Քաղաքացիական կրոնները – Գրադարան – Mashtoz.org

Քաղաքացիական կրոնները

Ակնհայտ է, ուրեմն, որ կրոնը, հանդիսանալով մարդկային բազմաթիվ գործերի շարժիչ ուժը, հոգևոր մեծագործությունների պատճառ հանդիսանալուց բացի, կարող է պատճառ հանդիսանալ նաև մարդկային սխալների համար: Դա տեղի է ունենում հատկապես այն ժամանակ, երբ տվյալ կրոնը ներկայանում է որպես ''փիլիսոփայական'' կառույց, որ ծնունդ է առել գերակա մի սկզբունք ճանաչելու իրական ու ճշմարիտ կարիքից, որը սակայն մշտապես մարդկային է և, հետևաբար, սխալական: Հատկապես եթե տվյալ կրոնը դառնում է իդեոլոգիա և խառնվում է աշխարհիկ իշխանությանը, ինչպես բողոքականության և մահմեդականության դեպքում, որոնք չեն ճանաչում իշխանությունների բաժանման գաղափարականը, որը Քրիստոսն Ինքը արտահայտում է Իր հայտնի սկզբունքով. «Տվեք կայսրինը կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»: Միտքս ավելի լավ բացատրեմ մի օրինակով. երբ անգլիացի թագավորները, որոնք Կաթողիկե Եկեղեցուց բաժանվելով դարձել էին նաև Անգլիկան Եկեղեցու առաջնորդները և հմտացել էին կրոնն իրենց իշխանությանը ծառայեցնելու գործում, իրենց գաղութներում գործադրվող ստրկատիրությանը տվեցին կրոնական բացատրություն, խարդախորեն մեջբերելով Հին Կտակարանից կտրված մի հատված, մի՞թե նրանք գործում էին Քրիստոսի Ավետարանի համաձայն: Մի՞թե հնազանդվում էին Պողոս Առաքյալին և նրա հայտնի սկզբունքին, թե «գոյություն չունի այլևս ո՛չ հրեա և ո՛չ հեթանոս, ո՛չ բարբարոս և ո՛չ սկյութացի, ո՛չ ստրուկ և ո՛չ ազատ, այլ՝ ամեն ինչ և ամենքի մեջ է Քրիստոսը» (Կղս 3, 10-11): Ակնհայտ չէ՞, որ Կաթողիկե Եկեղեցուց բաժանված իրենց կրոնը գործածում էին որպես միջոց՝ ավելացնելու համար իրենց իշխանությունը, որն իսկապես, առավել կամ նվազ գիտակցաբար, աստվածացնում էին:
Ինչպես բացարձակ աթեիզմը պատմության ընթացքում միշտ ստանձնում է կրոնական, սրբազան նկարագիր, այդպես էլ կան կրոններ, կամ կրոնական անձինք, ովքեր շփոթում են երկիրն ու երկինքը, կրոնն ու քաղաքականությունը, կրոնն ու իդեոլոգիան, կրոնական զգացման մաքրությունը ապականելով սոսկ մարդկային, երկրային ակնկալիքներով ու շահերով: Ահա այսպես է, որ ծնվում են, օրինակի համար, այսպես կոչված «քաղաքացիական կրոնները», որոնց Էմիլիո Ջենտիլեն սահմանում է որպես «քաղաքական հավաքական մի գոյացության» սրբացում, սրբագործում «քաղաքական մի համակարգի, որն ապահովում է [ի տարբերություն ''քաղաքական կրոնների'', ինչպիսիք են կոմունիզմն ու նացիզմը] գաղափարների պլուրալիզմը»: Այս առումով կարող ենք ամենայն իրավացիությամբ հաստատել, որ բողոքականությունը շատ հաճախ դարձել է քաղաքացիական կրոնների կաղապարիչ գործոն, կրոնի սահմանները նույնացնելով ինչ-որ մի Պետության սահմանների հետ, շփոթելով կրոնական իշխանությունն ու աշխարհիկ իշխանությունը, և թույլ տալով, որ կրոնական իր համակարգի յուրաքանչյուր հետևորդ, Աստվածաշնչի ազատ մեկնաբանության միջոցով, Աստծո վերաբերյալ ձևավորի սուբյեկտիվ և ամբողջովին անձնական, այսինքն՝ կամայական և խեղաթյուրման ենթակա մի պատկեր: Պատահական չէ, որ գերմանացի բողոքականների մեծամասնությունը երկար ժամանակ հակված էր վավերացնելու Հիտլերի մտքերն ու գործերը:
Քաղաքացիական կրոնի կարևոր օրինակներից մեկն է այսպես կոչված «ամերիկյան քաղաքացիական կրոնը», որ ծնունդ է առել բողոքականության, պուրիտանիզմի, անգլիկանության, իլլումինիստական և մասսոնական դեիզմի (որի համաձայն Աստված գոյություն ունի, բայց իբր թե չի հետաքրքրվում աշխարհով ու մարդկանցով, հետևաբար այնպես է, որ կարծես գոյություն չունի), նացիոնալիզմի, լիբերալիզմի և կապիտալիզմի հանդիպումից և միմյանց շաղախումից: Ամերիկյան քաղաքացիական կրոնը, որին իրենց լուտանքներում հաճախ են հղումներ կատարում Դոկինսն ու Հարրիսը, իրականանում է դավանանք չունեցող մի Պետությունում, ուր Պետությունն ու Եկեղեցին, ինչպես նաև՝ կրոնական բարոյականությունն ու հանրային բարոյականությունը բացարձակապես անջատված են միմյանցից: Ամերիկայի Միացյալ Նահանգներում կրոնները բազմաթիվ են, բոլորն էլ ծաղկուն վիճակում են և բոլորն էլ վայելում են միևնույն իրավունքները: Այսինքն, Ամերիկայի Միացյալ Նահանգներում պաշտվում է գաղափարների պլուրալիզմը որպես սկզբունք, բայց ո՛չ Ճշմարտությունը, որն իր էությամբ իսկ եզակի է: Տարբեր հավատքներից անդին, սակայն, երկիրը միավորում է մի յուրահատուկ գաղափարախոսություն, որը վերաբերվում է ինքնին ամերիկացի ժողովրդին, առաքելությանը, որն Աստված իբր տվել է իրենց, ընտրությանը, Իսրայելի երբեմնի ընտրության նմանությամբ, որով ամերիկացի ժողովուրդը իբր օժտվել է ի վերուստ: Հավատքը «Աստծո կամ Ամենակալի նկատմամբ, որն արտահայտվում է ամերիկացի ժողովրդի քաղաքական խորհրդանշաններում և ծիսակարգում, արտահայտությունն է կրոնի մի յուրահատուկ կերպի, որը չի համապատասխանում Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից դավանված կրոններից ոչ մեկին. դա մի քաղաքացիական կրոն է, այսինքն՝ հավատալիքների, արժեքների, առասպելների, ծեսերի ու խորհրդանշանների մի համակարգ, որոնցով Միացյալ Նահանգների քաղաքական գոյացությունը, նրա հիմնարկներն ու հաստատությունները, նրա պատմությունը, աշխարհում նրա ճակատագիրը պարուրվում են սրբազանության մի լուսակամարով»[1]:
Միացյալ Նահանգների Աստվածն, ի վերջո, հատկապես իր նախագահներից և ընդհանրապես իշխանության ներկայացուցիչներից ոմանց ճառերում, նույնացվում է հենց ամերիկացի ժողովրդի հետ, ստանալով իմմանենտական, երկրային, պետական նկարագիր: Դյուրին է, հետևաբար, հասկանալ, որ կրոնի և պետականության շփոթումը կարող է հասցնել առաջինի շահագործմանը երկրորդի քաղաքական և տնտեսական նպատակներին ի նպաստ: Այս ամենը հասկանալու համար բավական է մեջբերել երկու օրինակ. 1) ամերիկացի քաղաքական գործիչներից շատերի սովորությունը – մի սովորություն, որն անըմբռնելի է կաթողիկե մտածողության համար – քաղաքական ճառախոսություններ կարդալու բողոքական եկեղեցիներում, պանծացնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների «կոչումը»՝ ամբողջ աշխարհով մեկ արտահանելու իր կենսակերպը («way of life»), որի հիմքում ընկած են, իրենց համոզմամբ, ժողովրդավարությունն ու ազատ առևտուրը. 2) Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը, որի հանդեպ ամերիկացիները սնում են զգացումներ, որոնք հավասարազոր են իրական պաշտամունքի, քանի որ միության խորհրդանշանն է մի երկրի, որ երիտասարդ է և բաղկացած է տարբեր ժողովուրդներից ու պատմություններից. այդ դրոշը ծածանվում է ամենուր, մինչև իսկ տարբեր դավանանքների պատկանող եկեղեցիներում, և հաճախ շատ ավելի մեծ ու տեսանելի է, քան բուն կրոնական խորհրդանշանները: Այս օրինակներն օգնում են մեզ հասկանալու, թե ինչու Աստված – բայց ավելի ճիշտ կլինի ասել «ինչ-որ անորոշ աստվածության գաղափարը», որն հարմարվում է բոլորին, որը սինկրետիստական ու միավորող է, քանի որ Պետության և նրա քաղաքակրթող առաքելության երաշխավորն է – շատ հաճախ որպես վավերացնող հեղինակություն է հիշատակվում ամերիկացի նախագահների ճառախոսություններում, որոնք պատրաստվում են սկսելու մի պատերազմ, որի նպատակների շարքում կրոնական նպատակներն անշուշտ լիովին բացակայում են: Այսպես էր դեռևս իսպանո-ամերիկյան պատերազմի ժամանակներից սկսած (1898թ.), երբ Ուիլլիամ ՄըքՔինլին, ակնհայտորեն մոռացության մատնելով «Աստծո Անունն իզուր չգործածելու» պատվիրանը, հայտարարեց, թե պատերազմ սկսելու որոշումն ընդունել է Աստծո հետ օր ու գիշեր խոսելուց հետո: Այնպիսի մեծանուն մի կաթողիկե, ինչպիսին էր անգլիացի Գիլբերտ Չեստերտոնը, որը սաստիկ քննադատական կեցվածք ուներ ընդհանրապես անգլոսաքսոնյան իմպերիալիզմի ու նացիոնալիզմի հանդէպ, 1922 թվականին գրում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «եկեղեցու հոգի ունեցող Պետություն է», քանի որ «աշխարհում միակ Պետությունն է, որ հիմնվում է մի հավատամքի վրա, որը դոգմատիկական, աստվածաբանական հստակությամբ շարադրված է Անկախության Հռչակագրում»[2]:
Այսքանը հստակեցնելուց և հիշելուց հետո, որ պատմության ընթացքում անշուշտ պատահել է, որ բազմաթիվ կաթողիկե քրիստոնյաներ ևս իրենց հավատքի ընդհանրականությունն ու մաքրությունը գործածել են, գիտակից կամ անգիտակից կերպով, ի շահ երկրային և կողմնակալ նպատակների իրականացմանը, քանի որ մարդիկ են ու միշտ սխալական, տեղին է սակայն ընդգծել, որ բոլոր այն իրադարձությունները, որոնց մասին այժմ խոսում ենք (Խաչակրաց Արշավանքներ, Սրբազան Ինքվիզիցիա և այլն), անկասկած ենթակա են եղել մարդկային սխալականությանը, բայց նույնիսկ նվազագույն չափով անգամ համեմատելի չեն իդեոլոգիաներին, որոնց մասին խոսեցինք նախորդ գլխում (նացիոնալիզմը, ֆաշիզմը, նացիզմը, ռասսիզմը, էուգենետիկան, կոմունիզմը և այլն):
Երկու պատճառով. նախևառաջ, որովհետև որևէ սխալ, աթեիստական իդեոլոգիաների ծնունդից առաջ, հետևողական արդյունքը չէր մի գաղափարախոսության, այսինքն՝ կարծրացած, տարածված, սրբացված, աստվածացված մի մտահամակարգի, այլ՝ սխալ մեկնաբանությունների, տգիտության, անհատական չարության: Ոչ ոք երբևէ չի կարող ասել, թե դաժանության ինչ-որ մի արարք քրիստոնյաների կողմից գործադրվել է Քրիստոսի վարդապետության համաձայն: Առավելագույն դեպքում կարող է հաստատել, որ դա կատարվել է Քրիստոսի հետևորդների մարդկային դյուրաբեկության ու մեղավոր բնության պատճառով: Երկրորդ պատճառն այն է, որ ճիշտ այս պատճառով անցյալում երբեք չեն հասել իրականացնելու զանգվածային բնաջնջումներ և ծրագրված ոճրագործություններ, ինչպես պատահեց աթեիզմի տիրապետության տակ հայտնված դարերում: Այն դարերի պատմությունը, երբ Եվրոպայում մեծավ մասամբ իշխում էր Քրիստոնեությունը, չի ճանաչում ո՛չ գազախցեր, ո՛չ համակարգված ցեղասպանություններ, ո՛չ գուլագներ, ո՛չ համակենտրոնացման ճամբարներ, ո՛չ գաղտնի ոստիկանություններ, ո՛չ ռասսիզմ, ո՛չ բռնի ամլացումներ, ո՛չ էուգենետիկա, ո՛չ համաշխարհային պատերազմներ և այլն:
Փորձենք քննել մի քանի թիվ: Նույնիսկ եթե ենթադրենք, թե Խաչակրաց Արշավանքները ամեն տեսանկյունից դիտված և իրենց բոլոր մանրամասնություններով սխալ պատերազմներ էին, առանց որևէ արդարացման. նույնիսկ եթե ենթադրենք, թե այդ պատերազմների բոլոր մանրամասնությունների համար պատասխանատու է Եկեղեցին, այլ ո՛չ թե աշխարհիկ իշխաններն ու ավատատերերը, որոնց նպատակները երբեմն մաքուր էին, իսկ երբեմն էլ՝ ոչ. նույնիսկ եթե մոռացության մատնենք փաստը, որ Խաչակիրներն իրականում գնացին ետ վերցնելու այն հողերը, որոնք մինչ այդ պատկանել էին քրիստոնյաներին և տակավին մասամբ բնակեցված էին հպատակված ու ստրկացված քրիստոնյաներով. նույնիսկ եթե հաշվի չառնենք փաստը, որ Խաչակրաց Արշավանքներին սկիզբ տրվեց միայն այն բանից հետո, երբ Եվրոպան և Միջերկրական Ծովի ա՛յլ քրիստոնյա երկրներ ավելի քան չորս հարյուր տարի շարունակ արևելքից և արևմուտքից անդադար ու դաժան հարձակումների էին ենթարկվում արաբ ու մահմեդական ժողովուրդների կողմից. նույնիսկ եթե ձևացնենք, թե չգիտենք, որ հարկավոր էր օգնության հասնել Արևելյան Հռոմեական Կայսրության քրիստոնյա եղբայրներին, որոնք օգնություն էին հայցում. նույնիսկ եթե հաշվի չառնենք մյուս բոլոր նախադրյալները, որոնք մղեցին սկիզբ տալու Խաչակրաց Արշավանքներին. քանի՞ զոհ տվեցին Խաչակրաց բոլոր Արշավանքները միասին, կամ ավելի ընդգրկուն դարձնենք թիվը. Միջնադարի բոլոր պատերազմները միասին: Բոլոր թվերը միմյանց գումարելով հազիվ հասնում ենք մի քանի տասնյակ հազարի: Այդ թվերի հանրագումարը շատ ավելի նվազ է, քան իլլումինիստ և հակոբիկյան Նապոլեոն Բոնապարտի պատերազմներից միայն մեկի՝ Ռուսաստանի արշավանքի զոհերի թիվը, որի ընթացքում ընկան 400.000ից մինչև 500.000 մարդ: Միջնադարյան պատերազմների զոհերի թիվը նվազագույն չափով անգամ համեմատելի չէ այն բնաջնջումներին, որոնք սկիզբ առան արդի աշխարհի արշալույսի հետ միասին. Ֆրանսիական Հեղափոխության աշխարհիկ ահաբեկիչների կողմից սակավաթիվ ամիսների ընթացքում գիլիոտինի դատապարտված հազարավոր ու հազարավոր զոհերը. Հակոբիկյանների կողմից ավելի քան 200.000 վանդեացիների բնաջնջումը, որը նկատվում է որպես պատմության առաջին ցեղասպանությունը. ժիրոնդացի հեղափոխականների ու Նապոլեոնի կողմից սանձազերծված և 23 տարի տևած եվրոպական պատերազմների զոհերը. Առաջին Համաշխարհային Պատերազմի ավելի քան 20.000.000 զոհերը. Քեմալ Աթաթյուրքի աշխարհիկ թուրքերի ձեռամբ իրականացված Հայերի ցեղասպանությունը (2.000.000 զոհ). Քսաներորդ դարի էուգենիզմի կողմից ամլացվածներն ու արգելափակվածները. Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավելի քան 50.000.000 զոհերը. նացիոնալիզմի, իմպերիալիզմի և կոլոնիալիզմի զոհերը. նացիոնալ-սոցիալիզմի զոհերը պատերազմի ընթացքում և խաղաղ ժամանակներում. ամենախոհեմ թվերի համաձայն՝ առնվազն 100.000.000 զոհ, որոնց կուլ են տվել կոմունիստական վարչակարգերը. հազարավոր ու հազարավոր զոհերը, որոնք մինչև օրս էլ տարեկան ընկնում են աթեիստական ու իբր թե հայրենասիրական Չինաստանում. և այսպես շարունակ[3]: Հիշենք նաև, գրեթե ժամանակակից ևս մի օրինակ մեջբերելու համար, կոմունիստական Կամբոջան: Այդ երկրում, որի իշխանության գլուխ կանգնած անձինք իրենց աթեիզմը ուսանել էին Փարիզում, սիրահարվելով Ֆրանսիական Հեղափոխության գաղափարներին, 1975-1979 թվականներին սպանվեցին 7.000.000 բնակիչներից 2.000.000ը: Այդտեղ այրվում էին գրքերն ու լուսանկարների ալբոմները, որպեսզի մեկընդմիշտ վերանար նախորդ աշխարհի հիշատակը: Երկրի որոշ նահանգներում ամբողջովին արգելվեցին ընթերցանությունը, ծիծաղելը կամ երգելը. մարդկանց յուրաքանչյուր տեղափոխություն խստորեն հսկվում էր, արգելված էր որևէ տեսակի սեփականություն, մինչև իսկ անձնական դանակ-պատառաքաղ ունենալը. բոլոր տները պետք է միաձև լինեին: Էուգենետիկական բնաջնջման էին ենթարկվում հիվանդները, վիրավորներն ու անդամալույծները: Ինչ վերաբերվում է սեռային բարոյականությանը, մահապատիժ էր սահմանվել ամուսնությունից դուրս կատարվող հարաբերությունների դեպքում, արգելված էր հանրային վայրերում զույգի միջև գորովի որևէ նշան, ասենք՝ ձեռք ձեռքի բռնելը: Արգելված էր «հայր» և «մայր» բառերի գործածումը, նաև մանուկների համար. և նման բազմապիսի բարբարոսություններ ու դաժանություններ:
Ակամայից մի հարց է ծնվում, որին սակայն հարկավոր է պատասխանել իրական փաստերի իմացությամբ, այլ ո՛չ թե աթեիստական սև առասպելների կրկներգը երգելով: Հարցը հետևյալն է. նման բաներ երբևէ պատահե՞լ են ճարտարապետական գլուխգործոցների, Դանթեի, Ջոտտոյի, Չիմաբուեի և նմանների Միջնադարյան Եվրոպայում:
[1] E. Gentile, Le religioni della politica, Laterza, Bari 2001, p. X.
[2] Այս նյութը կարելի է խորացնել ընթերցելով հետևյալ աշխատությունը. E. Gentile, La democrazia di Dio, Laterza, Bari 2006.
[3] Բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել՝ հաշվելու համար պատերազմների զոհերի քանակը վերջին երկու հազար տարվա ընթացքում: Այդ հաշվարկներն, հասկանալի է, սխալի ընդարձակ լուսանցքներ են պարունակում: Այդուհանդերձ, այդ թվերն օգտակար են Եկեղեցու դեմ շարունակ հնչող մեղադրանքներին վերջ տալու համար: Հաշվարկվել է, օրինակի համար, որ Քրիստոսից հետո 1 թվականից մինչև 1499 թվականը պատերազմների զոհ է դարձել 3.700.000 մարդ, մինչդեռ 1700ից մինչև 1799 թվականը այդ զոհերի թիվը եղել է 7.000.000, 1800ից մինչև 1899 թվականը՝ 19.000.000, իսկ 1900ից մինչև 1995 թվականը՝ 109.700.000 մարդ (աղբյուր՝ www.presentepassato.it): Այսինքն, երբ Եկեղեցու հեղինակությունը գերիշխող էր, տասնհինգ դարերի ընթացքում պատերազմների զոհ է դարձել անհամեմատելիորեն ավելի քիչ մարդ, քան աթեիզմի գերիշխանության տակ հայտնված վերջին երեք դարերի ընթացքում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։