Անգլիկան Եկեղեցու ծնունդը Հենրի Ութերորդի օրոք – Գրադարան – Mashtoz.org

Անգլիկան Եկեղեցու ծնունդը Հենրի Ութերորդի օրոք

Բողոքականությունից ծնունդ առած բազմահազար աղանդ-հերետիկոսություններից մեկն է նաև Անգլիկան Եկեղեցին: Այն սկիզբ է առել նախաձեռնությամբ մի թագավորի, որը ցանկանում էր լուծարել իր ամուսնությունը, որովհետև իր օրինավոր կինը՝ Կատերինա Արագոնացին “չէր կարողանում” իր համար արու զավակ ծնել: Հենրի Ութերորդը հիմնում է մի նոր “եկեղեցի” և ինքն իրեն հռչակում է դրա գլուխը, որպեսզի նախևառաջ կարողանա ամուսնանալ Աննա Բոլենայի հետ, մի երկրորդ ապօրինի ամուսնությամբ, մինչ օրինավոր կինը տակավին ողջ էր, բայց սկզբնական այդ ցանկությանը շուտով խառնվում են նաև ա՛յլ անձնական և քաղաքական դրդապատճառներ: Ժողովուրդը համաձայն չէր այդ քայլին, սիրում էր իր թագուհուն՝ Կատերինային, մինչդեռ բացարձակապես հարգանք չուներ Բոլենայի հանդեպ, որի դեմ նույնիսկ հրապարակային ցույցեր կազմակերպվեցին: Բոլենայի վարկը պաշտպանելու համար, թագավորը հռչակում է «մի հատուկ օրենք, որի համաձայն պետական դավաճանություն է համարվում նրան որպես թագուհի չպատվելը»: Հենրի Ութերորդը չափազանց խորամանկ անձնավորություն էր, և հատկապես նենգ ու խորամանկ էին իր խորհրդատուները. թագավորը շատ չանցած գլխատել է տալիս “այդքա՜ն սիրելի” Բոլենային և նրա եղբորը, մեկը մյուսի ետևից “ամուսնանում է” հինգ կանանց հետ, որոնցից ոմանց դատապարտում է մահվան, ոմանց՝ ցմահ բանտարկության, իր շահերի համար գործածում է վատթարագույն հատկությունները նրանց, ովքեր կարող էին այս կամ այն կերպ օգտակար լինել իրեն, գոհացում տալով նրանց ցանկություններին: Հռչակում է մի “պետական եկեղեցու” ծնունդը, որի գլուխը միայն ինքն է, ընդառաջելով որոշ խմբավորումներում ներկա ազգայնամոլական զգացումներին: Թագավորական գանձարանին է հատկացնում եկեղեցական բոլոր եկամուտները և աստիճանաբար փակում է կաթողիկե վանքերը, վանատները, դպրոցներն ու հիվանդանոցները, բռնագրավելով հսկայական քանակի ունեցվածք ու հարստություն, որն իրեն չէր պատկանում: Դրանք իրեն հարկավոր էին սեփական գանձանակը լցնելու և ազնվականներին ու բուրժուաներին կաշառելու համար: Լուրջ հաշվարկների համաձայն, այդ տարիներին ոչնչացվել է Անգլիայի «միջնադարյան գեղարվեստական ժառանգության 90%ը»: Եվ, ինչպես գրել է անգլիացի մեծ մտածող Գիլբերտ Չեսթերթոնը, «այն, ինչը Անգլիայում պատճառ հանդիսացավ կաթողիկեության մահվան համար, պատճառ հանդիսացավ անգլիական կապիտալիզմի ծննդի համար», մի կապիտալիզմ, որի բնորոշ գծերն են հարձակողականությունը, աղքատների ու տկարների հանդեպ անտարբերությունն ու անհոգատարությունը, գաղութականությունը, ամենատարբեր տեսակի խարդախությունները, շատ հաճախ նաև ծովահենությունը:
Բազմաթիվ կաշառված կողմնակիցներ ձեռքբերելու հետ միասին, Հենրի Ութերորդը հաստատում է պետական մակարդակի ահաբեկչական վարչակարգ: Բազմաթիվ եկեղեցականներ ու վանականներ հալածվում ու սպանվում են. Կիստերսյան Միաբանության անդամ հինգ վանականներ, որոնք չեն համաձայնվում ուրանալ իրենց հավատքը, «մեկ առ մեկ քառատվում են, մինչ մյուս վանականներին ստիպում են ներկա գտնվել» այդ սոսկալի տեսարանին. հարյուրավոր կաթողիկեներ սպանվում են իբրև կռապաշտներ կամ դավաճաններ. այնպիսի կարևոր հումանիստներ, ինչպիսիք էին Ուայըթը, Սըրրին և Վայվսը բանտ են նետվում, սպանվում կամ արտաքսվում, մինչ Էրազմուսը մեկընդմիշտ հեռանում է Անգլիայից: Նախկին վարչապետ Թոմաս Մուրը, որը թագավորի կամքին չի ենթարկվում ո՛չ սպառնալիքներով, ո՛չ շողոքորթություններով, դատապարտվում է մահվան, ինչպես նաև եպիսկոպոս Ջոն Ֆիշերը, որի գլուխը «ցցի վրա են ամրացնում և ի ցույց դնում Լոնդոնի կամուրջի վրա», որտեղից հանելով՝ նետում են Թեմզայի ջրերի մեջ, նույն տեղում ի ցույց դնելով Մուրի գլուխը:
 
Ահաբեկչությունից բացի, ինքն իրեն որպես Ավետարանի միակ ճշմարիտ մեկնիչ պարտադրելու համար, Հենրի Ութերորդն ու իր խորհրդատուները ձեռնարկում են մի զանգվածային քարոզարշավ, որին օգնության է հասնում հենց այդ ժամանակներում կատարված տպագրության գյուտը: Անգլիան հեղեղվում է ամենատարբեր բնույթի գրքույկներով, որոնց նպատակն էր ներկայացնել ավետարանական տեքստը միայն այն կերպ, որ հնարավոր լիներ արդարացնել թագավորի վարած քաղաքականությունը: «Տպագրվում էին պաշտոնական քարոզներ և տարածվում էին բոլոր եկեղեցիներով մեկ, ուր բոլոր քահանաներին պարտադրվում էր ժողովրդի առաջ կարդալ միայն այդ քարոզները»: Ուսյալ անձինք, համալսարանական դասախոսներն ու եպիսկոպոսները կա՛մ շողոքորթվում էին, կա՛մ սպառնալիքների էին ենթարկվում, որպեսզի ավետարանական կղզիացված ու աղավաղված հատվածների օգնությամբ արդարացնեին թագավորի անբարոյական արարքները: Հռոմի Սրբազան Քահանայապետը մշտապես ներկայացվում էր որպես օտար տիրակալ, Անգլիայի ոխերիմ թշնամի, «հերետիկոս»: Կաթողիկեների հանդեպ ատելությունը, որոնց տրվում էին «պապականներ» և «հակաքրիստոսի հետևորդներ» անունները, Անգլիայում խնամվում ու սնուցվում է նաև հաջորդ դարերի ընթացքում, Անգլիայի թագավորների ու թագուհիների անմիջական նախաձեռնությամբ, որոնց հետաքրքրում էր տարածել և ժողովրդի մեջ ամրապնդել այն գաղափարը, թե «ով հակառակվում է թագավորին, հակառակվում է Աստծուն», ինչպես պնդում էր Ուիլլիամ Թինդեյլը[1]:
 
Բայց ինչպես տեղի ունեցավ բողոքականների դեպքում, բազմաթիվ անգլիկան հավատացյալներ ևս գործնական հարթության վրա շատ հաճախ ընդունակ գտնվեցին հեռանալու իրենց հիմնադիրների ուսուցումներից ու օրինակից, ուղղակի Ավետարանից քաղելով փրկարար սկզբունքներ իրենց և մարդկության համար. բազմաթիվ լութերականներ, կալվինականներ ու անգլիկաններ փակագծերի մեջ փակեցին ու մոռացության մատնեցին բարի գործերի անարժեքության մասին Լութերի ու Կալվինի խելագար ուսմունքը, Հենրի Ութերորդի և նրա հաջորդների ցինիզմը, քաղաքական իշխանության նկատմամբ մշտապես զիջումների հակված դիրքորոշումը, որը բնորոշ է բողոքական բոլոր հոսանքներին: Փոխարենը, նպաստեցին այնպիսի անմահ գործերի իրականացմանը, որոնք մեծ կարևորություն ունեցան մարդկության պատմության համար: Նրանցից մի քանիսի անուններն արդեն հիշվել են այս գրքի նախորդ գլուխներում. բապտիստ միսիոները, որը առաջինն էր, որ սկսեց պայքարել այրի կանանց այրելու հինդուիստական սովորության դեմ. Մարկ Ուիսդոմը, որը սկիզբ տվեց Տռո կուռքին որպես ստրկուհիներ նվիրաբերվող աղջիկների ազատագրման պայքարին. Ուիլլիամ Ուիլբերֆորսը և ուրիշներ, որոնք մեծ ներդրում ունեցան Տասնութերորդ և Տասնիններորդ դարերի հակաստրկատիրական շարժման մեջ. կարիքավորների խնամքի բազմաթիվ կենտրոնների հիմնադրուհի Սեսիլի Սոնդերսը. մարդասիրությամբ փայլող ուրիշ բազմաթիվ անձնավորություններ, որոնք միսիոներական ծառայություններ են կատարել աֆրիկյան ամենաաղքատ երկրներում, ինչպես համբավաշատ բժիշկ Ալբերտ Շվայցերը, որն իր կյանքն ու ունեցվածքները նվիրաբերեց Գաբոնում հիվանդանոց հիմնելու և արևադարձային հիվանդությունների ու բորոտության դեմ պայքարելու համար: Գործնական գետնի վրա բողոքականության տեսական ուսուցումներից հեռանալով, նրանք բոլորն էլ գործեցին հանուն Քրիստոսի և եղան Քրիստոսի տեսանելի ու հավաստի վկաները:

[1] Վերջին տարիներին բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ են լույս տեսել, որոնք բավական լույս են սփռել Հենրի Ութերորդի թագավորության տարիների շուրջ: Օրինակ. ELISABETTA SALA, L'ira del re è morte, Ares, Milano 2008; DARA KOTNIK, Enrico VIII, Rusconi, Milano 1995; QUENTIN SKINNER, Le origini del pensiero politico moderno, vol. II, Il Mulino, Bologna 1989, pp. 136-163: Սկինները պատմում է, թե ինչպես է Հենրի Ութերորդը սարսափելի սպառնալիքներով ստիպել որոշ քահանաների ու եպիսկոպոսների, որպեսզի տասնյակ հատորներ գրեն ի պաշտպանություն ամուսնալուծության և Հռոմի Եկեղեցուց անջատման: Պատմում է նաև, թե ինչպես էր թագավորը թատերագրեր ու կեղծ պատմաբաններ վարձում, որոնց պատվիրում էր թատերական ներկայացումներ ու “պատմական ուսումնասիրություններ” գրել, որոնց մեջ Հռոմի Պապը պետք է ներկայացվեր որպես ամեն տեսակ ամոթալի գործերի ընդունակ հակաքրիստոս, և հատկապես՝ որպես Անգլիայի ոխերիմ թշնամի: Մի գործելաոճ, այսինքն, որն իրենից հետո որդեգրեցին գրեթե բոլոր քաղաքական գործիչներն ու կառավարությունները, մինչև մեր օրերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։