Ֆրանսիզ Քոլլինս. գենետիստ, որն ընդունում է բարոյական օրենքը – Գրադարան – Mashtoz.org

Ֆրանսիզ Քոլլինս. գենետիստ, որն ընդունում է բարոյական օրենքը

Ֆրանսիզ Քոլլինսը վիպագիր չէ, Դոստոևսկու նման, այլ՝ ամերիկացի համբավաշատ գիտնական, ծնունդով Վիրջինիա նահանգից: Քսաներորդ դարի երկրորդ կեսին նա Յելի համալսարանում մասնագիտացել է քիմիայի և ֆիզիկայի բնագավառում, «փնտրելով այն մաթեմատիկական վայելչագեղությունը», գրում է նա, որն իրեն «ձգել էր դեպի գիտության այդ ճյուղը»:
Սկզբում, Աստծո վերաբերյալ իր դիրքորոշումը ձեռնպահ մնացող անգիտապաշտի դիրքորոշումն էր, այսինքն նրա, ով ո՛չ դեմ է, ո՛չ կողմ, ով այդ հարցի մասին շատ չի մտածում և կամաց կամաց սահում է նախ գործնական, ապա նաև տեսական աթեիզմի գիրկը:
Քիմիայից նա անցնում է բիոքիմիայի, բժշկության, գենետիկայի. «Ապշած էի՝ տեսնելով մարդու գենետիկական կոդի վայելչագեղությունը և բազմապիսի հետևանքներն այն հազվադեպ պատահող դեպքերի, երբ նրա ընդօրինակման մեխանիզմը կախվում էր»: Ժամանակի ընթացքում, հատկապես որոշակի հանդիպումների ու իրավիճակների շնորհիվ, Քոլլինսը անդրադառնում է, որ «ընտրել է ինքնակամ կուրության մի վիճակ և կուլ է գնացել ինչ-որ մի բանի, որը կարող է նկարագրել միմիայն որպես գոռոզ ամբարտավանություն, խուսափելով լրջորեն հաշվի առնել փաստը, որ Աստված կարող է ներկայանալ որպես իրական հնարավորություն»:
Նա, ով զբաղեցնելու էր աթեիստ գենետիստ Ջեյմս Ուաթսոնի տեղը մարդկային գենոմի ուսումնասիրության ամենակարևոր ծրագրի – Գենոմա Ծրագրի – ղեկավարության գործում, նկատում է, այսինքն, որ բնության, գենետիկայի, անհունորեն փոքրի հանդեպ իր մեծ հետաքրքրությունը կենակցում է իրականության ամբողջության, գոյության ամբողջական, վերջին իմաստի շուրջ հարցադրման հանդեպ փակվածության հետ:
Մի տվայտալի փնտրտուքի ավարտին, Քոլլինսն ի վերջո կարդում է Քլիվ Ս. Լյուիսի[1] «Կներեք, ո՞րն է ձեր Աստվածը» գիրքը: Լյուիսը մի նախկին աթեիստ էր, որը սկզբում իրեն որպես նպատակ էր դրել տրամաբանության (լոգիկայի) միջոցով հերքել Աստծո գոյությունը, բայց հասել էր հակառակ արդյունքին: Լյուիսը Քոլլինսին հնարավորություն է ընձեռում հարցադրումներ կատարելու բարոյական օրենքի, բարու և չարի, նրանց ծագման մասին: Բարու և չարի գիտակցությունը սոսկ մշակութային որոշակի ավանդույթների արդյո՞ւնքն է: Սոսկ «էվոլյուտիվ ճնշումների հետևա՞նքն» է, ինչպես հաստատում են սոցիո-բիոլոգները: Ալտրուիստական ազդակը ծնվում է անձնական շահի՞ց, – «ես քեզ ինչ-որ մի բան եմ տալիս, որպեսզի դու ինձ ինչ-որ մի բան տաս», – և ուրիշ ոչի՞նչ: Քոլլինսը խորհրդածում է մարդկային բնության շուրջ, խղճի խայթի շուրջ, որը մեզ տանջում է, երբ բարոյական սխալ ենք գործում, նույնիսկ երբ այդ բարոյական սխալը մեզ ինչ-որ նյութական օգուտ է բերում. խորհրդածում է խղճի և գիտակցության շուրջ, որը մեզ հարցեր է ուղղում և թելադրանքներ տալիս. որոշ անձանց կարողության շուրջ, ինչպես Մայր Թերեզան և պատմական ա՛յլ կերպարներ, նվիրվելու անմնացորդ կերպով, անշահախնդրորեն, մատերիալիստական որևէ հորիզոնից դուրս:
Սոկրատը, Հիսուսը, Մայր Թերեզան, նրանք՝ ովքեր իրենց կյանքն ընծայում են մի առավել մեծ, բայց անշոշափելի բարիքի համար, մերձավորի համար, հոգևոր գաղափարականի համար, մի՞թե լոկ խելագարներ են, գենետիկ սխալներ, թե՞ ավելի ճիշտ է ասել, որ ուժգին ապտակ են մարդու վերաբերյալ մատերիալիստական և դետերմինիստական[2] տեսությունների անպատկառ երեսին: Անշահախնդիր ալտրուիզմը, գրում է Քոլլինսը, «նշանակալի մարտահրավեր է էվոլյուցիոնիստի համար և մի իրական սկանդալ է ռիդուկցիոնիստական մտքի համար», և «Օսկար Շինդլերի և Մայր Թերեզայի կողմից գործադրված սերը լիովին հերքում է այս տեսակ մտքերը: Անհավանական է թվում, բայց ճշմարիտ է. բարոյական օրենքն ինձ կթելադրի փրկել խեղդվողին, նույնիսկ եթե նա իմ թշնամին է»[3]: Ահա՛ Քոլլինսի կարծիքը, հակառակ այն ամենի, ինչ հաստատում են նրանք, ովքեր կարծում են, թե մարդն իր բոլոր գործերում նախասահմանված է գենետիկայով. բռնի է կամ հեզ, հավատարիմ է կամ անհավատարիմ, արդար է կամ չարագործ, այդ մարդիկ կարծում են, թե ամեն ինչ կախում ունի գեներից, ներքին նախասահմանված մեխանիզմներից, որոնք անկախ են մարդու անձնական կամքից, մարդու անձնական – թեև հարաբերական – ազատությունից: Քոլլինսը, որ գեներից հասկանում է ավելի՝ քան ուրիշ որևիցէ մեկը, ընկալում է, որ մարդը բացարձակապես ուրիշ բան է, նախապես չսահմանված, որն անհնարին է սահմանափակել նրա մասերից մեկում, ֆիզիկականում. մարդը կարող է ծրագրել իր կյանքը, կերտել իր ինքնությունը, կարող է պայքարել որոշակի չար ցանկությունների դեմ կամ համաձայնվել դրանց. կարող է մի ճանապարհ ընտրել, ապա զղջալ, ապաշխարել, կամ էլ՝ շարունակել մինչև էգոիզմի ու չարության անդունդի խորքը: Մարդու գործերից յուրաքանչյուրը, կատարած ընտրություններից յուրաքանչյուրը դա մի ազատ հնարավորություն է, որով մարդն իրագործում է իրեն, արտահայտում է իրեն, անկախ՝ գենետիկական հրահանգներից կամ ներքին անվերահսկելի ազդակներից: Մարդն, անշուշտ, պայմանավորված է պարագաներից և իր մարմնական բնությունից, բայց ամբողջովին նախասահմանված չէ դրանցից, ինչպես քարի բեկորները, կամ աստղերը, ո՛չ էլ իր վարքը կարգավորվում է միմիայն բնազդի կողմից, ինչպես կենդանիներինը:
Բարոյական օրենքի շուրջ մտորումներից հետո, Քոլլինսը շարունակում է՝ վերլուծելով իր գիտական գիտելիքները և դրանք համեմատելով հավատքի դրույթների հետ, որին հասել է: Ի՞նչ է Բիգ Բենգը: «Տիեզերքի մեկնարկային սկզբնավորության գաղափարը բնավ համահունչ չէ բուդդիստական մտահամակարգի հետ», այնպես՝ ինչպես համահունչ չէ պանթեիստական աշխարհայացքի հետ, բայց կատարյալ կերպով համաձայնվում է անդրանցական Արարիչ Աստծո գաղափարի հետ և, հետևաբար, կատարյալ կերպով համահունչ է քրիստոնեական միջնադարյան աստվածաբանության և աստվածաշնչյան մտածողության հետ: Մանավանդ թե, կարող ենք անվարան կերպով հաստատել, որ դա մի գաղափար է, որ փիլիսոփայորեն արդեն կանխազգացվել է քրիստոնյա մտածողների կողմից, արդի գիտության ծնունդից դեռ շա՜տ առաջ: Արդարև, «եթե Աստված գոյություն ունի, ուրեմն գերբնական է. եթե գերբնական է, ուրեմն փակված չէ բնական օրենքների սահմաններում. եթե փակված չէ բնական օրենքների սահմաններում, ուրեմն փակված չէ նաև ժամանակի սահմաններում. եթե փակված չէ ժամանակի սահմաններում, ուրեմն Նա կա անցյալում, ներկայում և ապագայում», և հետևաբար՝ «կարող էր գոյություն ունենալ Բիգ Բենգից առաջ և կարող է գոյություն ունենալ տիեզերքի անէացումից հետո էլ»:
Ի՞նչ է գենետիկան: «Աստծո ցուցմունքների գիրքը», «Աստծո բարբառը», որով սակայն «երբեք չեն բացատրվի մարդուն բնորոշ հատկություններից մի քանիսը, ինչպես բարոյական օրենքի իմացությունը և Աստծո փնտրտուքի ընդհանրական բնույթը»:
Ի՞նչ է էվոլյուցիան: «Աստծո վայելչագեղ ծրագիրը՝ մարդկության արարման համար»:
Ե՞րբ է սկսվում մարդու կյանքը: Հղացման պահին. «Կենսաբանի տեսանկյունից դիտված, սերմնաբջջի և ձվաբջջի միությանը հաջորդող հանգրվանները տեղի են ունենում լիովին կանխատեսելի հաջորդականությամբ, աճող բարդության ուղղությամբ և առանց հանգրվանների միջև հստակ սահմանագծերի առկայության»[4]:
[1] Քլիվ Սթեփլես Լյուիսը (Բելֆասթ, 29.11.1898 – Օքսֆորդ, 22.11.1963) հանրությանը ծանոթ է հատկապես իր «Նարնիայի Ժամանակագրությունը» վիպաշարքով:
[2] Փիլիսոփայության մեջ դետերմինիստական (ճակատագրապաշտական) են կոչվում այն տեսությունները, որոնց համաձայն՝ պատահող ամեն բան ունի իր նախասահմանված պատճառը, այսինքն՝ բացարձակ իմաստով մերժում են պատահարների գոյությունը: Մարդաբանական իմաստով դետերմինիզմը մարդուն դիտում է որպես հոգուց, բանականությունից, և հատկապես՝ ազատությունից զուրկ մի էակի, որի ամեն քայլը կույր անհրաժեշտությամբ կառավարվում է գեների ու հորմոնների կողմից:
[3] F. Collins, Il linguaggio di Dio, Sperling & Kupfer, Milano 2007, pp. 20-22.
[4] Նույն, p. 257.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։