Օգտապաշտական բարոյականությունը. աբորտ, մանկասպանություն, կլոնավորում, բազմակնություն, ... ... ... – Գրադարան – Mashtoz.org

Օգտապաշտական բարոյականությունը. աբորտ, մանկասպանություն, կլոնավորում, բազմակնություն, ... ... ...

Բոնչինելլիի և բազմաթիվ ա՛յլ էվոլյուցիոնիստ կենսաբանների նման, ինչպես Ջ.Բ.Ս. Հալդանը, Դեզմոնդ Մորրիսը, Էդվարդ Օ. Ուիլսոնը, որը բարոյական գիտակցությունը կապում է գեների ոչ-դիտավորյալ գործունեության հետ, և ինչպես Ուիլլիամ Պրովայնը, Դոկինսը, որպեսզի բարոյականությունը տեղավորի դարվինյան մտահամակարգի ներսում, ''ազատությունը'' վերածում է մի օգտապաշտական բնազդի, որը, հետևաբար, ազատ չէ, այլ՝ պայմանավորված է, նախասահմանված է, ''գենետիկական'' է (նրա կարծիքով բարոյականությունը «գրված է ուղեղի մեջ», ինչպես «սեռական գրգիռը, բարձրության վախը»): Գաղափար, որով կերակրում է իր հետևորդներին, արտասանելով մտքեր, որոնք անհավանական են ու չապացուցված, բայց հավասարապես հրամցվում են որպես գիտական, ինչպես այս մեկը. «Ալտրուիզմի գեները առայժմ անուն չունեն [...], բայց միայն ժամանակի հարց է: Հասկանալը, որ մարդը շիմպանզեից տարբերվում է նաև գեների այն խմբերով, որոնք կապված են ալտրուիզմին, առաջին քայլն է: Իմանալուն, թե ճիշտ ո՛ր գեներն են մասնակցում այդ խմբերին, կհասնենք մի օր»[1]:
Դոկինսի համաձայն, ուստի, կյանքի համար մղվող պայքարում, այնտեղ, ուր իշխում է ավելի ուժեղի և «էգոիստ գենի» օրենքը, տեղ չկա ձրի պարգևի, ուղղամիտ դիտավորության, այսինքն՝ ճշմարիտ բարոյականության համար. «տալիս եմ, որպեսզի տաս» սկզբունքը, ըստ նրա, ո՛չ թե մի բան է, որ պատահում է հաճախ, այլ՝ միակ հնարավոր տարբերակն է: Դոկինսի պնդմամբ, եթե մարդ բարիք է անում իր մերձավորին, եթե ալտրուիզմի գործ է անում, դա սոսկ արյունակցական կապի թելադրմամբ է, կամ էլ՝ փոխարենը ինչ-որ մի բան ստանալու նպատակով, որպեսզի դրանով համբավ ձեռքբերի կամ ցույց տա իր գերազանցությունը ... ... ... միշտ, միայն, անհրաժեշտորեն, առանց այլընտրանքի հնարավորության: Այդպես է եղել, ասում է Դոկինսը, պապենական ժամանակներում, իսկ այսօր մնում են մեզնում գթության, ալտրուիզմի զգացումներ, երբեմն մինչև իսկ առանց անձնական շահի, բայց, պնդում է նա, խոսքը վերաբերվում է «դարվինյան բացերի, սխալների. օրհնյալ ու թանկարժեք սխալների» (էջ 220): Այստեղ ևս կարող ենք նկատել, թե ինչպես այն, ինչը Դոկինսը լրջորեն ու գիտականորեն չի կարող հերքել, ո՛չ էլ՝ բացահայտ կերպով թերագնահատել, քանի որ այդպիսով կհակասեր արդարության ու բարության ընդհանուր բաղձանքին, իսկույն հռչակվում է որպես «սխալ», այս դեպքում «թանկարժեք սխալ» (անշուշտ առանց գիտական հիմնավորման, սոսկ դոկինսական առասպելաբանությամբ): Այսքանն արդեն բավական կարող է լինել հասկանալու համար, թե որքան ռիդուկտիվ է Դոկինսի աթեիզմը, մինչ ցանկանում է ջնջել ու կործանել մարդկային ամենաբարձր արժեքները, գաղափարականը, ձգտումը լինելու այն՝ ինչ պետք է լինի, առաքինությունը, այսինքն՝ մարդկային հոգու համար հնարավոր միակ էվոլյուցիան, զարգացումը:
Որպեսզի ոչնչացնի մարդկայինը, վերածի մարդկային կյանքը շահի ու օգտապաշտության մի ճղճիմ հաշվարկի, Դոկինսը աղավաղում է նաև ավետարանական պատգամը Աստծո մասին, որ մարդանում է և որ մահանում է ուրիշների համար, զոհելով սեփական կյանքը Իր մտերիմների համար: Ո՛չ, ասում է Դոկինսը, գոյություն չունի մի հայր, որն իր զավակին սիրում է անշահախնդիր կերպով, նրա համար մահանալու աստիճան. գոյություն չունի մի ընկեր, որն ինչ-որ մի շահ չփնտրի նաև իր համար, երբ օգնության է հասնում ընկերոջը. գոյություն չունի մի մարդ, որը պատրաստակամ կլինի զոհվելու անծանոթի համար, այլ միմիայն եթե ինչ-որ մի կերպ օգուտ կունենա նաև ինքը: Քրիստոսն Ինքը, պնդում է Դոկինսը, պատվիրեց գործադրել ալտրուիզմը, բայց միմիայն հրեա հասարակության ներսում, հանուն էթնիկական, ռասսայական, ազգային շահի: «Մերձավոր» բառը, ''ամենագետ'' Դոկինսի մեկնաբանմամբ, նշանակում է «միևնույն խմբին պատկանող», տվյալ դեպքում՝ հրեա: Այս մեկնաբանությունն անշուշտ ամբողջովին կեղծ է: Ավետարանին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ ամեն անգամ, առանց բացառության, երբ Քրիստոսը ուսուցանում է մերձավորի հանդեպ անշահախնդիր սերը, ալտրուիզմը, որպես օրինակ է բերում ո՛չ թե հրեաներին, այլ՝ սամարացիներին, որոնք հրեաների համար ամենաանցանկալի ժողովուրդներից մեկն էին (տե՛ս, օրինակի համար, Հվհ 4, 5-30; Ղկս 6, 27-36; 10, 29-37), և Իր ուսուցումը վավերացնում է Իր իսկ անձնական օրինակով. հրաշքներ է գործում և բժշկում է ո՛չ միայն հրեա հիվանդների, այլ հատկապես և թվով թերևս ավելի շատ օտարների, լինեն դրանք գերգեսացիներ, քանանացիներ, թե հռոմեացիներ, որոնք նվաճել էին Պաղեստինը և հրեաներին զրկել էին նրանց համար ամենաթանկարժեք բարիքից՝ քաղաքական ազատությունից. Ավետարաններն, ընդհակառակը, հստակ նշում են, որ Հիսուսը հրեաներին ավելի շատ հիշում էր նրանց հանդիմանելու համար, ինչպես կարող է հավաստիանալ ամեն ոք, կարդալով Ավետարանը:
Դոկինսին հետևելով, Սեմ Հարրիսը, որ հայտնի աթեոլոգներից է և հեղինակն է մի գրքույկի, որ կոչվում է «Քրիստոնյա մի ազգի ուղղված նամակ», գրում է. «Գոյություն ունեն կենսաբանական ակնհայտ դրդապատճառներ, որոնցից մղված անձինք հակված են լավ վերաբերվելու իրենց ծնողների հետ, վատ մտածելու մարդասպանների, պոռնիկների, գողերի ու ստախոսների մասին»[2]: «Կենսաբանական դրդապատճառներ» արտահայտությունը նշանակում է, որ մենք՝ մարդիկս ծրագրավորված ենք այդպես. որ ազատությունն ու առաքինությունը, որպես բարի իրողությունների ազատ ընտրություն, գոյություն չունեն. և որ, հետևաբար, մեղքը պարզապես կենսաբանական վատակազմություն է, ուստի՝ առանց պատասխանատվության ու հանցանքի, իսկ ազնվությունը լոկ կենսաբանական հպատակություն է, գենետիկական նախասահմանվածություն, առանց ընտրության ու արժանիքի: Որովհետև եթե գողերի մասին վատ մտածելը կենսաբանական է, գողություն անելն ա՛յլ բան չի կարող լինել, քան միայն՝ կենսաբանական խեղվածություն, և որպես այդպիսին՝ անմեղադրելի: Հարրիսի համար դա «ակնհայտ» է: Ամենայն հավանականությամբ նա էլ մեկն է նրանցից, ովքեր համբերատար սպասում են ալտրուիզմի, կլեպտոմանիայի և այն գեների բացահայտմանը, որոնք մարդկանց մղում են ինքնասպանության: Ահա այսպիսի զառանցանքների վրա է հիմնված այդպիսիների ''գիտությունը'':
Մատերիալիստական հայեցակարգում, սակայն, նորություններ չկան: Ի զուր են նրանց ներկայացուցիչները փորձում հրամցնել իրենց վարկածները որպես գիտական վերջին ձեռքբերումների արդյունք: Դոկինսի, Հարրիսի և նրանց համադասարանցիների մտքերը միևնույնն են Տասնիններորդ դարի մատերիալիստների մտքերի համեմատ, էուգենետիկայի և անտրոպոմետրիայի հիմնադիր Ֆրանսիզ Գալթոնից մինչև կրիմինալ անտրոպոլոգիայի հայրը հանդիսացող սոցիալիստ Չեզարե Լոմբրոզոն: Այս վերջինի համաձայն, հանցագործները էվոլյուտիվ հետընթացի արտահայտություններ են, ''նեգրոիդին'' կամ ''մոնղոլոիդին'' նմանվող տիպեր, որոնց մոտ գանգի և մարմնի որոշակի կառուցվածքով սահմանվում է անհատի ազնվությունն ու անազնվությունը[3]: Գաղափարներ, որ իրենց համար տակավին գտնում են հետևորդներ, քանի որ այսօր էլ կան ոմանք, որ փորձում են, օրինակի համար, կամիկաձեների ֆենոմենը բացատրել կենսաբանությամբ, այսինքն՝ որպես ''հարմարվելու ստրատեգիա'' (կենսաբանական էվոլյուտիվ իմաստով)[4]:
Իրականում, եթե ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ օգտապաշտությունն ու հեդոնիստական ինդիվիդուալիզմը կեղծ-գիտական փաստարկներով արդարացնելու Դոկինսի փորձը ա՛յլ բան չէ, քան միայն՝ մի նոր զգեստ, որով կամենում են ծածկել անգլոսաքսոն միջավայրում ծնված մի փիլիսոփայական, ո՛չ գիտական գաղափարախոսության մերկությունը: Այդ գաղափարախոսության մեծագույն իդեոլոգը անգլիացի փիլիսոփա և իրավաբան Ջերեմի Բենթհամն է (1748-1832), որը Դարվինից առաջ արդեն, այսինքն՝ առանց բնական սելեկցիայի կամ դարվինիզմին բնորոշ ա՛յլ որևէ գաղափարի գոյության, իր բարոյախոսության հիմքերը դրեց հենց այն մտքի վրա, թե իբր յուրաքանչյուր մարդ, ուղղակի կամ անուղղակի կերպով, վարվում է միմիայն սեփական շահի, սեփական հաճույքի նպատակները հետապնդելու համար: Եթե ինչ-որ մեկն, ասում է Բենթհամը, վարվում է արտաքուստ ալտրուիստական կերպով, դա պարզապես նրա համար է, որ դրանից ինչ-որ մի շահ ստանա, ինչ-որ մի վարձատրություն, եթե ոչ ա՛յլ բան, գեթ որպեսզի դրանից շահի իր բարի համբավը: «Ոչ մի գործ», գրում է նա, «երբևէ չի եղել և երբեք չի կարող լինել անշահախնդիր»: Սրանից բացի, Բենթհամը մերժում էր որևէ բացարձակ բարոյականության գոյությունը, այսինքն՝ գոյությունը էապես բարի կամ չար գործերի. նրա կարծիքով, յուրաքանչյուր գործ գնահատելի է միմիայն իր հետևանքների քննությամբ, ըստ այն արդյունքների, որոնք պատճառում է: Դա նշանակում է, օրինակի համար, որ եթե հայտնվում ենք մի անձ կլոնավորելու կամ չկլոնավորելու երկմտանքի առաջ, Բենթհամի համաձայն գոյություն չունի մի միանշանակ պատասխան – ինչպիսին է, օրինակի համար, Եկեղեցու պատասխանը. «Կլոնավորումն անբարոյական արարք է, որովհետև յուրաքանչյուր անձ միակ ու անձեռնմխելի արժեք է» – , այլ հարկավոր է մտածել այսպես. եթե կլոնավորելով հնարավոր կլինի ստանալ ապագա օգուտներ, օրինակ՝ վաճառքի սահմանված մարդկային օրգանների պահեստ, ուրեմն կլոնավորումն օրինավոր է: Ակնհայտ է, որ էթիկայի նման ընկալումը ջնջում ու ոչնչացնում է բացարձակ, տևական որևէ արժեք. դառնում է այնպես, որ ոչ մի իրականություն և ոչ մի արարք արժեք չունի ինքնըստինքյան, այլ միմիայն՝ հնարավոր մի արժեքի, այսինքն՝ շահի, օգուտի հետ համեմատությամբ: Բայց ամեն մի ողջամիտ մարդ կարող է հարց տալ. Ո՞ւմ կողմից է որոշվում այդ արժեք-շահը, արժեք-օգուտը. Ինչպիսի՞ չափանիշների հիման վրա. Ինչպիսի՞ վիթխարի քմահաճություններ ու սուբյեկտիվիզմ գործի դնելով: Բենթհամի և բոլոր ժամանակների բոլոր աթեիստների պատասխանը մեկն է. Բիրտ ուժով ուժեղի օրենքը[5]:
Եզրափակելու համար կարող ենք ուշադրություն դարձնել այս տարօրինակությանը. մատերիալիստ էվոլյուցիոնիստները հնարավոր ու անհնարին ամեն ջանք ու ճիգ գործի են դնում, որպեսզի ապացույցներ գտնեն հազարամյակների ընթացքում մարդու ֆիզիկական փոխակերպումների համար, բայց կտրականապես և ամբողջովին մերժում են միակ իսկապես կարևոր էվոլյուցիան, այսինքն՝ զարգացումը. խոսքը ներքին, ներանձնական աճի մասին է, առաքինության հոգնաջան ճանապարհի, որը չի վերաբերվում ենթադրյալ ու անորոշ Մարդկությանը, հազարամյակների ընթացքում, իր ամբողջության մեջ, որպես կենսաբանական տեսակ, այլ՝ յուրաքանչյուր անհատ մարդու անձնական պատմությանը. մարդկային անձին, որ եզակի ու անկրկնելի է, հետևաբար՝ ազատ, ընդունակ՝ ալտրուիզմի ու վեհանձնության, որոնք կենսաբանական հասկացողություններ չեն (ինչպես, օրինակի համար, ով հյուրընկալում և օգնում է պանդուխտ օտարականին, կամ ինչպես Սպիտակ Վարդի տղաները, որոնք, ինչպես կտեսնենք հետո, իրենց անհատական բարիքը, իրենց կյանքը զոհեցին հանուն հասարակաց բարիքի, հանուն Ճշմարտության ու Արդարության):
Այս գաղափարները, բնականաբար, ունենում են նաև գործնական հետևանքներ. Դոկինսը բացահայտ կերպով գովասանքներ է ուղղում հայտնի անիմալիստ Պիտեր Սինգերին, որը պնդում է, թե մարդկային էմբրիոնի կամ սաղմի կամ նորածնի սպանությունը նվազ ծանր է, քան չափահաս կապիկի կամ խոզի սպանությունը: Սինգերի առանցքային գաղափարն այն է, որ ժամանակակից ձախակողմյան ուժերի համար հարկավոր է յուրացնել Դարվինի ուսմունքը, ընկալելով այն որպես աստվածաշնչյան Ծննդոցի և քրիստոնեական մարդաբանության վերջնական հերքում (պատահական չէ, որ Սինգերն էլ հաճախակի մեջբերումներ է կատարում Դոկինսից որպես իր ենթադրություններին նեցուկ): Սինգերը նույնպես համոզված է այն բանում, որ Դարվինը վերջապես կործանել է արարչագործության աստվածաշնչյան գաղափարը և այդպիսով լիովին փոխել է արևմտյան բարոյականությունը (որն իր վրա կրում է Քրիստոնեության կնիքը և բացառիկ շեշտադրում է կատարում մարդկային, և միմիայն մարդկայի՛ն յուրաքանչյուր կյանքի սրբազան էության վրա), հաստատելով մի կողմից հավասարությունը մարդկային իրավունքների և կենդանիների իրավունքների միջև, իսկ մյուս կողմից՝ չափավորելով քրիստոնեական մարդակենտրոնությունը: Ո՛չ, ասում է Սինգերը, մարդն ամենևին էլ Աստծո պատկերն ու նմանությունը չէ, և այդ գաղափարը պետք է ամբողջովին տեղափոխի իր կենսաբանական սահմաններից ներս, շիմպանզեի հետ միևնույն մակարդակի վրա: Ի միջի այլոց, ասում է Սինգերը, բացառված չէ, որ մեր մարդկային տեսակը մինչև իսկ փոխադարձաբար ունակ է բեղմնավորելու և բեղմնավորվելու շիմպանզեների հետ: (Ահա սրանք են ''գիտական'' աթեիզմի փայլուն ու փառավոր ներկայացուցիչները):
Այս նախադրյալների հիման վրա Սինգերը պնդում է, որ հասել է բարոյական պատվիրանները վերաշարադրելու ժամանակը, առաջարկելով իր հիմնական գաղափարը, որի համաձայն՝ մարդկային կյանքի արժեքը միշտ նույնը չէ, այլ փոխվում է հաշվի առնելով մի շարք հատկանիշներ. տարիքը, առողջական վիճակը, հաճույք զգալու և հարաբերություններ ունենալու ունակությունը կամ դրա բացակայությունը, և այլն: Մեծ հետևողականությամբ Սինգերը գրում է. «Թերևս հավը գոյության և ժամանակի զգացողությունը չունի. կարծում եմ սա է պատճառը, որի հիման վրա սովորաբար համարվում է, թե մարդկային էակ սպանելն ավելի վատ է, քան հավ սպանելը: Բայց նորածին երեխաները գոյության և ժամանակի զգացողությունը չունեն: Ուրեմն, նորածին մի երեխա սպանելը (կարևոր չէ, թե առողջ է կամ հիվանդ) երբեք չի կարող համարվել մի անձի սպանություն, այսինքն մի էակի, որն ուզում է շարունակել ապրել: Սա տարբեր է»[6]: Եվ դեռ. «Եթե ծանրորեն հիվանդ երեխային համեմատենք ոչ-մարդկային ինչ-որ մի կենդանու, օրինակ՝ խոզի կամ շան հետ, հաճախ կտեսնենք, որ խոզն ու շունը ներկա և պոտենցիալ ավելի մեծ կարողություններ ունեն բանականության, ինքնագիտակցության, հաղորդակցության և մյուս բոլոր հատկություններում, որոնք կարող ենք համարել որպես բարոյապես նշանակալի»[7]:
Նման նախադրյալներից մեկնելով, Սինգերը հասնում է այն եզրակացությանը, որ ամբողջովին օրինավոր են էութանազիան, աբորտը (կարևոր չէ, թե հղիության ո՛ր ամսին) և մինչև իսկ մանկասպանությունը, առնվազն ծնունդից մինչև քսանութերորդ օրը: Մանկասպանության վերաբերյալ, մինչդեռ, Սինգերն ընդգծում է, թե ինչպես, աբորտի նման, մանկասպանության դատապարտումը ևս իր արմատները գտնում է քրիստոնեական արժեհամակարգում, քանի որ միմիայն Քրիստոնեությունն է բացարձակ արժանապատվություն հաղորդում մարդկային յուրաքանչյուր կյանքին: Մինչդեռ Քրիստոնեությունից առաջ, շարունակում է ավստրիալիացի այս փիլիսոփան, «անցանկալի նորածինների սպանությունը կամ թողնելը, որ մեռնի, ընդունված է եղել բազմաթիվ հասարակություններում, պատմության և նախապատմության ամբողջ ժամանակաշրջանում»: Խեղանդամ կամ անցանկալի երեխաներին սպանում էին հույները, Քալահարի անապատում ապրող Քունգերի թափառական ցեղախմբերը, «ուր կանայք սպանում են բոլոր նորածիններին, եթե արդեն մի զավակ ունեն, որը դեռ ի վիճակի չէ քայլելու», պոլինեզիան կղզիներում, «ուր սննդապաշարի և բնակչության միջև հավասարակշռությունը պահպանվում էր անցանկալի նորածիններին խեղդելով նրանց ծնունդից անմիջապես հետո», Ճապոնիայում, ուր մանկաբարձները, «որ օգնում էին ծնունդին, երբեք հաստատ չգիտեին, թե երեխան ապրելու է, թե ոչ. ընդհակառակը, միշտ հարցնում էին, թե նա ''մնալո՞ւ է'', թե՞ ''վերադառնալու է'' այնտեղ, որտեղից եկել է»: Այս իսկ պատճառով, շարունակում է Սինգերը, «մանկասպանության հարցում մեր [ի նկատի ունի արևմտյան, քրիստոնեական] քաղաքակրթությունն է, որ պետք է սովորի մյուս մշակույթներից, հատկապես այժմ, երբ մենք նույնպես, ինչպես իրենք, գտնվում ենք մի իրավիճակում, որ պարտավոր ենք սահմանափակել ընտանիքի անդամների քանակը», կամ ինչպես գրում է մի ուրիշ տեղ, պետք է խնամքով գործածենք տնտեսական պաշարները, առանց դրանք հատկացնելու նրանց բուժմանը, ովքեր ապրելու այլևս արժանի չեն: Խորքում, շարունակում է Սինգերը սահմռկեցուցիչ հետևողականությամբ, ծնունդը ոչ մի շրջադարձ չի կատարում սաղմի կյանքում, նրա էության մեջ. եթե օրինավոր է սպանել նրան մայրական արգանդում, ինչո՞ւ չի կարելի սպանել միայն այն պատճառով, որ այդ արգանդից նա արդեն դուրս է եկել: «Երկու հազարամյակ շարունակ քրիստոնեական էթիկային ընծայված զուտ ձևական հարգանքը չկարողացավ արմատախիլ անել վաղեմի ձգտումը մտածելու, որ նորածինները, հատկապես եթե անցանկալի են, դեռ լիակատար անդամ չեն բարոյական հասարակությանը»[8]:
Սինգերի տեսություններին հղում կատարելուց հետո, – որն, ինչպես տեսանք, մարդուն անասուններին հավասարեցնելուց հետո՝ հավասարեցնում է մարդկային իրավունքները անասնական իրավունքներին – , Դոկինսը, ծաղրելու համար նրանց, ովքեր հակառակ են աբորտին, հասնում է գիտական պատճառաբանություններ կատարելուց շա՜տ հեռու և անպատշաճ հաստատումներ է կատարում, թերևս համարելով դրանք հումոր ու սրամտություն. «Կյանքը պաշտպանողների այդ տխմար տրամաբանության համաձայն, ամեն անգամ, որ բեղուն անհատը հրաժարվում է զուգավորվել, այդպիսով կարծես սպանում է մի պոտենցիալ երեխայի: Բռնաբարությանը դիմադրելը նույնպես կարող է նկատվել որպես երեխաների պոտենցիալ սպանություն» (էջ 297): Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են: Աթեիզմի այս փայլուն ներկայացուցչի մտային կարողություններն ինքնըստինքյան ակնհայտ են:
Ամուսնության վերաբերյալ (էջ 185-186) Դոկինսը գործածում է ժամանակակից մատերիալիստ էվոլյուցիոնիստներից ոմանց բառապաշարը, ինչպիսին է, օրինակ, մարդաբան Հելեն Ֆիշերը, որոնք փորձում են սիրահարումը բացատրել որպես սոսկ հորմոնալ և ֆիզիկական ռեակցիաների մի շարք. «Ֆանատիկորեն միակին (մոնոգամ) նվիրման փոխարեն, թվում է՝ թե ավելի բանական է մի տեսակ բազմասերությունը»: (Նախ հարկավոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է ասում «թվում է», ինքն էլ ընդունելով, որ այդ գաղափարը գիտական համոզվածություն չէ, բայց դե անտեղյակ ընթերցողներին խաբելու համար այդքանն արդեն բավական է): Որովհետև տղամարդիկ, ինչպես միշտ ավելի հաճախ է ընթերցվում ու լսվում, հիմնականում բազմակին են (պոլիգամ), ասում է Դոկինսը, ինչպես կապիկներն ու մյուս կաթնասունները: Սա նշանակում է, որ միակնությունը, ընդմիշտ հավատարիմ սերը Դոկինսի կարծիքով մարդկային հոգու պահանջներից մեկը չէ, նրա բնական փափագներից մեկը, այլ սոսկ մի բան է, որ օգտակար է, շահավետ, բայց միմիայն, ուշադրություն դարձրեք, «այնքան ժամանակ, որքան հարկավոր է մի զավակ մեծացնելու համար», «գոնե մինչև երեխայի կաթից կտրվելը», ո՛չ ավելի: Սերը, հետևաբար, ա՛յլ բան չէ, քան միայն՝ բնության ստրատեգիան մեզ վերարտադրելու համար, և ուրիշ ոչինչ: Սիրահարությունը, որն «հավանաբար գենետիկական օգուտներ ունի» (կրկին կարող ենք ուշադրություն դարձնել «հավանաբար» բառի գործածման վրա, որը կրկին ցույց է տալիս տվյալ միտքն արտահայտողի անվստահությունը), դա «ուղեղում առկա անբանական մեխանիզմ է», որը կրոնական հավատքի նման «ունի բազմաթիվ հատկանշաններ, որոնք նման են թմրանյութերի ազդեցությանը»: Սիրահարության նպատակը, ինչպես արդեն նշվեց, Դոկինսի կարծիքով մեզ վերարտադրության մղելն է. «Խելացի տղամարդն ու կինը կարդում են Դարվինի գործերը և գիտեն, որ իրենց սեռային ցանկությունների վերջին նպատակը դա որդեծնությունն է» (էջ 219): Նախ խիստ կասկածելի է, որ խելացի տղամարդն ու կինը կկարդան Դարվինի գործերը: Բայց կարելի է հարց տալ Դոկինսին և իր նմաններին. Իսկ ինչպիսի՞ն է պարագան այն տղամարդու և այն կնոջ, որոնք ամուսնանալու մտադրություն չունեն (ազատորեն ընտրում են այդ վիճակը), կամ նրանց, ովքեր ամուլ են: Կամ նրանց, ովքեր ընտրում են կուսակրոնության վիճակը, ինչպես քրիստոնյա վանականներն ու ինդուիստ բրամինները: Գենետիկական սխալնե՞ր են, ձախողվածնե՞ր, մեխանիզմի անօգուտ մասե՞ր արտադրության ու ոչնչացման այն անծայրածիր ցիկլում, ինչպիսին է, Դոկինսի ու նմանների կարծիքով, բնությունը:
Դարվինի ''օգնությամբ'' նաև մարդկային սիրո մասին իր ''հեղինակավոր'' խոսքն ասելուց հետո Դոկինսը բացահայտ կերպով արտահայտվում է նաև կողմ «օժանդակված ինքնասպանությանն» ու կլոնավորմանը: Այս վերջինի վերաբերյալ Դոկինսը, Ֆրանսիզ Քրիկքի և Ուիլսոնի հետ միասին, ստորագրել է Հումանիզմի Միջազգային Ակադեմիայի [ – հրապուրիչ անուն ունի այս ակադեմիան, բայց զբաղվում է գործերով, որոնք հումանիստական անվանելն ուղղակի անհնարին է – ] 1997 թվականի հայտարարությունն ի նպաստ կլոնավորման, որտեղ կարդում ենք. «Այնքանով, որքանով գիտությունը կարող է հաստատել, մարդկային կարողությունները թվում է, թե [ – կրկին նույն խարդախ խաղը – ] բարձրակարգ մյուս կենդանիների կարողություններից տարբերվում են քանակով, ո՛չ թե՝ որակով: Մտքերի, զգացումների, ձգտումների ու հույսերի մարդկային հարուստ պաշարը թվում է, թե [ – կրկին նույն գիտակցությունը, որ շարադրված մտքերը ոչ մի կապ չունեն գիտական համոզումների հետ – ] արդյունքն է ուղեղում տեղի ունեցող էլեկտրո-քիմիական գործընթացների, և ո՛չ թե՝ մի անմահ հոգու», ուստի, եզրակացնում են, եթե մարդն ա՛յլ բան չէ, քան միայն՝ բարձրակարգ անասուն, որի հատկությունները մյուսներից տարբերվում են միայն քանակով, ինչո՞ւ չպետք է դիմենք նաև կլոնավորմանը, թքած ունենալով հնարավոր «լուդդիստական հակազդեցության» վրա:
Կլոնավորման բարոյական գնահատականի շուրջ աթեիստ փիլիսոփաների մեծամասնության գաղափարների համահունչ լինելը կրկին վերադարձնում է մեզ այն մտորումներին, որոնք գրառել ենք այս գրքի Առաջին Գլխում, լուսաբանելով փիլիսոփայական այն աքսիոման, որի համաձայն «եթե Աստված գոյություն չունի, ամեն բան թույլատրելի է»: Արդարև, ի՞նչ է իրենից ներկայացնում կլոնավորումը, եթե ոչ՝ մարդու բռնատիրությունը մարդու հանդեպ: Կարողանալ պատճենահանել մի արարած, նրան ի հայտ բերել առանց հաշվի առնելու նրա իրավունքը՝ ունենալու հայր և մայր, գենետիկական սեփական ժառանգություն, սա մի արարք է, որը մարդու համար հաստատում է հնարավորությունն անելու այն, ինչ ցանկանում է, նաև ի վնաս իր նմանների և նրանց հաշվին: Անշուշտ, եթե մարդու համար գոյություն չունի բարձրակարգ մի օրենք, վերանցական մի արժանապատվություն, որն երաշխավորված է իր անմահ հոգու կողմից, մնում է միայն ուժեղի իրավունքը, և այն ամենն, ինչ հնարավոր է, ինքնաբերաբար դառնում է օրինավոր: Հնարավո՞ր է կլոնավորել, աբորտ կատարել, օրինականացնել մանկասպանությունն ու էութանազիան: Այո՛, հնարավոր է: Եթե հնարավոր է, ասում են, ուրեմն օրինավոր է: Ժամանակակից աշխարհի խունացած արժեքների հորիզոնում, և ամեն տեղ, ուր մարդը նկատվում է որպես սոսկ անասուն, այսինքն՝ որպես «կատարյալ», ամբողջացած բնություն, առանց ինքնակերտման ազատության ու արժանապատվության, հնարավորությունն ու օրինավորությունը միատեղվում են, այն պարզ պատճառով, որ անասունը չի կարող ենթարկվել ա՛յլ պարտավորությունների, քան նրանք, որոնց ենթարկվում է բնազդորեն: Այս պատճառով է, որ լայիկ, այսինքն՝ աթեիստական բարոյականությունը վերջիվերջո միշտ այո՛ է պատասխանում մարդու համար ամենաստորացուցիչ արարքներին և չունի ու չի պարգևում ա՛յլ ձայն, ա՛յլ հնարավորություն, ոչ մի ազատություն. այո՛, ասում են, աբորտին, կլոնավորմանը, էութանազիային, գենետիկական ձեռնմխումներին, որոնց որոշ «աթեիստ-այլահավատներ», ինչպես Դեզմոնդ Մորրիսը, վստահում են մարդկությանը անմահություն պարգևելու պաշտոնը. այո՛, ասում են, վարձակալված արգանդներին, արհեստական արգանդներին, տատիկ-մայրիկներին, երեխաների որդեգրմանը միասեռական զույգերին, կամ մինչև իսկ՝ տրանսսեքսուալներին. այո՛, ասում են, փորձարկումներին արհեստական սերմի գործածմամբ, լուծելու համար «սերմի դոնորների դեֆիցիտի խնդիրը», այո՛ սերմնաբջիջների ու ձվաբջիջների պահեստներին. այո՛, ասում են, քիմերային էմբրիոններին, որոնք ստացվում են խառնելով մարդկային ԴՆԹ-ն կենդանական ԴՆԹ-ների հետ. այո՛, ասում են, մարդկային ԴՆԹ-ի նկատմամբ հեղինակային իրավունքների գրանցմանը, մինչև փորձանոթի մեջ բեղմնավորման ամենավտանգավոր տեխնիկաները, և այլն, և այլն, և այլն:
Ամեն ինչ օրինավոր է, ասում են, եթե հնարավոր է, եթե օգտակար է: Անշուշտ հարց է առաջանում. օգտակար է ո՞ւմ, կամ ավելի ճիշտը՝ ո՞ւմ քսակին, և ի վերջո՝ ի վնաս ո՞ւմ, ո՞ւմ հաշվին: Պատասխանը մեկն է. հօգուտ ուժեղի (բանկիր, հարուստ, մեծահասակ, ... ), ի վնաս տկարի (աղքատ, հիվանդ, տարեց, մանուկ, նորածին, սաղմ, ... ):
[1] «Corriere della Sera» թերթի 2006թ. Դեկտ. 19-ի համարում:
[2] S. Harris, Lettera a una nazione cristiana, Nuovi Mondi, Modena 2008, p. 48.
[3] Լոմբրոզոյի կողմից հիմնված պոզիտիվ կրիմինոլոգիայի դպրոցի ամենահայտնի դեմքերից մեկն էր Իտալիայի խորհրդարանի ծայրահեղ ձախակողմյան պատգամավոր և սենատոր Էնրիքո Ֆերրին (1856-1929), «որը 1900-1905 թվականներին եղել է սոցիալիստական “l’Avanti” (Առա՜ջ) օրաթերթի խմբագիրը: Լինելով համոզված դարվինիստ, Ֆերրին մերժում էր ազատ կամքի գոյությունը: Նա պնդում էր, որ հանցագործն իր հանցագործությանը հասնում է անհրաժեշտորեն, մարդաբանական, ֆիզիկական և սոցիալական դրդապատճառներից, այսինքն՝ իր գենետիկորեն նախասահմանված հատկանիշներից մղված» (A. Gaspari, Da Malthus al razzismo verde, XXI secolo, Milano 2000, p. 94): Էնրիքո Ֆերրին հեղինակն էր նաև այսպես կոչված «նեապոլյան տիպ»ի տեսության, այսինքն այն գաղափարի, որի համաձայն՝ Իտալիայի հարավի բնակիչները հանցագործության բնածին հակում ունեն, որի պատճառը կենսաբանական պապենական ցածրակարգությունն է: Այդ իսկ պատճառով նա պատշաճ չէր նկատում Հյուսիսի բարձրակարգ ռասսաների խառնումը Հարավի ցածրակարգ ռասսաների հետ:
[4] Այս տեսությունը առաջին անգամ ներկայացվել է հայտնի ռադիկալ գործիչ Գիլբերտո Քորբելլինիի կողմից ղեկավարվող «Դարվին» ամսագրում և վերատպվել է «Corriere della Sera» թերթի 2006թ. Մարտի 15-ի համարում:
[5] G. Samek Lodovici, L’utilità del bene. Jeremy Bentham, l’utilitarismo e il consequenzialismo, Vita e pensiero, Milano 2004.
[6] P. Singer, Scritti su una vita etica, Il Saggiatore, Milano 2000, p. 350.
[7] P. Singer, Ripensare la vita, Il Saggiatore, Milano 2000, p. 203.
[8] Նույն, pp. 137, 138, 139, 215.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։