Անգլիայի պարագան – Գրադարան – Mashtoz.org

Անգլիայի պարագան

Եղիսաբեթ Առաջին թագուհու բողոքական Անգլիան այն երկիրն էր, ուր ամենահայտնի ծովահենները – Ուոլթեր Ռալեյից մինչև Ֆրենսիզ Դրեյքն ու Ջոն Հոքինսը – նպաստ և օգնություն էին ստանում թագուհու կողմից, թալանելու համար Ամերիկաներից վերադարձող իսպանական առագաստանավերը: Նրանց հարստությունը հիմնված էր թալանի, ավարառության և սևամորթ ստրուկների առևտրի վրա (թալանն ու ավարառությունը երբեմն ուղղվում էին նաև սպիտակամորթ իռլանդացիների դեմ): «Ստրուկների առևտրի և ծովահենության շնորհիվ», գրում է Դարա Կոտնիկը Եղիսաբեթ Առաջինի կենսագրության մեջ, «Ջոն Հոքինսը դառնում է Փլեյմութի և Անգլիայի ամենահարուստ մարդը, ինչի շնորհիվ էլ շահում է Եղիսաբեթի մտերմությունը, որին չէր հետաքրքրում, թե որտեղից էր գալիս այդ ոսկին». այն աստիճան, որ «1577 թվականին նրան նշանակում է թագավորական նավատորմիղի գանձապետ»: Իսպանացիների և նրանց կաթողիկե թագավոր Ֆելիպե Երկրորդի ոխերիմ թշնամի Ֆրենսիզ Դրեյքը Հոքինսի աշակերտներից մեկն էր, զբաղվում էր ստրուկների առևտրով և ծովահենությամբ. ի վերջո ստանում է բարոնի տիտղոսը և դառնում է Եղիսաբեթի մտերիմ ընկերը[1]: Չպետք է մոռանալ, որ Եղիսաբեթը նաև Անգլիկան Եկեղեցու գլուխն էր. չգիտենք, թե անգլիկան եկեղեցականների մոտ արդյոք անհամաձայնություններ եղե՞լ են ընդդեմ թագուհու վարած քաղաքականության. փաստն այն է, որ դրանց վերաբերյալ վկայություններ չեն պահպանվել: Եվ ինչպե՞ս հնարավոր կլիներ հակառակվել մեկին, ում ձեռքին էին բոլոր իշխանությունները և ով ներկայանում էր որպես մի տեսակ աստվածություն, թե՛ քաղաքական և թե՛ կրոնական հարթությունների վրա:
Սևամորթ ստրուկների առևտրի և այն հարձակողական (ագրեսիվ) քաղաքականության դիմաց, որի միակ նպատակը անսանձ շահամոլությունն էր և անգլիացի քոուբոյ-գաղթաբնակների համար հողեր գրավելն ու նվաճելը, որի անմիջական հետևանքը եղավ բնիկ կարմրամորթների ցեղասպանությունը, անգլիական արքունիքը երբեք ոչինչ չարեց, չընդդիմացավ և գոնե նվազագույն չափով չսահմանափակեց չարաշահումները, և անգլիական հասարակության մեջ մինչև Տասնիններորդ դարը չգտնվեց գոնե մի հոգի, որ ձայն բարձրացներ, խոչընդոտեր, ընդդիմանար, հիշեցներ սևամորթների ու բնիկների իրավունքները, գոնե նրանց, ովքեր պարբերաբար գերեվարվում էին Ավստրալիայից ու Աֆրիկայից, տարվում էին Անգլիա և կենդանաբանական այգիներին բնորոշ վանդակներում դրվում էին կրկեսային ցուցադրության: Անշուշտ, հարկավոր է նաև հաշվի առնել փաստը, որ եթե ինչ որ մեկի մտքով անցներ ընդդիմանալ, հաստատ կարող էր իմանալ, թե ի՛նչ է իրեն սպասվում. մահապատիժ, ինչպես կատարվել էր Թոմաս Մուրի և բոլորկաթողիկեների հետ, որոնք չէին ցանկացել հետևել Հենրի Ութերորդին: Պատմական փաստն այն է, որ կաթողիկեները գրեթե միակը եղան, որ որևէ ձևով արտահայտեցին իրենց անհամաձայնությունը անգլիական արքունիքի սանձազերծ անբարոյականություններին ու անարդարություններին: Բողոքական դաշտում կատարվում էր է՛լ ավելին. ոմանք, Աստվածաշնչի ազատ մեկնաբանության բողոքական սկզբունքին հետևելով, որոշեցին որդեգրել Նոյի պատմության արաբա-մուսուլմանական մեկնությունը, հատկապես այն դրվագի, ուր Նոյն անիծում է Քամին: Ինչպես որոշ մուսուլմանների համար շահավետ էր եղել պնդելը, թե սևամորթներն «ուղղակիորեն սերում էին Քամից»[2], նմանապես որոշ անգլիացիներ սկսեցին պնդել այդ նույն տեսությունը. սևամորթներին և Ամերիկայի ու Ավստրալիայի բնիկներին ստրկացնելն օրինավոր է, ասում էին, ինչպես փաստում է հենց Աստվածաշունչը: Նրանք, ովքեր պնդում էին այս տեսակետի վրա, անշուշտ ոչ մի լուրջ հետաքրքրություն չունեին Աստվածաշնչի նկատմամբ, այլ՝ պարզապես “ընդունելի” չքմեղանքներ էին փնտրում իրենց գործերի համար, որոնց ծանրությունն իրենք էլ իրականում գիտակցում էին: Գրենույոն իրավացիորեն նշում է, որ ստրկավաճառության կրոնական արդարացումներն «իրականում ալիբի էին և ո՛չ թե մի հիմնավոր պատճառ, որն ի զորու էր բացատրելու» ստրկավաճառությունը[3]:
Պատմական փաստն այն է, որ անգլիկան տիպի բողոքական Անգլիան և որոշ ժամանակով նաև բողոքական Հոլանդիան – երկրներ, ուր, արժե կրկնել սա, Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին և նրա հետ միասին նաև կրոնական իշխանությունը զրոյացվել էին – դարեր շարունակ մատակարարեցին ամենադաժան ու անգութ գաղութացնողներին և ստրուկների ամենաակտիվ վաճառականներին: Խղճի բացարձակ բացակայությունը և ստրկատիրական եռանկյունն էին, որ հարստացրեցին անգլո-սաքսոնյան ցինիկ կապիտալիզմին և Տասնվեցերորդ դարի վերջավորությանը Անգլիան դարձրեցին Եվրոպայի ամենահարուստ պետությունը[4]: Դոմենիկո Լոսուրդոն իրավացիորեն նշում է, որ Անգլիայում «ստրկատիրությունը մի բան չէր, որ գոյատևեց չնայած ազատական (լիբերալ) երեք հեղափոխությունների ունեցած հաջողության. ընդհակառակն, ստրկատիրությունն իր գերագույն զարգացումն ապրեց հենց այդ հեղափոխությունների շնորհիվ: [...] Տասնութերորդ դարի կեսերին Մեծ Բրիտանիային էր պատկանում ստրուկների համաշխարհային թվի մեծամասնությունը (878.000 մարդ): Այս տվյալը ոչնչով բնականոն չէ: Իսպանական կայսրության աշխարհագրական տարածքը շատ ավելի ընդարձակ էր, բայց իր տիրապետության տակ գտնվող ստրուկների թիվը անհամեմատելիորեն ավելի փոքր էր»:
 
Ուստի իրավացի էր անգլիացի հովիվ Ջոզիա Թակքըրը, երբ իր անգլիացի ազգակիցներին խոսելիս հաստատում էր. «Մենք, որ գոռոզաբար հռչակում ենք մեզ իբրև Ազատության Առաջամարտիկներ և Մարդկության բնական իրավունքների Դատապաշտպաններ, այս անմարդկային ու դաժան առևտրի (այսինքն՝ ստրկատիրության) մեջ գերազանցում ենք մյուս բոլոր ազգերին»[5]: Եղիսաբեթ թագուհու սիրեկանը հանդիսացող ծովահեն Ռալեյի կողմից հիմնված գաղութում՝ Վիրջինիայում, ուր ստրուկների թիվը Տասնյոթներորդ դարի վերջերին հսկայական էր, ստրուկները կարող էին անպատիժ կերպով սպանվել, նրանց ամուսնությունները «չէին ճանաչվում որպես խորհուրդ և նրանց թաղման արարողություններն էլ կորցրել էին իրենց հանդիսավորությունը»: Ստրկատերերը մինչև իսկ «խոչընդոտում էին ստրուկների մկրտությանը», որպեսզի «խուսափեին նրանց մեջ հպարտության զգացումների առաջացումից, որոնք կարող էին ծնվել տերերի միևնույն կրոնին պատկանելու գիտակցությունից»[6]: Վիրջինիայից էին Միության ամենակարևոր հիմնադիրներից Ջորջ Ուաշինգթընը, Ջեյմս Մեդիսընը և Թոմաս Ջեֆֆերսընը, որոնք երեքն էլ հարուստ ստրկատերեր էին: Ինչպես գիտենք, ստրուկների սերունդը հանդիսացող սևամորթների և ստրկատերերի սերունդը հանդիսացող սպիտակամորթների միջև օրենքի մակարդակով ամրագրված խտրականությունը Միացյալ Նահանգներում տևեց մինչև Քսաներորդ դարի 60ական թվականները:
Այդ ժամանակների անգլիացի ամենանշանավոր մտավորականները ևս տարօրինակ ոչինչ չէին տեսնում ստրկատիրության մեջ: Մանավանդ թե, լծվում էին նրա պաշտպանության գործին: Դրանցից մեկն էր անգլո-սաքսոնյան լիբերալիզմի ուսուցիչ Ջոն Լոքը, որը աֆրիկացի ստրուկների վաճառքով զբաղվող Թագավորական Աֆրիկյան Ընկերության (Royal African Company) բաժնետերերից էր: Նրա պնդմամբ՝ Ամերիկայի հնդիկները նման են «վայրի կենդանիներին», ուստի «կարող են սատկացվել առյուծի կամ վագրի նման»: Նա միևնույն դիրքորոշումն էր արտահայտում նաև կաթողիկե իռլանդացիների վերաբերյալ, որոնք նույնպես անգլիական կայսերապաշտության զոհերից էին, անվանելով նրանց «պապիստներ», «օձեր» և «ավազակներ»[7]:
Երբ Տասնիններորդ դարի կեսերին, դարեր շարունակ ստրկատիրության առաջնային դիրքերը զբաղեցնելուց հետո, անգլիացիները մեծ թափով սկսեցին մասնակցել ստրկատիրության վերացմանն ուղղված շարժմանը, – որը ծնունդ էր առել այն նույն Եվրոպայում, որը ծանր ոճիրներ էր գործել, բայց միակը եղավ, որ դրանց հանդեպ նողկանք զգաց[8], – կրոնական ջերմեռանդության վերազարթոնքի և քաղաքական իշխանությունների կողմից նվազ ճնշումների այդ ժամանակահատվածում հատկապես բողոքական և անգլիկան հովիվները եղան, որ առաջ տարան ստրկատիրության դեմ ուղղված պայքարը, ևս մեկ անգամ հաստատելով այն, ինչ Հեգելը գրել է իր «Պատմության փիլիսոփայության ուսուցումներ» աշխատությունում. «Գիտակցությունը, որ մարդը որպես մարդ ազատ է, [...] ամենից առաջ ծնվել է [Քրիստոսի] կրոնում»[9]:
Ինչ վերաբերվում է ապակրոնականացված Անգլիայի դիրքորոշմանը Ամերիկայի հնդիկների նկատմամբ, նույնիսկ ավելորդ է դրա մասին խոսելը. այդ ժողովրդի բնաջնջումը
բոլորի աչքի առաջ է և այդ ցեղասպանությանը, ինչպես արդեն ասացինք, անգլիական հասարակության ներսում ոչ ոք երբևէ չընդդիմացավ[10]:
 
Բնաջնջում, որը – տեղին է ընդգծել սա – դարեր շարունակ քողարկվել ու թաքցվել է անգլո-սաքսոնյան պատմագրության կողմից, որն արդեն մի քանի դար է, ինչ մասնագիտացել է մի տեսակ լրատվական և հոգեբանական պատերազմ մղելու մեջ, հատկապես քաղաքական ու կրոնական հարթության վրա իր դարավոր մրցակցի՝ կաթողիկե Իսպանիայի դեմ, իսպանացիներին ներկայացնելով որպես իրական ու մեծագույն հալածողները, եթե ո՛չ սևամորթների, գոնե ինդիոսների: Իսկ Քսաներորդ դարում հոլիվուդյան ֆիլմերի արտադրությունը վիթխարի կերպով նպաստեց անգլո-սաքսոնյան այս սև առասպելի տարածմանը ողջ աշխարհով մեկ:
Եվ սակայն, թվերն ինքնին խոսուն են և փաստում են, որ իսպանացի գաղութացնողները անհամեմատելիորեն նվազ արյունարբու էին և բնիկների նկատմամբ շա՜տ ավելի հարգալիր էին, քան անգլիացիները. «Հյուսիսային Ամերիկայում վերապրած կարմրամորթները մի քանի հազար հոգի են, իսկ նախկին-իսպանական և նախկին-պորտուգալական Ամերիկայում բնակչության մեծամասնությունը տակավին կա՛մ զտարյուն բնիկ է, կա՛մ էլ եվրոպացիների և (հատկապես Բրազիլիայում) սևամորթների հետ բնիկների խաչասերման արդյունքն է: [...] Վերադառնալով բնիկներին, նրանց բնակչությունը գրեթե անհետացել է այժմյան Միացյալ Նահանգներում, ուր որպես “հնդկական ցեղախմբերի անդամներ” են գրանցված շուրջ մեկ ու կես միլիոն անձինք: Այսթիվը, որն ինքնին արդեն ոչինչ է, է՛լ ավելի է պակասում, եթե հաշվի ենք առնում փաստը, որ գրանցվելու համար բավական է, որ տվյալ մարդու արյան մեկ քառորդը հնդկական լինի: Իրավիճակն ամբողջովին տարբեր է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, ուր բնակչության գրեթե 90%ը կա՛մ ուղղակի սերում է բնիկներից, կա՛մ էլ բնիկների և գաղթականների խաչասերման պտուղն է: Ինչպես նաև, մինչ Միացյալ Նահանգների մշակույթը հնդկականից ժառանգել է սոսկ մի քանի բառ, զարգանալով իր եվրոպական ակունքներից, առանց բնիկների հետ մշակութային փոխադարձ հարստացման, իսպանա-պորտուգալական Ամերիկայում պատկերն ամբողջովին տարբեր է, ուր խաչասերումը չի եղել միայն ժողովրդագրական հարթության վրա, այլ՝ ստեղծել է մի նոր մշակույթ և մի նոր հասարակություն, որի բնորոշ նկարագիրն անշփոթելի է»[11]:
Ինչո՞ւմ է կայացել անգլիական գաղութացման և իսպանական գաղութացման միջև տարբերությունը, որի հետևանքները տեսանելի են մինչև այսօր: Ինչո՞ւ իսպանականը, հակառակ ամեն ինչի, շա՜տ ավելի մարդկային և նվազ կործանարար եղավ:
[1] Dara Kotnik, Elisabetta d'Inghilterra, Rusconi, Milano 1984, p. 198.
[2] Olivier Pétré Grenouilleau, La tratta degli schiavi, p. 31.
[3] Նույն, p. 33.
[4] «Անգլիական Գաղութների և, ընդհանուր առմամբ, Բրիտանական Կայսրության հարստությունը մեծապես կախված է Աֆրիկայում Վաճականության այս ճյուղից», գրում է Բրիստոլի վաճառական Ջոն Քերին 1683-1684 թվականներին (մեջբերված է ANDREA GIARDINA - GIOVANNI SABBATUCCI - VITTORIO VIDOTTO, Prospettive di storia գրքում):
[5] Domenico Losurdo, Controstoria del liberalismo, Laterza, Bari 2006, pp. 16, 37.
[6] Նույն, pp. 35, 41.
[7] Նույն, pp. 25-26.
[8] Աֆրիկացիները միշտ սովոր են եղել ստրկությանը, նաև միմյանց միջև, եվրոպացիների ժամանումից առաջ էլ: Աֆրիկացիները չէին, որ մտահղացան ստրկատիրության վերացումը: Ինչպես նաև մուսուլմանները չէին, որ արեցին դա: Արդարև, ստրկատիրությունը Իսլամում երբեք չի դրվել կասկածի տակ, մուսուլմանական շարժումներից ոչ մեկի կողմից. «Մահմեդական ավանդական տեսանկյունից դիտված, ստրկատիրության վերացումը գրեթե անհնարին է: Արգելելը այն, ինչն Աստված թույլատրում է, գրեթե նույնքան ծանր մեղք է, որքան թույլատրելը այն, ինչն Աստված արգելում է: Ստրկատիրությունն Իսլամում թույլատրված էր և նրա կանոնավորումը մաս էր կազմում շարիաթին, և ինչն ավելի կարևոր է՝ պատկանում էր հասարակական օրենքների կենտրոնական մասին», որի համաձայն՝ ստրուկը «թույլատրելի ունեցվածք» է, վաճառքի ենթակա իրավազուրկ առարկա (STEFANO NITOGLIA, Islam, pp. 46-47):
[9] Ստրկատիրության վերացման Տասնիններորդ դարի անգլիական շարժումը ստրկատիրության դեմ իր պայքարը հիմնում էր բնական իրավունքի և Աստծո օրենքի վրա, որը շարժման ակտիվիստների համաձայն՝ որևէ պետության որևէ օրենքից գերակա է, և պետությունը, Աստծո օրենքը խզելով, ընկնում է «գործնական անաստվածության» մեղքի մեջ (DOMENICO LOSURDO, Controstoria del liberalismo, pp. 158-162): Կրոնական զգացողության վերազարթոնքի մթնոլորտում ի հայտ եկած այդ անձնավորությունների շարքին ամենակարևորը Ուիլլիամ Ուիլբերֆորսն էր (1759-1833), անգլիացի այդ պատգամավորը, որն իր կյանքի որոշակի պահի, կրոնական մի քանի գրքերի և Ավետարանի ընթերցանությամբ՝ անհավատությունից դարձի է գալիս Քրիստոնեության: Քրիստոնեական սկզբունքներով ոգևորված, 1787 թվականին Համայնքների Պալատին առաջարկ է ներկայացնում ստրկավաճառության արգելման համար: Հաջողության է հասնում քսան տարի անց, 1807 թվականին:
[10] «Բնաջնջում եզրը չափազանցված չէ և արտահայտում է կոնկրետ իրականությունը: Շատերը, օրինակի համար, չգիտեն, որ գլխամաշկումը հայտնի էր և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկայի հնդիկներին: Բայց հարավայինների մոտ իսկույն անհետացավ, որովհետև կաթողիկե իսպանացիներն արգելեցին այն: Հյուսիսում, մինչդեռ, ամբողջովին ա՛յլ բան պատահեց: Մեջբերենք, օրինակի համար, կողմնակալության կասկածներից զերծ մի այնպիսի հանրագիտարանից, ինչպիսին է Լառուսը. «Գլխամաշկման կիրառումը այժմվա Միացյալ Նահանգների տարածքներում տարածվեց Տասնյոթներորդ դարից սկսած, երբ սպիտակամորթ գաղութացնողները սկսեցին բարձր գին վճարել բոլոր նրանց, ովքեր կբերեին ինչ որ մի հնդիկի գլխամաշկը. տղամարդու կլիներ, կնոջ, թե երեխայի, կարևոր չէր»: Մասսաչուսեթսի կառավարությունը 1703 թվականին 12 ստերլին էր վճարում 1 գանգամաշկի դիմաց, այնպես որ հնդիկների որսը (ձիավորներով և որսորդական շների խմբերով կազմակերպված) շուտով դարձավ մի տեսակ ազգային սպորտ, որը  պարզապես սպորտ լինելուց բացի, նաև շահավետ էր: «Լավագույն հնդիկը դա մեռած հնդիկն է» նշանաբանը, որը միշտ գործի է դրվել Միացյալ Նահանգներում, ծնվել է ո՛չ միայն այն փաստից, որ սպանված յուրաքանչյուր հնդիկը նշանակում էր մի գլխացավանք պակաս գաղութացնողների համար, այլ նաև այն փաստից, որ նրա գլխամաշկի համար քաղաքական իշխանությունները բարձր գին էին վճարում: Մի բան, որը “կաթողիկե”, այսինքն՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայում լիովին բացակայում էր: Իսկ եթե ինչ որ մեկը ապօրինի կերպով փորձեր ներմուծել այն, ո՛չ միայն կարթնացներ կաթողիկե եկեղեցականների ընդդիմությունը, որոնք միշտ ներկա էին կաթողիկե գաղթականների կողքին, այլ նաև՝ կենթարկվեր օրենքով նախատեսված խիստ պատիժների, որոնք Իսպանիայի թագավորները սահմանել էին՝ պաշտպանելու համար բնիկների կյանքի իրավունքը» (VITTORIO MESSORI, Pensare la storia, SugarCo, Milano 2006, pp. 637-657):
[11] VITTORIO MESSORI, Pensare la storia, pp. 637-657. Մեսսորին իր աշխատությունում մեջբերում է նաև ֆրանսիացի պատմագետ Փիեր Շոնյուի խոսքերը. «Հակաիսպանական առասպելը, իր ամերիկյան տարբերակում (միևնույն առասպելի եվրոպական տարբերակում որպես թիրախ գործածվում է հատկապես Ինքվիզիցիան), կատարել է լիցքաթափման փականի դերը: Տասնվեցերորդ դարում իսպանացիների կողմից ինդիոսների կոտորածի շինծու պատմություններով քողարկվեց Միացյալ Նահանգների արևմտյան տարածքներում Տասնիններորդ դարում իրոք տեղի ունեցած բնաջնջումը: Բողոքական Ամերիկան այդպիսով կարողացավ ձերբազատվել իր ոճիրներից, դրանք Կաթողիկե Ամերիկայի վրա բարդելով» (PIERRE CHAUNU, L'America e le Americhe. Storia di un continente, Dedalo, Bari 1984): Իսպանացիների և բնիկների միջև փոխգործակցության մասին գրում է նաև Ռոբերտո Իվալդին. «Իսպանական գաղութացումը միայն ավերիչ չեղավ, ո՛չ էլ երբևէ հիմնվեց բնիկ մշակույթի ամբողջական մերժման վրա: Իսպանացիների գաղութային ճարտարապետությունը, քաղաքաշինական նոր կառուցվածքները, հողագործության և ջրագծերի անցկացման համակարգերը, վարչական, կրոնական և մշակութային կազմակերպումը ձևացնում էին մի համադրություն, ուր իսպանական գերիշխանությունը չէր զրոյացնում բնիկ տարրերը» (ROBERTO IVALDI, Storia del colonialismo, Newton, Roma 1997, pp. 19-20):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։