Անիմիստական Աֆրիկան այսօր. մոգության, կախարդության և սնապաշտության ճիրաններում – Գրադարան – Mashtoz.org

Անիմիստական Աֆրիկան այսօր. մոգության, կախարդության և սնապաշտության ճիրաններում

Արդ, եթե մտորում ենք այս պատմության շուրջ և այն կապակցության մեջ ենք դնում մեր օրերում տեղի ունեցող դեպքերի հետ, հստակ կերպով հասկանում ենք, թե ինչպես Քրիստոնեությունը եղել և մնում է քաղաքակրթությունը սնուցող կարևորագույն աղբյուրը, որովհետև բացում և բաց է պահում ճանապարհը դեպի մարդկային ազատությունն ու բանականության գործածումը, և ամբողջական ժողովուրդներ ազատում է պոլիթեիզմին բնորոշ սնապաշտությունների սարսափից: Այս ամենն ավելի լավ հասկանալու համար, քննարկման վրա ևս մեկ անգամ կարող է լույս սփռել համեմատությունը քրիստոնեական մտահամակարգի համաձայն կրթված Եվրոպայի և անիմիստական Աֆրիկայի միջև:
Այդ վիթխարի, բայց շատ քիչ բնակեցված մայրցամաքը դարեր շարունակ ապրում է ողբերգական իրավիճակում, ինչը որ բազմապիսի պատճառների հետևանքն է, որոնց մեջ, սակայն, նվազ կարևորներից չէ այն հանգամանքը, որ խոսքը վերաբերվում է մի մայրցամաքի, որի մեծամասնությունը տակավին չի ընդունել ավետարանական պատգամը:
Ինչպես արդեն ասացի, միտքս կբացատրեմ զանգվածային լրատվության միջոցների կողմից տարածված տեղեկություններով:
«Famiglia Cristiana» շաբաթաթերթն իր 2009 թվականի թիվ 30 համարում պատմում էր կամերունցի լրագրող Սթեֆան Էլբոնգի մասին, որն իր երկրից փախել և ապաստանել է Իտալիայում, որովհետև լսնամաշկ է (ալբինոս): Նրա եղբայր Մորիսը, որն իր նման լսնամաշկ էր, սպանվել էր իրենց երկրում վխտացող կախարդների կողմից, ամենայն հավանականությամբ՝ լսնամաշկի օրգանները մոգական արարողությունների ժամանակ օգտագործելու համար: «Ժողովրդական սնապաշտությունների համաձայն», պատմում է Սթեֆանը, «լսնամաշկ մարդիկ Աֆրիկայում համարվում են ձախորդություններ բերող: Ուստի նրանց զոհաբերում են, որպեսզի մեղմեն իրենց աստվածությունների ցասումը և շահեն նրանց բարեհաճությունը: Այդ զոհաբերությունները կարող են կատարվել տարբեր ձևերով: Գյուղերում լսնամաշկ մարդկանց մազերն ու եղունգները թաղում են դաշտերում, որպեսզի տրմենու (կակաոյի) ու բրնձի արտերը առավել առատ բերք տան: Իսկ օրգաններից մի քանիսը, հատկապես սիրտն ու սեռական օրգանները, կախարդների կողմից օգտագործվում են կախարդական իրեր՝ հուռութքներ, հմայիլներ (թալիսմաններ) և թուրմեր պատրաստելու համար: Նրանց անհեթեթ հավատալիքների համաձայն, նրանց՝ ովքեր գործածելու են այդ հմայիլները կամ խմելու են այդ թուրմերը, ապահովելու են հարստություն ու հաջողություն սիրո ու աշխատանքի մեջ: Շատերը մինչև իսկ հավատում են, որ այդ կախարդական իրերը իրենց գործածողին կարող են անխոցելի դարձնել փամփուշտների դիմաց: Երբ մեկը ծնվում է լսնամաշկությամբ», շարունակում է Սթեֆանը, «ընտանիքը սովորաբար ամաչում է դրա համար և դա շատ վատ է ընդունվում հասարակության կողմից: Ես բախտավոր եմ եղել, որովհետև իմ ընտանիքն ինձ միշտ օգնել է: [...] Երկու տարի առաջ տեղի ունեցավ Դուալայի մոտակայքում գտնվող Կամերուն լեռան հրաբխային հերթական ժայթքումը: Առասպելներն ասում են, որ հրաբխի աստծո ցասումը ողոքելու համար հարկավոր է լսնամաշկների արյուն հեղել: Մի քանի օրվա ընթացքում լսնամաշկ վեց մարդ անհետացավ: Կասկածից վեր է, որ նրանց առևանգել են իրենց աստվածներին զոհաբերելու համար: Իմ վախճանն էլ էր նույնը լինելու: Այդ պատճառով է, որ 2007 թվականի Ապրիլին, թեև չէի ցանկանա, բայց հարկադրված որոշեցի փախչել»:
 
«La Stampa» օրաթերթն էլ իր 20 Հոկտեմբեր 2008 համարում տպել է «Հրապարակում լսնամաշկներ կան, սպանե՛ք դրանց» վերնագրով մի հոդված, ուր ևս նմանատիպ սարսափելի տեղեկություններ ենք կարդում. «Կախում ունի այն բանից, թե ճակատագրի բերումով Աֆրիկայի ո՛ր անկյունում են նրանք ծնվել. լսնամաշկները մի տեղ անեծք են համարվում, մի տեղ՝ երկնային օրհնություն, մի տեղ ջրային աշխարհին պատկանող ոգիներ են, ուրիշ մի տեղ էլ՝ կիսաստվածներ: Մի տեղ ամբոխը ձեռքին ընծաներ բռնած վազում է նրանց ետևից, ստանալու համար նրանց կարծեցյալ դրական ազդեցությունը, կամ էլ՝ իր ուզածի համաձայն գործածելու համար նրանց նույնքան կարծեցյալ բացասական ազդեցությունները. մի ուրիշ տեղում մարդասպան ոհմակները նրանց առևանգում են մարդկային զոհաբերությունների համար: Արյան մի հնադարյան ծարավ է սանձազերծվում, որին թիկունք են կանգնում վաղեմի առասպելները, որոնք անողոք կերպով շարունակվում են վերարտադրվել, ներառյալ բջջային հեռախոսների ու համացանցի միջոցով: Աֆրիկացին շատ հաճախ երկու կյանք է վարում. դրանցից մեկում տեղ են գտնում տեխնոլոգիական նորությունները, բայց մյուսը շարունակում է չորացած ու կառչած մնալ մոգությանը, դիվային վախերին ու փորձություններին: Վերջերս Թանզանիայում միայն մի քանի ամսվա ընթացքում սպանել են 26 լսնամաշկ մարդկանց, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ էին: Եվ սակայն, Թանզանիան համարվում է Աֆրիկայի ամենականոնակարգված երկիրը: [...] Վերջին զոհի անունն է Ժովեն Մաջալիուա, մանկահասակ մի տղա, որի միակ հանցանքն այն էր, որ ծնվել էր լսնամաշկ. դաժանորեն հոշոտել էին տղայի մարմինը և կտրել տարել էին սեռական օրգանները: [...] “Լսնամաշկներին միշտ էլ սպանել են”, ցածրաձայն հակադարձում է մեր հարցումներից դժգոհ ժողովուրդը, “կախարդներից շատ ավելի կարևոր բաներ կան, որոնցով է հարկավոր զբաղվել: Լսնամաշկները թող իրենք իրենց պաշտպանեն չար աչքից”: Հարևան Բուրունդիում մարդիկ սովոր են ճանապարհին հանդիպել լսնամաշկ մարդկանց անդամահատված դիակների: Առարկան են դարձել մի հրեշային առևտրի. լսնամաշկի մարմնից քաշում են ամբողջ արյունը, կտրտում են ոտքերն ու ձեռքերը, որոնք հետո թանկ գնով վաճառում են Թանզանիայում: Շշուկները խոսում են հսկայական գումարների մասին. 600.000.000 շիլլինգ (300.000 Եվրո) մի լսնամաշկի դիակի համար: Աֆրիկայում մեծ թիվ են կազմում մաշկի այս հիվանդությամբ տառապող մարդիկ, որի բնորոշ հատկանիշը մաշկի ու մազերի մեջ գույնի ամբողջական կամ մասնակի բացակայությունն է: Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ ենթակա են տեսողության խանգարումներ և մաշկի ուռուցքներ ու քաղցկեղներ ունենալու բարձր հավանականության, բայց սա բնավ չի մտահոգում տեղի ժողովրդին: Նրանց դահիճները այն հավատալիքներն են, որոնք այն աստիճան են արմատավորվել աֆրիկացիների մոտ, որ տեղեկատվական քարոզչությունն անգամ ի զորու չէ արմատախիլ անելու դրանք: Սևամորթ ծնողներից սպիտակամորթ ծնված լինելու երկդիմի փաստը գրգռում ու կատաղեցնում է սնապաշտ ժողովրդին: Սովորաբար մայրն է համարվում հիվանդության պատճառն ու պատասխանատուն. իբր թե հղի ժամանակ քնել է աստղերի տակ, մի վայրում, որն ինչ որ մոգական ազդեցություն է ունեցել պտղի վրա, կամ էլ՝ որովհետև հղի ժամանակ դավաճանել է ամուսնուն: [...] Աֆրիկացիները համոզված են, որ լսնամաշկ մարդիկ կարող են գուշակել ապագան, չար աչք նետել ինչ որ մեկի վրա, կամ էլ՝ բախտ ու հարստություն տալ: Քանի որ կամա թե ակամա կրում են այս կարողությունները, ուրեմն կատարյալ են մարդկային զոհաբերությունների համար, որոնք մինչև օրս էլ կիրառվում են՝ սեփական հզորությունն ավելացնելու կամ սոցիալական վիճակը բարելավելու նպատակով: Երբ աֆրիկյան երկրներում սկսվում են քաղաքական ընտրությունները, լսնամաշկները փակվում են տներում, որպեսզի այս կամ այն թեկնածուին պաշտպանողների ձեռքը չընկնեն և նրա հաջողության համար չզոհաբերվեն: Ժողովուրդը նրանց չի նկատում որպես մարդկային էակներ, այլ՝ զոհաբերության համար հարմար առարկաներ, և կարևորը նրանց կտրված գլուխներն են, կամ սեռական օրգանները, կամ եղունգները, որոնք համարվում են մարմնի ամենամոգական մասերը»:
Եթե տեղափոխվում ենք Նիգերիա կամ Բենին, գտնում ենք վուդույական արարողությունների մտասևեռուն ու սարսափելի մի ներկայություն: Նիգերիացիների արտագաղթը դեպի եվրոպական երկրներ՝ թույլ տվեց ճանաչել և հասկանալ, թե այդ ամենն ի՛նչ է նշանակում այդ ժողովուրդներիհամար մինչև այսօր. սկսած սովորույթից՝ վուդույական արարողություններ կատարելու կանանց վրա, որոնց դրանից հետո ուղարկում են Եվրոպայի փողոցներում պոռնկանալու, «վճարելով տարիներ ու տարիներ տևող սեռական շահագործմամբ, վուդույական արարողությունների ենթարկվելուց հետո, որոնց ազդեցությունը բազմաթիվ դեպքերում տարածվում է նաև երիտասարդ աղջիկների ընտանիքի բոլոր անդամների վրա, ի վնաս նրանց»[1], մինչև սովորույթը՝ զոհաբերելու երեխաներին «իբրև վուդույական ծեսեր կատարելու համար նախատեսված զոհեր»:
2001 թվականի Սեպտեմբերին, Թեմզայի ջրերում մի փոքրիկ սևամորթ երեխայի մարմինը պատահաբար գտնելուց հետո, – ավելի ճիշտ կլինի ասել երեխայի մարմնի մնացորդները գտնելուց հետո, քանի որ երեխայի գլուխը, ոտքերն ու ձեռքերը կտրված էին, – Սքոթլանդ Յարդը սկիզբ տվեց մի հետախուզության, որի արդյունքում բացահայտվեց, որ վուդույական այդ զոհաբերությունը կատարվել էր չար ոգիներին պաշտող Յու-Յուների աղանդի կողմից: Երեխայի ստամոքսում և աղիքներում գտնվել էին աֆրիկյան ծագում ունեցող խոտեր, որոնք օգտագործվել էին զոհին թմրեցնելու համար, թեև չի բացառվում նաև դրանց գործածումը մոգական ա՛յլ նպատակների համար: «Շատ հաճախ այդ արարողությունները», հիշեցնում է Ռիքքարդո Օրիցիոն «La Repubblica» օրաթերթի 30 Հունվար 2002 համարի համացանցային տարբերակում, «պատվիրվում են ամլության խնդիրներ ունեցողների կողմից: Եվ շատ հավանական է, որ երեխայի մարմնի որոշ մասերը – մատները, գանգը և ուղեղը – գործածվել են “դեղեր” և մոգական թուրմեր պատրաստելու համար», ճիշտ ինչպես կատարվում էր վհուկ Քանիդիայի օրոք, որի մասին պատմում է լատին բանաստեղծ Հորացիոսը: «Հյուսիսային Բենինում համոզված են, որ եթե երեխան ծննդաբերության ժամանակ մոր արգանդից դուրս չի գալիս նախ գլխով և երեսը դեպի վեր, դա հաստատ նշան է, որ այդ նորածինը կախարդ է: Եվ ավանդությունը պահանջում է, որ այդ երեխան պետք է սպանվի, ինչը անելու համար բռնում են երեխայի ոտքերից և գլուխը թափով խփում են մոտակա ծառի բնին»[2]:
Վերջերս տեղի ունեցած ուրիշ երկու դեպք ևս մեջբերելու համար, կարող ենք հիշել Ուգանդայում և Անգոլայում տեղի ունեցած միջադեպերը: Եվ պետք է հաշվի առնենք այն փաստը, որ մենք ճանաչում ենք միայն մի քանի միջադեպ, քանի որ զանգվածային լրատվության միջազգային գործակալությունները միայն երբեմն են անդրադառնում այս խնդիրներին, բայց դրանք Աֆրիկայում տեղի են ունենում գրեթե ամեն օր: Ուգանդայի անգլիկան եպիսկոպոս Հենրի Օրոմբին իր համայնքի անդամներին վերջերս պատվիրեց ծոմապահության ու աղոթքի ժամանակաշրջան անցկացնել, «վերջ դնելու համար մարդկանց, հատկապես երեխաների զոհաբերություններին: Մարդկային զոհաբերությունը», հայտարարեց եպիսկոպոսը, «բացասական և դիվային արարք է: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է հոգևոր բնույթ ունեցող խնդրի, որը հոգևոր բնույթի լուծում ստանալու կարիքն ունի: Դևերը, որոնք պահանջում են մեր երկրի անմեղների արյունը, պետք է լռեցվեն, արտաքսվեն ու կործանվեն, որպեսզի մեր սիրելի Երկիրը ազատվի և բժշկվի այս չարիքից»[3]:
 
Անգոլայում, մինչդեռ, սոսկ իրենց ներկայությամբ իսկ ձախորդություն ու դժբախտություն բերելու մեջ մեղադրվող մարդկանց աննկարագրելի ձևերով խոշտանգում և սպանում են որոշակի հաճախականությամբ: Պարադոքսը այն է, որ այդպիսի դեպքերում հրապարակ են իջնում “բարի” կախարդներ ու մոգեր, որոնց պարտականությունը “չար” կախարդներին ու մոգերին սպանելն է և մոգական թուրմեր պատրաստելը, որոնց բաղադրության մեջ շատ հաճախ մտնում է նաև մարդկային արյունը: «Չարի ազդեցության տակ են: Չար աչք կա նրանց վրա, թուղթ ու գիր են արվել, պետք է բժշկվեն, ամեն գնով: “Քառասուն օր ոտքերս կապած պահեցին, աչքերիս մեջ պղպեղ լցրեցին, մարմինս սուր դանակներով ծակծկեցին, որպեսզի դուրս հանեին նեխած արյունս, աղիքներիս մեջ տարբեր խոտերի թուրմեր լցրեցին՝ ինձ անեծքից ազատելու համար”, պատմում է 10 տարեկան Ինեսը, որը որբ մնալուց հետո հայտնվել էր հորեղբայրների և նրանց ընտանիքների խնամքի ներքո, որոնք կասկած չունեին. Ինեսի վրա չար աչք կար, հարկավոր էր նրան փրկել: [...] Բնակչության մեծամասնության մոտ տարածված Բանթու մշակույթը մեծ կարևորություն է վերագրում ոգեհարցներին, որոնք իբրև թե ընդունակ են ոգիների բարեհաճությունը հայցողի վրա հանգչեցնելու, մյուս աշխարհի հետ հաղորդակցվելու և այդ կերպ կենսական հզոր ուժեր ստանալու: [...] Այդ ուժը անվանվում է Քունդու, բայց եթե հասարակության համար գործածվելու փոխարեն գործածվում է կործանարար նպատակների կամ անձնական շահի համար, փոխակերպվում է բացասական ուժի. դառնում է Քինդոկի, կամ՝ կախարդություն: Բազմաթիվ երեխաներ, որոնց վերաբերյալ կարծում են՝ թե գտնվում են Քինդոկիի ազդեցության ներքո, ենթարկվում են ամեն տեսակ խոշտանգումների»[4]: Միևնույն օրաթերթի միևնույն համարում կարդում ենք նաև հետևյալհամառոտ լուրը. «Սարսափելի խոշտանգումներ, մոգական ծիսակատարություններ և վուդույական արարողություններ՝ իրենց երիտասարդ հայրենակցուհիներին ստիպելու համար, որ տրվեն մարմնավաճառության: Բանտարկվել են նիգերիացի երկու կանայք»:
Ի վերջո, այս համայնապատկերն ամբողջացնելու համար, երկու հետաքրքրաշարժ վկայություններ: Առաջինը արդեն մեջբերված մարդաբան Չեչիլիա Գատտո Թրոքքիինն է, որը երկար տարիներ դասավանդել է Պերուջայի համալսարանում. «Մոգության երևույթի նկատմամբ մարդաբանական հետաքրքրությունն ինձ տարավ Աֆրիկա, Գանայի ծովեզերք, արևադարձային անտառների սահմանագծին գտնվող գյուղերից մեկը: Այնտեղ կախարդ Հոլուսին կանչում էր ննջեցյալների հոգիներին, կախարդություններ ու դյութանքներ էր արձակում այս ու այն կողմ, որոնց վերաբերյալ ժողովուրդը համոզված էր, որ անպայման կատարվում էին, բժշկում էր հիվանդություններ, սոսկ մտքի ուժով սպանում էր թշնամիներին, թքելով նրանց լուսանկարների վրա: Մի քանի մղոն հեռավորության վրա, Լարեթում, վհուկ Օպարաբեան պակաս բազմազբաղ չէր. վերջինիս հաճախորդները, սակայն, ավելի բազմաթիվ և ավելի ունևոր էին: Նրա տաճարի նախասրահում հերթի կանգնած տեսա ո՛չ միայն տեղացի չքավորներին, այլ նաև Դիթրոիթից և Չիկագոյից ջեթերով եկած աֆրո-ամերիկացիների»[5]:
Երկրորդը Աֆրիկայից վերջերս վերադարձած մի բժիշկ կամավորի վկայությունն է, որն իր բլոգում հրապարակել է մեծ փորձառության տեր այնպիսի մի միսիոներ, ինչպիսին է Հայր Փիերո Գեդդոն. «Մի կողմից, ուր հասել է արդի կենսաձևն իր աշխատանքներով ու ռիթմերով, կա իրականությունը, այսինքն՝ աշխատանքի, տնտեսության, քաղաքականության, մեքենաների, ձայնասփյուռի ու հեռուստացույցի, արդի սովորույթների ամենօրյա ապրումը. սակայն մյուս կողմից՝ հավատալիքների, մոգությունների, կախարդությունների, երազների, երազահանների, աստղագուշակությունների, դյութանքների, գուշակների, պատրանքների “հոգևոր-գերբնական” հարթությունն է, որը աֆրիկացուն տանում է իրական աշխարհից դուրս, նրան ապրել և վարվել է տալիս մի անիրական ձևով: Երբ ինչ որ մեկը հիվանդանում է, բժշկական արդի միջոցներին դիմելու միտքը մարդկանց մտքում ծնվում է միայն այն բանից հետո, երբ փորձած են լինում կախարդների մոգական միջոցները, որոնք հաճախ վատթարացնում են հիվանդի վիճակը: Երբ ինչ որ մեկը մահանում է, ո՛չ միշտ, բայց երբեմն ընտանիքի անդամները ցանկանում են իմանալ, թե ո՛վ է նրան աչքով տվել և ո՛վ է այդ մահվան պատասխանատուն. ինչից էլ ծնվում են կասկածներ, թունավորումներ, վրեժխնդրություններ, ընտանիքների միջև պատերազմներ: Չար ոգիներին նվերներ են ընծայում կենդանական, անցյալում նաև մարդկային զոհաբերություններով, որոնք տակավին այսօր էլ ամբողջովին չեն վերացել»[6]:
[1] «La Stampa»օրաթերթի 31/5/2008 համարում:
[3] «Zenit» լրատվական գործակալության 27/2/2009 օրվա թողարկումներում:
[4] «La Stampa» օրաթերթի 24/7/2009 համարում:
[5] Cecilia Gatto Trocchi, La magia, p. 10
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։