Ապոկալիպտիկ միլլենարիստները և նրանց ավերիչ մոլեգնությունը – Գրադարան – Mashtoz.org

Ապոկալիպտիկ միլլենարիստները և նրանց ավերիչ մոլեգնությունը

Ներածական այս համառոտ նշումները ծառայում են անցում կատարելու համար միջնադարյան հերետիկոսությունների վերաբերյալ որոշակի խորհրդածությունների, որոնք ինքնաբերաբար ծնվում են բոլոր նրանց մոտ, ովքեր առանց նախապաշարումների են ուսումնասիրում դրանց տառապալի պատմությունը: Տեղեկությունները քաղելու եմ հատկապես երկու շատ արժեքավոր ուսումնասիրություններից. անգլիացի նշանավոր պատմաբան Նորման Քոնի «Ապոկալիպսիսի ֆանատիկները» և ռուս ականավոր գիտնական Իգոր Շաֆարևիչի «Սոցիալիզմն իբրև պատմական և համաշխարհային երևույթ» գիրքը, որի նախաբանը գրել է Ալեքսանդր Սոլժենիցինը:
Նորման Քոնն իր հռչակավոր ուսումնասիրության սկզբում նշում է, որ բացառիկ նմանություն կա նացիզմի, կոմունիզմի և միջնադարյան հերետիկոսությունների միջև. «Որքանավելի մեծ ուշադրությամբ ենք սոցիալական մարտնչող քիլիազմի (կամ միլլենարիզմի) ուշ Միջնադարում գրանցված բռնկումները համեմատում արդի ամբողջատիրական (տոտալիտար) շարժումների հետ, այնքան ավելի ապշեցուցիչ կերպով ի հայտ են գալիս նմանությունները: Համաշխարհային բռնատիրությունը շուտով կործանվելու է անսխալական և ներշնչված անձանց կողմից առաջնորդված ընտրյալ մի ժողովրդի հարվածների ներքո. շուտով տեղի ունենալիք այդ բախումը անհամեմատելի, եզակի կարևորություն է ունենալու, որովհետև հնարավորություն է ստեղծելու մեկընդմիշտ մաքրելու աշխարհը չարից և առաջնորդելու է պատմությունը դեպի իր նախասահմանյալ կատարումը», այստեղ՝ երկրի վրա և այժմ՝ ներկա ժամանակում: Քոնը նաև նշում է, որ հենց Ռոզենբերգի նման նացիստները և Էնգելսի ու Լենինի նման կոմունիստներն էին, որ միլլենարիստական միջնադարյան և արդի հերետիկոսությունների մեջ տեսնում էին իրենց նախնիներին և ներշնչման աղբյուրին[1]:
Հերետիկոսությունները, հետևաբար, սոսկ Եկեղեցու մտագարությունը (պարանոյան) չէին, գաղափարների արտահայտության անվնաս տարբերակ չէին, որը ազատական և աշխարհիկ հասարակությունը կկարողանար հանգիստ կերպով հանդուրժել, ինչպես հաճախ կարծվում է, ոմանց կողմից միամտաբար, ուրիշների կողմից՝ քողարկված նենգությամբ: Քոնը և ներկայացված փաստաթղթերը ապացուցում են, որ գրեթե միշտ խոսքը վերաբերվել է միլլենարիստական խելացնորության պոռթկումների, որոնց ծնունդ էին տալիս ինքնահռչակ մարգարեներ, որոնք իրենք իրենց նկատում էին որպես ամբողջ մարդկությունից վեր կանգնած անձնավորություններ, մերժում էին իշխանության և հեղինակության որևէ տեսակ, լինի՛ կրոնականը, լինի՛ քաղաքացիականը, հռչակելով՝ թե իրենք եկել են հասցնելու ժամանակներն իրենց լրմանը, բաժանելու ցորենը որոմից, պարտության մատնելու չարերին, նրանց մեկընդմիշտ բնաջնջելով, առանց որևէ մեկին խնայելու: Նրանց բառապաշարը բացարձակապես երևակայական էր, իրենց անձնական խելագարությանը, ցնորային ու ամբողջատիրական երազներին խառնում էին Աստվածաշնչից վերցված ու աղավաղված արտահայտություններ: Այն ամենն, ինչը որ ընդդիմանում էր իրենց, – Եկեղեցուց մինչև իշխանները, մինչև ուրիշ որևէ հեղինակություն, – պիտակվում էր հակաքրիստոս անվամբ, որին հարկավոր էր ոչնչացնել՝ նախապատրաստելու համար Հազարամյա թագավորությունը:
Քոնը հիշում է մի քանի անուն: Օրինակ, Տասներկուերորդ դարում Ֆիանդրիայի կոմս Ռոբերտ Երկրորդի արքունիքում որպես նոտար աշխատած Տանքելմոն: Սա քարոզում էր հարուստների և բարքերի ապականության դեմ, բայց ինքը «ոսկեթել հագուստներ» էր հագնում և հռչակում էր իրեն որպես անձնավորված Աստված: Մի կոտորածից անցնում էր մյուսին, «իր բաղնիքի ջուրը բաժանում էր իր հավատացյալներին և ոմանք այն խմում էին»: Նրանից մի քանի տարի անց հայտնվեց Օյդ դը լ’Էթուալը, ևս մի հերետիկոսապետ, որն ինքն իրեն հռչակում էր Աստծո որդի և մի «բիրտ ու բռնի» ոհմակի գլուխ անցած՝ թալանում էր գյուղերը. «Եթե մի բնակավայրով անցնում էին նրա հետևորդները, շատերը մեռնում էին սրով, իսկ է՛լ ավելի շատերը մեռնում էին սովից: Նրանք հատկապես եկեղեցիների, վանքերի, ճգնավորների խցերի վրա հարձակվելով ու ավերելով էին զվարճանում: Անձամբ իրենք ապրում էին ճոխության մեջ, փառահեղ հագուստներ էին հագնում, հեռու էին մնում ձեռագործ որևէ աշխատանքից»: Երբ 1148 թվականին ձերբակալվեց, «հայտարարեց, թե ինքը Նա է, ով գալու էր դատելու ողջերին ու մեռածներին, և աշխարհը՝ հրով: Բացատրեց նաև, որ երկճյուղ գավազանը, որը միշտ իր հետ էր կրում, կանոնավորում էր տիեզերքի կառավարումը. երբ ճյուղերը դեպի վեր էին ուղղվում, աշխարհի երկու երրորդը պատկանում էր իրեն, իսկ երբ դեպի վար էին ուղղվում, համաչափությունները գլխիվայր շրջվում էին»:
Օյդը և Տանքելմոն, մի խոսքով, համոզված էին, թե թալանում և սպանում էին հանուն մի սրբազան առաքելության, իսկ երբ ցոփ գինարբուքներով կերուխում էին անում, դա Հազարամյակի արշալույսը տոնելու համար էր, որովհետև իրենք այդ Հազարամյակի մունետիկներն ու կարապետներն էին. բայց «որպեսզի Հազարամյակի արշալույսը բացվեր, իրենք պետք է կոտորեին անհավատներին»[2]:
[1] Norman Cohn, I fanatici dell'Apocalisse, Einaudi, Torino 2000, pp. 16, 376-377.
[2] Նույն, pp. 66, 88.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։