– Գրադարան – Mashtoz.org

Իլիաս Խան. Քրիստոնեության դարձի եկած մահմեդականը
Անգլիաբնակ բարերար Իլիաս Խանը հրապարակայնորեն պատմում է իսլամից կաթոլիկության իր խիզախ դարձի մասին։
Հեղինակ՝ Սալվատոռե Չեռնուցիո
 
 
Շատ մուսուլմաններ կան, ովքեր կցանկանային հրաժարվել իրենց հավատքից և ընդունել Քրիստոնեությունը, սակայն իրենց կրոնակիցների կողմից հետապնդումների վախը հաճախ նրանց դրդում է պասսիվության:

Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր քաջություն են ունեցել կատարել այս ընտրությունը ո՛չ միայն իրենց սրտի խորքում, այլև հրապարակայնորեն հայտնելով « National Catholic Register » - « Ազգային Կաթոլիկ Ռեգիստր »ի կայքում:

Խոսքն այստեղ Իլիաս Խանի մասին է, ով բրիտանացի բարերար է, ծնված՝ մահմեդական ծնողներից, ովքեր Մեծ Բրիտանիա են գաղթել 1930 թվականին, մեծացել է Մեծ Բրիտանիայում, մասնագիտությամբ բանկիր է, «Accrington Stanley» ֆուտբոլային ակումբի սեփականատերը, ինչպես նաև հաշմանդամներին օգնող համաշխարհային խոշորագույն կազմակերպության՝ «Leonard Cheshire Disability»ի նախագահը:

«Մինչև 4 տարեկան հասակս ունեցած կրթությունը մեծապես նպաստել է իմ հավատքին», ասում է Իլիասը հարցազրուցավարին, ով հարցնում է նրան, թե ի՞նչն է նրան առաջնորդել դեպի հավատքը: «Մայրս շատ հիվանդ էր», շարունակում է նա, «այնպես որ տատիկներիցս մեկը, որը խորապես կաթոլիկ էր, առաջին տարիներին նա էր խնամում ինձ։ Ես չէի կարող ո՛չ մի ա՛յլ բան համարել ինձ, քան՝ քրիստոնյա»:

4 տարեկանից մինչև 17 տարեկանը, սակայն, Իլիասը կրթվել և մեծացել է որպես մահմեդական։ Պատմում է. «Համալսարանական ուսումս սկսելուց հետո Աստվածային Նախախնամությունը նորից միջամտեց, և ես որոշեցի գնալ ու բնակություն հաստատել Նեթերհոլ Հաուսում, որը Օպուս Դեյ կաթոլիկ շարժման ուսանողարաններից մեկն է»։

Այդ ուսանողական տանն անցկացրած ժամանակը նրան ավելի մոտեցրեց հոգևորությանը և կաթոլիկ հավատքին։ Ինքն, այս առնչությամբ, ասում է. «Չեմ կարող ասել, որ ինձ անգիտակցաբար են տարել դեպի հավատք, իրականում հենց 18-ից 19 տարեկանում ես հայտնաբերեցի Հանս Ուրս ֆոն Բալթասարի նման կերպարներ, և անընդհատ ուսումնասիրում էի գրադարանի հատորները, որտեղ սկսեցի հետաքրքրվել աստվածաբանությամբ, այդպիսով հանդիպելով Սուրբ Օգոստինոսին և Որոգինեսին»:

Այդ ընթերցումները պատանի Իլիասի հոգում ներքին մի մղում ծնեցին, որն արդեն այն ժամանակ դրդում էր նրան դուրս գալ և բացահայտ հռչակել սեփական համոզմունքները, բայց դեռևս կենդանության մեջ գտնվող ծնողներին խորը ցավ պատճառելու վախը խեղդեց ամեն ինչ։

Շրջադարձային կետը, հիշում է Խանը, եղավ «իմ ողջ կյանքի և իմ բարոյական հիմքերի վերաբերյալ գիտակցության մի ավելի մեծ մակարդակի ձեռքբերումը»։ «Իսլամից հրաժարվելու ցանկությունը խորն էր, բայց Քրիստոսի մղումն էր, որ ի վերջո հանգեցրեց ինձ այդ որոշմանը», հավելեց նա:

Այնուհետև, հիմնարար ներդրում ունեցավ «ամեն օր Եկեղեցու կյանքն ապրելը», երբ, քսանհինգ տարեկան հասակում, բնակություն հաստատեց Ասիայում, ճշգրիտ կերպով՝ Հոնգ Կոնգում։ Հենց այնտեղ, «Սուրբ Հովսեփ» չինական եկեղեցում, «գտնվեց վայրը, որտեղ ես մոտեցա ավանդական կաթոլիկությանը։ Քսանհինգ տարեկանից սկսած, ես երբեք չեմ կասկածել, որ ես կաթոլիկ եմ»։

Բայց եղավ մի պահ ի մասնավորի, որն անջնջելիորեն հետք թողեց նրա հավատքի վրա. մի «տեսիլք», Սուրբ Պետրոսի Տաճար այցելության ժամանակ: Հիշում է. «Ես քայլում էի Տաճարի ներսում և հիշում եմ, որ բառացիորեն քարացա տեղումս, երբ տեսա Միքելանջելոյի Պիետան. հազարավոր հարցեր ծագեցին իմ մոտ, երբ նայեցի Տիրամոր դեմքին, ով, իր հերթին, նայում էր իր Որդուն: Ինքս ինձ ասացի. ''Սա Աստված է. չի կարող չլինել Աստված'': Ասելը, որ Աստված մարդացել է, իսլամի համար հերետիկոսություն է։ Այնտեղ անհետացան իմ բոլոր կասկածները: Այդ տեսարանի գեղեցկությունն ու շրջապատող մթնոլորտը շրջադարձային կետ հանդիսացան»:

Մի մեծ վկայություն է Իլիաս Խանի վկայությունը, որը, եթե մի կողմից քաջալերանք է հանդիսացել բոլոր նրանց համար, ովքեր դեռ կասկածներ կամ վախ ունեն իրենց համոզմունքների վերաբերյալ, մյուս կողմից, առաջացրել է նաև բազմաթիվ բացասական արձագանքներ, որոնք արտահայտվել են ատելության և մահվան ուղղակի սպառնալիքների տեսքով։

Չնայած դրան, Իլիասը չի վախենում հրապարակային կերպով դավանել իր հավատքը, և բոլորի առջև խոստովանել նրա գեղեցկությունը, այնքան, որ նա այսօր Մեծ Բրիտանիայում համարվում է «կաթոլիկության ամենակարևոր նորադարձը»:

2015 թ.ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը Իլիաս Խանին շնորհեց Սուրբ Գրիգոր Մեծի Ասպետական կոչում, Եկեղեցուն և համայնքին բերած նշանակալի նպաստների համար։

Նույն 2015 թվականին Իլիաս Խանը համարվել է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կաթոլիկների շարքում 21-րդը։

Նրա համառոտ կենսագրության Վիքիպեդիայի անգլերեն հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։