Աշխատանքի մի նոր տեսություն – Գրադարան – Mashtoz.org

Աշխատանքի մի նոր տեսություն

Այն ամենին, ինչ ասացինք մինչև այժմ, հարկավոր է գոնե համառոտ կերպով ավելացնել մի քանի տող այն բարենորոգող ուժի վերաբերյալ, որը բխում է աշխատանքի, նաև ձեռային աշխատանքի վերաբերյալ աստվածաշնչյան տեսությունից: Այս նյութը վիթխարի ծավալներ և տարողություն ունի, ուստի ակնհայտ է, որ այստեղ պետք է բավարարվենք սոսկ հպանցիկ ակնարկով:
Աշխատանքը, որը հռոմեացի ազնվական և հարուստ ստրկատերերի համար անասելիորեն խորշելի իրողություն էր, քրիստոնյաների համար դառնում է ո՛չ միայն պարտավորեցնող, այլ նաև՝ պանծացնող, փառավորող իրողություն, մինչ ընդհակառակն՝ Ավետարանը որպես ամոթալի ու պախարակելի է անվանում «գանձեր դիզելը», աշխատավորների արդար վարձը հափշտակելը, անիմաստ ճոխության, ագահության ու ընչաքաղցության մեջ ապրելը, մոռացության մատնելով եղբայրների կարիքները և նյութական որևէ ունեցվածքի վաղանցուկ նկարագիրը[1]:
Այս «քրիստոնեական տնտեսական ուսմունքների» հետևանքը միայն Մելանիաները, Պաուլինուսները, Օլիմպիաները և այն անթիվ ու անհամար անձերը չեն, որոնք իրենց հարստություններով օժանդակում են կարիքավորներին, այլ նաև աշխատասիրությունն է, որը քրիստոնեական վանական հոգեկանության բնորոշ հատկություններից մեկն է և հետագա դարերի ընթացքում հանդիսանալու էր Եվրոպայի և նրա գլխավոր քաղաքների վերածննդի հիմնական շարժիչ ուժը:
Սբ. Բենեդիկտոս Նորչացին, ինքը ևս հարուստ ընտանիքի զավակ, երիտասարդ հասակում իր հարստությունները նվիրում է աղքատներին կամ վանքին (պահանջելով, որ իր վանականներն էլ միևնույն կերպ վարվեն) և նվիրվում է աղքատության, աղոթքի ու աշխատանքի կյանքի: Բենեդիկտյան վանական օրենքն, արդարև, համառոտվում է «Աղոթի՛ր և աշխատի՛ր» նշանաբանի մեջ (Ora et labora), և վանականներից պահանջում է ապրել «սեփական ձեռքերի աշխատանքով», ուր աշխատանք ասելով հասկացվում են ձեռային աշխատանքները. հողագործություն, այգեգործություն, փայտագործություն, կավագործություն, անասնապահություն, մեղվաբուծություն, և նման բոլոր արհեստներն ու արվեստները: Գաղափարային մի վիհ կա աշխատանքի քրիստոնեական տեսության և այն իդեոլոգիայի միջև, որն ընկած էր հին ստրկատիրության հիմքում: Քլոդ Մոսսեն իրավացիորեն է, ուստի, նշում. «Աշխատանքը հնում չուներ բարոյական այն արժեքը, որ նրան տրվել է քրիստոնեության քսան դարերի ընթացքում: [...] Ձեռային աշխատանքների նկատմամբ արհամարհանքը շատերին երևում էր որպես ստրկության հակառակը և, միաժամանակ, որպես խոչընդոտ արվեստների զարգացման համար: Այս արհամարհանքի գոյության մասին կարելի է բազմաթիվ օրինակներ տալ: Իր Պոլիտիկա գրքում Արիստոտելը գովում է փաստը, որ քաղաքացիներն իրենց ամբողջ ժամանակն ազատորեն անցկացնեն, “որպեսզի ծնունդ տան առաքինությանը իրենց հոգում և որպեսզի կարողանան կատարել իրենց քաղաքացիական պարտականությունները”: “Արժանապատիվ պարապության” միևնույն գաղափարն է (otium cum dignitate), որն իբրև կյանքի գաղափարական հայտնվում է Հանրապետությունից Կայսրության անցման շրջանի հռոմեացի մատենագիրների մոտ: Սա նշանակում էր հաստատել նաև, որ աշխատանքը խոչընդոտ է նման կենսակերպի համար և, հետևաբար, նկատվում էր որպես նվաստացում»[2]:
Քրիստոնեական արժեհամակարգի հիմքում, մինչդեռ, ընկած է Հիսուսի կյանքին նմանվելու ձգտումը: Եկեղեցու Հայրապետներն ու հոգեշահ գրքերի հեղինակները չէին հոգնում կրկնելուց և մատնացույց անելուց այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը քարոզչության երեք տարիներից առաջ երեսուն տարի ապրել էր Իր փայտագործ հայրագրի՝ Սուրբ Հովսեփի կողքին, նրա նման աշխատել էրորպես փայտագործ վարպետ, Իր արդար քրտինքով վաստակել էր Իր և Սուրբ Ընտանիքի հացն ու ապրուստի միջոցները: Հիսուս Քրիստոսին հայելով, քրիստոնյայի համար աշխատանքը դադարում է լինել սոսկ գոյապահպանման միջոց, դառնում է սրբության ու կատարելության վավերական ճանապարհներից մեկը (բազմաթիվ անվանի հեղինակների համաձայն՝ միակ վավերականն ու խաբկանքներից զուրկը), հետևելով մարդացած Աստծո օրինակին:
Այսպիսով, կամաց կամաց, քրիստոնեական ուսմունքի ընկալմամբ և այդ ուսմունքի գաղափարականները կոնկրետ կյանքում գործադրելով, հին ստրկատիրությունը նախ փոխակերպվում է, իսկ հետո, որպես զանգվածային երևույթ, այն սոսկալի նկարագրով, որն արդեն տեսանք, աստիճանաբար լիովին անհետանում է Քրիստոնյա Միջնադարի ընթացքում, կրկին ի հայտ գալով արդի ապակրոնական (լայիկ) դարաշրջանի արշալույսին[3]:
[1] Տե՛ս, օրինակի համար, Հակոբոս 5, 1-6; Ղուկաս 12, 13-21; Մատթեոս 19, 16-30; և այլն:
[2] Claude Mossé, Il lavoro in Grecia e a Roma, D'Anna, Firenze 1973.
[3] JEAN ANDREAU - RAYMOND DESCAT, Gli schiavi nel mondo greco e romano, pp. 222. «Վաղ Միջնադարի ընթացքում է, որ կատարվեցին ամենակարևոր փոփոխությունները և Արևմտյան Եվրոպան վերջնականորեն դուրս եկավ ստրկատիրական հասարակարգից»: Ստրուկների առուվաճառքի առանձին դեպքեր դեռ պատահեցին, անշուշտ, բայց որպես ապօրինի գործողություններ: Եվ այլևս երբեք, գոնե իրավական հարթության վրա, վերադարձ չկատարվեց համարելու ստրուկին որպես իրավազուրկ առարկա, որին կարելի է սպանել, այրել, նետել գազանների առաջ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։