին մի գաղափարից, որն այդքա՜ն համապատասխան էր արարչության գաղափարին, բայց ինչպես տեսանք՝ դա անում էին ո՛չ թե գիտական, այլ փիլիսոփայական պատճառներից ելնելով:
Դեռ այսօր էլ Պիերջորջո Օդիֆրեդդին, գիտակցելով, որ այդ տեսությամբ ակնհայտ է դառնում համաձայնությունը գիտության և քրիստոնեական հավատքի միջև, փորձում է իր ընթերցողներին համոզել, թե իրականում քրիստոնյաները չեն հավատում «արարչությանը ոչնչից» (այսինքն՝ առանց նախապես գոյություն ունեցող մատերիայի առկայության), այլ՝ մի տեսակ պղատոնական Դեմիուրգի, որը ո՛չ թե արարում է, այլ պարզապես ձևավորում է, կերպարանք է տալիս հավիտյան գոյություն ունեցող մատերիային: Բացի այն, որ ստում է ամենագռեհիկ ձևով, նախևառաջ ցույց է տալիս իր տգիտությունը, քանի որ չի ճանաչում ո՛չ քրիստոնեական մոտեցումն այդ հարցին, ո՛չ էլ հունական մշակույթն ու Պղատոնի Թիմեոսը[3]:
Այս կամ այն պատճառով, բայց հատկապես՝ իդեոլոգիական բնույթի այս հակառակության պատճառով, Բիգ Բենգին ի նպաստ գիտական աշխարհի համաձայնությունը համատարած դարձավ Վաթսունական թվականների կեսերին միայն, այսինքն՝ Լըմեթրի կյանքի վերջին տարիներին (մահացել է 1966 թվականին):
Փիլիսոփայական տեսանկյունից դիտված, Բիգ Բենգը չի կարող հաղորդել մեզ ոչ մի վճռորոշ տվյալ Աստծո գոյության մասին, սա ակնհայտ է, բայց ինչպես գրում է Ֆրենսիզ Քոլլինսը, «իր համար բարձրաձայն պահանջում է աստվածային բացատրություն». «Չեմ կարողանում հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս կարող էր ստեղծվել ինքնաբերաբար: Միմիայն ժամանակի ու տարածության սահմաններից դուրս գտնվող ուժը կարող էր կատարել այդ գործը»[4]:
Մի պահ ուշադրություն դարձնենք հետևյալին. նախաքրիստոնեական, հեթանոսական, պանթեիստական գաղափարների համաձայն տիեզերքը և նրա հետ միասին նաև շարժումը, ժամանակը և տարածությունը ո՛չ սկիզբ ունեն և ո՛չ էլ վերջ. քրիստոնեական տիեզերագիտության համաձայն, մինչդեռ, դրանք բոլորը սահմանափակ և հարաբերական իրականություններ են, ճիշտ ինչպես Բիգ Բենգի տեսության համաձայն:
Նախաքրիստոնեական մտածողների համար ժամանակը շրջանակաձև հասկացողություն է, ինչպես պատշաճ է հավիտենական աշխարհին. քրիստոնյա մտածողների և Բիգ Բենգի տեսության համաձայն, մինչդեռ, գծային հասկացողություն է:
Հեթանոսական ընկալմամբ տիեզերքը նյութական տեսանկյունից դիտված ոչ-համասեռ իրականություն է, մինչդեռ քրիստոնեական արարչությամբ և Բիգ Բենգի տեսությամբ ընկալված տիեզերքը համասեռ է, քանի որ միևնույն սկզբնական ատոմից է ամեն ինչ ծնունդ առել:
Այս դեպքում ևս, հետևաբար, կատարյալ համաձայնություն, ո՛չ մի տրամաբանական հակասություն՝ գիտական վարկածի և քրիստոնեական արարչության գաղափարի միջև:
Բիգ Բենգն, ուստի, արարչության ապացուցված փաստը չէ, բայց անխուսափելի է դարձնում գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնական ծագման վերաբերյալ մշտատև հարցը: Տիեզերքի պատմականությունն, այսինքն, և «նրա զարմանալի անցյալը հիանալի նշանն են այն ամբողջական կախումնավորության, որ դիպվածական իրականությունն ունի ''ինչ-որ մի ա՛յլ բանից''»[5]:
Ֆիզիկոս Փոլ Դեյվիսը գրում է. «Բիգ Բենգի տեսությունը նկարագրում է, թե ինչպես է տիեզերքը առաջացել ոչնչից – հենց ոչնչից, ուր տարածությունն ու ժամանակն էլ գոյություն չունեին – , լիակատար համաձայնության մեջ գտնվելով ֆիզիկայի օրենքների հետ: Սուրբ Օգոստինոսը կհասկանար առանց որևէ դժվարության և անթերի կերպով»: Ինչո՞ւ է Դեյվիսը հիշատակում Օգոստինոսին, Եկեղեցու առաջին դարերի այդ մեծագույն Սրբին: Որովհետև Սուրբ Օգոստինոսը, որպես քրիստոնյա աստվածաբան, հավատում էր արարչությանը «ոչնչից» և արդեն իսկ հասկացել էր, Այնշթայնից առաջ, Լըմեթրից առաջ, որ ժամանակը հարաբերական է, քանի որ ստեղծվել է Աստծո կողմից, որը ժամանակից դուրս է, հավիտենական է: Սուրբ Օգոստինոսն, ուստի, առանց որևէ դժվարության կհասկանար և կընդուներ Բիգ Բենգի վարկածը:
Ֆիզիկոս և աստղագետ Ռոբերտ Ջեսթրոուն իր հերթին գրում է իր «Աստված և աստղագետները» գրքում, որ բազմաթիվ գիտնականներ հակառակվում են Բիգ Բենգի տեսությանը, որովհետև «չեն հանդուրժում գաղափարը մի բնական ֆենոմենի, որը չի կարող բացատրվել» ամբողջովին: Եվ նուրբ հումորով հավելում է. «Բիգ Բենգի տեսությունը խորը հետևանքներ ունի աստվածաբանության վրա: Գիտնականի համար, որն ապրել է մտքի զորության հանդեպ հավատքի լույսի ներքո, պատմությունն ավարտվում է որպես մղձավանջ: Նա մագլցել է անգիտության ժայռերն ի վեր, հասել է ամենաբարձր գագաթը նվաճելու կետին, և ահա, վերջին ժայռաբեկորի վրա բարձրանալիս, նրան այնտեղ ընդունում են մի խումբ աստվածաբաններ, որոնք այդ գագաթին նստած էին դարեր ի վեր»[6]:
Ավարտում եմ մի վերջին մեջբերում կատարելով աստղաֆիզիկոս Ալլեն Սենդիջի խոսքերից, որը երկար ժամանակ աշխատակիցն է եղել մեծն աստղագետ Էդվին Հաբբըլի, որի կարծիքով «եթե Աստված չկա, ամեն ինչ անիմաստ է», որովհետև «աթեիստների պատահականությունը հիմնված է խաբեության վրա»: Այն հարցին, թե աստղագիտական վերջին բացահայտումները ինչպիսի՞ հավանական նշանակություն կարող են ունենալ աստվածաբանական հարթության վրա, Սենդիջը պատասխանում է, որ տիեզերքի շարունակվող ընդարձակման բացահայտումը, «իր այն հետևությունների հետ միասին, որոնք վերաբերվում են հնարավորությանը, որ աստղագետները բացահայտել են արարչության առաջին պահը, աստղագիտական տիեզերաբանությունն իրոք մոտեցնում է միջնադարյան բնական աստվածաբանությանը, որն աշխատում էր գտնել Աստծուն, գտնելով տիեզերքի առաջին պատճառը: Կարող ենք ասել, որ աստղագետները գտել են առաջին հետևանքը, բայց ո՛չ անհրաժեշտորեն, ուստի, առաջին պատճառը, որին փնտրում էին Անսելմոսն ու Թովմասը»[7]: Սա նշանակում է, որ փիլիսոփայական գետնի վրա դեռ անշարժ կանգնած ենք մշտական խնդրի դիմաց, մանավանդ թե՝ գիտությունն իր վերջին բացահայտումներով ավելի ու ավելի է ընդգծում այն. ինչպիսի՞ անպատճառ Պատճառ է պատճառավորել տիեզերքի գոյությունը, հաշվի առնելով փաստը, որ տիեզերքը գոյություն ունի, և այլևս կասկածից դուրս լինելով հանգամանքը, որ տիեզերքը հավիտենական չէ և սկսել է գոյություն ունենալ ժամանակի մի կետում:
«Առաջին հետևանքը» բանականության լույսի ներքո մի՞թե չի ենթադրում Առաջին Պատճառի գոյությունը:
[1] F. Agnoli, Roberto Grossatesta. La filosofia della luce, ESD, Bologna 2007.
[2] D. Kaiser, in «Le Scienze», giugno 2008.
[3] F. Agnoli, Dio, questo sconosciuto, Sugarco, Milano 2008, pp. 56...
[4] F. Collins, Il linguaggio di Dio, Sperling & Kupfer, Milano 2007, p. 63.
[5] M. Bersanelli - M. Gargantini, Solo lo stupore conosce, Bur Rizzoli, Milano 2003, p. 261.
[6] Մեջբերված է հետևյալ գրքում. F. Collins, Il linguaggio di Dio, Sperling & Kupfer, Milano 2007, p. 63.
[7] M. Bersanelli - M. Gargantini, Solo lo stupore conosce, Bur Rizzoli, Milano 2003, pp. 337-338.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։