Սառա Սալվիանդեր – Գրադարան – Mashtoz.org

Սառա Սալվիանդեր

« ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ՆՇՄԱՐԵՑԻ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ »

Տեխասի համալսարանի Աստղագիտության ամբիոնի հետազոտող և Սաութվեսթերն համալսարանի աստղաֆիզիկայի դասախոս, դոկտոր Սառա Սալվիանդերի վկայությունը շրջել է բազմաթիվ միջազգային կայքերով։ Նրա դարձի պատմությունն իսկապես անհավատալի է. այն սկիզբ է առել նրա գիտական ուսումնասիրություններից և դստեր մահվանից: Արժե հինգ րոպե տրամադրել նրա խոսքերը կարդալու համար։

«Ծնվել եմ Միացյալ Նահանգներում, բայց մեծացել եմ Կանադայում», գրել է գիտնականը՝ ամփոփելով այն, ինչը որ Զատկվա շրջանում պատմել էր Օստինի (Տեխաս) եկեղեցիներից մեկում, ուր նրան հրավիրել էին։ «Ծնողներս աթեիստ էին, թեև նախընտրում էին իրենց «ագնոստիկ» անվանել. նրանք բարի էին, սիրող և բարոյական, բայց կրոնը որևէ դեր չի խաղացել իմ մանկության տարիներին»։

«Կանադան արդեն հետքրիստոնեական երկիր էր», շարունակել է նա, «հետադարձ հայացք գցելով՝ անհավատալի է, թե ինչպե՛ս կյանքիս առաջին 25 տարիների ընթացքում հանդիպել եմ ընդամենը երեք հոգու, ովքեր իրենց քրիստոնյա էին համարում։ Քրիստոնեության մասին իմ պատկերացումները խիստ բացասական էին. հետո հասկացա, որ դա քրիստոնեության հանդեպ այն ընդհանուր թշնամանքի ենթագիտակցական կլանման արդյունքն էր, որը բնորոշ է Կանադային և Եվրոպային։ Ես ոչինչ չգիտեի քրիստոնեության մասին, բայց կարծում էի, թե այն մարդկանց դարձնում է թույլ ու հիմար, և փիլիսոփայական առումով պարզունակ է»։

Քսանհինգ տարեկանում Սալվիանդերը, ով այն ժամանակ դավանում էր փիլիսոփա Այն Ռանդի ռացիոնալիստական փիլիսոփայությունը, տեղափոխվեց Միացյալ Նահանգներ՝ համալսարանում սովորելու համար. «Ընդունվեցի Արևելյան Օրեգոնի համալսարանի ֆիզիկայի ծրագրին՝ իսկույն զգալով ռացիոնալիստական օբյեկտիվիզմի չորությունն ու ամլությունը, որն անկարող էր պատասխանել մեծ հարցերին. Ո՞րն է կյանքի նպատակը. Որտեղի՞ց ենք գալիս. Ինչո՞ւ ենք այստեղ. Ի՞նչ է լինում, երբ մեռնում ենք։ Նկատեցի նաև, որ այդ մոտեցումը տառապում էր ներքին հետևողականության պակասից. ողջ ուշադրությունը սևեռված է օբյեկտիվ ճշմարտության վրա, բայց բացակայում էր այդ ճշմարտության աղբյուրը։ Եվ, բոլորը կյանքից հաճույք ստանալու վրա կենտրոնացած, ռացիոնալիստ օբյեկտիվիստները կարծես որևէ ուրախություն չէին զգում: Ընդհակառակը, նրանք մշտապես բարկացած ու մտահոգ էին՝ ցանկանալով անկախ մնալ ցանկացած արտաքին ճնշումից»։

Այսպիսով, նրա ուշադրությունն ամբողջությամբ սևեռվեց ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսումնասիրության վրա. «Անդամագրվեցի համալսարանական ակումբներին, սկսեցի ընկերներ ձեռքբերել և կյանքումս առաջին անգամ հանդիպեցի քրիստոնյաների: Նրանք նման չէին ռացիոնալիստներին. նրանք ուրախ էին, գոհ և խելացի, շա՜տ խելացի։ Ես ապշած էի՝ հայտնաբերելով, որ ֆիզիկայի իմ պրոֆեսորները, որոնցով հիանում էի, քրիստոնյաներ էին։ Նրանց անձնական օրինակը սկսեց որոշակի ազդեցություն ունենալ իմ վրա, և ես զգացի, որ այլևս թշնամաբար չեմ տրամադրված քրիստոնեության հանդեպ։ Երկրորդ կուրսից հետո ամռանը մասնակցեցի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտական պրակտիկային՝ միանալով Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների կենտրոնի մի խմբի, որն ուսումնասիրում էր Մեծ Պայթյունի ապացույցները։ Անհավատալի էր թվում գտնել Տիեզերքի ծննդյան հարցի պատասխանը. դա ինձ ստիպեց մտածել Այընշթայնի այն դիտարկման մասին, թե աշխարհի վերաբերյալ ամենաանըմբռնելի բանն այն է, որ այն ըմբռնելի է։ Սկսեցի ընկալել տիեզերքին ներհատուկ կարգը: Առանց իմանալու՝ իմ մեջ արթնանում էր այն, ինչը 18-րդ Սաղմոսը հստակ ասում է. «Երկինքը պատմում է Աստծո փառքը, և հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը»։

Այս ներքին զգացողությունից հետո նրա բանականությունն աստիճանաբար վերափոխվեց՝ բացվելով դեպի Խորհուրդը. «Սկսեցի գիտակցել, որ Աստծո և կրոնի գաղափարները փիլիսոփայական առումով այնքան պարզունակ չէին, որքան ես կարծում էի։ Իմ ավարտական տարում հանդիպեցի համակարգչային գիտությունների մի ֆինն ուսանողի։ Նա ուժեղ, պատվախնդիր և խորը ազնվությամբ օժտված մի մարդ էր, ով իմ նման մեծացել էր որպես աթեիստ աշխարհիկ երկրում, բայց քսան տարեկանում ընդունել էր Հիսուս Քրիստոսին որպես իր անձնական Փրկիչը՝ անձնական ցնցող փորձառության միջոցով։ Մենք սիրահարվեցինք և ամուսնացանք։ Ինչ որ կերպ, թեև ես կրոնասեր չէի, ինձ հանգստացնում էր քրիստոնյա տղամարդու հետ ամուսնանալը։ Այդ տարի ես ավարտեցի ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը, իսկ աշնանը սկսեցի աստղաֆիզիկա դասավանդել Տեխասի համալսարանում (Օստին)»։

Նրա ուղու նախավերջին քայլը եղավ հանդիպումը Ջերալդ Շրյոդերի «Աստծո գիտությունը» («The Science of God») գրքի հետ։ «Ինձ հետաքրքրեց վերնագիրը, բայց կար նաև մի ա՛յլ մղում՝ գուցե կարոտը Աստծո հետ ավելի խորը կապի նկատմամբ։ Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ինչը կարդացի, ընդմիշտ փոխեց կյանքս: Դոկտոր Շրյոդերը Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) ֆիզիկոս է և աստվածաբան. ես հասկացա, որ, որքան էլ անհավատալի է, Աստվածաշունչն ու գիտությունը լիովին համաձայն են միմյանց հետ։ Կարդացի նաև Ավետարանները և Հիսուս Քրիստոսի կերպարը համարեցի չափազանց համոզիչ։ Ինձ զգում էի Այընշթայնի նման, երբ նա ասում էր, թե «հմայված է Նազովրեցու լուսավոր կերպարով»։ Այդուհանդերձ, թեև ես ճանաչել էի ճշմարտությունը և մտավոր առումով վստահ էի, սրտիս մեջ դեռևս համոզված չէի»։

Քրիստոնեությանը վերջնական հանգրվանելը տեղի ունեցավ ընդամենը երկու տարի առաջ՝ մի դրամատիկ իրադարձության միջոցով. «Իմ մոտ քաղցկեղ ախտորոշվեց, իսկ քիչ անց ամուսինս հիվանդացավ մենինգիտով և էնցեֆալիտով (բարեբախտաբար նա ապաքինվեց որոշ ժամանակ անց)։ Մեր դուստրը մոտ վեց ամսական էր, երբ պարզեցինք, որ նա տառապում է Տրիսոմիա 18-ով՝ գենետիկական մահացու շեղմամբ։ Էլինորը մահացավ կարճ ժամանակ անց։ Դա մեր կյանքի ամենածանր կորուստն էր. հուսահատությունը համակել էր ինձ, մինչև որ պարզորոշ մի տեսիլք ունեցա՝ մեր փոքրիկին տեսա իր երկնավոր Հոր սիրող գրկում. միայն այդ ժամանակ ես խաղաղություն գտա: Մտածեցի, որ այս բոլոր փորձություններից հետո ես ու ամուսինս ո՛չ միայն ավելի միասնական էինք, այլ նաև՝ ավելի մոտ էինք Աստծուն։ Իմ հավատքն իրական էր։ Չգիտեմ, թե ինչպե՛ս կդիմագրավեի նման փորձություններին, եթե մնայի աթեիստ։ Երբ քսան տարեկան ես, առողջ ես, ընտանիքդ կողքիդ է, քեզ անմահ ես զգում: Բայց գալիս է մի պահ, երբ անմահության այդ զգացողությունը չքանում է, և դու ստիպված ես լինում առերեսվել սեփական և հարազատներիդ ոչնչացման անխուսափելիությանը»։

Եզրափակելով՝ դոկտոր Սալվիանդերը բացատրում է իր հրապարակային վկայության դրդապատճառները. «Ես սիրում եմ իմ աստղաֆիզիկոսի կարիերան։ Չեմ կարող մտածել ավելի լավ բան, քան տիեզերքի գործունեությունն ուսումնասիրելը, և հիմա հասկանում եմ, որ այն ձգողականությունը, որը միշտ զգացել եմ դեպի տիեզերքը, ո՛չ ա՛յլ ինչ էր, քան բուռն փափագ՝ Աստծո հետ կապ հաստատելու։ Երբեք չեմ մոռանա, երբ իմ դարձից քիչ անց մի ուսանող մոտեցավ ինձ և հարցրեց՝ արդյո՞ք հնարավոր է լինել գիտնական և հավատալ Աստծուն։ Ես նրան ասացի՝ այո՛, իհարկե։ Նրա ակնհայտ կերպով սփոփված տեսա. պատմեց, որ մի ուրիշ պրոֆեսոր իրեն բացասական պատասխան էր տվել։ Ես ինքս ինձ հարցրեցի՝ էլ քանի՞ երիտասարդներ են տանջվում նման հարցերով, ուստի որոշեցի օգնել նրանց, ովքեր պայքարում են կասկածների դեմ: Գիտեմ, որ դա դժվարին ճանապարհ կլինի, բայց Հիսուսի զոհաբերության իմաստը կասկած չի թողնում այն մասին, թե ի՛նչ պետք է անեմ ես»։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։