Ամլություն, պոռնկություն և այրիություն – Գրադարան – Mashtoz.org

Ամլություն, պոռնկություն և այրիություն

Հասկանալու համար, թե քրիստոնեական ամուսնությունը որքան է բարեփոխել կնոջ իրավիճակը, բավական է ի նկատի առնել այն նոր դիրքորոշումը, որը Եկեղեցին առաջադրել է կնոջ ամլության, տղամարդու անհավատարմության և այրիության դեպքերի դիմաց:
Ինչ վերաբերվում է առաջինին, բոլոր հին մշակույթներում (և բոլոր հետամնաց հասարակություններում մինչև մեր օրերը) զույգի ամլությունը ավանդաբար բարդվում էր կնոջ գլխին և վավերական պարագա էր ապահարզանի համար. կամ էլ՝ ամուսինը կարող էր դիմել ուրիշ կանանց, ստանալու համար ցանկացված երեխային: Հիշենք, օրինակի համար, այն փաստը, որ հռոմեացի կանայք պետք է ծնեին գոնե երեք արու զավակ, «որպեսզի մի օր, ամուսնու մահվան դեպքում, կարողանային ազատ լինել ունեցվածքների նկատմամբ որևէ տեսակի խնամակալության պարտադրանքից»[1]: Դեռևս Տասնութերորդ դարում, այնպիսի մտավորականներ, ինչպիսին էր, օրինակի համար, իլլումինիստ Դիդերոն, ամուլ կանանց արժանի էին համարում քաղաքացիական հասարակությունից դուրս շպրտվելու: Քրիստոնեության համար, մինչդեռ, համատեղ կյանքվարելու «զույգի համաձայնությունն է կազմում ամուսնության էությունը, այլ ո՛չ թե՝ ծննդաբերությունը: Եվ իրոք, Քրիստոնեության համար ամլությունն ամուսնալուծության պատճառ չի հանդիսանում այլևս, մինչդեռ հին հասարակություններում այն մշտապես նկատվում էր որպես կանացի հիվանդություն»[2]: Ա՛յլ խոսքերով ասած. քրիստոնյան, որ ամուսնանում է և բացահայտում է, որ իր կինը (կամ ամուսինը) ամուլ է, դրանով բարոյական իրավունք չի ստանում խզելու ամուսնական զոդը, քանի որ ֆիզիկական ամլությունը ոչինչ կորցնել չի տալիս մարդկային արժանապատվությանը, նույնիսկ եթե պարզվում է, որ ֆիզիկական հարթության վրա երբեք չի կարողանալու դառնալ մայր (կամ հայր): Եկեղեցական Իրավունքի Կանոնագիրքը շատ հստակ է արտահայտվում նաև այս հարցի վերաբերյալ. «Ամլությունն ամուսնության համար ո՛չ խոչընդոտ է, ո՛չ էլ անվավերության պատճառ» («sterilitas matrimonium nec dirimit nec impedit»):
 
Ինչ վերաբերվում է պոռնկությանը, այսինքն՝ ամուսնական անհավատարմությանը, Քրիստոնեության մոտ այն արգելված է որպես ծանրագույն մեղք, ամուսիններից երկուսի համար էլ: Հեթանոսական հասարակություններում, ընդհակառակն, «օրենքը խստագույնս պատժում էր պոռնկացած կանանց, մինչդեռ տղամարդկանց անհավատարմությունը ենթակա չէր օրինական պատիժների, ո՛չ էլ՝ բարոյական լուրջ քննադատության: Մանավանդ թե՝ լիովին ընդունված իրողություն էր, որ տղամարդը սեռական հարաբերություններ էր մշակում ու պահպանում իր տանը ներկա և՛ իգական, և՛ արական սեռի ստրուկների հետ: Սուրբ Օգոստինոսը, մինչդեռ, Աստվածաշնչի, հատկապես Պողոս Առաքյալի նամակների վրա հիմնվելով (հմմտ. 1Կր 6, 12-20) գրում է, որ հավատարիմ միության գերազանցությունն այնքա՜ն մեծ է, որ քրիստոնյա ամուսինները դառնում են Քրիստոսի իսկ անդամները, ուստի հավատարմության մեջ թերանալը հավասարազոր է Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամները պոռնկացնելուն»[3]:
Ամուսնական հավատարմության, ամոթխածության, բնազդների կառավարման և ուղղորդման, ամուսնության սրբության համար մղած Եկեղեցու պայքարը, հետևաբար, որպես ուղղակի հետևանք ունեցավ կնոջ էության և հասարակական դերի ազնվացումն ու ազատագրումը: Ալին Ռուսելը գրում է. «Հեթանոս հռոմեացի տղամարդիկ չէին դաստիարակվում սեռական հարցերում որոշակի ինքնազսպում կիրառելու գաղափարով: Պատանիների համար սովորական երևույթ էր տան երիտասարդ ստրկուհիներին ցանկասեր աչքով նայելը: Ստրկուհիների մեջ միշտ էլ պատանի աղջիկներ կային, որոնց նրանք կարող էին օգտագործել իրենց հաճույքի համար: Սրանից բացի, մարմնավաճառներին տրված այցելությունները փոփոխության տարրեր էին մտցնում երիտասարդի սեռական զվարճանքների մեջ»: «Հռոմեական բարձր դասակարգի կանայք ևս հեշտորեն ընդունում էին ստրկուհիների կամ հարճերի հետ իրենց ամուսինների ունեցած հարաբերությունների փաստը: Երբեմն հենց իրենք էին ընտրում իրենց այդ “գործակցուհիներին”», Հանրապետությանժամանակներից իսկ ի վեր, այդպիսով ցույց տալով, որ հեթանոս կանայք անգամ ընդունում էին տղամարդու բազմակնության բարոյական իրավունքը[4]:
Քրիստոնեական ամուսնության նորությամբ անշուշտ չի բացառվում փաստը, որ հին սովորույթները – տղամարդու ֆիզիկական առավել ուժի էգոիստական կիրառմամբ և կանանց մի մասի մեղսակցությամբ, հակառակ ավետարանական քարոզությանն ու Կոստանդիանոսի հրապարակած օրենքին, որով ամուսնացած տղամարդկանց արգելվում էր հարճեր ունենալ –  շարունակեցին գոյատևել. ինչպես նաև չի բացառվում փաստը, որ քրիստոնյա տղամարդկանցից իսկ շատերը չկարողացան լիովին գիտակցել այն, կամ պարզապես զոհ գնացին մեղանչական անկյալ բնության տկարությանը:
Բայց պատմական գետնի վրա անժխտելի փաստ է, որ ամուսնության վերաբերյալ քրիստոնեական մոտեցմամբ կանանց պատմությունն ամբողջովին նոր ճանապարհ բռնեց: Միջնադարյան պատմության հմուտ մասնագետ Ժաք Լը Գոֆֆը գրում է. «Հաճախ ասվում է, թե ամուսնական անհավատարմության դեպքում հավասարություն չկա տղամարդու և կնոջ միջև: Արդ, շատ յուրահատուկ և հաճախ շատ հանրահայտ բազմաթիվ դեպքերում հենց տղամարդն է, որ խստորեն դատապարտվել է Եկեղեցու կողմից, ինչպես, օրինակի համար, Ֆրանսիայի թագավորներ Ռոբերտ Գթասիրտը կամ Ֆիլիպ Աուգուստը: Ռոբերտ Գթասիրտը, Տասնմեկերորդ դարի առաջին տարիներին, ի վերջո բաժանվեց երկրորդ կնոջից՝ Բերթա Դը Բլուազից, քանի որ քահանաներն այդ միությունը նկատում էին որպես բազմակնություն (առաջին կինը դեռ ողջ էր) և արյունապղծություն (երկուսը երրորդ աստիճանի ազգականներ էին): 1198 թվականին գահ բարձրացած Իննովկենտիոս Երրորդ Պապը, մինչդեռ, եկեղեցական արգելք դրեց Ֆիլիպ Աուգուստի գահակալության դեմ, որովհետև նա 1193 թվականին ապահարզան էր տվել իր օրինավոր կնոջը՝ Ինգեբորգ Դանիացուն, և ապօրինի ամուսնություն էր կնքել Ագնես Մերանիացու հետ: Տասներկուերորդ դարի իտալական և Տասներեքերորդ դարի ֆրանսիական քաղաքացիական օրենսգրքերում հոդվածներ կան ամուսնական անհավատարմության դեպքերի վերաբերյալ, որոնց համաձայն՝ խիստ պատիժներ են սահմանված և՛ տղամարդկանց համար, և՛ կանանց: Այդպիսին է, օրինակի համար, Թուլուզի 1293 թվականի օրենսգիրքը, ուր պատվիրվում և գծանկարով ցույց է տրվում անհավատարիմ ամուսնու ամորձատումը»[5]: Տեղին է հիշել նաև Հենրի Ութերորդի դեպքը. եթե Կղեմես Յոթներորդ Պապը տար նրան իր համաձայնությունը՝ ամուսնալուծվելու իր օրինավոր կնոջից՝ Կատերինա Արագոնացուց, քանի որ վերջինս “ի վիճակի չէր” արու զավակ ծնելու, կամ որովհետև Հենրին սիրահարվել էր Աննա Բոլենային, կխուսափեր ամբողջ Անգլիան կորցնելուց, բայց Պապը որոշեց թիկունք չկանգնել անգլիացի թագավորի բռնությանն ու իշխանության զեղծմանը, նախընտրելով հետևել ավետարանական սկզբունքին և պաշտպանել Կատերինայի արժանապատվությունը, որով և պաշտպանեց արժանապատվությունը բոլոր մյուս կանանց, որոնք կարող էին տղամարդկային քմահաճույքի հնարավոր զոհերը դառնալ այդ քայլից հետո[6]:
 
Ինչ, ի վերջո, վերաբերվում է այրիությանը, արդեն տեսանք, որ առաջին քրիստոնյաները հնարավոր ամեն ինչ անում էին՝ այրիներին ապահովելու համար իրենց արժանապատվությունը, առանց նրանց պարտադրելու՝ անհապաղ մտնելու նոր ամուսնու տիրապետության տակ, ինչպես պահանջում էր հռոմեական օրենքը: Սա անելու համար՝ նաև դրամական օգնություն էին ապահովում այն այրիներին, որոնք կամենում էին մնալ այդ վիճակում: Օրինակ Հռոմում, 251 թվականին, Կորնելիոս Եպիսկոպոսը իր խնամակալության ներքո էր վերցրել քաղաքի հազար հինգ հարյուր այրիների ու որբերի, գործադրելու համար Սուրբ Հակոբոս Առաքյալի ուսուցումը. «Աստծո՝ մեր Հօր առաջ սա՛ է մաքուր ու անբիծ կրոնը. իրենց նեղություններում օգնության հասնել որբերին ու այրիներին» (Հկբ 1, 27):
[1] Georges Duby - Michelle Perrot, Storia delle donne, Laterza, Bari 1993, vol. I, pp. 342, 349.
[2] Margherita Pelaja - Lucetta Scaraffia, Due in una carne, Laterza, Bari 2008, p. 15.
[3] Նույն, p. 17. Տակավին. «Քրիստոնյա քահանաների ու միսիոներների անտեղիտալի կեցվածքն, ընդհակառակն, շատ ավելի ընդգծված էր հենց ամուսնության հարցում, և նրանց դեմ կիրառված դիմադրությունները բավականին տարբեր բնույթ էին կրում, կախված տեղի հասարակական միջավայրից և նախորդ կրոնի տեսակից: Ընդհանուր առմամբ, գերմանական կամ կելտական հասարակությունը հիմնված էր ընտանիքի լայն հասկացողության վրա, ուր կինը համարվում էր ընտանիքի գլուխը հանդիսացող տղամարդու սեփականությունը: [...] Ի վերջո, յուրաքանչյուր տղամարդ կարող էր ունենալ բազմաթիվ կանայք, այսինքն՝ մի քանի ստրկուհի հարճեր, մեկ օրինավոր կնոջից բացի: Սկանդինավյան երկրներում կանայք երեք տեսակի էին. օրինավոր կանայք, ազատ հարճեր և ստրկուհի հարճեր: Այս հարցի վերաբերյալ Եկեղեցու ուսմունքը, որն այդ դարերում հասունանում էր Եկեղեցու Հայրերի տեսական քննարկումների հիմքի վրա, ամբողջովին ա՛յլ կողմնորոշում ուներ: Քրիստոնեական գաղափարն այն էր, որ ամուսնությամբ սկիզբ է տրվում կյանքի ամբողջական ու անլուծարելի միության, որը վավերական է միայն այն դեպքում, երբ ամուսնացողների տված համաձայնությունն ազատակամ է, և հատկապես՝ որ այն պետք է համահավասար լինի տղամարդկանց և կանանց համար, միակին զույգի ներսում («մեկ միակ օրենք տղամարդկանց և կանանց համար», ասում է Սուասսոնի Ժողովը 775 թվականին): Ամուսնական հարցերը կանոնակարգելու Եկեղեցու գործնական անուժությունը (հատկապես ազնվականների ու թագավորական ընտանիքների դեպքում) ամբողջական էր մերովինգյան դարաշրջանում, և նաև մինչև Կարլոս Մեծի թագավորությունը: Առաջին թագավորը, որն ամբողջովին հրաժարվեց բազմակնությունից, եղավ Լյուդովիկոս Բարեպաշտը», մինչ իր հայրը՝ Կարլոսը, հեթանոսական սովորույթի համաձայն, ունեցել էր վեց կին և մոտ տասներկու հարճ: Դա անշուշտ ոչինչ է, եթե համեմատենք արաբ սուլթանների հետ, որոնցից ոմանք ունեցել են հինգ հարյուր կին, կամ էլ՝ ասիական, չինական և հարավամերիկյան ազնվականների հետ, եթե հաշվի առնենք, որ ացտեկների կայսրերը, իսպանացիների ժամանումից առաջ, հասնում էին հարյուրից ավելի երեխաներ ունենալու (Storia d'Italia e d'Europa, vol. I, pp. 234-235): Իսկ ինչ վերաբերվում է պոռնկությանը, հարկավոր է չմոռանալ, որ գերմանական ժողովուրդների մոտ կնոջ անհավատարմությունը ենթակա էր ամուսնու վրեժխնդրությանը, ազատության իրավունքից զրկմանն ու ստրկության դատապարտմանը, ունեցվածքներից զրկմանը, քթի կտրմանն ու աչքերի կուրացմանը (Enciclopedia Treccani, ''Adulterio''). մինչդեռ հրեաներն ու մուսուլմանները պոռնկացած կնոջը դատապարտում էին մահապատժի, քարկոծումով (մուսուլմանական բազմաթիվ երկրներում այս պատիժը գործադրվում է մինչև այսօր): Ուստի հասկանալի է դառնում, թե ժամանակակիցների ականջին որքա՜ն նոր ու տարօրինակ հնչեցին մեղավոր կնոջն ուղղված Քրիստոսի խոսքերը. «Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ բերեցին շնության մեջ բռնված մի կին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. “Վարդապետ, հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այդպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում”: Նրանք այս բաներն ասում էին նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենային: Բայց Հիսուսը, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. “Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա”: Եվ դարձյալ ցած նայելով, գետնի վրա գրում էր: Եվ այս լսելով, մեկ առ մեկ ելնում գնում էին, սկսած ամենատարեցներից: Եվ միայն Հիսուսը մնաց, և կինը՝ կանգնած նրա առաջ: Հիսուսը դիմեց նրան ու ասաց. “Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց”: Եվ նա ասաց. “Ո՛չ, Տե՛ր”: Եվ Հիսուսն ասաց. “Ես էլ քեզ չեմ դատապարտում: Գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր”» (Հվհ 8, 3-11):
[4] GEORGES DUBY - MICHELLE PERROT, Storia delle donne, vol. I, pp. 346, 348. Հարցի համանման լուծում էին որդեգրել նաև Հրեաները. «Թալմուդից տեղեկանում ենք, որ բազմակին Հրեաները զավակներ էին ունենում միայն առաջին կնոջից, մինչդեռ մյուսներին խմել էին տալիս դեղորայքներ (վիժեցնող թուրմեր, որոնք լուրջ վտանգի տակ էին դնում նաև կնոջ իսկ կյանքը), քանի որ այդ մյուսները սոսկ “հաճույքի” համար էին» (Նույն, p. 349):
[5] «Avvenire» օրաթերթի 21/1/2007 համարում:
[6] Elisabetta Sala, L'ira del re è morte, Ares, Milano 2008.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։