Ա. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ – Գրադարան – Mashtoz.org

Ա. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախքան Քրիստոնեությունը կդառնար – առավել կամ նվազ գիտակցաբար և ուժգնությամբ – ամբողջ Հռոմեական Կայսրության և Եվրոպայի գրեթե բոլոր բնակիչների կրոնը, երկար ժամանակ կասկածանքով է դիտվել մտավորականների, հեթանոս քուրմերի, կայսրերի, հասարակ ժողովրդի կողմից: Քրիստոնյաներն, արդարև, հեթանոսներից տարբեր ապրելակերպ ունեին: Սովոր էին համախմբվել հասարակաց արարողությունների համար, նրանց համայնքների ներսում անհատների փոխկապակցվածությունը զգալի էր, նրանք փոխադարձաբար օգնության էին հասնում միմյանց, ունենալով մի մարմնի պատկանելու ուժգին զգացում, և պետական իշխանություններին հարգելով ու նրանց հնազանդվելով հանդերձ՝ հրաժարվում էին զոհ մատուցել կուռքերին, պաշտել կայսրերի պատկերով քանդակված կուռքերը և մասնակցել գլադիատորական խաղերին: Ամենօրյա կյանքում կազմում էին բազմանդամ ընտանիքներ, կտրականապես մերժում էին աբորտն ու մանկասպանությունը, մեծ հարգանք ու սեր ունեին երեխաների, կանանց ու այրիների հանդեպ, ստրուկների հետ կիսում էին իրենց ճաշն ու սրբազան արարողությունները, և այլն: Սրանք բոլորը բաներ են, որ հեթանոսների համար խորթ էին և հաճախ անըմբռնելի:
Ինչպես նաև, քրիստոնյաների դավանած ուսմունքը, ամենատարբեր տեսանկյուններից դիտված, նոր էր, չլսված մի բան, հեթանոսական ուսմունքներից չափազանց տարբեր: Իրենց աստվածություններից հեթանոսները խնդրում էին պաշտպանություն, մատուցում էին սիրաշահող ծեսեր ու արարողություններ, որոնց ընթացքում, ինչպես գրում է հռոմեացի մատենագիր Լակտանցիուսը, «գործի էին դրվում միայն մատները», այն իմաստով, որ մարդկանց և այդ աստվածությունների միջև գոյություն չուներ սրտանց հարաբերություն, ինչպես կարող է լինել զավակների հարաբերությունն իրենց հոր հետ: Մանավանդ թե, եթե աստվածությունները չէին պատասխանում, եթե ինչ որ մի բան ծուռ էր ընթանում, հաճախ հայհոյվում ու անարգվում էին իրենց իսկ հավատացյալների կողմից, իսկ իրենց արձանները վնասվում կամ ամբողջովին կոտրատվում էին:
Ուստի դժվար չէ հասկանալը, որ – հատկապես որքան ժամանակ որ մնացին իբրև փոքրամասնություն – քրիստոնյաները թիրախը եղան չարախոսությունների, թյուրիմացությունների, մինչև իսկ անհիմն ու անբանական ատելության: Նրանց Քրիստոսն Ինքն էլ խաչվել էր և Իր հետևորդներին խոստացել էր, որ նրանցից շատերն իրենց հավատքը վճարելու էին մարտիրոսությամբ, իրենց արյան հեղմամբ. «Եթե աշխարհն ատում է ձեզ, իմացեք, որ նախ ինձ է ատել: Եթե դուք աշխարհինը լինեիք, աշխարհը կսիրեր այն, ինչն իրենն է: Արդ, քանի որ դուք աշխարհինը չեք, այլ՝ ես ձեզ ընտրեցի աշխարհից, սրա համար աշխարհը ձեզ ատում է» (Հվհ 15, 18-19): Եվ տակավին. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չարախոսություն ասեն, ստելով: Ցնծացեք և ուրախացեք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում» (Մտթ 5, 10-12):
Մարդկության պատմության մեջ ոչ մի ուրիշ մարգարեություն չի կատարվել նման ճշտությամբ, որքան Քրիստոսի այս խոսքերը: Քրիստոսը, սակայն, միայն դժվարություններ ու հալածանքներ չէր մարգարեացել, այլ նաև՝ որ Իր ուսմունքն այդուհանդերձ տարածվելու էր ամբողջ աշխարհով մեկ. «Երբ բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հվհ 12, 32):
Այսպիսով, մինչև Կոստանդիանոս կայսեր ժամանակները, մոտ երեք հարյուր տարվա ընթացքում, առաջին քրիստոնյաները մեղադրվում են «ապօրինի սնապաշտությունների» մեջ («superstitio illicita»). իբր թե պաշտում են ավանակի գլխով մարդու (օնոլատրիայի մեղադրանքն է), իբր թե արյունապիղծ ընտանիքներ են կազմում (քանի որ միմյանց «եղբայր» և «քույր» էին անվանում), իբր թե մարդակերներ են, հարբեցողներ ու մարդասպաններ (Սուրբ Պատարագի և Ամենասուրբ Հաղորդության իմաստի խեղաթյուրումն է): Քրիստոնյաներն անվանվում էին «անաստվածներ», որովհետև չէին պաշտում ավանդական աստվածություններին: Զրպարտվում ու մեղադրվում էին որպես պետության և կայսեր դեմ դավադրողներ, որովհետև չէին պաշտում կայսրին որպես աստվածություն, այլ՝ գոհանում էին նրա համար աղոթելով:
 
Այս զրպարտիչ մեղադրանքները հնչում էին ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակ ժողովրդի և հեթանոս մտավորականների կողմից. Քրիստոնեության ծաղրերգության հետքեր կարող ենք գտնել Պետրոնիուսի և Ապուլեյոսի գրություններում, մինչ հեթանոս մեծ պատմագիր Տակիտոսը քրիստոնյաներին հիշում է որպես «անարգ ու ամոթալի չարագործություններ» («flagitia») անողներ, որոնց պատճառով էլ իրավամբ ատելի են դառնում ժողովրդի աչքին:
Հասարակության համար դժվար պահերին, երաշտների, համաճարակների, կամ ռազմական պարտությունների ժամանակ ի հայտ էին գալիս բազմաթիվ մեղադրողներ, որոնք չարամիտ հորինվածքներով լի իրենց գրքույկներով ժողովրդի առաջ իբրև քավության նոխազ մատնացույց էին անում քրիստոնյաներին: Բազմաթիվ կայսրեր, որոշակի պահերի, համոզվում են, թե քրիստոնյաներն են պետության վրա բարդում այդ աղետները, քանի որ հրաժարվում են պաշտամունք մատուցել հեթանոսական աստվածություններին: Այդպիսով սկսվում են համակարգված հալածանքները, հատկապես կրոնավորների և համայնքների գլխավորների դեմ:
Բայց մարտիրոսների արյունը դառնում է նոր քրիստոնյաներ ծնող սերմ: Հալածանքը չի կասեցնում նրանց տարածումը, այլ՝ մանավանդ թե, ժամանակի ընթացքում, կայսրերի կողմից սանձազերծված կեղեքումները դառնում են միշտ ավելի անարդյունավետ, որովհետև ժողովուրդը, ստանալով քրիստոնյաներին մոտիկից ճանաչելու հնարավորությունը, հիանում է նրանցից շատերի վարքով, նրանց ապրելակերպով, նրանց գաղափարներով, միմյանց միջև փոխադարձ և բոլորի հանդեպ բաց ու պատրաստակամ նրանց անկեղծ սիրով:
Այդ դարերի ընթացքում Քրիստոնեությունը հարկադրվում է ծնունդ տալու մշակութային ինքնապաշտպանության մի սեփական կերպի, որին տրվում է «ջատագովություն» անունը (հունարեն «απολογία», որ նշանակում է «պաշտպանական ճառ»): Պաշտոնական մշակույթի շրջանակներում կրթված և հետո Քրիստոնեության դարձի եկած անձնավորություններն են հատկապես, որ իրենց ձեռքն են վերցնում գրիչը՝ հեթանոսներին բացատրելու համար իրենց հավատքը, ցույց տալու համար կեղծ մեղադրանքների ստությունը, բանականության գետնի վրա արդարացնելու համար Քրիստոնեական ուսմունքը:
Քրիստոնեությունը զրպարտողների շարքին, մինչդեռ, առաջին դարերում աչքի են ընկնում հատկապես Կելսիուսը, Պորփյուրեսը, Ֆրոնտոնը և Հուլիանոս Ուրացող կայսրը, որոնք իրենց գրություններով նվիրվում են նոր կրոնը վարկաբեկելու գործին:
Հետաքրքրական է համառոտ կերպով ընթերցել նրանց պատճառաբանություններից մի քանիսը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։